Ամեն անգամ հայ-ռուսական որեւէ միջոցառում ավարտվում է այն նոտայով, թե Ռուսաստանը հատուկ հարաբերություններ ունի Հայաստանի հետ: Սա կարծես անգիր արած մի վերջաբան լինի, որը մերթ ընդ մերթ վերլուծության խիստ կարիք ունի, քանզի Ադրբեջանի կամ Թուրքիայի հետ հարաբերությունների շրջանակներում նման վերջաբանը ավարտվում է այն ձեւակերպմամբ, որ Ռուսաստանը հատուկ հարաբերություններ ունի Ադրբեջանի կամ Թուրքիայի հետ:
Մեզ քաջ ծանոթ Նիկոլայ Ռիժկովը վերջերս հայ եւ ռուս խորհրդարանականների հետ հանդիպմանը հերթական անգամ նման ոճի մի ելույթ է ունեցել, նույնիսկ հիշել է 1988-ի երկրաշարժի տարիները՝ հայերի հետ համատեղ աշխատանքն ու եղբայրությունը:
Բայց բազմիցս նշել ենք, որ հայ-ռուսական, հատկապես ռազմա-տնտեսական հարաբերությունները գրեթե չեն տարբերվում ռուս-թուրքական կամ ռուս-ադրբեջանական հարաբերություններից, ինչը անգամ ՀԱՊԿ եւ ՆԱՏՕ հակադիր ուժերի համատեքստում է անհասկանալի դիտարկվում, էլ ուր մնաց եղբայրության մասին պատկերացումներում:
Չնայած վերջերս ԱՊՀ անունից Մոսկվան հայտարարություն արեց, թե Հայաստանի նկատմամբ ցանկացած ոտնձգություն նաեւ ՀԱՊԿ անդամ երկրների կողմից կարժանանա համարժեք վերաբերմունքի, այնուամենայնիվ, մեզ համար այդ ձեւակերպումը հստակ չէ: Նախ՝ ի՞նչ կձեռնարկեն ասենք պանթուրքիստական դաշինքի անդամ Ղազախստանը, Ղրղըզստանը կամ Թուրքմենստանը, եթե սրվեն հայ-թուրքական կամ հայ-ադրբեջանական հարաբերությունները, եթե այդ երկրները Թուրքիայի, Ադրբեջանի եւ Ուզբեկստանի հետ համաթուրքական նպատակներ են հետապնդում… Իսկ Թուրքիան էլ ՆԱՏՕ-ի անդամ է, իակ ՆԱՏՕ-ի անդամ երկրները, որ Արեւմուտքի մարտական թիմն են համարվում, ամեն կերպ սատարվում են իրենց թիմակիցների կողմից:
Հիմա ի՞նչ է տալիս ՀԱՊԿ-ն Հայաստանին, եթե միայն Ռուսաստանն ու Բելառուսը կպաշտպանեն մեզ՝ ՀԱՊԿ անդամ երկրին, որի վրա հանկարծ ու ռազմական հարձակում լինի: Սա լուրջ խնդիր է, ուստի մինչեւ հայ-ռուսական եղբայրությանը հավասար՝ ռուս-թուրքական կամ ռուս-ադրբջանական քարոզարշավ ծավալելը, Մոսկվան պետք է լրջորեն խորհի: Այսօր թյուրքական նպատակների է լծվել նաեւ Վրաստանը (կարծելով թե կշահի), եւ Կովկասում Ռուսաստան-Հայաստան-Իրան դաշինքը Ռուսաստան-Ադրբեջան-Թուրքիա դաշինքի հետ հավասարեցնելը երբեք չի կարող բավարարել Երեւնին ու Թեհրանին, ինչքան էլ Մոսկվան հոգեբանական հայտարարություններ անի:
Այս պայմաններում Հայաստանը պետք է շարունակի իր փոխլրացման արտաքին քաղաքականությունը եւ անգամ վերանայի իր ռազմա-քաղաքական ուղղությունը, եթե Հայաստանին ու հայությանը իրական վտանգ սպառնա:
Բարեկամներ ու եղբայր երկրների պատիվն ու արժանապատվությունը պահելու համար բազմիցս ենք փլատակների տակ հայտնվել, հայրենիքի զգալի մասը կորցրել, ցեղասպանվել… ուստի այլեւս հայի շահը պետք է գերակա դարձնել ու բարեկամ-եղբայրների հավաստումները միայն թղթեր մրոտելով չընդունել…
Արման Դավթյան
* * *
Անընդհատ պատերազմի պատրաստվելու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեի հայտարարությունները հնարավորություն են տալիս պահպանել իր իշխանությունը. ասել է ԼՂ հիմնախնդրի կարգավորման առաջին միջնորդական առաքելության ՌԴ ներկայացուցիչ Վլադիմիր Կազիմիրովը:
Այս կարծիքը նա հնչեցրել է Երեւանում՝ «Տարածաշրջանային դինամիկան Հարավային Կովկասում» խորագիրը կրող ամենամյան միջազգային ֆորումի ընթացքում: Ըստ ռուս դիվանագետի, «Ալիեւի ռազմական քարոզչությունն այսօր ծառայում է նաեւ որպես սեփական ժողովրդին խաբելու միջոց», որպեսզի Արցախյան խնդիրը կարողանա պահպանել որպես «Կովկասի վտանգավոր կոնֆլիկտներից մեկը»:
Ոչ միայն նա է կարծում, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների անդամ պետությունները իրենց հայտարարությունները պետք է հասցեական դարձնեն՝ ավելի կոշտ դիրոքրոշում որդեգրեն Ադրբեջանի նկատմամբ: Բավական չէ միայն ասելը, որ պատերազմի միջոցով կոնֆլիկտի լուծումը բացառվում է, պետք է կտրուկ հասկացնել:
Որովհետեւ Բաքուն լսել անգամ չի ուզում ուժի չգործադրման համաձայնագիր ստորագրելու մասին: «Իսկ դա հենց խաղաղության տանող ամենակարճ ճանապարհն է»,- նշել են վերոհիշյալ ֆորումի բոլոր մասնակիցները:
Կրեմլը ռեսուրս չունի, Արեւմոււտքի համար էլ բավարար է
Վաշինգտոնի Ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի փորձագետ Սերգեյ Մարկեդոնովը եւս կարծիք է հայտնել մեր տարածաշրջանի եւ հատկապես ԼՂ-ի հակամարտության մասին:
Նա նշել է, որ ««Մոսկվայի դեր» հասկացությունը բավական դրամատիզացվում է»:
«Հայաստանը Ռուսաստանի Դաշնության սուբյեկտ չէ, ես չեմ կարծում, որ Կրեմլի վստահությունը ամենագլխավոր գործոնն է ՀՀ նախագահական ընտրություններում»,- ասել է փորձագետը՝ ակնարկելով փետրվարին Հայաստանում նախագահական ընտրությունների անցկացումը: Թեեւ չի ժխտում, որ ընտրություններից առաջ շատ է կարեւորվում Ռուսաստանի դերը նախագահի թեկնածուների սատարման հարցում, այնուամենայնիվ ՀՀ նախագահական ընտրություններում կարեւոր գործոնը համարվել է ՀՀ ժողովրդի ընտրությունը, հետո տարբեր էլիտաների միջեւ պայքարը, միջխմբային ազդեցությունները Հայաստանի ներսում եւ ապա՝ արտաքին ազդեցությունները:
«Ես չեմ կարծում, թե Սերժ Սարգսյանի իշխանավարման ընթացքում սկզբունքորեն փոխվել է Ռուսաստանի վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ, եւ կամ փոխվել է այն աստիճան, որ անհրաժեշտություն է առաջացել Մոսկվայի կողմից առանձնահատուկ արձագանքի: Այս առումով կարելի է դիտարկել Ռուսաստանի գործողությունները ընտրություններից հետո, օրինակ, Ուկրաինայում՝ նարնջագույն հեղափոխությունից հետո, որտեղ լիովին այլ մոտեցում ցուցաբերվեց՝ Մոսկվան ավելի պրագմատիկ էր ու զգուշավոր: Այդ իսկ պատճառով չեմ կարծում, թե Հայաստանի դեպքում նույն Մոսկվան սկզբունքորեն շահագրգռված լինի իշխանափոխությամբ»:
Ըստ Վաշինգտոնից արված մեկնաբանության, Կրեմլը «ոչ այդ ռեսուրսն ունի, ոչ նման ցանկություն, ոչ էլ հնարավորություն Հայաստանում իշխանափոխություն անելու»: Հետաքրքիր է, որ այս փարձագետը գործող իշխանության հարաբերությունները բավարար է համարում նաեւ եվրոպական ու ամերիկյան ուղղությունների հետ:
Արտակ Հայոցյան
* * *
«Կփորձենք կամ դանդաղեցնել, կամ կասեցնել այս գործընթացը»,- Եվրասիական միության մասին ասել էր դեռ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը: Այժմ Վաշինգտոնը շարունակում է այդ քաղաքականությունը եւ Մոսկվային նախազգուշացրել են, որ Կենտրոնական Ասիային եւ Արեւելյան Եվրոպայի մի մասին սպառնում է «վերախորհրդայնացումը»:
Ռուսաստանը ԱՊՀ-ի միջոցով փորձ է անում վերախորհրդայնացնել տարածաշրջանը՝ Խորհրդային Միության նախկին տարածքը: ԱՄՆ-ից ցավ են հայտնել, որ «հետխորհրդային այս 20 տարիների ընթացքում լավատեսություն առաջացնող որոշ նշաններն այսօր անհետանում են: Եվ որոշ կազմակերպությունների ու անհատների համար հետեւանքները դառնում են ավելի ծանր»…
«Լուսանցք» թիվ 2 (265), 2013թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում



