Երբ նույնիսկ մեկ լուման չեն զոհաբերում ամեն բան կորցնելու պատրաստները

…Եվ մի տեղ են հավաքվում այս ու այն կուսակցությունից հեռացածներն ու հեռացվածները

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ոդիսականն ավարտվեց: Եվ ավարտվեց ամենավատ տարբերակով: ԲՀԿ ղեկավարին կարողացան հավասարապես պտտեցնել ՀՀ 1-ին եւ 2-րդ նախագահները, անգամ նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը: Բայց ի վերջո այդ պտույտն ավարտվեց այնտեղ, որտեղից սկսվել էր՝ ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանի մոտ: Ինչպես ասում են՝ աշխարհը կլոր է:

«Լուսանցք»-ն ի սկզբանե համոզված էր ԲՀԿ-ական ընդդիմության սին լինելու հանգամանքում եւ հիմնավորումներ էր բերում հանրությանը, որպեսզի նրանք պարզապես անիմաստ հույսեր չփայփայեն եւ հերթական ցավագին հուսախաբությանը չտրվեն:

Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանը շատ ճռճռան սկսեց իր ընդդիմադիր խաղերը. հայտարարեց, թե պատրաստ է կորցնել ամեն ինչ, միայն թե կարողանա իրականացնել իրենց նպատակները եւ ծառայել մարդկանց բարօրությանը: Բայց հստակ էր, որ դա չի կարող ճշմարիտ լինել: Ազգի կեղեքման ու հարստահարման հաշվին միլիարդների հասնող հարստություն դիզածը չի կարող այն հենց այնպես վերադարձնել…

Եվ ամիսներ անց դա ապացուցվեց: Գագիկ Ծառուկյանը ոչ միայն ամբողջ հարստությունը, այլ ընդամենը մեկ լումա անգամ չցանկացավ կորցնել եւ հանձնվեց գործող նախագահի ողորմածությանը՝ հասկանալով նաեւ, որ իրեն որպես նախագահացու պտտեցրել են հենց իր ունեցվածքից օգտվելու համար:

Սա ամենավատ ավարտն էր, ինչը կարելի է կանխագուշակել: Այսինքն՝ «ամենակարող», «ամենաբարեգործ» եւ «ամենաժողովրդական» Գագիկ Ծառուկյանը պարզապես հերթական մի խաղաքար էր, ով չցանկացավ (՞) խաղացող դառնալ (գուցե մարդն ի զորու չէ): Ով իրականում պատրաստ չէ իր հարկերը պարտաճանաչ մուծել, պետբյուջեն մեծացնել եւ նախընտրում է դրա մի մասը պետությանը (այսինքն՝ ժողովրդին) չտալով երեւելի բարեգործ աշխատել: Ով ժողովրդի շահագործման հաշվին դիզածը չի ցանկանում այդ նույն ժողովրդի սիրո հետ փոխել…

Երբ Հայաստանում ասում են «Օրինաց երկիր» կուսակցություն, բոլորը հասկանում են, որ գործ ունեն ՀՀԿ-ի դուստր-ձեռնարկության հետ, եւ հիմա ԲՀԿ-ն եկավ լրացնելու սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների շարքը, այսինքն՝ այսուհետ պետք է «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն ասելով հասկանալ ԲՀԿ ՍՊԸ:

Իսկ մինչ այս ԲՀԿ-ական երիտասարդ «նոմենկլատուրան» պոռթկում էր բանից անտեղյակ:

ԲՀԿ խմբակցության անդամ Վահե Էնֆիաջյանը, ի դեմս Զարուհի Փոստանջյանի, շատերին խորհուրդ էր տվել. «Ոչ ոք իրեն թող իրավունք չվերապահի քննադատելու, առավել եւս գռեհիկ ու անպատասխանատու արտահայտություններ հնչեցնելու ԲՀԿ-ի եւ նրա նախագահի վերաբերյալ… Աշխատանքային ժամերն անհրաժեշտ է օգտագործել ռացիոնալ եւ ի շահ սեփական երկրի առջեւ ծառացած խնդիրների լուծմանը: Այդ սկզբունքով է աշխատում ԲՀԿ-ն եւ կուսակցության մեծ թիմը, եւս մեկ անգամ ապացուցելով, որ մեր խոսքը գործ է: Մեծ ժողովրդականությունը, Գագիկ Ծառուկյանի ու կուսակցության՝ օրեցօր աճող վարկանիշը, շատերին հանգիստ չի տալիս եւ դրդում է խախտել քաղաքական էթիկայի նորմերը»:

Այս եւ նման հռետորաբանությունից ոչինչ չի մնացել այլեւս եւ «կուսակցության մեծ թիմը» չապացուցեց, որ «խոսքը գործ է»: Իսկ թե ինչ ապացուցեց, նշեցինք վերեւում:

Հատկապես հետաքրքրական էր ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի այս հարցադրումը. «Ինչո՞ւ է խուճապի մատնվել իր հաղթանակին վստահ ՀՀԿ-ն»: Եվ սա ասաց Բրյուսել մեկնած ԱԺ ԲՀԿ պատվիրակության անդամը, ում համար թերեւս իշխանությունն արդեն փաթեթավորվում էր ԲՀԿ-ի կամոք:

Բայց խմբակցության քարտուղարը նաեւ միջազգայնացրեց հարցը. «Պարզապես անհարմար է, ամբողջ ներհայաստանյան, արտահայաստանյան դիվանագիտական ռեսուրսը եւ մամուլը ներդրել են՝ փորձելով եվրոպական տարբեր կառույցներից պոկել ինչ-ինչ, իրենց համար հաճո գնահատականներ: Իրեն հարգող, իրապես իր ուժերի եւ հաղթանակների վստահ որեւէ քաղաքական ուժ ԲՀԿ-ի բրյուսելյան՝ ընդամենը կուսակցական այցից նման խուճապի չէր մատնվի… Չէր փորձի ստանալ իր համար հաճո տեսակետներ, թե իբր ԲՀԿ-ի բրյուսելյան այցն անցել է անհաջող, եւ որ իբր եվրոպացիները վատ տպավորություն են ստացել ԲՀԿ-ից եւ նրա նախագահից»: Նա մեծ վստահությամբ հայտնել էր, որ հունվարի կեսին մի քանի պատգամավորներով՝ ինքը, Վարդան Օսկանյանը եւ այլոք կրկին մեկնելու են Բրյուսել, «որովհետեւ մի քանի քաղաքական ուժերի հետ կոնկրետ ծրագրերի շուրջ արդեն ձեռք բերված հստակ պայմանավորվածություններ կան»: Զարմացել էր, որ հատկապես մեծ աղմուկ բարձրացրեց ԲՀԿ նախագահի՝ ՀՀ-ում տիրող կոռուպցիայի վերաբերյալ արված հայտարարությունը:

Ինչեւէ, եվրոպական կողմի պարզաբանումները հայտնում են, որ Եվրախորհրդարանի փոխնախագահ Ալեխո Վիդալ Քվադրաս Ռոկայի հետ ԲՀԿ հանդիպման վերաբերյալ կուսակցության տարածած հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը: ԵԽ փոխնախագահի խոսքերը կեղծվել են ու աղավաղվել: Եվրախորհրդարանի աշխատակազմից հայտնել են, որ իրականում Վիդալ Քվադրաս Ռոկան ասել է՝ «Լավատեսությունը շատ կարեւոր հատկանիշ է քաղաքական գործչի համար, եւ ես ինքս էլ եմ լավատես», իսկ խոսակցության վերջում հրաժեշտ տալիս ասել է՝ «ամենայն բարիք եմ մաղթում Ձեզ (Ծառուկյանին)… all the best and good luck to you», ինչը հաստատ չի նշանակում, որ ամենալավ թեկնածուն ԲՀԿ-ինն է կամ Գագիկ Ծառուկյանն է: Իսկ ինչ մնում է «ՀՀ-ում տիրող կոռուպցիային», ապա նախկին լրագրող Նաիրա Զոհրաբյանը չի կարող չիմանալ 3 նախագահների օրոք հարստանալու վարպետությամբ զբաղված Գագիկ Ծառուկյանի՝ «կոռուպցիային նվիրվածության մասին…»:

Այնպես որ, «ԱՄՆ, Վրաստան, հնարավոր է նաեւ՝ Իրան» կատարելիք այցերը թող այնքան էլ չոգեւորեն նախկին լրագրողին ու ներկա պատգամավորին, եթե իհարկե խոսքը քաղաքական տուրիզմի մասին չէ:

Շատ ԲՀԿ-ականներ խոսեցին եւ փայլատակեցին իրենց նվիրվածությամբ՝ հերթական կուսակցության հերթական առաջնորդին, ի դեմս նոր կադրերի՝ Վահան Բաբայանի ու Տիգրան Ուրիխանյանի եւ այլոց: Չէ որ եկել էր պահը հատուցման, եւ նրանք պիտի բոլորին ցույց տային, որ մի քանի կազմակերպություններ փոխելը հենց այնպես չի եղել, անգամ ընդդիմադիր եւ իշխանավոր լինելու «երկբեւեռ» փորձերը անիմաստ չեն անցել եւ իրենք զարգացում են ապրել… ու ահա բոլորը հիմա կլսեն նրանց, նրանց մարգարեությունները…

«Խանդը, նախանձն ու արտաքին պատվերները չեն օգնի ձեզ մեր քայլերի վրա ազդելու գործում»,- շշպռել էր չուզողներին ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը՝ հավելելով. «Հարյուր հազար անգամ ասել ենք՝ մենք ունենք միայն մեկ խնդիր՝ երկրում վիճակ փոխելու, մարդկանց կյանքը բարելավելու, զարգացող ու ամուր Հայաստան կառուցելու: Այսինքն՝ մեր ակնկալիքները, ցանկությունները, պահանջները համակարգային փոփոխություններն են, ոչ թե որեւէ պաշտոն կամ պաշտոններ… ԲՀԿ-ն միշտ աշխատելու է հանուն ժողովրդի բարեկեցության»:

Բայց առանց երկրի նախագահին փոխելու ի՞նչ համակարգային փոփոխություն են ակնկալում ԲՀԿ-ականները: Եվ առանց սեփական թեկնածուն առաջադրելու եւ նրան հաղթանակի հասցնելու, առանց պաշտոններ զբաղեցնելու ինչպե՞ս են բարելավելու ժողովրդի վիճակը, ի՞նչ լծակներով:

Վերջին պահին զլմ-ները փորձել էին նաեւ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մորից՝ Ռոզա Ծառուկյանից իմանալ, թե արդյո՞ք նրա որդին կառաջադրվի 2013թ. նախագահի ընտրություններում, ով պատասխանել էր. «Մինչեւ օրվա վերջ կիմանաք՝ կառաջադրվի, թե ոչ»:

Եվ այդ օրվա վերջը դեկտեմբերի 12-ին էր, երբ ԲՀԿ-ն տարածեց հայտարարություն, որում ասված է. «Այսօր տեղի է ունեցել ԲՀԿ խմբակցության եւ քաղխորհրդի համատեղ նիստ: Օրակարգում եղել է մեկ հարց՝ ԲՀԿ մասնակցության ձեւաչափը 2013թ. կայանալիք ՀՀ նախագահի ընտրություններում: Բացման խոսքում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ չի առաջադրելու իր թեկնածությունը: Շնորհակալություն է հայտնել իր գործընկերներին՝ անվերապահ վստահության եւ աջակցության համար: Հիմք ընդունելով ԲՀԿ ղեկավարի հայտարարությունը, քննարկումների արդյունքում ԲՀԿ խմբակցության եւ քաղխորհրդի համատեղ նիստը ընդունել է երկու որոշում.

1.Գալիք նախագահական ընտրություններում ԲՀԿ-ն չի առաջադրելու սեփական թեկնածու:

2.Գալիք նախագահական ընտրություններում ԲՀԿ-ն չի սատարելու թեկնածուներից որեւէ մեկին»:

Իսկ հետաքրքիր է, ինչպե՞ս է բացատրվել այս հրաժարումը, երբ ԲՀԿ խմբակցության եւ քաղխորհրդի անդամները մրցակցության մեջ էին մտել ճարտասանության ասպարեզում: Որեւէ մեկը չի՞ հարցրել, թե ինչու է հրաժարվում ամենա-ամենա թեկնածուն: Իսկ որեւէ մեկը ԲՀԿ որոշմանը դեմ եղե՞լ է, փորձե՞լ է գոնե այլ թեկնածու առաջադրել, ասենք՝ Վարդան Օսկանյանին, ով կշարունակեր «ԲՀԿ-ն միշտ աշխատելու է հանուն ժողովրդի բարեկեցության» թեզը…

Դա էլ կպարզվի: Իսկ գուցե հիշենք ԱԺ փոխխոսնակ եւ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի մի արտահայտությունը, որում այսպիսի երանգ կար. «Ծառուկյանը թող զգույշ լինի»: Խոսքն այն մասին էր, որ կոռուպցիայի մասին նշելիս ԲՀԿ ղեկավարը ընդհանուր ձեւակերպումներ է արել: Իսկ ՀՀԿ խոսնակի «նամյոկը» ակամա հնչում էր այնպես, որ կոռուպցիայի մասին խոսողը թող լավ մտածի նախ եւ առաջ իր մասին:

ԲՀԿ-ական պատգամավոր Լեւոն Խաչատրյանը անգամ դժվարացավ ասել, թե ինչքանով է համաձայն Հայաստանում կոռումպացված իշխանության մասին իր առաջնորդ Գագիկ Ծառուկյանի Բրյուսելում ասված մտքի հետ. «Պարզապես մեկնաբանելը ես ինձ թույլ չեմ տա, իմաստ չեմ գտնում դրա մեջ»: Իսկ սա շատ ԲՀԿ-ականների կարծիքին է համահունչ, որոնք նաեւ որոշ բաներից զրկվելու վտանգ են տեսնում այսպիսի ԲՀԿ-ում մնալով: Եվ իզուր չէ, որ ԲՀԿ-ական մեկ այլ պատգամավոր՝ Արագած Ախոյանն էլ շփոթված ասել է. «Պարոն Ծառուկյանն ում է ի նկատի ունեցել, ես չեմ կարող ասել»:

Իսկ ԲՀԿ-ի հայտարարությունը նոր տեսակետներ առաջ բերեց, կարծիքներ եղան, որ «Ծառուկյանը վախենում է իշխանությունների դրբի տակ ընկնել»: Ոմանք արդեն չէին բացառում, որ այդ «դրբի տակը» կներառի նաեւ Հովիկ Աբրահամյանին՝ Գագիկ Ծառուկյանի խնամուն, ով «գարանտ էր կանգնել», որ ԲՀԿ-ն խաղեր չի տալու եւ իր խոսքը չպահելու դեպքում նա հերթական, բայց վերջին անգամ հրաժարական կներկայացնի Աժ նախագահի պաշտոնից: Բայց կարծես այս տարբերակը ի չիք եղավ: Անգամ մեկ ուրիշ տարբերակ առաջ քաշվեց, թե նախագահական ընտրությունից հետո ԱԺ նախագահը կդառնա վարչապետ:

Շատերի համար էն գլխից էր անհասկանալի, թե ինչպես են «Ծառուկյանին հրեշտակ դարձնում»: Կամ՝ ինչպե՞ս կարող են Ռուսաստանն ու Արեւմուտքը ապավինել այն գործչին, ով երբեք ինքնուրույն քայլեր չի արել քաղաքական կյանքում (առանց հովանավորների) եւ անգամ պատրաստ չէ քաղաքական կամք դրսեւորելու:

Մեր աղբյուրները նշում են, որ նույնիսկ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանին հորդորել է «տղամարդավարի քայլի գնալ», եւ ԲՀԿ հայտարարությունն էլ «արվեց» հորդորանքով, ոչ թե ինքնակամ: Իսկ հորդորն արվել էր օրեր առաջ, երբ ԲՀԿ նախագահը հանդիպել էր ՀՀ նախագահին: Չնայած շարունակում է մնալ մի կարծիք եւս, թե ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը վերջնականապես հրաժարվել է ԲՀԿ-ի ղեկավարին սատարել եւ այդպիսով գործող նախագահի հորդորը շատ ծանր ազդեցություն է թողել:

Տեղեկատվություն է սպրդել, իբր այս ընթացքում նեղվել են նաեւ ԲՀԿ ղեկավարի մտերիմները, անգամ լուրեր են տարածվել, որ Գագիկ Ծառուկյանի փեսա Դավիթ Մանուկյանը լքել է Հայաստանը՝ Ռուսաստանից ժամանած «օրենքով գողերի» պահանջով: Չնայած Դավիթի եղբայրը հայտնել է, որ այդպես չէ, եւ Դավիթը Ֆրանսիայում է գործնական նպատակներով, «քանի որ տարբեր քաղաքներում տարբեր բիզնեսներ ունի ու այդ գործերով է մեկնել»: Սրանք եւս պարզելու հարցեր են, բայց մի բան հստակ է, եթե «ամեն բան կորցնելու պատրաստ» ԲՀԿ ղեկավարն անգամ պատրաստ չեղավ ինչ-որ բան կորցնելու, ապա հաստատ նրա մտերիմները պատրսատ չէին լինելու անձնական ունեցվածքի կորուստների:…

Ինչեւէ, այժմ շատ վերլուծաբաններ պնդում են, թե առանց Գագիկ Ծառուկյանի մասնակցության, նախագահական ընտրություններն, այսպես կոչված, տեխնիկական բնույթ կկրեն, քանզի ընդդիմադիր որեւէ թեկնածու չունի իրական հնարավորություն հաղթելու: Ուստի՝ պայքարը կընթանա միայն 2-րդ «պատվավոր» տեղի եւ ընդդիմադիր առաջնորդի լծակ ձեռք բերելու համար:

Սա մեր իրականությունն է եւ ցավալի է: Իսկ զոհաբերությունը փրթած թան չէ՝ ամեն մարդու բան չէ. կասի իմաստուն ժողովուրդը, որ հաճախ անիմաստ բաների է հավատում:

Հ.Գ. – Մինչ Ծառուկյանի՝ նախագահական ընտրություններում չառաջադրվելու մասին հայտարարությունը, մայրաքաղաքի Կենտրոն համայնքի թաղերից մեկը բաժանվել էր «մեր դեմ» – «մեզ հետ» խմբերի:

Հատկապես իրենց ագրեսիվ էին պահում ԱԺ ընտրություններում ԲՀԿ-ականներին սատարած ջահելները, ովքեր նույն ընտրություններում ՀՀԿ-ին սատարած ջահելներին բարեւ անգամ չէին տալիս: Ավելին՝ նաեւ ծաղրում էին, թե՝ «մենք էդ օրերին (ընտրական գործընթացի,- Ա.Ա.) ձեր ստացածի կրկնակին ենք ստացել»:

ՀՀԿ-ական ջահելներ եղան, որ ԲՀԿ-ական դարձան. ո՜վ չէր ուզի կրկնակի վճարվել առաջիկայում:

Ու հենց դարձան, հնչեց Ծառուկյանի՝ չառաջադրվելու մասին հայտարարությունը: Թա՜րս էր արա…

Հետաքրքիր մի զրույցի եւս ականատես եղա, երբ հանրությանը հայտնի «ԲՏՌ» կանայք էին զրուցում, թե՝ մնան նախկին ընդդիմադիր ճակատում, թե տեղափոխվեն նոր ընդդիմադիր դաշտ:

Եվ զարմանալին այն է, որ հենց իրենք էին իրենց մասին այդպես խոսում. «ԲՏՌ»-ներ բոլորին ու միշտ էլ պետք են լինելու եւ դրանում շատ վստահ էին…

Արամ Ավետյան

«Լուսանցք» թիվ 41 (262), 2012թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

This entry was posted in Հոդվածներ. Bookmark the permalink.