ՀՀ նախագահի բոլոր 8 թեկնածուներն էլ ԿԸՀ են ներկայացրել գույքի եւ եկամուտների հայտարարագրերը, ըստ որի, դրամական միջոցների տեսակետից ամենահարուստը ՀՀ գործող նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանն է. նա ունի 108 մլն. 400 հազ. ՀՀ դրամ£ Իսկ ամենաաղքատը ԼՂՀ նախկին արտգործնախարար, ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանն է, ով ունի 440 հազ. դրամ:
Այժմ մանրամասնենք, թե ով ինչ եկամուտներ ունի:
Կյանքում միայն 4 տարի՝ 1975 -1979թթ. խառատ աշխատած ու 1979թ.-ից պաշտոններ զբաղեցնող Սերժ Սարգսյանը, ըստ հայտարարագրի, Ստեփանակերտում 1 անշարժ գույք ունի՝ 96 քմ-անոց: Արդեն ասացինք՝ դրամական միջոցները 108.400.000.00 դրամ են, ունի ավտոմոբիլային տրանսպորտի միջոց՝ «Միցուբիշի Մոնտերո», ունի նաեւ 8 մլն. դրամը գերազանցող թանկարժեք գույք: Նախագահի այս թեկնածուն ունի հնաոճ իրեր՝ 18-20-րդ դարի արձանիկներ, քանդակներ, կտավների հավաքածու՝ Խանջյան, Սարյան, Հակոբյան, Գյուրջյան, Բաշինջաղյան, Մինաս, Ե. Քոչար, Կոջոյան, Աբեղյան, 20-րդ դարի ժամանակակից նկարիչների թվով 32 կտավ: Գործող նախագահն ունի եկամտի մի քանի աղբյուր՝ ՀՀ նախագահի աշխատակազմից նա ստանում է 3.898.800.00 դրամ աշխատավարձ, նախագահի աշխատակազմից աշխատավարձին հավասարեցված վճարումը կազմում է 2.596.017.00 դրամ, իսկ «Արարատ» բանկին տրված փոխառությունների դիմաց ստացված տոկոսը 10.925.535.60 ՀՀ դրամ է: Նախագահի թեկնածուն արժեթղթեր ու այլ ներդրումներ չունի՝ համենայնդեպս ըստ հայտարարագրի:
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանն ունի ընդամենը 402 հազ. դրամ եւ 51 հազ. դոլար£ Թեկնածուն ունի 2 առանձնատուն՝ Երեւանի Նորք թաղամասում եւ Երզնկյան փողոցում, ունի 1 «Գազ 311000» մակնիշի ավտոմեքենա£
Ով ով, բայց ես հավատում եմ, որ նա ընդամենը 402 հազ. դրամ ունի: Հայկական դրամը նրան պետք չէ, դոլարի շարժը նրա ու նրա ընտանիքի կյանքում անընդհատ է. այ զինվորական տարիքի հասած որդին հայդե՛ Ամերիկա, բա հո հայոց բանակում չէր ծառայելու: ԱՄՆ-ի՛ քաղաքացիներ են Հայաստանի նախագահ դառնալ ցանկացողի զավակները:
«Ազատություն» կուսակության նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանը դրամ չունի, ունեցած դոլարի չափն էլ 65 հազ. է: Ունի 2 բնակարան՝ 85 քմ Ավետիսյան եւ 120 քմ Սայաթ-Նովա փողոցներում, 613 քմ տարածքով եւ 0.07 հա հողամասով 1 առանձնատուն Արաբկիրում եւ 1 ավտոտնակ, ավտոմոբիլային տրանսպորտի 1 միջոց՝ «Նիսսան X-trail» մակնիշի մեքենա: Միայն մեքենայի նկատմամբ նա ունի միանձնյա սեփականության իրավունք: Տները համատեղ սեփականությամբ են:
Նախագահի այս թեկնածուն խորհրդարանից տարեկան ստանում է 2.180.980 դրամ աշխատավարձ, Հայ-ռուսական համալսարանից ստանում է 1.073.900 դրամ աշխատավարձ, Ուկրաինայի Ազգային բանկի Բանկային գործի համալսարանից՝ 91.439 հրիվնա (մոտ 11.254 ԱՄՆ դոլար): Նախագահի թեկնածուն Ֆրանսիայի «Pernod-Ricard»-ից ունի 0.0003% բաժնետոմս՝ 9.400 եվրո շահաբաժնով, ինչպես նաեւ վարձակալական վճար՝ 7.342.000 դրամ: Իսկ թանկարժեք գույք, որը գերազանցում 8 մլն. դրամը, Հրանտ Բագրատյանը չունի£
Այո, չնայած նա ՄԱՀ-ում (Միջազգային արժույթի հիմնադրամ) 1 տարի խորհրդական է աշխատել, բայց գիտի ապրելու ձեւը:
Տարօրինակ է, բայց չաշխատող Վարդան Սեդրակյանը, ով չգիտես ինչու էպոսագետ է ներկայանում, ունի 9 մլն. 900 հազ. դրամ: Էպոսի «ուսումնասիրությունը» նրան 4 հողամաս է պարգեւել՝ 3-ը Կոտայքի մարզի Եղվարդում՝ եւ 1-ը նույն մարզի Քարաշամբ համայնքում՝ 0.255 հա: Այս համայնքում նաեւ անասնագոմ ունի՝ 294.6 քմ-անոց: Երեւան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն համայնքում թեկնածուն ունի 1 առանձնատուն, որը զբաղեցնում է 252,4 քմ մակերես տարածք եւ Արաբկիր համայնքում 132 քմ մակերեսով 1 բնակարան: Ունի «Միցուբիշի Outlander 3.0» մակնիշի ավտոմեքենա: Թեկնածուն թանկարժեք գույք չունի:
Ահա այսպիսի «էպոսագետ», ում կենսագրությունից, այսպես ասենք, Արցախյան տարիները բացակայում են: Թե ի՞նչ է արել նա այդ տարիներին, միայն էպոսի սեդրակյանական հետազոտությունը կպարզի: Ի դեպ, երբ նրան հարցրել են, թե չաշխատելով որտեղից այդքան եկամուտ, ասել է՝ Չինաստանի ու Ռուսաստանի հետ առեւտուր է արել:
Ի դեպ, եթե այդ երկրների հետ նրա առեւտուրն արձանագրված չէ (իսկ մեր աղբյուրները վստահեցնում են, որ ոչ), նշանակում է՝ դա եղել է ոչ թե մեծածախ, այլ՝ մանրածախ առեւտուր, այն է՝ վերավաճառք: Ու քանի որ նրա կենսագրությունից բացակայում է հենց Արցախյան տարիների հատվածը, ստացվում է՝ նա այդ տարիներին զբաղվել է… վերավաճառքով:
Ահա թե ինչ է ուսուցանում նրա «էպոսի» «մհերը», որը Հայոց էպոսի հետ բնավ որեւիցե առնչություն չունի:
ԱԻՄ առաջնորդ, ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը ունի 20 հազ. 198 դոլար եւ 120 հազ. դրամ: Երեւան քաղաքի Դավիթաշեն թաղամասում ունի 1 բնակարան, Կոտայքի մարզի Գողթ գյուղում՝ կիսակառույց շինություն եւ հողամաս, Գեղարքունիքի մարզի Փամբակ գյուղում շինության եւ հողամասի համասեփականատեր է: Ունի նաեւ 2003թ. արտադրության «Ջիպ Լարեդո» մակնիշի ավտոմեքենա: Որպես եկամտի աղբյուր 50 հազ. դոլարը գոյանում է ԱՄՆ տարբեր բանկերից ստացած փոխառություններից (21 հազ. դոլարը՝ Սիթի բանկից, 23 հազ.-ը՝ Բանկ օֆ Ամերիկա-ից, 6.000-ը՝ Բարկլեյս բանկ Դելվեր-ից): Հայրիկյանը նաեւ 360 հազ. դրամ կենսաթոշակ է ստանում, ինչպես նաեւ MGM ընկերության 0,0001%-ով բաժնետոմս ունի:
Ահա այսպես հայտնի ուժից զզվող Հայրիկյանը եկամուտ է ստանում նույն ուժի հսկողության տակ գտնվող ամերիկյան բանկերից:
«Ռադիո Հայ» ՍՊԸ հիմնադիրների ժողովի նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը ԿԸՀ ներկայացված հայտարարագրի պահին ունի 2 մլն. 500 հազ. դրամ, Երեւանի Բաղրամյան պողոտայում բնակարան, Կոտայքի մարզի Զովունի գյուղում սեփական տան, հողամասի եւ վարելահողի համասեփականատեր է: Ունի 2007թ. արտադրության «Տոյոտա Պրադո» մակնիշի 1 ավտոմեքենա: Նրա որպես եկամտի աղբյուր՝ «Ռադիո Հայ» ՍՊԸ-ից ունի 9 մլն. դրամի եկամուտ եւ 4 մլն. դրամ եկամուտ՝ «Ա-3 Ճարտարապետներ» ՍՊԸ-ից: Անդրիաս Ղուկասյանը 45% մասնաբաժին ունի «Ֆլամինգո-Արտ Լողափ» ՍՊԸ-ում:
Արցախյան տարիները նրա կենսագրությունում էլ են բացակայում:
«Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը 1,6 մլն. դրամ եւ 500 ԱՄՆ դոլար ունի, անշարժ գույք Երեւանի Ծարավ Աղբյուրի եւ Լվովյան փողոցներում: Որպես շարժական գույք՝ 2003թ. արտադրության «ԳԱԶ 3110-101» մակնիշի մեկ ավտոմեքենա: Նախագահի թեկնածուի եկամտի աղբյուր են խնայողություններն ու փոխառությունները:
Բայց պարզվում է ոչ մի տեղ չաշխատող Հարությունյան Արամը խնայողություն է արել հենց իրենից՝ 4.100.000 դրամի չափով, իսկ 20 հազ. դոլար փոխառությունն էլ արել է՝ իր որդուց՝ Սերգեյ Արամի Հարությունյանից:
ԼՂՀ նախկին արտգործնախարար, ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանը ոչինչ չունի՝ 440 հազ. դրամից բացի: Նա չունի անշարժ, շարժական եւ թանկարժեք գույք: Թեկնածուն չունի նաեւ ոչ մի տեսակի եկամուտ, արժեթուղթ կամ այլ ներդրում: Հաշվառված է Երեւանի Հալաբյան 35 փողոցի բնակարաններից մեկում, բնակվում է Բրյուսովի 23 հասցեով:
Չէ՜, նա աշխատում է, բայց® հասարակական կարգով՝ «Փախստականները եւ միջազգային իրավունքը» քաղաքացիական հասարակության ցանցում:
Նարե Մշեցյան
«Լուսանցք» թիվ 2 (265), 2013թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում



