Բացասականն ու դրականը տարածաշրջանում –

Թուրքիան՝ տարածաշրջանային խաթարիչ

Անկարան ամեն կերպ փորձում է հայ-թուրքական հարաբերությունները դարձնել եռակողմ՝ հայ-թուրք-ադրբեջանական, ինչը կտրուկ մերժում է Երեւանը: Տակավին վերջերս Թուրքիայի ԱԳՆ խոսնակը հայտարարել է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրները պետք է փոխվեն նրանց կողմնակալության պատճառով: Ինչին ի պատասխան ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանն ասել է, որ Թուրքիայի համար անկողմնակալ լինելը նշանակում է ոչ թե կարգավորմանը սատարել, այլ աջակցել Ադրբեջանի քայլերին՝ ուղղված բանակցային գործընթացի ձախողմանը եւ համանախագահների ձեւաչափից ձերբազատվելուն:

Թուրքիան քննադատում է անգամ Իռլանդիային՝ պատճառաբանելով աշխարհագրորեն Արցախից հեռու գտնվելը: Անկողմնակալությունը ուղիղ համեմետական չէ աշխարհագրական հեռավորությանը, ինչի փայլուն ապացույցն է հենց Թուրքիայի օրինակը: Անկարան առիթը բաց չի թողնում նորից ու նորից ապացուցելու միջազգային հանրությանը, որ նրա որեւիցե միջամտություն այս հարցերում միայն վնաս է հասցնում:

Եթե հայ-թուրքական հարաբերությունները բացարձակապես չեն կարող կարգավորել հայ-ադրբեջանականը, ապա հայ-իրանական հարաբերությունները, ըստ «National Geographic»-ի, կարող են դրական ազդեցություն ունենալ ԻԻՀ-ԱՄՆ աշխարհաքաղաքական պայքարում:

Հայաստանը՝ երկխոսության դրական գործոն

«Մի շարք հայտնի գիտական կազմակերպություններ եւ 20 պետությունները 1915-1923թթ. թուրքերի կողմից ավելի քան 1 մլն. հայերի կոտորածը ճանաչել են որպես ցեղասպանություն: Ցեղասպանությունից հետո 11 մլն. հայերը սփռվեցին աշխարհով մեկ, իսկ 3,7 մլն.-ը ներկա պահին բնակվում են Հայաստանում: Նրանցից շատերը բնակություն են հաստատել ՌԴ-ում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Արգենտինայում, Լիբանանում, Սիրիայում եւ այլ վայրերում: Հայկական սփյուռքի ազդեցութունը ժողովրդագրական ու տնտեսական առումով լուրջ ազդեցություն ունի, քան այլ նախկին խորհրդային պետություններում»,-գրում է «National Geographic»-ը:

Մամուլի այս միջոցը նշում է, որ Հայաստանը, ցամաքով շրջափակված պետությունը, առեւտրական հարաբերությունների հարցում մեծ մասամբ հենվում է իր երկու հարեւանների՝ Վրաստանի եւ Իրանի վրա: Պետությունը ամուր կապեր է պահպանում Իրանի հետ, ինչպես նաեւ ԱՄՆ-ի հետ: Հայաստանի զարգացման հետագիծը եւ հետեւանքային կապը ԻԻՀ-ԱՄՆ աշխարհաքաղաքական պայքարում կարող են «կամրջի» դեր կատարել եւ այն արժանի է առավել մեծ ուշադրության:

«Համաշխարհային հանքային մրցավազքում փոքրիկ, բայց ռազմավարական կարեւոր նշանակություն ունեցող հայ ժողովուրդը կարող է մեզ տրամադրել կարեւոր դասեր՝ շրջակա միջավայրի ու պրագմատիկ տնտեսական զարգացման կառուցողական առճակատման հարցում»,- եզրափակում է «National Geographic»-ը:

BBC-ի կարծիքը՝ հայ ազգի մասին

Աշխարհահռչակ BBC լրատվական ընկերությունը «աշխարհի ամենախելացի ազգ» ճանաչել է հայ ազգին: Այս «կոչմանը» հայերն արժանացել են շախմատի օլիմպիադաներում տարած փայլուն հաղթանակների համար: BBC-ն գրում է. «Հայաստանը՝ փոքրիկ այս երկիրը, մոտավորապես 3 միլիոն բնակչությամբ, մի քանի անգամ հաղթել է շախմատի օլիմպիական խաղերը եւ այդպիսով շրջանցել այնպիսի «հսկաների», ինչպիսիք են Ռուսաստանը, Չինաստանը եւ Միացյալ Նահանգները: Շախմատը մոլի կերպով ընդունվում է աշխարհի շատ վայրերում, բայց ոչ այնպես, ինչպես Հայաստանում, որտեղ շախմատի աստղերը դարձել են շատ նշանավոր մարդիկ»… Նշվել է, որ շախմատն ընդգրկված է նաեւ Հայաստանի դպրոցական ծրագրերում:

Արտակ Հայոցյան

Թուրքաոճ սպառնալիք

Հայաստանյան քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները մտահոգություն են հայտնել ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) եվրոպական տարածաշրջանային գրասենյակը Բրատիսլավայից Թուրքիա (Ստամբուլ) տեղափոխման կապակցությամբ:

«Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանը հայտնել է, որ ՄԱԿ-ի հետ համագործակցող 15 հայաստանյան կազմակերպություն նամակ են հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունին, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ադմինիստրատոր Էլեն Կլառկին, ՀՀ-ում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ռեզիդենտ-ներկայացուցիչ Պատրիս Կոեր-Բիզոյին: Անտրամաբանական ու ոչ նպատակահարմար է համարվել գրասենյակի տեղափոխությունը մի երկիր, որն իրագործել է Հայոց ցեղասպանությունը, 20 տարի շարունակ Հայաստանը պահում է շրջափակման մեջ, տարածաշրջանային որոշ պետությունների հետ չունի դիվանագիտական հարաբերություններ: Այս փաստը զգալիորեն կխոչընդոտի ՀՀ պատվիրակությունների, այդ թվում ՀԿ-ների մասնակցությանը ՄԱԶԾ գործունեության ասպարեզում: «Ինչպե՞ս կարելի է գրասենյակը տեղափոխել մի երկիր, որտեղ սահմանափակված է խոսքի ազատությունը, ազգային փոքրամասնությունների նկատմամբ անհանդուրժողական վերաբերմունք է դրսեւորվում: Բացի այդ, եթե ԵՄ-ին չի անդամակցել, ինչպե՞ս կարող է դառնալ ՄԱԿ-ի քաղաք»,- բարձրաձայնել է Կարինե Դանիելյանը:

Գրասենյակի տեղափոխությունից դժգոհ է ոչ միայն Հայաստանը, այլեւ՝ Սլովակիան եւ Կիպրոսը, եւ հաստատ էլի երկրներ կդժգոհեն շուտով: Հասարակական գործիչ Սիլվա Ադամյանը եւ «Էկո ակումբ Տապանի» նախագահ Հրանտ Սարգսյանը եւս դժգոհել են, որ իրենք չեն սահմանափակվելու միայն այս նամակով, դիմելու են սփյուռքին, այլ ՀԿ-ների, աշխատանք ունի կատարելու նաեւ ՀՀ ԱԳՆ-ն: Պետք է ամեն ինչ անել, որ գրասենյակը չտեղափոխվի, որ Անկարան այս քայլով չփորձի ցույց տալ, թե ծայրահեղ իսլամիստական երկիր չէ եւ ՄԱԿ-ի, Արեւմուտքի գաղափարները կարող է տարածել Արեւելքում: Սա հերթական թուրքական խարդավանք է եւ իրականում կծառայեցվի միայն համաթուրքական շահերին: Այս հանգամանքը ավելի կդժվարացնի 1915-ի Հայոց ցեղասպանության համաշխարհայնացման գործընթացը եւս:

«Մենք նաեւ գիտակցում ենք, որ Թուրքիայի ֆինանսական աջակցությունը ՄԱԶԾ-ին ունի կարեւոր նշանակություն, բայց ՄԱԿ-ը միշտ գերադասել է արդարադատության, մարդու իրավունքների եւ արդարության գաղափարները մնացած առաջնայնություններից, ներառյալ՝ ֆինանսականը»,- նշվել է ՀԿ-ների նամակում, որոնք հույս ունեն, որ ՄԱԿ-ը հարազատ կմնա իր սկզբունքներին ու հաշվի կառնի «ռիսկերն ու խոչընդոտները ՄԱԶԾ-ի Եվրոպական տարածաշրջանային կենտրոնը Թուրքիա տեղափոխելու դեպքում»:

Կարեն Բալյան

* * *

Գերմանիան Թուրքիա է առաքել ՆԱՏՕ-ի շրջանակներում տրամադրվելիք «Patriot» զենիթահրթիռային համակարգերը՝ մասնագիտական զորակազմով: Զինվորական տեխնիկան տարվել է Ադանա, որտեղից էլ կփոխադրվի թուրք-սիրիական սահմանից 100 կմ հեռավորության վրա՝ Քահրամանմարաշի (պատմական Մարաշ) տեղանք: Հակաօդային պաշտպանության այդ համակարգերը 1 տարի ժամկետով են տեղակայվում Թուրքիայում:

Մենք որեւէ երաշխիք չենք կարող ունենալ, որ դրանք չեն գործադրվի Հայաստանի դեմ եւս: Ինչպես երաշխավորված չէ իսրայելական անօդաչու թռչող սարքերի գործածումը մեր դեմ, չնայած այն տրամադրվել է Ադրբեջանին՝ իբր միայն Իրանի դեմ գործածելու նպատակով…

«Լուսանցք» թիվ 2 (265), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում

This entry was posted in Հոդվածներ. Bookmark the permalink.