Անգամ «Քաջ Նազար»-ը կնեղանար

…Մենք լրատվական աշխարհում հնարավորինս չեզոք ենք մեզ պահել այս նախընտրական ընթացքում, սակայն չասել, որ անգամ «Քաջ Նազար»-ի հեքիաթի հերոսին չձգողը «Սասնա Ծռեր»-ն է սեփականաշնորհել եւ «Մհերի դուռ»-ն է երեւակայում բացել… չենք կարող: Պետք է ասենք, քանի որ Հայոց Էպոսի անունը լսելով մարդիկ տատանվում են՝ ժամանակ չունենալով «քընընել» ասվածի ու ասողի իրական կերպարը…

 

Նախագահի թեկնածու, էպոսագետ ներկայացող Վարդան Սեդրակյանը դեռ շարունակում է վստահ լինել, որ ինքն է ընտրվելու ՀՀ նախագահի պաշտոնում: Նա այս «փաստը» հաստատել է լրագրողների հետ երեկվա հանդիպման ժամանակ: Նաեւ պարծեցել է, թե իր տեսահոլովակը արդեն պատրաստ է եւ կհեռարձակվի. «Իմ տեսահոլովակում Կոջոյանի նկարներն են եւ Քոչարի քանդակները: Երկու մեծ գործիչների թանգարաններից էլ լիցենզավորված թույլտվությունը ունեմ: Ընդհանուր առմամբ՝ «Սասնա Ծռեր» էպոսի նկարներն են համատեղված երաժշտության հետ, խոսքեր չկան»,- նշել է նա:

Զարմանալի է, բայց այս թեկնածուն դեռ չի էլ ընկալում, որ այլեւս չի կարող պատսպարվել Հայոց Էպոսի ստվերի տակ (ինչպես մյուս ազգային արժեքների տակ պատսպարվողները) եւ իր «էպիկական ծրագիրը» անգամ զվարճալի չէ այլեւս:

Բայց մի բան նա ճիշտ է արել, որ չի խոսում իր տեսահոլովակում, քանի որ «Երկու մեծ գործիչների» ստեղծագործություններն այսպիսով փրկվել են…

Խոսելով բանակի ծրագրերի մասին՝ այս թեկնածուն ասել է, որ երբ ՀՀ նախագահ դառնա, Սահմանադրությունից հանելու է պարտադիր ծառայության կետը, բանակը լինելու է վճարովի եւ կամավոր սկզբունքներով, իսկ ամենակարճաժամկետ պայմանագիրը լինելու է 5 տարի: Նա դեմ չի արտահայտվել բանակում նաեւ աղջիկների ծառայությանը, եթե իհարկե նրանք ցանկանան: «Եթե այնքան կամավոր լինի, որ կարողանանք աղջիկների գոնե մեկ ջոկատ ստեղծել, ինչու՝ ոչ: Բայց պարտադրաբար եւ տղաների հետ աղջիկների ծառայությունը չի լինի»,- հավելել է արդեն իրեն 81% ձայներով հաղթած «ՀՀ 4-րդ նախագահ» երեւակայողը……

Այս թեկնածուն երեւի չի էլ պատկերացնում, որ 1988-1994թթ. ժամանակների կամավորական սկզբունքով այլեւս չի կարող գործել բանակը, քանզի մեր թշնամիները զինվում եւ արդիականացնում են իրենց զինուժն ամեն օր: Եթե կարծում է, թե պայմանագրային ծառայությունը կարող է զարկ տալ այնպիսի հաջողությամբ, ինչպես իրեն ընտրված նախագահ է համարում, ապա… Նաեւ դեռ պետք է այլընտրանքային ծառայության վազող աղանդավորականներին, համասեռականներին ու այլ…-երի հարցերը կարողանա լուծել:

Չնայած իրեն էպոսագետ ու արդեն հաղթանակած նախագահ համարողը ի՞նչ իմանա՝ հայկական բանակն ինչպես է ստեղծվել արցախյան պատերազմի բովում, երբ այդ տարիներին «իր էպոսի» (որը ոչ մի կապ չունի Հայոց Էպոսի հետ) գիտակցությամբ հաջողությամբ չինաստաններում ու ռուսաստաններում մանր առեւտրով էր զբաղված ու Հայաստանում դրա վերավաճառքն էր անում:

Եվ հիմա մարդը դեմ է պարտադիր ծառայությանը, երբ ազգը թշնամիներով է շրջապատված, այն էլ արնախում: Ինչու՞: Ինքն է այդպես կարծու՞մ, թե՞ գուցե երբեմն հեգնանքով ի՛ր ասած Ռուսաստանի կամ Իրանի հատուկ ծառայությունների պատվերով է այդպես կարծում:

Բայց հետո՝ ի՜նչ մտքի թռիչք. եթե կամավոր աղջիկներ լինեն, ապա մի ջոկատ կարելի է բանակում ունենալ. ավետում է նա: Ի՜նչ մեծահոգություն եւ հայրենասիրության դրսեւորում: Նա անգամ թույլ չի տա, որ աղջիկները տղաների հետ ծառայեն, դա «իր էպոսում» հակացուցված է: Ու երեւի աղջիկները բանակի «սրբազան կույս» ջոկատն են կազմելու եւ զենքի փոխարեն պճնվելիքն են պայուսակում կրելու…

Մենք լրատվական աշխարհում հնարավորինս չեզոք ենք մեզ պահել այս նախընտրական ընթացքում, սակայն չասել, որ անգամ «Քաջ Նազար»-ի հեքիաթի հերոսին չձգողը «Սասնա Ծռեր»-ն է սեփականաշնորհել եւ «Մհերի դուռ»-ն է երեւակայում բացել… չենք կարող: Պետք է ասենք, քանի որ Հայոց Էպոսի անունը լսելով մարդիկ տատանվում են՝ ժամանակ չունենալով «քընընել» ասվածի ու ասողի կերպարը:

Պետք է մի համապատասխան հեքիաթ գտնել եւ մինչեւ ընտրությունների ավարտը այն այս թեկնածուին նվիրել հրապարակավ:

Վահագն Նանյան

«Լուսանցք» թիվ 3 (266), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում

This entry was posted in Հոդվածներ. Bookmark the permalink.