– 3-ով միասին 1 էլ չեն ստանում… – Հարց լուծող ու չլուծողները… – Հարմար եւ՛ Մոսկվային, եւ՛ Վաշինգտոնին ու Բրյուսելին… – Ընտրություններից 20 օր առաջ… – Ընտրացուցակների ճշգրտման «Թեժ գիծ» ծառայություն՝ 010-53-32-73:
Ի՞նչ են նկատում դրսից – 3-ով միասին 1 էլ չեն ստանում
Ըստ «Gallup»-ի, ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը, հունվարի 15-23-ին անցկացված հարցման արդյունքների համաձայն, նախագահական ընտրություններում հավաքելու է 66%, 2-րդ տեղում է Րաֆֆի Հովհաննիսյանը՝ 10%, այնուհետեւ՝ Պարույր Հայրիկյանն ու Հրանտ Բագրատյանը՝ 4-ական տոկոս, Արամ Հարությունյանը՝ 1%, Անդրիաս Ղուկասյանը, Արման Մելիքյանը, Վարդան Սեդրակյանը չեն հաղթահարում 1 տոկոսի շեմը: Միաժամանակ հարցվածների 16%-ը դեռ չի որոշել, թե որ թեկնածուին կաջակցի: Քարոզարշավի այս փուլում սպասվող մասնակիցների թիվը 61% է:
Այս տվյալները հրապարակվել են «Արմնյուզ»-ի նախաձեռնությամբ եւ Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի ու Բալթյան հետազոտությունների՝ «Gallup»-ի իրականացրած նախընտրական երկրորդ հարցման արդյունքների հիմամբ: Հարցմանը մասնակցել է 1020 մարդ ՀՀ բոլոր շրջաններից: Արդյունքները ներկայացրել է «Gallup Organization»-ի ներկայացուցիչ Ռասա Ալիշաուսկիենեն:
Հարց լուծող ու չլուծողները
«Պատկերը Հայաստանում՝ նախագահական ընտրություններից առաջ» հարցման արդյունքները, որոնք բնութագրում են հայաստանցի ընտրողների տրամադրությունները, նախընտրությունները եւ մտադրությունները նախընտրական պաշտոնական քարոզարշավից անմիջապես առաջ, ներկայացվել են «TNS opinion»-ի կողմից:
Հարցումն իրականացրել է իր հայկական գործընկերոջ՝ «IPSC»-ի հետ միասին: 2013թ. հունվարի 15-20-ն ընկած ժամանակահատվածում 1607 դեմ առ դեմ հարցազրույցներ են անցկացվել բոլոր 10 մարզերում եւ Երեւանի 12 համայնքներում, 18 տարեկան եւ բարձր բնակիչների շրջանում:
Հարցումը պատվիրել է Հայաստանի եվրոպացի բարեկամներ (ՀԵԲ) կազմակերպությունը (www. EuFoA.org): «Զարմացնող արդյունքն այն է, որ հարցվածների 69%-ը արդեն հաստատ որոշել է մասնակցել ընտրություններին:
Սա հատկապես ոգեւորող անակնկալ էր այն դեպքում, երբ խորհրդարանական 6 ուժերից 3-ը չառաջադրեցին կամ չաջակցեցին որեւէ թեկնածուի:
Ուսումնասիրությունը ցույց տվեց, որ նշված ուժերի աջակիցներից գրեթե կեսը համարում են, որ դա սխալ որոշում էր, բայց ակնհայտորեն նրանց մեծ մասը, այդուամենայնիվ, լուրջ են վերաբերում ընտրություններին եւ պատրաստվում են քվեարկել»,- նշում է «TNS opinion» Բրյուսելի մեթոդների եւ վիճակագրության տնօրեն դոկտոր Սթիվ Շվարցերը:
* * *
Ըստ «EuFoA»-ի, Պարույր Հայրիկյանը եւ Հրանտ Բագրատյանն ամենաքիչ հավանության արժանացած թեկնածուներն են: Իսկ Սերժ Սարգսյանն ընկալվում է որպես Հայաստանի քաղաքական հիմնախնդիրները լուծող լավագույն թեկնածու: Րաֆֆի Հովհաննիսյանը գնահատվել է որպես մարդու իրավունքների պաշտպանության եւ ժողովրդավարության խնդիրները լավագույնս լուծող թեկնածու: Մնացած թեկնածուները հասարակության կողմից չեն ընկալվում որպես Հայաստանի քաղաքական խնդիրները լուծելու ունակ քաղաքական գործիչներ եւ շատ քիչ են հայտնի:
* * *
Նախագահական քարոզարշավից արդեն օրեր են անցել, սակայն, ինչպես նշում են վերլուծաբանները, մրցակցային ընտրություններից եւ քաղաքակիրթ ընտրապայքարից խոսող թեկնածուներն այդպես էլ իրենց առավելություններն ու դրական կողմերը չեն փորձում ներկայացնել հանրությանը՝ հրապարակային բանավեճերի միջոցով:
Բոլոր թեկնածուներն էլ նշում են, որ պատրաստ են բանավիճել, առավել եւս՝ գործող նախագահի հետ, բայց դեռ շարժ չկա:
Հետաքրքիր կլինի ոչ միայն ընդդիմադիր կողմի եւ գործող նախագահի, այլեւ հենց ընդդիմադիրների՝ միմյանց հետ բանավեճը:
Բայց կարծես թեկնածուներն իրենց ընտրողներին չեն ցանկանում այդ բավականությունը պատճառել:
Հարմար եւ՛ Մոսկվային, եւ՛ Վաշինգտոնին ու Բրյուսելին
«The National Interest» պարբերականը գրել է, որ 2013թ. Հարավային Կովկասի պետությունների համար ընտրական տարի է լինելու. «Այս գործընթացում առաջինը զարկ կտա Հայաստանը. նախագահական ընտրությունները այստեղ տեղի կունենան փետրվարի 18-ին»:
Պարբերականին հետաքրքրել է, թե ինչպիսի՞ անակնկալներ կարելի է սպասել այս ընտրություններից, եւ ինչպիսի՞ ազդեցություն կունենա այն Հարավային Կովկասում տիրող ընդհանուր իրավիճակի վրա: Եվ նշվում է, որ այս ընտրությունները, թվում է, «հիմնականում խորհրդանշական կլինեն, անկախ անցկացման ձեւից անխուսափելիորեն կհամեմատվեն 2008թ. ընտրությունների հետ»: Կարծիք է հայտնվում, թե պաշտոնավարման առաջին շրջանում գործող նախագահ Սարգսյանը ցույց է տվել, որ ինքնաբավ քաղաքական գործիչ է ու իր նախորդի ստվերի տակ չի գտնվում: Արտաքին քաղաքականության մեջ նա կարողացել է զերծ մնալ լուրջ սխալներից: Չնայած Անկարայի հետ հարաբերությունները կարգավորելուն ուղղված նրա ջանքերի քննադատությանը պաշտոնավարման սկզբում, չի հատել կարմիր գիծը: Նա կարողացել է նաեւ ՀՀ արտաքին հարաբերությունները պահպանել ինչպես ՌԴ-ի, այնպես էլ ԱՄՆ-ի հետ: Իսկ ԱՄՆ-ի ու Եվրոպայի հետ հարաբերություններում նախագահը նույնիսկ կարողացել է ձեռքբերումներ արձանագրել: Ի տարբերություն նախորդի, հավատարիմ է ԼՂ-ի բանակցության հարցում, հայ-թուրքական հարաբերություններում խաղաղության պահպանմանը: Նաեւ չի շեղվում ՀՀ արտաքին քաղաքականության ավելի վաղ սահմանված նպատակներից:
Ըստ «The National Interest»-ի, նախագահը լավագույն թեկնածուն է եւ՛ Արեւմուտքի, եւ՛ Ռուսաստանի համար, քանի որ «հայկական ղեկավարությունն իր արտաքին քաղաքականությունն ամեն ինչից առաջ կառուցել է ռեալիզմի ու ռացիոնալիզմի հիման վրա, արդյունավետ է գործել ներքին քաղաքական հարցերում»: Նշվել է նաեւ, որ «կարեւոր է այն հանգամանքը, որ ընդդիմադիր ՀԱԿ-ը ԱԺ ընտրությունների արդյունքում հայտնվել է խորհրդարանում, սակայն ընդդիմությունը կենսունակ չգտնվեց նոր քաղաքական առաջնորդների առաջ քաշման հարցում»:
Արտակ Հայոցյան
* * *
Ընտրացուցակների ճշգրտման, անճշտությունների վերաբերյալ հաղորդումներ ընդունելու նպատակով 2012թ. հունվարի 9-ից ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությունում գործում է «Թեժ գիծ» ծառայություն՝ 010-53-32-73 հեռախոսահամարով:
Ընտրություններից 20 օր առաջ
ՀՀ նախագահի 18.02.2013թ. ընտրությունների ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թվի մասին ոստիկանության վերջին հաղորդագրությամբ (29.01.2013թ. դրությամբ) նոր տվյալներ են հրապարակվել: Այսպես, քվեարկության օրվանից 20 օր առաջ ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվն է՝ 2.507.004, որից.
Այլ համայնքի հաշվառում ունեցող, ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից ժամանակավորապես հանված եւ ըստ քվեարկելու օրը գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների լրացուցիչ ցուցակում ընդգրկվածների թիվը 135 է, ՀՀ-ում հաշվառում չունեցող, քվեարկության օրը ՀՀ-ում գտնվելու վայրի մոտակա ընտրական տեղամասի ընտրողների լրացուցիչ ցուցակում ընդգրկվածներինը՝ 2, քվեարկության օրը ընտրական տեղամասեր գործուղվող, իրենց հաշվառման վայրի ընտրողների ցուցակից հանված եւ ընտրական տեղամասում քվեարկող ոստիկանների լրացուցիչ ցուցակում ընդգրկվածներինը՝ 0, ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատությունում քվեարկությանը մասնակցող ընտրողների լրացուցիչ ցուցակում ընդգրկվածներինը՝ նույնպես 0:
* * *
Գլխավոր դատախազությունը եւս հրապարակում է տեղեկանքներ, որում արտացոլվում են ՀՀ գլխավոր եւ զինվորական կենտրոնական, Երեւան քաղաքի, Երեւան քաղաքի վարչական շրջանների, մարզերի եւ կայազորների զինվորական դատախազություններում մուտք եղած ՀՀ նախագահի ընտրությանն առնչվող ընտրական իրավունքի խախտումների վերաբերյալ ստացված հաղորդումներն ու դիմումները, ինչպես նաեւ՝ դրանց վերաբերյալ դատախազության կողմից ուսումնասիրված լրատվության միջոցներում տպագրված նյութեր:
«Լուսանցք» թիվ 3 (266), 2013թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում



