Միջուկային կրքեր

Տարածաշրջանային լարվածության օջախներից մեկը իրանական միջուկային ծրագիրն է, որը կարող է միջազգային հակամարտության վերածվել: Մերթընդմերթ արծարծվում է նաեւ (հատկապես թուրքերի եւ ադրբեջանցիների կողմից) մեր ատոմակայանի անվտանգության հարցը: Այժմ էլ Թուրքիան է նախաձեռնել մի քանի ատոմակայանների կառուցում, ինչը եւս կդառնա հակասությունների թիրախ:

Եթե ՀԱԷԿ-ը միջազգային չափանիշներին համապատասխան է շարունակում գործարկվել, ապա իրանական ԱԷԿ-ի հարցը առկախ է, հարավկորեականն առավել եւս:

Վերջերս ՀՀ-ն նոր ապահովական միջոցառումներ իրականացրեց, իսկ ԻԻՀ-ն շարունակում է բանակցությունները:

ՀԱԷԿ-ում լաբորատորիա բացվեց

ՀԱԷԿ-ում բացվել է Միջուկային փորձաքննության լաբորատորիա:

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշաների նախարարության ու ՀՀ ազգային անվտանգության ծառայության պաշտոնյաների հետ ներկա է եղել բացմանը:

Լաբորատորիան ձեւավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Միջուկային մաքսանենգության դեմ պայքարի ծրագրի ու ՀԱԷԿ-ի համագործակցության արդյունքում, որն ուղղված է Հայաստանի միջուկային մաքսանենգության անդրազգային վտանգներին արձագանքելու ուղղությամբ մեր պետության կարողությունների մեծացմանը:

Այս լաբորատորիան հնարավորություն կընձեռի իրականացնել հանցանքի վայրից ձեռք բերված միջուկային ու ռադիոակտիվ աղտոտվածություն ունեցող իրեղեն ապացույցների փորձաքննություններ ու տեխնիկական վերլուծություններ, որոնք անհրաժեշտ են միջուկային մաքսանենգություն կատարողների նկատմամբ քրեական հետապնդում ապահովելու համար: Այն Հայաստանի առաջ կբացի միջուկային նյութերի անօրինական գործածման հարցերով հետաքննությունների ասպարեզում այլ պետությունների հետ աշխատելու հնարավորություն, բացի այդ, սույն կառույցի միջոցով աշխատանքներ կկատարվեն 2012թ. Կորեայի Հանրապետությունում տեղի ունեցած վեհաժողովի ժամանակ քննարկված 2010թ. Միջուկային անվտանգության վեհաժողովի գործողությունների պլանն առաջ տանելու ուղղությամբ:

Նշենք, որ միջուկային մաքսանենգության դեմ պայքարի ծրագիրն իրականացվում է ԱՄՆ պետքարտուղարության Միջազգային անվտանգության ու միջուկային զենքի չտարածման բյուրոյի զանգվածային ոչնչացման եւ ահաբեկչության դեմ պայքարի գրասենյակի կողմից: Միջուկային մաքսանենգության դեմ պայքարի ծրագիրը աշխատում է ամբողջ աշխարհում միջուկային մաքսանենգության կանխարգելման ուղղությամբ:

Իրանում ավարտվել են ԱԷՄԳ-ի հետ բանակցությունները

Ըստ «Fars» իրանական գործակալության, օրերս Թեհրանում ավարտվել են Իրանի եւ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ներկայացուցիչների միջեւ 2-օրյա բանակցությունները: Կողմերը համաձայնություն են ձեռքբերել շարունակելու բանակցությունները փետրվարի 12-ին: Իրանական պատվիրակությունը գլխավորել է ԱԷՄԳ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ալի Ասղար Սոլթանիեն, իսկ ԱԷՄԳ-ը ներկայացրել է Յուկիա Ամանոյի տեղակալ Հերման Նաքարթսի գլխավորած պատվիրակությունը:

Նշենք, որ ԱԷՄԳ-ի ներկայացուցիչների՝ Թեհրան այցի նպատակն իրանական կողմի հետ համաձայնագիր ստորագրելն էր, որը գործակալությանը թույլ կտար ազատորեն ուսումնասիրել ԻԻՀ-ի միջուկային ծրագրերը:

Եթե սա հնարավոր լինի, ապա կմեղմվի միջազգային ճնշումը իրանական ատոմային ծրագրի նկատմամբ:

ԿԺԴՀ-ի նկատմամբ նոր պատժամիջոցներ

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նոր բանաձեւ է ընդունել Հյուսիսային Կորեայի նկատմամբ նախորդ տարվա դեկտեմբերին տիեզերական արբանյակ արձակելու կապակցությամբ, որն, ինչպես ենթադրվում է, տիեզերք է արձակվել միջուկային մարտագլխիկով հագեցած հրթիռով: Անվտանգության խորհուրդը բանաձեւում ընդլայնել է այդ երկրի նկատմամբ պատժամիջոցների ցանկը՝ ներառելով 6 կազմակերպությունների ու 4 անձանց, որոնք անմիջականորեն կապ ունեն ԿԺԴՀ-ի տիեզերական ծրագրի հետ: Դեկտեմբերին Հյուսիսային Կորեան հաջողությամբ տիեզերք էր ուղարկել «Ինհա 3» արբանյակը, որը ամերիկյան մասնագետների գնահատմամբ, ազդանշաններ չի ուղարկում երկիր:

Մինչեւ ԿԺԴՀ-ն արբանյակի արձակումը բացատրել էր գիտահետազոտական նպատակներով, միջազգային հանրությունը նախագիծն առավել շատ հակված էր դիտարկելու իբրեւ մեծ հեռահարության բալիստիկ հրթիռների քողարկված փորձարկում, ինչը խախտում էր Կորեայի նկատմամբ սահմանված նախորդ ԱԽ բանաձեւերը:

Հյուսիսային Կորեան 2006 եւ 2009 թթ. ցամաքային միջուկային փորձարկումներ էր արել՝ մեծ հեռահարության հրթիռների մասնակցությամբ, որոնց հաջորդել էին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պատժամիջոցները:

Նարե Մշեցյան

«Լուսանցք» թիվ 2 (265), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում

This entry was posted in Հոդվածներ. Bookmark the permalink.