– Արդեն ընտրախախտումնե՞ր կան… – Ու՞ր մնացին խոստումները… – 8-ն էլ կմնա՞ն – Ասում է՝ մի մնացեք…
Նախագահական ընտրությունների վերաբերյալ աստղագետներից ոմանք արդեն հաշվել եւ պարզել են, թե ով է լինելու Հայաստանի նոր նախագահը, բայց խուսափում են իրենց իմացածը լսելի դարձնել մարդկանց: Նրանք միայն հայտնել են, որ «Տիեզերքը խառնվում է բոլորի գործերին» եւ, հնարավոր է, նրանք, ովքեր այսօր մեծ հաջողություններ ունեն, մի քանի տարի հետո դժվարությունների հանդիպեն, եւ դրա մասին իրենք տեղյակ չեն: Ոմանց համար էլ անակնկալներ կլինեն:
Չինական կենդանաշրջանով Օձի տարում պետք է ավելի զգույշ եւ ուշադիր լինել, Օձը չի սիրում աղմուկ եւ ավելորդ շարժումներ, սակայն քանի որ մեր նախագահի թեկնածուները հայերն են, ապա նրանց հուշենք, որ հայկական կենդանաշրջանով այս տարվա տանուտերը Երկվորյակներն են եւ, ըստ այդմ, պետք է կանոնակարգել առաջիկա նպատակները:
Շատերն էին փորձում նախագահական ընտրությունները վերլուծել ՀՀ 3 նախագահների մասնակցությամբ, բայց դա տեղի չունեցավ, եւ միայն գործող նախագահն է փորձում վերընտրվել: Լեւոն Տեր-Պետրոսյանն ու Ռոբերտ Քոչարյանը մնացին մի կողմ քաշված: Սերժ Սարգսյանին որպես հակառակորդ նաեւ ՀՀ 1-ին եւ 2-րդ նախագահների «հովանավորյալ» ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը հանդես չեկավ:
Ինչպես քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն էր կանխատեսում. «Դաշտում այս պահին միայն գործող նախագահն է… Մենք այսօր նախագահական ընտրություններում հաղթող հավակնորդ թեկնածու չունենք, միայն գործող նախագահ Սերժ Սարգսյանն է»: Նրա խոսքով, չկա հաղթելու մեծ հնարավորություններ ունեցող 2-րդ թեկնածու, «եթե անգամ իր թեկնածությունն առաջադրեր Գագիկ Ծառուկյանը, միեւնույնն է՝ գաղափարական պայքար չէր լինի, իշխանություն-ընդդիմություն պայքար չեմ տեսնում»:
«Ընդդիմությունն ամեն ինչ արեց, որ Սերժ Սարգսյանի համար կանաչ լույս վառվի դեպի հաղթանակ, քանի որ չիրականացավ միասնական թեկնածուի գաղափարը»,- նշել է «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը: Նրա խոսքով՝ գալիք նախագահական ընտրությունները նման են 1998թ. ընտրություններին, երբ կար 18 թեկնածու, սակայն հիմնականները մի քանիսն էին: Ընդդիմությունն ուներ միավորվելու հնարավորությունը դեռ ՏԻՄ եւ խորհրդարանական ընտրությունների ժամանակ, բայց չկարողացավ դա անել, եւ նրա ձայները փոշիացան: «Եթե գալիք նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանը հաղթի՝ դրա մեջ ոչ այնքան լումա կունենան ՀՀԿ-ականները, որքան ընդդիմությունը՝ իր վարքագծով»,- հայտնել է սոցիոլոգը՝ հավելելով, որ ընտրությունների ելքը կախված է ԲՀԿ-ի ընտրազանգվածից, բայց ոչ վճռորոշ կերպով:
Գալիք նախագահական ընտրությունները կվերածվեն մեկ մարդու՝ ՀՀ գործող նախագահի հաղթարշավի.- անդրադառնալով ներքաղաքական զարգացումներին՝ հայտնել է ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը, ում ղեկավարած կուսակցությունը մասնակցեց ԱԺ ընտրություններին, սակայն հրաժարվեց նախագահի թեկնածու առաջադրել: «Հայաստանում պետք է ձեւավորվի նոր քաղաքական օրակարգ: Բանն այն է, որ քաղաքական այն դեմքերը եւ հնարավոր ձեւավորվելիք միավորումները, որոնք կարող էին գալիք ընտրություններում ապահովել իրական մրցակցային մթնոլորտ, գտնվում էին նույն դաշտում: Դա է հիմնական պատճառը, որ այսօր քաղաքական եւ գաղափարական մրցակցության չի սպասվում»,- նշել է նա եւ հավելել, որ ԲՀԿ-ի՝ գալիք նախագահական ընտրություններին չմասնակցելու որոշումը եւս մեկ անգամ փաստեց այն իրողությունը, որ խոշոր բիզնեսը նախեւառաջ մտածում է սեփական կապիտալի պահպանման մասին: Այս ամենը վկայում է այն, որ քաղաքական պայքարում պիտի լինեն քաղաքական դեմքեր:
Ինչեւէ առաջադրումները սկսվել էին դեկտեմբերի 25-ից եւ ժամկետն ավարտվել է հունվարի 4-ին: 2013թ. փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններում թեկնածուների գրանցման ժամանակահատվածը կշարունակվի մինչեւ հունվարի 14-ը: Նշենք, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողով որպես ՀՀ նախագահի թեկնածու՝ առաջադրման փաստաթղթեր ներկայացրել էր ՀՀ 15 քաղաքացի՝ Սերժ Սարգսյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը, Պարույր Հայրիկյանը, Հրանտ Բագրատյանը, Արամ Հարությունյանը, Ռուբեն Այվազյանը, Ռոբերտ Ահարոնյանը, Նարինե Մկրտչյանը, Արման Մելիքյանը, Տարոն Աբրահամյանը, Մհեր Հայրապետյանը, Անդրիաս Ղուկասյանը, Պավլիկ Սարգսյանը, Ռոբերտ Սիմոնյանը, Վարդան Սեդրակյանը:
Առաջադրված թեկնածուներից 8-ը չգրանցվելու ռիսկի «տակ» էին: ԿԸՀ մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը ներկայացրել էր, որ առաջադրման փաստաթղթերը Ընտրական օրենսգրքի համաձայն, ամբողջական, այսինքն ընտրագրավի մասին անդորրագիրը ներառյալ, ներկայացրել են միայն 7 թեկնածուներ՝ Սերժ Սարգսյանը, Հրանտ Բագրատյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը, Անդրիաս Ղուկասյանը, Արման Մելիքյանը, Պարույր Հայրիկյանը եւ Վարդան Սեդրակյանը: Ըստ ԸՕ-ի, եթե թեկնածուները մինչեւ գրանցման համար նախատեսված ժամկետը 48 ժամվա ընթացքում չեն ամբողջացնում փաստաթղթերը, ապա նրանք չեն գրանցվում:
Ի սկզբանե չգրանցվելու հավանականություն ունեին Տարոն Աբրահամյանը, Ռոբերտ Ահարոնյանը, Ռուբեն Այվազյանը, Մհեր Հայրապետյանը, Արամ Հարությունյանը, Նարինե Մկրտչյանը, Պավլիկ Սարգսյանը, Ռոբերտ Սիմոնյանը: Ի վերջո ռիսկից դուրս եկավ միայն «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահը՝ մուծելով 8 մլն. ընտրագրավը եւ միանալով արդեն գրանցված յոթնյակին: Իսկ ՄԻԵԴ-ում փաստաբան ԲՀԿ-ական Ռուբեն Այվազյանը ինքնահրաժարական տվեց, ում հետեւեցին (ցուցադրվելուց հետո) Տարոն Աբրահամյանը, Ռոբերտ Ահարոնյանը, Մհեր Հայրապետյանը, Նարինե Մկրտչյանը, Պավլիկ Սարգսյանը, Ռոբերտ Սիմոնյանը:
Հիշեցնենք, որ մինչ վերոնշյալ 15 թեկնածուների առաջադրվելը, իրենց առաջադրվելու մասին հայտարարել էին նաեւ նախկին ազատամարտիկ Մարտիկ Սարգսյանը եւ ՀՅԴ-ից հեռացված նախկին պատգամավոր Հովհաննես Աղազարյանը, որոնց ոստիկանության անձնագրերի եւ վիզայի վարչությունը մերժել էր տրամադրել ՀՀ-ում մշտապես բնակվելու վերաբերյալ տեղեկանքը:
Հանրապետության նախագահի փետրվարի 18-ին կայանալիք ընտրություններում քվեարկությունն անցկացնելու նպատակով 41 ընտրատարածքներում ձեւավորվել են 1.988 տեղամասային կենտրոններ: Ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցի համաձայն, տեղամասային ընտրական հանձնաժողովներում անդամներ նշանակելու մասին հայտերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով պետք է ներկայացվեն հունվարի 19-ից մինչեւ 24-ի ժամը 18:00-ն: ՏԸՀ-ների առաջին նիստերը տեղի կունենան հունվարի 27-ին՝ ժամը 12-ին: ՏԸՀ-ները կունենան 8-ական անդամ: 1-ական անդամ նշանակելու իրավունք ունեն ԱԺ-ում խմբակցություն ունեցող 5 կուսակցությունները՝ ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ, «Ժառանգություն», «Օրինաց երկիր» եւ ՀԱԿ դաշինքը, 2-ական անդամ՝ համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները:
Յուրաքանչյուր տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամ նշանակելու համար ԸԸՀ-ի յուրաքանչյուր անդամ, բացառությամբ հանձնաժողովի նախագահի, կարող է ներկայացնել 1 թեկնածու: Եթե առաջադրված թեկնածուների թիվը 2-ից ավելի է, ապա ՏԸՀ-ի 2 անդամին ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն ընտրում է վիճակահանության միջոցով՝ ԿԸՀ-ի սահմանած կարգով: Եթե ՏԸՀ-ի ձեւավորման համար ԸՕ-ով սահմանված կարգով կամ ժամկետում որեւէ կուսակցություն, կուսակցությունների դաշինք հանձնաժողովի անդամ չի նշանակում, կամ ԸԸՀ-ի անդամների առաջարկած թեկնածուների թիվը պակաս է 2-ից, ապա հանձնաժողովի թափուր տեղերը նրանց փոխարեն լրացնում է համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը հանձնաժողովի կազմավորման համար սահմանված ժամկետի ավարտից հետո՝ 3-օրյա ժամկետում:
Ձեւավորված տեղամասային կենտրոնների մասին ԿԸՀ-ի պաշտոնական կայքէջում տեղադրված տեղեկատվության համաձայն, Երեւանի 13 ընտրատարածքներում տեղամասերի թիվը տատանվում է 34-40-ի սահմաններում: 34 ընտրատեղամաս է գործելու Արաբկիրի թ.4, Կենտրոն եւ Աջափնյակի թ.9, Կենտրոն եւ Նորք-Մարաշի թ.10, իսկ 40 ընտրատեղամաս՝ Էրեբունու թ.13 ընտրատարածքներում: Մարզերում պատկերը մի փոքր այլ է: Տեղամասերի թիվը տատանվում է 36-79-ի սահմաններում, ինչը պայմանավորված է իրարից մեծ հեռավորության վրա գտնվող գյուղական համայնքների առկայությամբ:
Արման Դավթյան
Արդեն ընտրախախտումնե՞ր կան
Հայաստանի Պառլամենտարիզմի կենտրոնի նախագահ Ռուբեն Թորոսյանը գլխավոր դատախազություն եւ ԿԸՀ է ուղարկել հաղորդագրություն 44 ընտրախախտումների մասին: Ըստ նրա՝ դրանք կարող են էական ազդեցություն ունենալ ՀՀ նախագահի ընտրության արդյունքների վրա:
Այդ հաղորդագրությունն ուղարկել են նաեւ իրավասու միջազգային կազմակերպություններին, այդ թվում, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ին:
Մասնավորապես նշվել է, որ եթե նախորդ ընտրության ներկա փուլում, պետական հսկայական միջոցների հաշվին ՀՀԿ-ի քարոզչությունն իրականացվում էր ՀՀԿ անդամատոմսերի բաժանման, երկրի տնտեսական ծրագրերի իբր քննարկման եւ այլ «թաքնված» միջոցառումների միջոցով, ապա ներկա ընտրության ժամանակ, ՀՀ նախագահի ՀՀԿ առաջադրված թեկնածու Սերժ Սարգսյանի օգտին քարոզչությունն իրականացվում է պետական զլմ-ների ամբողջ հզորությամբ: Ակնհայտ է, որ ընտրությունից ընտրություն ՀՀԿ-ական օրինախախտումները նոր որակ են ձեռք բերում, հավանաբար, ոգեւորվելով այն հանգամանքից, որ ՀՀ նախագահի թեկնածուներից ոչ մեկը չի արձագանքում դրանց, ինչպես նաեւ, համոզված լինելով, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունը նորից անուշադրության կմատնի պետական միջոցների չարաշահման իբր «նուրբ» ձեւերը:
Նշվել է նաեւ, որ ներկա գլխավոր ընտրախախտողները նորից այն պաշտոնատար անձիք են, որոնք ի պաշտոնե պարտավոր են պաշտպանել ՀՀ քաղաքացու ընտրական իրավունքը, մասնավորապես՝ Սերժ Սարգսյան, Հովիկ Աբրահամյան, Տիգրան Սարգսյան, Արման Մկրտումյան, Կարեն Անդրեասյան, Ռուբեն Սահակյան, Վիգեն Սարգսյան, Արթուր Բաղդասարյան, Ալեքսան Հարությունյան:
Ու՞ր մնացին խոստումները
Չնայած գործող նախագահի օգտին հաղթանակ շեփորահարողները շատացել են, այնուամենայնիվ Րաֆֆի Հովհաննիսյանին եւ Հրանտ Բագրատյանին համարում են ընդդիմադիր դաշտի ընտրազանգվածի մի զգալի մասին իրենց կողմը բերող թեկնածուներ: Որոշակիորեն կարեւորվում է նաեւ Պարույր Հայրիկյանի մասնակցությունը, բայց՝ միայն այդքանը:
Մնացածը (մինչեւ ոմանց ինքնահրաժարումը), սոցիոլոգ Ահարոն Ադրբեկյանի պնդմամբ, «նախագահի թեթեւ քաշային թեկնածուներ էին եւ նույնիսկ 1% ձայն չէին հավաքի»: Ըստ նրա, «մնացյալ թեկնածուները՝ էպոսագետը, կարատեիստը, թոշակառուն… եւ այլն, որեւէ լուրջ հնարավորություն չունեն»: Կա նաեւ թեկնածուների ճանաչելիության խնդիր, ինչը «Սերժ Սարգսյանին այս իմաստով թեկնածուների շրջանում բացարձակ լիդեր է դարձնում»,- ասել է սոցիոլոգը: Նա ներկայացրել է այսպիսի թվեր, որոնք ցուցադրում են թեկնածուների հնարավորությունները. «Հարցվածների միայն 52%-ն է, որ քաղաքականությամբ այսօր հետաքրքրված է եւ այս թվի միայն 28%-ն է, որ որոշում է կայացրել, թե կոնկրետ ում է ընտրելու: Իսկ մնացած 24%-ի պարագայում թեկնածուները պետք է նախընտրական այս շրջանում լավ աշխատեն, որպեսզի կարողանան կողմնորոշել»: Եթե այդ 28%-ն այսօր գնա ընտրության, ապա «Սերժ Սարգսյանը կհավաքի ձայների 72%-ը, Րաֆֆի Հովհաննիսյանը՝ 20%-ը»: Բանախոսը լուրջ մրցակից չի տեսնում գործող նախագահին, որովհետեւ հենց ընդդիմությունն ամեն ինչ արեց, որպեսզի նախագահ Սարգսյանը արժանի մրցակից չունենա: «Ընդդիմադիրները թողել են քաղաքական դաշտը եւ պետք է դիտեն, թե հզոր թեկնածուն ինչպես է շատ հեշտ անցնելու»,- եզրափակել է իր տեսակետը սոցիոլոգը:
Իսկ ուսումնասիրությունների ընդհանուր թվերը ներկա պահին հետեւյալն են ազդարարում, որ ձայները հիմնականում բաժանվում են 2 թեկնածուների միջեւ՝ Սերժ Սարգսյանի օգտին պատրաստ են քվեարկել 20,5%-ը, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին՝ 5,5%-ը: Իսկ ԲՀԿ ընտրազանգվածի 10%-ն է, որ որոշել է գնալ ընտրության, ընդ որում այդ ընտրողների 1/3-ի ձայները կգնան ՀՀԿ թեկնածու Սերժ Սարգսյանին:
Այս առումով որպես գործոն կաշխատեն նաեւ ՀՅԴ-ի եւ ՀԱԿ-ի կողմնորոշումները: Իսկ որպես միասնական թեկնածու հարցվածների մեծամասնությունը նշել է Րաֆֆի Հովհաննիսյանի անունը, քանի որ Գագիկ Ծառուկյանը (գուցե նաեւ՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը) չի առաջադրվել:
ԲՀԿ-ն, ՀԱԿ-ն ու ՀՅԴ-ն հայտարարել են, որ չեն մասնակցելու ընտրություններին, սակայն արդյո՞ք դա բոյկոտ է: Ոմանք կարծում են, որ այո, քանզի դա վերջին ժամանակներում իրենց հիմնական զբաղմունքն ու կոչումն է քաղաքական ասպարեզում: Սակայն ու՞մ կամ ի՞նչն են նրանք բոյկոտելու, չէ՞ որ քաղաքականությամբ զբաղվելն ու մարդկանց կողմնորոշելն է նրանց գործելու իմաստը: Իհարկե, բոյկոտը նույնպես պայքարի ձեւ է, բայց նաեւ՛ իշխանություն տեսած եւ ժողովրդի հաշվին կուսակցություն դարձած ուժերի համար է՞լ:
Նշյալ ուժերը եւ՛ իշխանական եւ՛ ընդդիմադիր ոլորտներում գործել են, զանգվածներ են ներգրավել ինչ-ինչ գաղափարներ տարածելով, դրամամիջոցներից բացարձակապես խեղճ չեն, եւ չմասնակցելն ու բոյկոտելը այս պահին պարզապես անճարություն պետք է դիտարկել… Ինչը եւս հետեւությունների պետք է մղի ընտրողներին: Հատկապես նրանց, ովքեր վստահել են հանրհավաքներ եւ ամպագոռգոռ կոչեր անող քաղաքական ուժերին:
Կարեն Բալյան
8-ն էլ կմնա՞ն
1. Սերժ Սարգսյան – գործող նախագահ, առաջադրվել է ՀՀԿ կողմից:
2. Րաֆֆի Հովհաննիսյան – «Ժառանգություն» կուսակցության նախագահ, ինքնաառաջադրվել է:
3. Հրանտ Բագրատյան – ՀՀ նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության նախագահ եւ ՀՀ ԱԺ պատգամավոր, առաջադրվել է կուսակցության կողմից:
4. Պարույր Հայրիկյան – «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության նախագահ, ինքնաառաջադրվել է:
5. Արամ Հարությունյան – «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ, ինքնառաջադրվել է:
6. Արման Մելիքյան – ԼՂՀ նախկին ԱԳ նախարար, հասարակական կարգով աշխատում է «Փախստականները եւ միջազգային իրավունքը» բարեգործական հասարակական կազմակերպությունում որպես քաղաքական հարցերով խորհրդատու, ինքնաառաջադրվել է:
7. Անդրիաս Ղուկասյան – «Ռադիո հայ» ՍՊԸ-ի ժողովի նախագահ, անկուսակցական, ինքնառաջադրվել է:
8. Վարդան Սեդրակյան – էպոսագետ, անկուսակցական է ու չի աշխատում որեւէ տեղ, ինքնաառաջադրվել է:
Ասում է՝ մի մնացեք
ՀՀ նախագահի թեկնածու առաջադրված Անդրիաս Ղուկասյանը ընտրության բոլոր թեկնածու մասնակիցներին բաց նամակ է հղել՝ ինքնաբացարկ հայտնելու համար: Ըստ նրա, սա արվում է Սերժ Սարգսյանին աջակցող թեկնածուներին բացահայտելու նպատակով (տարօրինակ է ասելը այս դեպքում երեւի քիչ կլինի)…
Դրանից հետո նա դիմելու է ԿԸՀ-ին, որպեսզի Սերժ Սարգսյանի թեկնածությունը չգրանցեն: Կարծում է, որ նախագահ Սարգսյանին առաջադրած ՀՀԿ-ն չի կարող հրաժարվել «ընտրակեղծիքներով հարուստ իր պատմությունից»: «Կոչ եմ անում՝ մինչեւ ս.թ. հունվարի 15-ը միասնական ինքնաբացարկով սկիզբ դնել ՀՀ-ում նոր քաղաքական իրադրության»,- ասել է նա: Եթե թեկնածուները չընդառաջեն, ապա Անդրիաս Ղուկասյանը պատրաստվում էր հացադուլ անել եւ… դառնալ նախագահ…
Թեկնածուների համար անհասկանալի է, թե ինչու՞ է նման կոչ հնչել՝ առանց նախնական հանդիպման: Իսկ «Լուսանցք»-ի համար, սա չենք հիշում արդեն որերրորդ անհասկանալի հարցն է, որից էլ մեր միակ հարցն է ծագում՝ ինչու՞ եք առաջադրվել՝ պարոնայք հերթով հրաժարվողներ:
«Լուսանցք» թիվ 1 (264), 2013թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում



