– Մեր միջազգային վարչապետին չե՞ն փոխի (…Դեռ օրեր առաջ խոսվում էր, թե ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի վերընտրվելու դեպքում կփոփոխվի կառավարության կազմը: Կլինեն նոր նախարարներ, մարզպետներ, նաեւ նոր վարչապետ)…
Նմանն զնմանին կընտրե
«Այգ» հոգեբանական կենտրոնի գլխավոր մասնագետ, հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Ռուբեն Պողոսյանը ՀՀ նախագահի թեկնածուների կերպարների վերլուծություն է անում (ներկայացնում ենք առանց խմբագրումների): Նշենք՝ եթե չլիներ «չարաբաստիկ» 8 մլն. դրամ ընտրագրավը, ապա այսօր մենք կունենայինք նախագահի ոչ թե 8, այլ առնվազն 15 թեկնածու:
Սերժ Սարգսյան: Անկայուն անձնավորություն է, ինչն էլ միանշանակ երեւում է նրա գործունեության մեջ: Օրինակ՝ Գագիկ Բեգլարյանի հանդեպ հաշվեհարդար է տեսնում, հետո, չգիտես ինչու, պաշտոն տալիս:
Սա խոսում է նրա անկայունության մասին: Այս գիծը հստակ արտացոլվում է քաղաքականության մեջ եւ խանգարում նրան:
Րաֆֆի Հովհաննիսյան: Մարդասեր անձնավորություն է: Նախագահի կերպարի համար սա շատ կարեւոր հատկանիշ է: Բացի դրանից՝ նկատելի է, որ նա անչափ նվիրված է իր ընտանիքին. կարծում եմ՝ սա նույնպես խոսում է նրա կերպարի դրական կողմերի մասին: Նման դրական հատկանիշները վստահություն են ներշնչում նաեւ անաչառ ընտրողների շրջանում:
Հրանտ Բագրատյան: Շատ անկեղծ, մարդկային բարձր հատկանիշներով օժտված մարդ է: Նա նպատակահարմարության համար տարաբնույթ դերեր չի վերցնում, ինչ մտածում է մարդկանց մասին՝ այդպես էլ հայտնում է իր կարծիքը: Սրանք շատ կարեւոր հատկանիշներ են. մարդկային իմաստով առաջինը, հետո նոր քաղաքականության: Նա իր սխալները ճանաչել է եւ աշխատել ուղղել: Շատ կարեւոր է, երբ մարդը կարողանում է հասկանալ եւ ընդունել ինքն իր սխալը:
Պարույր Հայրիկյան: Նա մեծարում է սեփական Ես-ը: Սա, իհարկե, շատ կարեւոր հատկանիշ է մարդու համար, պետք է մարդը գնահատի իրեն, բայց այդ հատկանիշը չափից դուրս շատ է: Դա ուղղակիորեն ազդում է նրա հարաբերությունների վրա, հստակորեն արտահայտվում է նրա խոսքում, եւ դա կարող են նկատել շատերը: Իհարկե, կարողություններն ու մտավոր ունակությունները շատ բարձր են, այդուհանդերձ, նրա կերպարում այդ Ես-ի արտացոլումը շատ կխանգարի հենց իրեն: Նա ոչ թե իրեն է սիրում ժողովրդի մեջ, այլ ժողովրդին՝ իր մեջ. դրանք շատ տարբեր բաներ են:
Արման Մելիքյան: Անկեղծ անձնավորություն է երեւում, իսկապես մտահոգված է երկրի ապագայով, եւ դա նրա կերպարի մեջ հստակ նկատելի է:
Արամ Հարությունյան: Պայքարողը պետք է ցույց տա, թե ինչքան կրքոտ է ինքն այդ գործն ուզում անել, նաեւ՝ հանուն ինչ-որ ճշմարտությունների ու ինքնազոհողության, բայց նրա պարագայում այդպես չի երեւում: Նրա մեջ ավելի նկատելի է հուզական պասիվություն, իսկ ակտիվությունն իրականում շատ կարեւոր է, որպեսզի հարաբերություն եւ կապ ստեղծի ժողովրդի հետ: Նա շատ միայնակ է, կարծես մեկուսացած լինի իր շրջապատից: Հուզականությունն այնքան պասիվ է, որ չի կարողանում առնչվել ժողովրդի հետ:
Վարդան Սեդրակյան: Անկեղծ ասած, ես անլրջություն եմ տեսնում այդ մարդու մեջ. աճպարարություն է անում, որպեսզի կարողանա իր մասին տեղեկացնել, իրեն ցույց տա: Նրա համար սա պարզապես լավ առիթ է արտահայտվելու: Հիմնական գործող անձինք չկան. նրանք, որոնք ճանաչված են ժողովրդի մեջ, եւ դա նրա համար արտահայտվելու հոյակապ առիթ է: Բայց անլուրջ նպատակներով ու մտադրություններով մարդ է, հասարակական հնչեղություն չի ներկայացնում:
Անդրիաս Ղուկասյան: Կայուն հայացքներով, կայուն դրսեւորումներով անձնավորություն չէ, ժողովրդին իր ետեւից չի կարող տանել: Պարզապես հանգամանքները ստեղծեցին մի իրադրություն՝ բաց դաշտ քաղաքականության մեջ, որը պետք է լրացվեր նմանատիպ մարդկանցով: Նա բավականին թույլ է, կերպարն էլ՝ քաղաքականապես անհասկանալի:
Ըստ հոգեբանի՝ այսպիսին են մեր երկրի ղեկավարը դառնալու հավակնություն ունեցողները: Նրա կարծիքով՝ հասարակության մեջ վստահություն են ներշնչում թեկնածուներից 2-ը՝ Հրանտ Բագրատյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը:
Իսկ Սերժ Սարգսյանն արդեն ճանաչված է, «այդ կերպարն արդեն կերպարի ստվեր է ընդամենը»:
* * *
Մեր միջազգային վարչապետին չե՞ն փոխի
Դեռ օրեր առաջ խոսվում էր, թե ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի վերընտրվելու դեպքում կփոփոխվի կառավարության կազմը: Կլինեն նոր նախարարներ, մարզպետներ, նաեւ նոր վարչապետ:
Նշվում էր հատկապես ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի անունը: Իսկ «դրսից բերվող» թեկնածուների անունները հետզհետե դադարեցին տալ, եւ սա եւս ենթադրում էր ԱԺ նախագահի հնարավոր նշանակումը:
Մի պահ նաեւ ՀՀ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի անունը նշվեց, սակայն Ռոբերտ Քոչարյան – Գագիկ Ծառուկյան չկայացած դաշինքի հետ մեկտեղ դադարեց այն հնչել:
Այժմ նորից խոսակցություններ են պտտվում այն մասին, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը 2013թ. նախագահական ընտրություններից հետո կվերանշանակվի: Եվ սա իբր հաստատվել է վերջերս կայացած ամերիկյան հանդիպումների ընթացքում, սա նաեւ Արեւմուտքի ցանկությունն է:
ՀՀ 2-րդ նախագահի որոշումը՝ սատարել գործող նախագահին, կարծես թե չեզոք դիրքի է բերել պաշտոնական Մոսկվային, որտեղից թերեւս այս անգամ չմիջամտեն վարչապետի նշանակման հարցով, անգամ մեզ հայտնի Կարեն Կարապետյանի առումով:
Իսկ Արեւմուտքի ցանկության հայասատանյան բավարարումը կարող է ձեռնտու լինել նաեւ Մոսկվային, քանի որ ներկայիս վարչապետի հետ կա աշխատանքային փորձ:
Գոհար Վանեսյան
«Լուսանցք» թիվ 3 (266), 2013թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում



