Նոր համակարգը միայն Հայաստանին կպարգեւի իրապես նոր նախագահ
ՀՀ նախագահի հերթական ընտրության առանցքը ՀՀԿ-ԲՀԿ հակադրությունն է, եւ ըստ այդմ, իշխանական եւ ընդդիմադիր մոտեցումները հիմնականում բխեցվում են այդ առանցքից:
Սա տրամաբանական է, բոլորն էլ նույնն են՝ նախկին կամ ներկա իշխանավորներ, իհարկե՝ մասնակի բացառություններով:
Բայց կա նաեւ չեզոք մի հատված, որ որոշիչ ուժ չունի դեռեւս, սակայն այս առանցքը չի կարեւորում մի քանի պատճառներով.
1. Չի հավատում, թե ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ կա որեւէ լուրջ տարբերություն՝ սկսած այս կուսակցությունների ձեւավորման, հարստացման ու բազմացման անցած եւ ներկա փուլերից, վերջացրած գալիք՝ ոչ պակաս այնքա՜ն վայելքաշատ փուլը:
2. Չի զատում ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին՝ որեւէ ուրիշ հղփացած ԲՀԿ-ական կամ ՀՀԿ-ական (նաեւ այլ, հաճախ սին ընդդիմադիր խաղացող քաղաքական ուժի) օլիգարխից, որոնք տարիներով կերել-խմել են հայության ունեցվածքն ու արյունը, ինչի հաշվին էլ պետական պաշտոնյաներ կամ «բարեգործներ» են դարձել: (Մեր կենսամակարդակի ոչնչացման հաշվին, այսինքն՝ մեր փողերի հաշվին մեզ «օգնություն» են տալիս մեկ-մեկ)
3. Չի տեսնում ներազգային եւ միջազգային պատկերացումներում այլակերպ մտածողություն ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ, ավելին՝ օտարին նվիրվելու քաղաքականությամբ միանման ուժեր են:
Այս կետերը կարող են դեռ շարունակվել «երկվորյակ եղբայրներ» կուսակցությունների մասին, հատկապես ներքին կյանքի ոլորտներում, բայց ավելին ասելը ոչինչ չի փոխի, միայն կհաստատի ասվածը:
Այս մտածողությամբ ընտրազանգվածի համար անհասկանալի է ինչպես Լեւոն Տեր-Պետրոսյանին իշխանության բերողների մոլուցքը (խոսքը՝ թե ՀԱԿ-ականների, թե ՀՀՇ-ականների մասին չէ, որոնք իրենց ենթակայական շահերն ունեն), այնպես էլ Գագիկ Ծառուկյանին փառաբանելու կիրքը:
Անգամ հարց է տրվում՝ մեր հասարակությունն այն դիմագիծն է ձեռք բերել, որ կուզենա՞ր ունենալ Ծառուկյանի նման (բոլոր նախագահներին շահույթով ու նվիրումով ծառայած) նախագահ: Մի՞թե բթությունն ու մոռացկոտությունը այսքան խորացել են եւ մի՞թե մարդիկ չեն հասկանում՝ ով ինչպես, ինչ ստորություններով ու դավերով, եւ երբ հասցրեց հարստանալ կամ պաշտոնի հասնել……
Իսկ այն ուժը, որ 4-րդ իշխանություն է կոչվում, փոխանակ մարդկանց հիշեցնելու ով ով է, միացել է (զլմ-ների շուրջ 90%-ը) փող աշխատելու մոլուցքին եւ սնվում է հենց այն փողերից, որոնք ազգի թալանված ունեցվածքի համն ունեն: Ե՛վ սնվում է եւ՛ առաջին 3 իշխանությունների գովքն է անում, թերեւս սեւ PR-ն անգամ ծառայեցնելով այդ նպատակին:
Ի վերջո հայությունը պետք է դուրս գա՞ այսպես կոչված 3 նախագահների տիրույթից, որը մեծ հաշվով ընդամենը 1 նախագահի տիրույթ է: Բոլոր նախագահներն էլ պաշտոններ են ունեցել եւ իշխանության մաս կազմել այն օրից, երբ հայտարարվեց անկախ Հայաստանի հռչակումը (մինչ այդ էլ խորհրդային իշխանափոխության տարիներին էին միասին): Նրանք պաշտոնավարել են եւ՛ Հայաստանի եւ՛ Արցախի հանրապետություններում:
Այս տրամաբանությամբ՝ բոլոր 4 իշխանական համակարգերը եւս վաղուց 1 համակարգի մեջ են աշխատում, ինչն այլեւս գաղտնիք չէ:
Հայաստանին փոփոխություններ կբերի միայն համակարգի փոփոխությունը (ինչի մասին բոլորն են խոսում, բայց «մոռանում» են, որ այս համակարգի մեջ թաթախված են ոտքով ու գլխով): Նոր համակարգը Հայաստանին կպարգեւի իրապես 2-րդ նախագահ (նշվեց, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը միասին 1-ին ու առայժմ վերջին նախագահն են…): Այս համակարգային փոփոխությունը Հայաստանին կբերի նաեւ 2-րդ իշխանությունը (օրենսդիր, գործադիր, արդարադատության եւ մամուլից բացի, որ դեռ մեկտեղված են եւ 1 իշխանություն են), որը կլինի պատասխանատվության եւ պատժի իշխանությունը: Իսկ ինչպես նոր նախագահը, ում ամեն դեպքում կասեն՝ 4-րդ նախագահ, այնպես էլ նոր իշխանությունը, որը կկոչեն 5-րդ իշխանություն, պետք է գործեն կտրուկ ու արդար, անվարան ու առանց ետ նայելու:
Եվ այնժամ միայն կգա հայության եւ Հայաստանի փոփոխության ժամանակը, որը նաեւ մեր համազգային զորանալու ժամանակը կդառնա: Իսկ մենք շա՜տ համազգային ու համահայկական խնդիրներ ունենք լուծելու:
Եվ պետք է արտակարգ զգոն լինել, քանզի ամեն մի երկիր ու գաղտնի հանրույթ իր նախագահացուին է դեմ տալիս:
Հայկ Թորգոմյան
«Լուսանցք» թիվ 41 (262), 2012թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում



