Բառն արժեք ունի, հողը՝ տեր – Հայերը կազատագրեն բուն հայկակա՛ն տարածքները…

– Վրաստանում մեծ աղմուկ էր հանել ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանի «Ասավալ-Դասավալի» պարբերականին տված հարցազրույցը…

– Արմենուհի Մելքոնյանը, ով «Լուսանցք»-ի գլխավոր խմբագիրն է նաեւ, պատասխանել է, թե կտրականապես դեմ են նախագահի թեկնածու Սեդրակյանի ձեւակերպումներին, քանզի հայերն «ագրեսոր չեն», որպեսզի հարեւան երկրները «անեքսիայի ենթարկեն»… Եվ միջազգային իրավիճակի նպաստավար լինելու դեպքում կազատագրվի ինչպես Ջավախքը, այնպես էլ՝ Արեւմտյան Հայաստանը, Նախիջեւանը, Գարդմանը եւ մյուս բուն հակական տարածքները…

 

* * *

ՀՀ նախագահի թեկնածու, իրեն էպոսագետ համարող Վարդան Սեդրակյանի հայտարարությունը, թե նախագահ դառնալու դեպքում «անեքսիայի կենթարկի (բռնի ուժով կզավթի) Վրաստանի տարածքները», լուրջ հակահայկական տրամադրություններ է ստեղծում Վրաստանում՝ ինչպես քաղաքական ուժերի շրջանակներում, այնպես էլ վրացական հասարակության ներսում: Իհարկե, հակահայ տրամադրություններ Վրաստանում վաղուց կան, եւ դա «էպոսագետի» «շնորհքը» չէ, բայց որ բառերին պետք է հաշիվ տալ, արժեւորել՝ կարեւոր է:

«Tert.am»-ին «անեքսիայի ենթարկելու» մասին հարցով դիմել է Թբիլիսիի հայկական ասամբլեայի համակարգող, «Բազմազգ Վրաստան» ՀԿ նախագահ Առնոլդ Ստեփանյանը: «Այն, որ նրան («էպոսագետին»-Ա.Մ.) այդտեղ լավ չեն ճանաչում եւ լուրջ են վերաբերվում, ստիպում է, որ նրա այդ հայտարարությունը վերջին օրերին լինի վրացական մամուլի էջերում եւ տեղեկատվական թողարկումներում: Կարո՞ղ եք պատկերացնել՝ ինչ մեկնաբանություններ կան: Մոտավորապես այնպիսին, ինչպես կլինեին Հայաստանում, եթե Վրաստանի նախագահի թեկնածուներից մեկը հայտարարեր, որ իր իշխանության դեպքում անեքսիայի կենթարկի Զանգեզուրը կամ հայկական այլ տարածք»,- ասել է Առնոլդ Ստեփանյանը՝ հավելելով, որ Վրաստանում նման տրամադրություններ ստեղծելը շատ հեշտ է եւ «նետված սերմն անմիջապես բերք է տալիս»:

«Բազմազգ Վրաստան»-ը իրավիճակը չթեժացնելու եւ այդ խաղի մաս չդառնալու համար Վրաստանի վարչապետի Երեւան կատարած այցից հետո որոշ քայլեր է ձեռնարկել «էպոսագետի հայտարարության հետեւանքները մեղմելու ուղղությամբ»: Մասնավորապես, հայկական համայնքի ներկայացուցիչները վիրահայերին կոչ են արել ձայն չտալ «էպոսագետին» եւ դիմել են հայաստանյան քաղաքական ուժերին, որպեսզի վերջիններս, անպայման, իրենց դիրքորոշումն արտահայտեն Վարդան Սեդրակյանի հայտարարության կապակցությամբ: Իրավիճակը խորացրել է Վրաստանի ԱԳ նախարար Մայա Փանջիկիձեի հայտարարությունը, ով ասել էր, որ Վրաստանը, թեեւ ներգրավված չէ երկու կողմերի միջեւ քննարկմանը, բայց պաշտպանում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ ինքնիշխանությունը:

«Սխալ կլիներ արհեստական կլիմա ստեղծել եւ աջակցել այն ուղղությունը, խաղն ու տոնայնությունը, որը ստեղծում են որոշ քաղաքական ուժեր ու գործիչներ: Մենք նկատում ենք, որ վերջին շաբաթներին ակնհայտ ջանքեր են գործադրվում՝ Վրաստանի վարչապետի հայաստանյան այցից առաջ եւ հետո բացասական կլիմա ստեղծելու, եւ դա արտահայտվում է ինչպես արհեստականորեն այնպիսի թեմաների չարչրկումից, որոնք կանգնած են Վրաստանի հայկական համայնքի առաջ, այնպես էլ վրացական տարբեր քաղաքական գործիչների տարաբնույթ հայտարարություններից: Այդ թվում նաեւ՝ հայաստանյան, օրինակ՝ Վարդան Սեդրակյանի այդ հայտարարությունը»,- նորից նշել է «Բազմազգ Վրաստան»-ի նախագահը: Նրա խոսքով՝ նման տրամադրություններին տուրք տվող վրացական քաղաքական այդ շրջանակները ներառում են ինչպես «Վրացական երազանք»-ի ներսում գործող որոշ քաղաքական ուժերը ներկայացնող գործիչներին, այնպես էլ Վրաստանի նախագահ Սաակաշվիլիին հարող ուժերը, որոնք առաջինը Վրաստանի խորհրդարանում բարձրացրեցին այդ հայտարարության հարցը եւ Մայա Փանջիկիձեին՝ խորհրդարան՝ բացատրություններ տալու հրավիրեցին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ Վրաստանում մեծ աղմուկ էր հանել ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանի «Ասավալ-Դասավալի» պարբերականին տված հարցազրույցը, որը մինչ այսօր քննարկվում է համացանցում: ՀԱՄ առաջնորդը մասնավորապես նշել էր, որ Ջավախքը Հայաստան է, ինչպես Արցախը կամ Նախիջեւանը եւ վաղ թե ուշ պիտի ազատագրվի՛:

Եվ այն հարցին, թե նաեւ ուժո՞վ՝ ինչպես Արցախը, պատասխանել էր.-կամ վրացական բարի կամքով, որպեսզի վերականգնվի պատմական արդարությունը, կամ էլ՝ այո, Արցախի օրինակով, եթե դրա անհրաժեշտությունը լինի, եւ ջավախքահայերը հայկական ուժի կարիքն զգան:

Երեւի այս ամենը հիշելով՝ վրացական հեռուստաընկերություններից մեկի լրագրողը, օգտվելով Երեւանում գտնվելու հանգամանքից, լրագրող, միաժամանակ նաեւ ՀԱՄ առաջնորդի մամուլի խոսնակ Արմենուհի Մելքոնյանից ճշտել են, թե ինչ կապ կա Վարդան Սեդրակյանի հետ եւ, ապա պարզելով, որ բացարձակապես ոչ մի, հետաքրքրվել են, թե Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակը ինչ կասի ՀՀ նախագահի թեկնածուի՝ «Վրաստանի տարածքները անեքսիայի ենթարկելու» հայտարարության մասին: Արմենուհի Մելքոնյանը, ով «Լուսանցք»-ի գլխավոր խմբագիրն է նաեւ, պատասխանել է, թե կտրականապես դեմ են նախագահի թեկնածու Սեդրակյանի ձեւակերպումներին, քանզի հայերն «ագրեսոր չեն», որպեսզի հարեւան երկրները «անեքսիայի ենթարկեն»:

Պարզապես հայերը ժամանակի ընթացքում ընդհանրապես կազատագրեն այն տարածքները, որոնք բուն հայկական են, այդ թվում՝ Ջավախքը, ինչը վրացիներն էլ լավ գիտեն պատմությունից:

Եվ միջազգային իրավիճակի նպաստավար լինելու դեպքում կազատագրվի ինչպես Ջավախքը, այնպես էլ՝ Արեւմտյան Հայաստանը, Նախիջեւանը, Գարդմանը եւ մյուս բուն հակական տարածքները:

Հայը չի կարող ագրեսոր լինել եւ անեքսիայի մասին խոսել (քանզի բռնազավթված եւ ազատագրման սպասող հսկայական տարածքներ ունի), ինչը ցավոք արել է այսպես կոչված էպոսագետը, ով իրեն արդեն ՀՀ նախագահ է պատկերացնում, այն էլ՝ «ագրեսոր»:

Անի Մարության

«Լուսանցք» թիվ 2 (265), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում

This entry was posted in Հոդվածներ. Bookmark the permalink.