Երեւանն ու Ստեփանակերտը մոտենու՞մ են հաղթական հանգուցալուծմանը

Նախագահ Սերժ Սարգսյանը «The Wall Street Journal»-ին տված հարցազրույցում հայտնել է, որ Արցախի հարցում, այնուամենայնիվ, անհրաժեշտ է որոշման հանգել բանակցությունների միջոցով: «Ռազմական գործողությունների վերսկսումն անթույլատրելի է, քանի որ այն կվնասի Լեռնային Ղարաբաղին, Հայաստանին, բայց ավելի մեծ վնաս կկրի Ադրբեջանի ժողովուրդը»,- նախազգուշացրել է ՀՀ նախագահը՝ նշելով, որ հայկական ուժերը կդիմեն անհամաչափ հարվածի, եթե Ադրբեջանը վերսկսի ռազմական գործողությունները:

Սա ոչ միայն կարեւոր նախազգուշացում է Ադրբեջանին, այլեւ՝ ամբողջ աշխարհին, որպեսզի հետո մեղավորներ փնտրելիս, իրենց սովորության համաձայն, հավասարաչափ եւ երկկողմանի ուղղված հայտարարություններ չանեն անիմաստ:

Հայաստանը երբեք չի կարող մի կողմ քաշվել, երբ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը սպառնալիքի ներքո լինի, ինչը հավաստվել է ամենաբարձր մակարդակով: Մեր երկրի նախագահը նաեւ նախազգուշացրել է, որ Իրանի դեմ ռազմական գրոհի հեռանկարը «ծայրահեղ մտահոգություն է առաջացնում», քանի որ այն հաջորդական դեպքերի ուղի կբացի, որն էլ Երեւանի եւ Բաքվի միջեւ հակամարտության ծագման նոր առիթ կարող է դառնալ:

Այս հարցերին անդրադարձ է եղել նաեւ տարածաշրջան ժամանած ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Ռոբերտ Բրադկեի (ԱՄՆ), Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ժակ Ֆորի (Ֆրանսիա) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ հանդիպմանը: Քննարկել են ԼՂ-ի հակամարտության բանակցային գործընթացի ներկա փուլին եւ հետագա քայլերին վերաբերող հարցեր: Մինչ Երեւան այցը համանախագահները եղել են Ստեփանակերտում, եւ հանդիպումների արդյունքները եւս ներկայացվել են:

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ նույնպես հանդիպել են համանախագահները: ՌԴ համանախագահ Իգոր Պոպովը համաձայն չէր թերահավատ լրագրողների այն տեսակետին, թե «ղարաբաղյան կարգավորման բանակցությունները մեռյալ կետից շարժելու հեռանկար չկա, պաշտոնապես նման հայտարարություն չի եղել, իսկ փորձագետները շատ բան կարող են ասել: Ամեն ինչի չարժե հավատալ»: Ռուսաստանցի դիվանագետը չգիտի դեռեւս, թե ինչ նորությունների կարելի է սպասել. «Ես գուշակ չեմ»,- ասել է նա: Բայց նախագահների մակարդակով բանակցություններ մոտակա ամիսներին համանախագահները չեն կանխատեսում: Ամենայն հավանականությամբ, բանակցությունների հաջորդ փուլը դեկտեմբերին Դուբլինում կլինի, որտեղ ԵԱՀԿ նախարարների խորհրդի շրջանակներում կհանդիպեն Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները:

Բաքվում էլ են վերլուծում հնարավոր ծավալումները: ՌԴ պաշտպանության նախարարի պաշտոնում Սերգեյ Շայգուի նշանակումը նոր հեռանկար է բացել Կրեմլի եւ Բաքվի միջեւ վերջին ամիսներին ավելի լարված հարաբերությունները կարգավորելու գործում.- կարծում են Ադրբեջանում, քանզի այստեղի արտակարգ իրավիճակների նախարար Քեմալադդին Հեյդարովը, ով երկրում համարվում է ամենազդեցիկ օլիգարխներից մեկը, սերտ հարաբերությունների մեջ է ՌԴ նորանշանակ պաշտպանության նախարարի հետ, եւ Ադրբեջանի իշխանությունն իր «արտակարգ» նախարարին օժտել է Մոսկվայի հետ Բաքվի հարաբերությունները կարգավորելու առաքելությամբ: Այլ կերպ՝ Հեյդարովը Կրեմլի եւ Բաքվի միջնորդի դերում է:

«Ենի Մուսավաթ»-ն այդ առնչությամբ գրել է. «Հայտնի է, որ Գաբալայի ՌՏԿ-ի հետ կապված՝ Մոսկվայի եւ Բաքվի միջեւ բանակցությունները դադարել են եւ կայանի՝ ՌԴ կողմից վարձակալության հարցը հայտնվել է փակուղում՝ ադրբեջանական կողմի՝ վարձակալության գինը տարեկան 7 մլն դոլարից 300 մլն դոլարի հասցվելու պատճառով: Ըստ «Վիքիլիքսյան» փաստաթղթերի, ֆինանսական լուրջ յուրացումների պատճառով աշխատանքից հեռացված ՌԴ պաշտպանության նախկին նախարար Սերգեյ Սերդյուկովի անվան հետ (Գաբալայի ՌՏԿ-ին վերաբերող)՝ հոլովվում էր նաեւ Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւի անունը: Իսկ ՌԴ արտակարգ իրավիճակների նախկին նախարար Սերգեյ Շայգուի հետ Հեյդարովի չափազանց մոտ հարաբերությունները ձեւավորվել են 2006թ.՝ վերջինիս Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարար նշանակվելու պահից: Հեյդարովն արդեն ակտիվ գործունեություն է սկսել, նույնիսկ հանդիպում է խնդրել Շայգուից, բայց կադրային փոփոխություններով զբաղված, ռուս նախարարը նրան խորհուրդ է տվել մի քիչ սպասել: «Բնական է, որ վերջին խոսքն այս հարցում Պուտինինն է լինելու»,- նշել է «Ենի Մուսավաթ»-ը:

Չնայած ԵԱՀԿ ՄԽ-ն այսօր էլ արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման միակ գործուն ձեւաչափն է, սակայն շատերն են այլեւս Հայաստանում եւ Ադրբեջանում կարծում, որ այն վերածվել է մի ակումբի: Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի կարծիքով՝ այդ ակումբի գործունեությունը «ժամանակ կտա Հայաստանին, որպեսզի ավելի ուժեղացնի պաշտպանական գիծը եւ ազատագրված տարածքները: Այդ ժամանակը առաջ էլ ունեինք, սակայն չի արվել ամբողջությամբ: Ազատագրված շատ տարածքներ դեռ կիսադատարկ են»: Ըստ նրա, Մինսկի խումբը վերածվել է մի ակումբի, «որտեղ Ռուսաստանն ու Արեւմուտքը փորձում են քննարկել Հարավային Կովկասին առնչվող հարցերը, իսկ Թուրքիան վաղուց է փորձում այդ ակումբի անդամ դառնալ՝ Ադրբեջանի հետ փորձելով փոխել «ստատուս քվոն», մեծացնելով Ադրբեջանի դերը տարածաշրջանում»: Եվ սա էլ նպաստում է, որ պետությունները շահագրգռված չլինեն պատերազմով:

Փորձեր են արվում նաեւ «Մադրիդյան սկզբունքները» անտեսելու, հաճախ թվում է՝ դրանք այլեւս չկան բանակցային սեղանին, բայց ԵԱՀԿՄԽ հայտարարությամբ՝ հենց այդ սկզբունքների շուրջ էլ վերսկսվելու են բանակցությունները:

Սակայն տրամաբանական կլինի, եթե բանակցությունները չմերժող հայկական կողմը պնդի, որ այս փուլում Արցախը պետք է դառնա բանակցային լիարժեք կողմ, առանց որի բանակցություններն անիմաստ են: Եվ սա կարելի է «հարմարեցնել» ինչպես Արեւմուտքի, այնպես էլ Ռուսաստանի շահերի համատեքստում:

Այս կարգի հարցեր են քննարկվել ՀՀ եւ ԼՂՀ արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Կարեն Միրզոյանի հանդիպմանը, որտեղ մտքեր են փոխանակվել տարածաշրջանային եւ միջազգային օրակարգի այլ խնդիրների շուրջ:

Այս ամենն իհարկե Բաքվի սրտով չէ, եւ հերթական ադրբեջանական սադրանքը չուշացավ. «Յենի Ազերբայջան» կուսակցության 20-ամյակի արարողության ժամանակ Ադրբեջանի նախագահը հերթական անգամ մի խայտառակ տխմար հայտարարությամբ հանդես եկավ. «Հայաստանը արտերկրից ղեկավարվող մի տարածք է՝ արհեստականորեն ձեւավորված ադրբեջանական հողերի վրա», ինչպեսեւ՝ «հայկական լոբբին է հանդիսանում մեր հիմնական թշնամին»:

«Ռոյթերս»-ը ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանին հարց է հղել այս առումով, ով պատասխանել է, որ «նման ռասիստական գաղափարախոսությամբ, պատմության նման անսանձ այլասերմամբ եւ հարեւան երկրների հանդեպ ծիծաղաշարժ տարածքային նկրտումներով Ադրբեջանը կարող էր հնարավորություն ունենալ պահպանելու իր գոյությունը վաղ միջնադարում թերեւս, սակայն Ադրբեջանն առաջին անգամ աշխարհի քաղաքական քարտեզի վրա է հայտնվել 1918թ. միայն»: Եվ շատ կարեւոր է, որ այս պատմա-իրավական փաստաթղթերը ՀՀ դեսպանները պատշաճ ներկայացնեն բոլոր երկրների ղեկավար մարմիններին ու անգամ քննարկումներ նախաձեռնեն ՄԱԿ-ում եւ այլ միջազգային կառույցներում: Մեր նախարարի տեղակալը նաեւ նշել է, թե Բաքվում այդպես էլ չհասցրին հասկանալ, որ ժամանակակից պետության ուժը հիմնված է սեփական ժողովրդի հանդեպ սիրո եւ ոչ թե տարածաշրջանի բնիկ ժողովուրդների ու նրանց պատմական-մշակութային ժառանգության հանդեպ պաթոլոգիկ ատելության վրա:

Այս ոճը պետք է դառնա մեր ԱԳՆ ոլորտի առաջնային ուղղությունը:

Իսկ ահա մի հիանալի հնարավորություն օգտագործեց նաեւ «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա մեկնել էր Բաքու՝ մասնակցելու Ասիական քաղաքական կուսակցությունների միջազգային խորհրդաժողովի 7-րդ ասամբլեայի նիստին: Նախորդ անգամ կուսակցությունն այս հրավերը ստացավ Գուրգեն Մարգարյանի մահվան տարելիցին եւ պատասխանեց, որ այն երկիրը, որն ազատ է արձակում ու հերոսացնում վախկոտ մարդասպանին, արժանի չէ որեւէ միջազգային ուշադրության: Այս անգամ կազմակերպիչները կապի մեջ լինելով՝ երաշխավորել են ապահովել Րաֆֆի Հովհաննիսյանի ելույթի ազատ եւ հավասար հնարավորությունը: «Դիտակելով այդ նոր պայմանները եւ, որ լիագումար 4-րդ նիստում ելույթ եմ ունենալու, իմ պատգամն եմ բերելու հրապարակ, որոշեցի ընդունել այդ հրավերը»,- հայտնել է «Ժառանգության» ղեկավարը: Նա մեկնել է միայնակ, նախ՝ մեքենայով գնացել է Թբիլիսի, այնուհետեւ արդեն ինքնաթիռով՝ Բաքու: Պետք է ողջունել հայ քաղաքական գործչի այս համարձակ քայլը, հատկապես, որ նա ելույթ է ունեցել՝ պաշտպանելով հայկական շահերը: Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, «Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է, որ իր կարծիքով հակամարտության պատճառը Ադրբեջանի ագրեսիան է ԼՂ բնակչության նկատմամբ», եւ կոշտ հայտարարություններ է արել Բաքվում:

Մասնավորապես նշվել են հայ գործչի խոսքերը, թե՝ «Ես ընդունում եմ 700 հազար ադրբեջանցի փախստականների եւ տեղահանվածների իրավունքը եւ Բաքվից ու Սումգայիթից տեղահանված 400 հազար հայ փախստականների իրավունքը, բոլոր փախստականները կարող են վերադառնալ իրենց տները, այդ թվում՝ ադրբեջանցիները՝ անկախ Արցախ, իսկ հայերը՝ Թուրքիա»: Անդրադառնալով ԼՂ հիմնախնդրի կարգավորման ընթացքին՝ նա նշել է, որ ճիշտ չէ գործածել այնպիսի քաղաքական բառեր, ինչպիսին է «օկուպացիան». «Նույն այդ տերմինաբանությամբ՝ հայկական հողերի մեծ մասը գտնվում է Թուրքիայի եւ Ադրբեջանի ուժերի օկուպացիայի ներքո: Այդ պատճառով իմ տեսակետը հետեւյալն է՝ պիտի հաղթահարել անցյալի ժառանգությունը: Յուրաքանչյուր երկիր պետք է ինքնաքննադատաբար վերաբերվի իրեն»,- հավելել է հայ քաղաքական գործիչը՝ նշելով, որ «այս ընթացքում մտադիր եմ այցելել հայկական եկեղեցի եւ հանդիպել հայերի հետ՝ Բաքուն բազմազգ քաղաք է, որում, սակայն, շատ քիչ հայեր կան»:

Հիշեցնենք, որ այդ համաժողովին մասնակցում էին Ասիայի 25 երկրների 60 քաղաքական կուսակցությունների 250 պատվիրակներ, ինչպես նաեւ հյուրընկալող երկրի գործիչներ: Րաֆֆի Հովհաննիսյանի ելույթը հանգուցային է եղել ասամբլեայի նոյեմբերի 23-ի առաջին լիագումար նիստում: Իհարկե, փորձեր եղել են խանգարելու ելույթը, բայց այն հնչել է, եւ ի թիվս հայ-ադրբեջանական հակամարտության, արցախյան խնդրի, հնչել են հայկակամ մշակութային ժառանգության ոչնչացմանը (նաեւ՝ 2005-ի դեկտեմբերին Նախիջեւանում՝ Ջուղայի միջնադարյան հայկական գերեզմանատանը, օրը ցերեկով հազարավոր ձեռակերտ խաչքարերի ոչնչացմանը), Շահումյանից եւ Նախիջեւանից մինչեւ Հայկական բարձրավանդակի արեւմտյան սահմաններն ընկած հայրենի ժառանգության ընդարձակ տարածքների հանդեպ ադրբեջանական եւ թուրքական հսկողությանը, հայ կացնահարող մարդասպանի հերոսացմանը ուղղված քննադատություններ, ինչպեսեւ կարեւրվել է Շահումյանից, Նախիջեւանից, Արծվաշենից եւ բուն Ադրբեջանից, ինչպեսեւ՝ Հայոց ցեղասպանության եւ Մեծ հայրենազրկման զոհերի ու վերապրողների շառավիղների վերադարձը, 1915-ի ցեղասպանության ճանաչումը, որը կրկնվեց տասնամյակներ անց Սումգայիթի եւ Բաքվի հայկական կոտարածների ժամանակ:

Եվ զարմանալի կլիներ, որ Ասիայի քաղաքական կուսակցությունների միջազգային կոնֆերանսի 7-րդ Գլխավոր ասամբլեայում, ինչպես մյուս միջազգային կառույցներում, եւս ստորություն չարվեր եւ ընդունված՝ «Բաքվի հռչակագիր» ասվածում լկտիաբար չընդգրկվեր Հայաստանի անունը: Րաֆֆի Հովհաննիսյանը պաշտոնական նամակ է ուղարկել ԱՔԿՄԿ համանախագահներ Խոսե դե Վենեցիային եւ Չունգ Իու-Յոնգին, կազմակերպության քարտուղարությանը, նաեւ Ասամբլեայի մասնակից պատվիրակներին՝ ի գիտություն, որ ոչ թե ընդունվել է, այլ զեղծարարությունների եւ քվեարկության կամ պահանջված կոնսենսուսի բացակայության պատճառով, ըստ էության (de jure), չի ընդունվել «Բաքվի հռչակագիրը»: Վերջին պահին Հռչակագրում ավելացված Արցախի վերաբերյալ պարբերության առնչությամբ «Ժառանգության» ղեկավարը գրել է. «Կոնսենսուս չկար. օրենքի գերակայությունը ծաղրի ենթարկվեց օրը ցերեկով, եւ ինչն ավելի վատ էր՝ փաստաթղթի «վերջնական» տեքստը ներառեց Լեռնային Ղարաբաղին առնչվող բաժին, որը գաղտագողի ավելացվեց վերջին պահին՝ Հռչակագիրը վերածելով Ադրբեջանի ստանդարտ քարոզչական թղթի, որը ոչ միայն կեղծ էր ու յուրաշահ, այլեւ զորակցեց Ադրբեջանի պատերազմական հռետորաբանությանը եւ բռնության խթանմանը (արտահայտված բռունցքներով հարվածելու հետամնաց դրսեւորումներով, որի մասին բոլորս կարող ենք վկայել)՝ փոխանակ խաղաղությանը, անվտանգությանը եւ հաշտեցմանը ծառայելու: Ինչպիսի հեգնանք»:

Իբրեւ հակազդեցություն կատարվածի՝ հայ քաղաքական գործիչը պահանջել է ուղղել սխալը եւ անվավեր համարել «Բաքվի հռչակագիր» կոչված զեղծարարությունը, ինչպեսեւ դրա հրապարակումը՝ անհապաղ ու ամբողջապես: Եթե դա չարվի, ապա պահանջել է, որ «հանվի «Հայաստան» բառն այդ կեղծված թղթի կտորից»:

Այս ամենը հավաստում է, որ հայ-ադրբեջանական բարեկամություն «սարքելու» եվրոպական թե ասիական փորձերը զուր են, եւ դարերի արյունը չի կարելի սին արժեքների անվան տակ արհամարհել:

Եվ իզուր չէ, որ Ռուսաստանի հայկական եւ ադրբեջանական համայնքների ղեկավարների որոշումը հանդիպելու եւ քննարկելու հաշտվողական ինչ-ինչ հարցեր, ի չիք է եղել եւ չեն հանդիպելու: «Նման բան չկա: Արա Աբրահամյանի եւ ՌԴ-ում ադրբեջանական համայնքի ղեկավարի միջեւ հանդիպում չի ծրագրվում»,- ասել է Ռուսաստանի հայերի միության առաջին փոխնախագահ Մհեր Շահգելդյանը՝ հերքելով ԱՊԱ լրատվական գործակալության տարածած այն հայտարաությունը, թե երկու համայնքների ղեկավարների միջեւ նոյեմբերի 16-ին սպասվող հանդիպումը հետաձգվել է մինչեւ դեկտեմբերի սկզբները:

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը վերջերս մի ուշագրավ հայտարարություն էր արել. «Ադրբեջանի կողմից ինչ-որ նոր ճանապարհային քարտեզ առաջարկելու հարցը չեմ կարծում այդքան լուրջ է, հատկապես, եթե խոսքը 17 տարվա հնության առաջարկի մասին է: Եթե 17 տարի առաջ այդ առաջարկված քարտեզը ինչ-որ իմաստ ունենար, ապա այն ժամանակ հնարավոր կլիներ առաջ շարժվել դրա հիման վրա»: Պետք է ավելի իրատես լինել, լրջորեն մոտենալ միջազգային հանրության առաջարկներին, որոնք արտահայտվում են եռանախագահների միջոցով»,- ասել է նախարարը: Իսկ գործուն առաջարկներ, ըստ նրա, արվել էին Կազանում, նաեւ համապատասխան հայտարարություններ էին արվել նախարարների մակարդակով թե՛ Լոս Կաբոսում, թե՛ Դովիլում, թե՛ Մուսկոկայում, թե՛ Լ՛Աքվիլայում. «Պետք է շարժվել առաջ հենց այս առաջարկների հիման վրա: Իսկ ինչ վերաբերում է Հայաստանի դիրքորոշմանը այս առաջարկներին առնչվող, ապա այն բազմիցս եւ հստակորեն արտահայտվել է»: Սա պատասխան էր այն հայտարարությանը, որն արել էր Ադրբեջանի ԱԳՆ տեղակալը, թե իր երկիրը առաջարկել է «Ղարաբաղյան խնդրի կարգավորման ճանապարհային քարտեզ, որը, այսպես ասած, փուլային տարբերակն է»:

Արցախի խնդիրը վերջերս քննարկել է նաեւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ով Չեխիայում հայտարարել է, որ հայկական կողմի համոզմամբ Արցախի հարցը ստանալու է հայանպաստ լուծում: «Արդեն շուրջ 20 տարի դե ֆակտո անկախ Արցախը վաղ թե ուշ անկախ է ճանաչվելու նաեւ դե յուրե: Արդեն այսօր ժողովրդավարությամբ եւ մարդու հիմնարար ազատությունների պաշտպանության մակարդակով ԼՂՀ-ն գերազանցում է իր անմիջական հարեւան Ադրբեջանին:

Եվ այժմ Հայաստանը Արցախի հարցի շուրջ վստահորեն բանակցություններ է վարում Եվրոպայում անվտանգության ու համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խմբի շրջանակներում՝ առաջնորդվելով ոչ միայն արցախահայության, այլեւ համայն հայության շահերով: Հայաստանը՝ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ հստակ հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել եւ չի լինի Ադրբեջանի կազմում»,- շեշտել է ԱԺ նախագահը:

Այս օրերի հայտարարություններն ու քաղաքական քայլերը թույլ են տալիս մտածել, որ պաշտոնական Երեւանն ու Ստեփանակերտը բռնել են Արցախի անկախության միջազգային ճանաչման ուղին, որի տապալումը կամ կհանգեցնի ՀՀ-ԼՂՀ փաստացի վերամիավորմանը, ինչը պետք է արժանանա ռազմավարական գործընկեր-երկրների աջակցությանը, կամ կարող է հանգեցնել լուրջ ռազմական հակամարտության, ինչին եւս պետք է միշտ պատրաստ լինել:

Այսպես թե այնպես, տարածաշրջանում հասունացող մյուս հակամարտությունները կարող են մեզ եւս ներքաշել, ինչը չպետք է անկանխատեսելի լինի մեզ համար:

Արամ Ավետյան

«Լուսանցք» թիվ 39 (260), 2012թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

This entry was posted in Հոդվածներ. Bookmark the permalink.