Կոտրու՞մ են, թե՞ կոտրվում են

Այսօր գաղտնալսումներն ամենուր են…

Համացանցում տարածված ԱԺ պատգամավորներ Լեւոն Զուրաբյանի եւ Վարդան Օսկանյանի սրճարանային զրույցի ձայնագրությունը մեծ աղմուկ է բարձրացրել: Այդ զրույցի ժամանակ ՀԱԿ-ի եւ ԲՀԿ-ի գործիչները նախագահի ընտրություններին ընդառաջ ինչ-որ պայմանավորվածությունների են փորձել գալ:

ԲՀԿ-ական Օսկանյանը այժմ այնքան էլ չի աղմկում, բայց ահա, ՀԱԿ-ական Զուրաբյանը զրույցը գաղտնալսելու մեջ մեղադրում է Ազգային անվտանգության ծառայությանը եւ հայտարարել է, որ սա հակասում է Հայաստանի Սահմանադրությանը եւ օրենքներով ամրագրված ժողովրդավարական տարրական նորմերին: Նա կարծում է, որ օրինախախտման պատասխանատուները վաղ թե ուշ ամբողջ խստությամբ պատասխան են կրելու օրենքի առջեւ եւ իշխանություններին պատասխանատվությունից խուսափելու հնարավորություն չտալու նկատառումով առաջարկել է դատախազությանը ընդունել իր հայտարարությունը որպես հաղորդագրություն հանցագործության մասին՝ պահանջելով քրեական պատասխանատվության կանչել գաղտնալսման եւ դրա հիման վրա պատրաստված նյութի հրապարակման հեղինակներին:

Ինչպես միշտ, նման դեպքերում հաճույքով է արձագանքում «Նոր Ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանը, ում կարծիքով՝ ամենայն հավանականությամբ ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանի եւ ՀՀ նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի զրույցին ներկա է եղել նաեւ երրորդ անձ: «Ամենահետաքրքիրն այն է, թե ով է ձայնագրել այդ խոսակցությունը, իհարկե, դժվար է միանշանակ ասել՝ եղե՞լ է երրորդ անձ, թե՞ ոչ, բայց կրկնում եմ՝ հետաքրքիրն այն է, թե ով է ձայնագրել»,- ասել է նա՝ հավելելով, որ ոչ մի լավ բան իհարկե չկա այստեղ, իսկ թե ում էր պետք սա տարածել, չի կարող ասել, սովորական զրույց էր:

Այս ամենի պատճառը, որ այսպես խառնվել են ՀԱԿ-ականները, այն է, որ նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության ղեկավար Հրանտ Բագրատյանը օրեր առաջ հանդիպել է 1-ին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ «սպառնացել», վերջնագիր է ներկայացրել՝ նշելով, որ եթե առաջիկայում նախկին նախագահը չկայացնի վերջնական որոշում եւ չհայտարարի ընտրություններում իր մասնակցության ձեւաչափի մասին, ապա ինքն իր կուսակցությունով դուրս կգա ՀԱԿ շարքերից եւ առանձին կմասնակցի նախագահական ընտրություններին:

Հիշեցնենք, որ ՀԱԿ ներկայացուցիչներից նաեւ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը եւս հայտարարել է, որ ինքը նույնպես կարող է լինել նախագահի թեկնածու, եթե նախկին նախագահը չառաջադրվի: Վերջինս հայտարարել է վերոնշյալ գաղտնալսման մասին եւ պահանջել անհապաղ քրեական գործ հարուցել: Նա խստորեն դատապարտել է պատգամավորների խոսակցության ապօրինի ձայնագրումը եւ տեղադրումը youtube-ում, որը խորհրդային ԿԳԲ-ի գործելակերպի արատավոր դրսեւորում է համարել: Այս քաղաքական իրավիճակը, ըստ պատգամավորի, թելադրում եւ պահանջում է «ՀԱԿ-ի առաջնորդ, ՀՀ 1-ին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջադրումը ՀՀ նախագահի թեկնածու, եւ սերժանտական կործանարար իշխանության հեռացման նպատակ ունեցող բոլոր քաղաքական ուժերի համախմբումը նրա թեկնածության շուրջ»,- ասված է նրա հայտարարությունում:

Ի միջիայլոց, այդ ընթացքում էլ նշվել է ԱԱԾ-ականների օրը, եւ վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է Ազգային անվտանգության ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին ու հայտնել. «Արագ փոփոխվող աշխարհը մեր առջեւ նոր խնիդրներ ու մարտահրավերներ է դնում: Այդ փոփոխությունները ժամանակակից աշխարհում տեղի են ունենում բավականին արագ՝ հաճախ իրենց հետ բերելով անկանխատեսելի խնդիրներ ու ողբերգական հետեւանքներ: Դա նշանակում է, որ մասնագիտական կարողությունների բարձրացումը պետք է լինի մեր ամենօրյա ուշադրության կենտրոնում, ինչպես այս խնդիրն է գտնվում հանրապետության նախագահի մշտական ուշադրության կենտրոնում: Ընդհանրապես, մեր առջեւ ծառացած բոլոր խնդիրները, այդ թվում՝ սոցիալական, պիտի կարողանանք փուլ առ փուլ իրականացնել»:

Այնուհետեւ, չնայած այս գաղտնալսման աղմուկին, վարչապետը ՀՀ նախագահի հրամանագրով անվտանգության որոշ աշխատակիցների կոչումներ է շնորհել եւ պարգեւատրումներ ու շնորհակալագրեր հանձնել: ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն էլ է մասնակցել վերը նշված միջոցառմանը, կարեւորել ԱԱԾ դերը ՀՀ անվտանգության ապահովման գործում եւ նույնպես պարգեւատրումներ կատարել:

Այս խայտաբղետ իրավիճակում, երբ մի կողմից քննադատում եւ մեղադրում են ԱԱԾ-ին, իսկ մեկ այլ կողմից տոնում ու պարգեւատրումներ են տալիս, ԱԱԾ-ն լռում է եւ հակաարձագանքի չի գնում: Թերեւս հետո կանի դա, որովհետեւ թեման «լռողներից» չէ:

Այժմ արդեն բազում հարցերից մեկն առավել շատ է հնչում. «Ինչու՞ ԱԱԾ-ն կամ որեւէ իրավապահ մարմին չեն հայտարարել, որ քրեական գործ է հարուցվել»:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը դեմ է, երբ մարդկանց թաքուն հետեւում կամ թաքուն նկարում են ու բացասական է վերաբերում նաեւ աղմուկ հանած առանձնազրույցի գաղտնազերծմանը, առավել եւս, որ ՀՀ օրենքները նման բան թույլ չեն տալիս: Իսկ ահա թե ով է արել այդ ձայնագրությունը, նա դժվարանում է անուններ հնչեցնել, նշելով, որ Զուրաբյանն ու Օսկանյանն իրենք պետք է կասկածեն, թե ով է հեղինակը: Ինչ վերաբերում է այն վարկածին, թե ԱԱԾ-ն է հեղինակը, ՀՀԿ-ական պատգամավորն ընդգծել է, թե չի կարծում, որ դա այդպես է, քանզի էական ոչինչ չի տեսնում այդ խոսակցության մեջ, բացի այդ էլ՝ «ԱԱԾ-ին հետաքրքրում է ազգային անվտանգությունը, իսկ նրանք մեր ազգի համար վտանգավոր չեն»: Գալուստ Սահակյանի կարծիքով՝ իշխանությանը պետք չէ մեղադրել, բայց իշխանությունն էլ է պատասխանատու նման իրավիճակների համար:

«Այս ռեժիմի կողմից քաղաքական հակառակորդներին լրտեսելու ճղճիմ արարքը» ՀԱԿ-ականները կփորձեն նախընտրական թեմա դարձնել, ինչը կարծում ենք՝ պետք է պարտավորեցնի, որ հատկապես ԱԱԾ-ն եւ պատկան այլ ուժային մարմինները քայլեր ձեռնարկեն ճշմարտությունը պարզաբանելու համար, եթե իհարկե ամեն բան այնպես չէ, ինչպես նշում են ընդդիմադիր որոշ գործիչներ:

Այս մասին խոսել են ոչ միայն քաղաքական գործիչները: Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը համոզված է, որ ՀԱԿ-ը մինչեւ ընտրություններին աղմուկով մասնակցել-չմասնակցելու քննարկմանն անցնելը, նախ եւ առաջ պետք է քննարկի իր միասնականության ու հետագա գործունեության հարցերը. «Քանի դեռ լռում էր ԲՀԿ առաջնորդը, ՀԱԿ-ի համակարգող Լեւոն Զուրաբյանն ամեն ինչ արեց, որպեսզի կոնգրեսի ամբողջ ռեսուրսը ծառայեցնի Գագիկ Ծառուկյանին՝ առաջադրվելու պարագայում: Եվ հիմա, երբ ԲՀԿ ղեկավարը հրաժարվեց այդ մտքից, հասկացան, որ ՀԱԿ համակարգողի աշխատանքը ամբողջովին քայքայել էր ՀԱԿ-ը եւ ռեսուրսներն էլ ամբողջովին պարպված էին»: Քաղաքագետը համոզմունք էր հայտնել, որ քաղաքական դաշտում ՀԱԿ-ի ունեցած դիրքն ու ստեղծված իրավիճակը շատ վատ նախադեպ է նախագահական ընտրություններին մասնակցելու համար: ՀԱԿ-ում ներկա պահին նախ ՀԱԿ համակարգողին իրենց շարքերից հեռացնելու խնդիրն են լուծելու:

«Այս հարցն ավելի օրհասական է: Մենք ունենք մեր աղբյուրները ՀԱԿ-ում, եւ մեր տեղեկատվությունը հստակեցված ու ճշտված է: Լեւոն Զուրաբյանի հեռանալը իր ցանկությամբ չէ, այն քննադատությունները, այն խոսքերը, որ նրա հասցեին այնքան լավ գնահատականներ չեն հնչում, այս ամենը պատճառ է դառնում, որ նա ստիպված լքի ՀԱԿ-ը»,- նշել է քաղաքագետը:

Ի դեպ, տեղեկություն էլ կա, որ ՀԱԿ-ից հեռացվելու դեպքում Զուրաբյանը կլքի Հայաստանը: Եվ ուշագրավ է, որ նույնը ասում են նաեւ Ծառուկյանի մասին, իբր ընտրություններից հետո նա եւս կհեռանա երկրից:

Ինչեւէ, մեդիա փորձագետ Մեսրոպ Հարությունյանի կարծիքով, գաղտնի ձայնագրության տարածումը լրատվության միջոցներով ոչ միայն անընդունելի է լրագրողական էթիկայի տեսակետից, այլեւ անմիջականորեն խախտում է «Զանգվածային լրատվության մասին» օրենքի 7-րդ՝ «Լրատվության ոլորտում խոսքի ազատության իրավունքի սահմանափակումները» հոդվածի պահանջը:

Գաղտնալսումը, իհարկե, անօրինական եւ քննադատելի երեւույթ է, եւ պետք է պատժվի օրենքով, ինչը որեւէ կասկածի տեղիք չի տալիս, սակայն մի բան այս ընթացքում հստակեցվեց, որ այն ամենը, ինչի մասին քաղաքական շրջանակները խոսում էին ենթադրաբար, իրականություն է եւ հասկանալի է, թե ինչու փոխվստահություն չկա ոչ միայն իշխանություն-ընդդիմություն ճամբարում, այլեւ հենց ընդդիմադիրների միջեւ:

Արամ Ավետյան

«Լուսանցք» թիվ 42 (263), 2012թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

This entry was posted in Հոդվածներ. Bookmark the permalink.