– «Մի գեղա կլուբ»-ը հազիվ դառնա հզոր ընդդիմադիր ուժ կամ՝ ՀՀՇ-ից դարձան ՀԱԿ
Ընդդիմադիր լիդերներին չաղացնում, հետո՞ են մորթում – Արցախի քաշին չե՛ք դիմանա, պարոնայք «ընտրված» նախագահներ
Սպասումներ կային նաեւ նախկին նախագահներից, թե արդյո՞ք կարձագանքեն հետընտրական գործընթացներին: Հատկապես որ պարբերաբար արծարծվում են 2008-ի մարտիմեկյան դեպքերը: Ռոբերտ Քոչարյանը հետընտրական ժամանակահատվածում հիշեցրեց իր մասին միայն հեռախոսով ՍերԺ Սարգսյանին շնորհավորելու տեղեկատվությամբ, իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանը խոսեց ՀՀՇ-ից ՀԱԿ-ի վերածվելու արտահերթ համագումարի ժամանակ:
2008-ի ընդդիմադիր շարժման հավաստիացումները, իբր սա անձերի համար տարվող պայքար չէ, այլ փորձում են արդարությունն ու օրինականությունը վերականգնել, իսկ հարթակում կանգնած լիդերը միայն գործիք է այդ ճանապարհին, տխուր վախճան ունեցավ, քանզի բառացիորեն որպես գործիք գործածվեց բողոքավոր ընտրազանգվածը, եւ արյունահեղությունը դարձավ անխուսափելի… Սա՛ էր հենց երկիրը օտարին հանձնելու ծրագիրը:
2013-ի ընդդիմադիր շարժման հավաստիացումները նույն ձեւակերպումներն են ստանում, պարզապես փոխվել են անձերը, եւ նոր ընդդիմադիր շարժման լիդերը նույնպես իրեն գործիքի տեղ է դնում՝ առանց դրա մասին հայտարարելու, նաեւ ի տարբերություն 2008-ի լիդերի (որ միայն Երեւանում էր լինում), շրջում է մարզերում՝ իբր այսպիսով տեր կանգնելով ամբողջ ժողովրդի ձայներին:
Իսկ ժողովրդի ձայնը փաստացի հաստատել են ինչպես տեղական, այնպես էլ միջազգային դիտորդները: Օրերս այն հաստատեց նաեւ ԿԸՀ-ն: Ըստ այդմ, փետրվարի 18-ին ՀՀ նախագահի ընտրությունների վերջնական արդյունքը սա է. ՀՀԿ կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը հավաքել է 58,64% կամ 861.373 ձայն: «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը ստացել է 539. 691 ձայն կամ 36,79%: «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը ստացել է 31.643 ձայն կամ քվեների 2,15%-ը: ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը հավաքել է 18.096 ձայն կամ քվեների 1,26%-ը: Անդրիաս Ղուկասյանը՝ 8.329 ձայն կամ քվեների 0,57%-ը: «Էպոսագետ» Վարդան Սեդրակյանը ստացել է 6.210 ձայն կամ քվեների 0,42%-ը եւ Արման Մելիքյան՝ 3.520 ձայն կամ 0,24% քվե:
ԿԸՀ նախագահը նաեւ ներկայացրել է տեսանյութ, որտեղ թեկնածուներից մեկի ներկայացուցիչ դիմումատուն, պնդելով խախտման մասին, փաստային որեւէ տվյալ չի ներկայացնում: «Դիմումատուն պետք է նաեւ հասկանա, որ եւս պատասխանատու է փաստային մասի համար»,- նշել է նա՝ ներկայացնելով այլ գրավոր փաստաթղթեր, որտեղ դիմումատուների ներկայացրած փաստային մասերն իրականությանը չեն համապատասխանում: «Որեւէ հանձնաժողովում՝ առանց դիմումատուի դիմում չի քննվել, իսկ եթե քննվել է, դիմումատուն որեւէ ապացույց չի ներկայացրել: Ներկայացուցիչները չեն պահանջել նաեւ կատարել վերահաշվարկ»,- հավելել է Տիգրան Մուկուչյանը՝ ուշադրություն դարձնելով այն փաստի վրա, որ ֆեյսբուքյան կամ այլ սոցցանցերում ներկայացվող դիմումները մեծամասամբ հակասում են իրական դիմումներին, քանի որ չեն վերաբերվում այդ փաստաթղթերի բուն բովանդակությանը:
Ըստ ԿԸՀ-ի, ընտատեղամասերի 94,8%-ում եղել է «Ժառանգություն» կուսակցությունը ներկայացնող կամ հանձնաժողովի անդամ, կամ վստահված անձ, բայց որեւէ փաստարկում չկա, որ «Ժառանգության» ներկայացուցչին թույլ չեն տվել լինել որեւէ ընտրատեղամասում, որեւէ նման դիմում կամ բողոք չի եղել:
Գուցե սա է պատճառը, որ ընտրության օրը ընտրատեղամասերում պայքար չնկատելով՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը նշել է, թե՝ Ազատության հրապարակում տեսնում է խոսքեր, ճառեր, բայց ոչ գործ. «Ես ունեի գործողությունների ծրագիր՝ հրաշալի ձեւակերպվել էր, ստեղծեցի պայքարի մշտական գործող օջախ, որը խարխլեցին իշխանությունները»: Բայց ՀՀՇ համագումարում չի մոռացել բարձրաձայնել, որ Սարգսյանը չի ընտրվել, հաղթել է Հովհաննիսյանը, բայց միջազգային հանրությունը օրհնել է Սերժ Սարգսյանին, վերցրել է իր պաշտպանության տակ. «Չեմ տեսնում որեւէ միջամտություն արտաքին աշխարհից, հակառակը, Սարգսյանը լիովին ձեռնտու է գերտերություններին»: 1-ին նախագահը գոհ չէ նաեւ ժողովրդից, իսկ Րաֆֆիի հանրահավաքների նախաձեռնությանը անդրադառնալով՝ նշել է, որ այդ նա չի սկսել, «ժողովուրդն է նախաձեռնել, ժողովուրդն է եկել եւ իր բողոքն է արտահայտում անիրավությունների, անօրինականությունների դեմ», ուստի միանալու հարցը այսպես է. «Ես միշտ գործին միացող եմ, առայժմ ժողովուրդը գործ արե՞լ է, ժողովուրդը առայժմ եկել է հրապարակ եւ բողոքում է իշխանությունների դեմ, առայժմ այդ բողոքավորները, դեռեւս գործ չեն արել»:
Այսպես մշտապես «միջազգային հանրության օրհնանքով» նախագահած, նաեւ ընդդիմավարած Լեւոն Տեր-Պետրոսյանը անուղղակի դժգոհել է այդ միջազգային հանրությունից:
Իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը ավելի առաջ գնաց, երբ ասուլիսում հայտարարեց, թե Ռուսաստանի, Ֆրանսիայի կամ Միացյալ Նահանգների նախագահների շնորհավորանքները պարզապես թղթեր են, որի համար դեռ զղջալու են, իսկ որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրներ իրենք իրենց ինքնահրաժարումն են հայտարարել այդ շնորհավորանքներով:
Եթե ՀՀ 1-ին նախագահի, թող մեզ ներվի պարզ ասելու համար, ամբարտավան կեցվածքին վաղուց ենք ծանոթ, ապա հանդարտ ու չնյարդայնացող Րաֆֆի Հովհաննիսյանի այս պոռթկմանը առաջին անգամ ականատես եղանք: Վստահաբար՝ նրան հիմա ավելի շատ բառուբան է թույլատրված ընդդեմ արեւմուտքի (հենց արեւմուտքի կողմից), որպեսզի վերջնականապես չտապալվի:
Բայց մի բան հաստատ թույլատրված չէ ոչ մեկին. սեփական խաղերի համար ԵԱՀԿ ՄԽ-ն, ուրեմնեւ՝ Արցախի հարցի կարգավորումը «ինքնալուծարման» չի կարող տանել ոչ մի անձ, անգամ իրեն նախագահ պատկերացնող Րաֆֆի Հովհաննիսյանը:
Սա ի՛ գիտություն բոլոր «ընտրված» նախագահների, որոնցից ոմանք իրենց ընտրված էին համարում դեռ ընտրությունները չկայացած, եւ հողեր էին գրավում կամ բաժանում…
Արտակ Հայոցյան
Հ.Գ. – ՀՀ ԿԸՀ-ի վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունը քննարկել է փետրվարի 18-ին կայացած Հանրապետության նախագահի ընտրությունների թեկնածուների նախընտրական հիմնադրամներ կատարված մուծումների եւ դրանց օգտագործման վերաբերյալ հայտարարագրերի ստուգման արդյունքում կազմած տեղեկանքը՝ 14.01.2013թ.-18.02.2013թ. ժամանակահատվածի համար:
Նշված ծառայության ղեկավար Սեւակ Հովհաննիսյանը հայտնել է, որ բանկերի տրամադրած ՀՀ նախագահի թեկնածուների նախընտրական հիմնադրամների ֆինանսական մուտքերի եւ ելքերի վերաբերյալ տեղեկանքների եւ թեկնածուների ներկայացրած հայտարարագրերի, ինչպես նաեւ ծախսերը հիմնավորող կից փաստաթղթերի համադրման արդյունքում ընտրական օրենսգրքով սահմանված քարոզչական ֆինանսավորման որեւէ խախտում չի արձանագրվել:
«Մի գեղա կլուբ»-ը հազիվ դառնա հզոր ընդդիմադիր ուժ
ՀՀՇ 18-րդ արտահերթ համագումարի պատվիրակները 375 կողմ, 6 դեմ, 3 ձեռնպահ հարաբերակցությամբ որոշում կայացրեցին Հայոց համազգային շարժում կուսակցությունը վերանվանել Հայ ազգային կոնգրես կուսակցություն: Դեմ քվեարկողներից էր ԱԺ նախկին խոսնակ Բաբկեն Արարքցյանը, ով նշեց, թե «կոռեկտ չէ, որ մեր համագումարի ժամանակ ոչ կուսակցության անդամները խորհուրդ են տալիս… Մեղադրեք ինձ ամբիցիաների մեջ, բայց դա իմ կարծիքն է»: Նրա խոսքով՝ համագումարին փորձում են ցույց տալ «հազարավոր ակտիվիստների», բայց, դեռ պարզ չէ, արդյո՞ք արժանի են նրանք դառնալ կուսակցության անդամներ եւ որքանով են կոփված:
Ինչեւէ, այլեւս չկա ՀՀՇ, կա՝ ՀԱԿ: Իսկ իրականում ոչինչ էլ չի փոխվել, անգամ ՀՀՇ եւ ՀԱԿ անունները նույնացվել են վաղուց եւ շարժում, թե կոնգրես ասելով նույն ըմբռնումն էր քաղաքական դաշտում: Սա այն դեպքում, երբ Կոնգրեսի կազմում կային նաեւ այլ կուսակցություններ: Եվ կստեղծվի կազմկոմիտե՝ ՀԱԿԿ 1-ին համագումարի նախապատրաստման համար:
Ինչպես ՀՀ 1-ին նախագահը նշեց. «Չեմ ուզում, որ ՀՀՇ-ն լինի թանգարանային կուսակցություն… Պատմական արժեք լինելն ինձ համար մեծ վիրավորանք է, եթե կուսակցությունը հպարտանում է միայն իր պատմությամբ, ուրեմն՝ պատմություն այսօր չունենք, արժեք չունենք»: ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը նաեւ նշեց, որ 12 հազ. նոր ՀԱԿ-ականներից դժվար թե բոլորը անդամագրվեն վերակազմավորվող կառույցին, կեսը թողել գնացել է, «բայց պետք է նոր արյուն ներարկվի»: Արձանագրվեց նաեւ այն փաստը, որ ՀՀՇ-ում ավելի քան 95%-ը 50-ն անց է, իսկ «նման չարչարված տարիքում պետք է ազգ փրկե՞նք…»: «Մենք մնում ենք վերափոխված մաշկի մեջ»,- ասել է ՀԱԿ առաջնորդը եւ շեշտել, որ նորացված կուսակցությունը հավասարապես լինելու է ՀՀՇ-ի եւ ՀԱԿ-ի իրավահաջորդը: Միջազգային ասպարեզում էլ խնդիր չկա, քանի որ միջազգային փաստաթղթերում ՀՀՇ-ն ավելի շատ հիշատակվում է որպես Կոնգրես:
Եվ այսպես, ովքեր ընդունեցին համագումարի որոշումը, որ ՀՀՇ-ն անվանափոխվում է ՀԱԿ-ի, դարձան ՀԱԿ-ական, ինչպես համագումարի քարտուղար Սամվել Աբրահամյանը տեղեկացրեց, «ավտոմատ կերպով դառնում են ՀԱԿ կուսակցության անդամ»: Շատերը միմյանց ոգեւորում էին, թե ՀԱԿ-ը շուտով կդառնա հզոր ընդդիմադիր ուժ:
Մինչեւ վերակազմավորումը Լեւոն Տեր- Պետրոսյանը մի հայտարարություն էլ արեց՝ ասելով, թե «Վանո Սիրադեղյանի հեռանալուց հետո ՀՀՇ-ն դարձավ մի գեղա կլուբ», որը 2000-2007թթ. մասնակցեց ընտրությունների, բայց ունեցավ խայտառակ արդյունքներ, եւ «եթե չկա Կոնգրես, մնում ենք ՀՀՇ, մնում ենք նույն վիճակում, սա՞ է ձեր ցանկությունը»: Եվ եղավ այն ինչ եղավ՝ ցանկացան լինել ՀԱԿ:
Հ.Գ. – Թե Հայ ազգային կոնգրեսի ի՞նչն է ազգային, ցայսօր պարզ չէ:
Կարեն Բալյան
«Լուսանցք» թիվ 7 (270), 2013թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում



