Որոշ վերլուծաբաններ հանգում են այն տեսակետին, թե այսօրվա ընդդիմադիր դաշտի վրա կարելի է խաչ քաշել: Նախագահական ընտրությունները այսպես կոչված ընդդիմադիրներին լիովին բացահայտեցին, ի ցույց դրեցին, եւ ընտրողները վստահաբար կսկսեն ավելի լուրջ ու իրատեսորեն մոտենալ մեր հանրային ու քաղաքական ոլորտներին: Իսկ մի շարք քաղաքական գործիչներ էլ բացահայտեցին իրենց «փուչիկաձեւ» կերպը եւ տրաքտրաքոցներով պարզապես փախան հակամարտելու գոտուց եւ իրենց իսկ խոստումներն ի կատար ածելու երդումից… Ասօրինակ գործիչներին արդեն «հանգած հրաբուխ» կամ «մարած քարտ» են համարում: Նման փրկիչ-գործիչներն այլեւս հայտնի են, ուստի մեկ անգամ էլ նրանց մասին խոսելը ոչ մի նոր բան չի տա:
Այսուհետ հայաստանցիներին պետք են ոչ միայն պետական ու իշխանական համակարգային փոփոխություններ (կադրային փոփոխությունները պարզապես փոխատեղումներ են մեզանում), այլեւ՝ ընդդիմադիր դաշտի լիարժեք թարմացում: Մեծ ջանքեր պետք է գործադրվեն, որպեսզի քաղաքական համակարգը հնարավորինս զատվի կառավարման համակարգից, ինչն էլ կնպաստի իշխանակարգի իրական փոփոխմանը կամ՝ գոնե նկատելի թարմացմանը:
Հասունանում է այն միտքը, որ ապազգային ու անգաղափար ընդդիմության ապագան կանխորոշված է այլեւս, եւ այդպիսիները պետք է հեռանան (իմա՝ հեռացվեն) մարդկանց համապատասխան վերաբերմուքից դրդված:
Երբ ներկա ընդդիմադիրները լսեցին, որ ամերիկացի ու եվրոպացի դիվանագետները նախագահական ընտրություններում Հայաստանից ակնկալում են մրցակցային պայքար, գործի անցան: Հանդիպումներն օտարերկրյա դեսպանների եւ միջազգային տարաբնույթ կառույցների ներկայացուցիչների հետ դարձան սննդակարգի բաղկացուցիչ մաս, բայց այսպես կոչված ընդդիմադիրները չկարողացան անգամ ձգել մրցակցային ընտրություններին մասնակցելուն… Հասկացան, որ այլեւս մրցակիցներ չեն կարող լինել, չունեն դրա ո՛չ բարոյական, ո՛չ էլ գաղափարական բազան: Միայն նյութական բազա ունեն, ինչն էլ ափսոսացին կորցնել մրցակցային ընտրությունների գնալիս:
Իզուր չէ, որ ԵԽԽՎ դիտորդները զրկվելով իրենց լավագույն թեկնածուներից, փորձեցին կապկելով այդ «մարած ընդդիմադիրներին»՝ զեկուցել, թե մրցակցային չեն ՀՀ նախագահի ընտրությունները, որովհետեւ «լուրջ մտահոգություն է առաջ բերում այն հանգամանքը, որ հիմնական քաղաքական կուսակցությունները, որոնցից ակնկալվում էր, որ նախագահի թեկնածու կառաջադրեն, որոշեցին չանել դա՝ ընտրությունների նկատմամբ անվստահության պատճառով»: Այսինքն՝ եվրոպոիդների համար «հիմնական քաղաքական կուսակցությունները» ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն էին, թերեւս գուցե նաեւ՝ ՀՅԴ-ն: Այո, եթե սրանք էին եվրոպոիդների հույսն ու հավատը, ապա Եվրոպան պիտի արձանագրի իր «մահը» Հայաստանում… Եվրամանկլավիկներն անգամ հաշվի չառան, նախընտրեցին չհիշատակել նախագահի ակնկալվող թեկնածուների բացատրություններն առ այն, թե ինչու՞ նրանք որոշեցին չմասնակցել: Ինչու՞ հանկարծ տարիքն առած դարձան կամ հարստանալու բացահայտումների հետ կապված խնդիրներ ունեցան…
Սրան ի պատասխան ԵԽԽՎ ՀՀ պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը հայտարարել է, թե պարզապես ցնցված է այս մոտեցումից, եւ ԵԽԽՎ դիտորդներին հորդորում է հավատարիմ մնալ հռչակված սկզբունքներին: Նշել է, որ դիտորդական մյուս խմբերը նախնական զեկույցների հրապարակումից առաջ, այդ թվում՝ ԺՀՄԻԳ-ը, ՀՀ-ում գործում են երկարաժամկետ հիմքով եւ իրապես դիտարկումներ են իրականացնում:
Իսկ ԵԽԽՎ դիտորդները «լույսի արագությամբ» հասան իրենց դժգոհություններին: Ըստ ԵԽԽՎ ՀՀ պատվիրակության ղեկավարի տարածած նամակի, վերոհիշվող քաղաքական կուսակցություններն ու դաշինքները (ԲՀԿ, ՀՅԴ, ՀԱԿ) «ակտիվ մասնակցություն են ունեցել 2012թ. խորհրդարանական ընտրություններում եւ ԱԺ-ում տեղեր են ձեռք բերել: ԲՀԿ-ն ստացել է ընտրողների ձայների 30%-ից ավելին եւ ԱԺ-ում մեծությամբ 2-րդ խմբակցությունն ունի: ՀՅԴ-ն խորհրդարանական տեղեր ձեռք է բերել մի քանի անգամ, այդ թվում՝ 2012-ին: ՀԱԿ-ը վերջին ընտրություններում ստացել է ընտրողների ձայների 7%-ից ավելին»: Եվ եթե այս ուժերը նախընտրում են հավատ չներշնչող պատճառաբանություններով չմասնակցել ՀՀ նախագահի ընտրությանը, ապա ինչու՞ է նախագահի ընտրությունն անմրցակցային համարվում: Հատկապես, երբ նշյալ նամակում ընդգծվում է, որ նախագահի 3 թեկնածուներ. «Հրանտ Բագրատյանը (նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր, ներկայացնում է նույն այդ ՀԱԿ խմբակցությունը), Պարույր Հայրիկյանը (նախկին խորհրդային այլախոհ, Խորհրդային Միությունում ժողովրդավարական շարժման հիմնադիրներից ու ակտիվ առաջնորդներից մեկը) եւ Րաֆֆի Հովհաննիսյանը (նախկին ԱԳ նախարար, ԱԺ «Ժառանգություն» կուսակցության ղեկավար) առանցքային հասարակական ու քաղաքական գործիչներ են, այնպես որ՝ այս ընտրությունները մրցակցային են, ինչպես նախորդ ընտրությունները»:
Բայց քանի որ ամբողջ եվրոպոիդական ցավը պարզ է, նշենք, որ «քաղաքակիրթ» արեւմուտքցիների համար զայրացուցիչ է, որ ինչպես նախորդ ժամանակներում «սեփական կաշին փրկելու համար», այսօրվա ընդդիմությունը պատրաստ չէ նորից քաոսի վերածել երկիրը… եւ Արեւմուտքը այս անգամ չի կարող մարտիմեկյան միջադեպ ունենալ…
Բայց մի բան, ինչպես վերը նշեցինք՝ այլեւս պարզորոշ է՝ ապազգային ու անգաղափար ընդդիմության ապագան կանխորոշված է, եւ սրանք պետք է հեռանան՝ իրենց տեղը զիջելով ազգային ու գաղափարական ուժերին: Ազգային-ազգայնական ընդդիմությունն է միայն ի վիճակի երկիրը տանել համակարգային փոփոխությունների:
Այս առումով էլ մենք ունենք ազգային գաղափարախոսության վերականգնման խնդիր, որը իրապես կվերածվի նաեւ պետական քաղաքականության: Հայ էթնոսը միշտ էլ ունեցել է գաղափարախոսական համակարգ, որը շաղկապված է եղել հայոց հավատին ու մշակույթին:
Հայոց աշխարհը հայտնի է որպես սրբազան աստվածային տարածք, մարդկության փրկության օրրան, օրենքների եւ անմահների բնակատեղի… Հայ ազգն էլ համարվում է բնածին ազգ եւ արարչադիր տիեզերաօրենքների պահապան… ուստի հայ ազգային գաղափարախոսությունն ու կեցակարգը պետք է բխեն այս ամենից:
Սա պետք է դրվի բուն ազգային գաղափարախոսության հիմքում, ինչը պետական քաղաքականության վերածվելիս պետք է ամրագրվի նաեւ Սահմանադրությունում: Եվ արդ, սահմանադրական պահանջներով էլ պետք է ստեղծվեն քաղաքական կուսակցություններն ու հասարակական, կրոնական ու այլ կազմակերպությունները, ինչը իսպառ կբացառի օտարահպատակ կամ օտարասեր կառույցների գրանցումը Հայաստանում: Սա էլ կնպաստի գալիք ազգային իշխանություններին ի հակակշիռ ունենալ ազգային ընդդիմություն՝ գործող բազմաշերտ կազմակերպություններով:
Իսկ այսօր միայն շահարկվում է նժդեհյան ցեղակրոն ուսմունքը, ինչպես իշխող վարչակարգի, այնպես էլ որոշ ընդդիմադիրների կողմից, ինչը պետք է բացառել օրենքներով, անգամ պատժաչափ սահմանել՝ ազգային նպատակների ու պատմության վարկաբեկման փորձի համար:
Բարեպաշտությունը, հայարիական առաքինությունն ու ցեղակրոնությունը կարող են Հայաստանին ու հայությանը պարգեւել մեկ այլ չափանիշ, որում կհամադրվեն ազգայինն ու միջազգայինը, մարդկայինն ու համաշխարհայինը եւ կդաստիարակվի մի հայ սերունդ, որը կգնա ազգայինի ու համամարդկայինի համադրությամբ եւ կձգտի ազգահավաքի ու հողահավաքի՝ ապավինելով մարդկային արդարությանն ու աստվածահաճությանը:
Հայկ Թորգոմյան
«Լուսանցք» թիվ 2 (265), 2013թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում



