Րաֆֆի Հովհաննիսյանը երկու էրնեկ մի տեղ է անում

Հայկական պարզ բարե՞ւ, թե՞ արեւմտյան նարնջագույն բարեւագիր

Դեռ հետընտրական գործընթացների առաջին ժամերին «Ժառանգություն»-ը հայտարարեց, թե բավարար հիմք կա ընտրությունները անվավեր ճանաչելու, չնայած վստահ ենք, Րաֆֆի Հովհաննիսյանը ստացած ձայների շուրջ 37%-ը Սերժ Սարգսյանի 58%-ի դիմաց հաստատ անսպասելի էր նաեւ այդ կուսակցության համար: Իհարկե, բոլորը նախընտրական շրջանում խոսում են հաղթանակից, սակայն հասկանում են, որ դա այդպես չէ եւ այդքան էլ հեշտ չէ հասնել դրան:

Առանց նսեմացնելու «Ժառանգության» հավաքած ձայների քանակը, պարզապես կանենք դիտարկումներ, որը միայն մեր տեսակետը չէ, այն է, ՀԱԿ-ի, ՀՅԴ-ի ու ԲՀԿ-ի մի ստվար ընտրազանգված ընդդեմ գործող նախագահի աշխատեց եւ քվեարկեց Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին: Սակայն դա «Ժառանգության» ընտրազանգվածը չէ, եւ շուտով ակնհայտ կլինի, որ անգամ չեն համալրելու այդ կուսակցության շարքերը: Իսկ ընդդիմության այսօրվա առաջատար ուժի երեւանյան ու մարզային քայլարշավները նաեւ այդ նպատակն են հետապնդում՝ ստվարացնել կառույցի շարքերը:

Անշուշտ, ընդդիմադիր այս ուժի «ձայնահավաքության» գործին նպաստեցին նաեւ իշխող կուսակցության չինովնիկները, հատկապես՝ մարզային, ովքեր միշտ վստահ են եղել, որ ընտրախախտումներով ամեն բան կկարգավորվի եւ այս անգամ էլ «անմրցակցային» հռչակված ընտրություններում որոշեցին անգամ գլուխ պահել՝ «մեկա շեֆը հաղթելուա» ասելով…

Ընտրությունների ընթացքում մշտապես վերանորոգվել են շենքերի տանիքներ, ասֆալտապատում եւ բակային հարդարումներ էլ են արվել ու էլի այսպիսի գործեր, նաեւ առանց «բազարի» փողեր են բաժանվել… Եվ տարիների ընթացքում ձեւավորվել է մի հոծ ընտրազանգված, որ իրոք զանգված է բառի բուն իմաստով եւ քվեարկելու է գնում միայն նախընտրական առեւտրից հետո: Իսկ այս անգամ առեւտուրը մեծ չափերի չհասավ, այստեղ եւս «գլուխ պահեցին» պետական չինովնիկները՝ վստահ լինելով «շեֆի հաղթանակին», իսկ առեւտրական զանգվածը ընտրաշահույթ չունենալով կամ քիչ համարելով ստացածը, «պատժեցին» նախագահին եւ «դարձան» ընդդիմադիրներ:

Հիմա, եթե ՀԱԿ-ի, ՀՅԴ-ի, ԲՀԿ-ի ընտրազանգվածին եւ նախագահին «պատժող» ընտրազանգվածին հանենք, ապա տակն ի՞նչ կմնա «Ժառանգությանը»… Հասկանալի է՝ շատ քիչ բան: Եվ ահա, այս քիչ բանը ունեցող քաղաքական ուժը, հասկանալի պատճառներով, փորձում է գոնե հետընտրական ժամանակահատվածում ավելին ստանալ՝ ի դեմս անդամագիր կուսակիցների: Դե միջազգային որոշ ուժերի էլ այսպիսով նաեւ «լավություն է արվում», ու ստացվում է՝ Րաֆֆի Հովհաննիսյանը երկու էրնեկ մի տեղ է անում…

Իսկ դրա համար նա Ազատության հրապարակում նոր ընտրություն պահանջեց: Գործող եւ վերընտրված նախագահին էլ հայտնեց, թե սպասում է հրապարակում, որպեսզի Սերժ Սարգսյանը գա ու բերի եւ իրեն հանձնի նախագահական աթոռը… ՀԿԿ 1-ին քարտուղար Ռուբեն Թովմասյանն իր մի հարցազրույցում ավելի պարզ եւ կոմունիստաբար էր նշել. «Նախագահի պաշտոնը խաղալիք չէ, որ լաց լինես, ասես տուր ինձ»:

Եվ ընտրություններում 2-րդ տեղը գրաված թեկնածուն հանկարծ նաեւ հիշեց եւ հայտնեց ժողովրդին, թե ժամանակին իրեն չլսեցին ու մերժվեց իր՝ 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգով նոր խորհրդարանական ընտրություններ անցկացնելու առաջարկը: Թերեւս սա «թեւավոր խոսք» է, գալիք ԱԺ ընտրությունների մասին եւս: Հիշեցում է՝ ընտրազանգվածին:

Նախագահ Սարգսյանի մամուլի խոսնակը հավաստիացրեց, որ նախագահը դեմ չէ հանդիպելու առաջարկին, պատրաստ է ամեն պահի ընդունել ընդդիմադիր գործչին եւ քննարկել առկա խնդիրները, մասնավորապես հստակեցնել ընտրության մասին անհասկանալի հայտարարությունները:

Ընդդիմադիր Հովհաննիսյանը հասկացավ, որ գործող նախագահը իր աթոռը չի բերելու հրապարակ եւ չի հանձնելու իրեն ու որոշեց ինքն անձամբ գնալ իշխանության փաստաթղթերի ետեւից:

Հանդիպումը շատ ջերմ էր, ըստ տեսաժապավենի, եւ իշխանական ու ընդդիմադիր նախկին թեկնածուները քննարկեցին իրենց առաջարկները: Րաֆֆի Հովհաննիսյանի միակ առաջարկին՝ հանձնել իշխանությունը կամ նոր ընտրություն անցկացնել, Սերժ Սարգսյանը, ըստ տեղեկատվության, «բավական կառուցողական մթնոլորտում» հետընտրական զարգացումների 3 տարբերակ է առաջարկել՝ 1. Ընդդիմադիր գործիչը դառնում է ընդդիմության նոր համախմբող բեւեռը եւ, որպես ընտրություններում 2-րդ տեղը զբաղեցրած թեկնածու, շարունակում է քաղաքական իր պայքարը: 2. Ընդդիմադիր գործիչն ու իր համախոհները գնում են արմատական քայլերի, բայց զգուշացնում է, որ պետք է պատրաստ լինեն նաեւ իրենց նկատմամբ նույնանման արմատական քայլերի ու

որոշումների իշխանության կողմից եւ 3. «Ժառանգությունը» համագործակցում է ՀՀԿ-ի հետ, եւ միասնական աշխատանքով լուծում են տալիս բոլոր հարցերին:

Այս զրույցից հետո տրամաբանական է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը նախ հանդիպեց ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնի, հետո ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ընտրությունների դիտորդական առաքելության ղեկավար, դեսպան Հայդի Թալիավինիի հետ: Այնուհետեւ՝ կոչ արեց բոլոր ընդդիմադիր ուժերին միանալ իրեն, բայց ինքը գնաց ՀՅԴ ղեկավարների՝ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի եւ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի հետ հանդիպման: Հետո միանգամից անցավ վերոնշյալ տարբերակներից 2-րդին՝ արմատական քայլերի: Երեւի 2-րդ տեղը եւ այդ թիվը ավելի հարազատական նմանություններ ունեն…

Մինչդեռ շատերն են նշում, որ արեւմտյան ընտրարշավի հետեւորդ Րաֆֆի Հովհաննիսյանը կարող էր հետընտրական շրջանում հաղթող կողմի հետ ձեռքսեղմումի կարեւոր նորամուծությունը աներ, բայց գնաց իր նախորդ բոլոր ընդդիմադիրների ճանապարհով: 5 անգամ նախագահական ընտրություններ են տեղի ունեցել Հայաստանում եւ բոլոր դեպքերում այդ ընտրություններին հաջորդել են որոշակի հետընտրական զարգացումներ՝ լարվածության առավել կամ նվազ դրսեւորումներով, որոշ դեպքերում՝ անգամ բախումներով եւ արյունահեղությամբ:

Այսպես «Ժառանգությունը» սկսեց հանրահավաքային պայքարը, որին միացան դաշնակցականները, ՀԱԿ-ից հեռացած կամ հիասթափված պատգամավորներն ու քաղաքական գործիչները, հասարակական կազմակերպությունների որոշ ներկայացուցիչներ, նույնիսկ նախագահի նախկին թեկնածուներ: Բայց հանրահավաքները այնքան մարդաշատ չէին, որ կարելի լիներ բարձրաձայնել նախագահի հրաժարականը, եւ ընդդիմադիրները որոշեցին շրջել մարզերով ու մարդկանց ապացուցել, որ իրենք տեր են կանգնում տրված ձայներին: Նաեւ՝ ինչպես վերը նշեցինք, «ժառանգականացնել» ՀԱԿ-ի, ՀՅԴ-ի, ԲՀԿ-ի ընտրազանգվածների մի մասին գոնե:

Եվ այս արշավը անվանվեց «բարեւի հեղափոխությունը» տարածելու գործընթաց: Արդեն քանի ամիս է Ռաֆֆի Հովհաննիսյանը առանց հոգնելու բարեւում է մարդկանց, նախընտրական բարեւները դարձան հետընտրական, հետո հանրահավաքային… հիմա էլ հանրահավաքում բարեւները դարձան «նարնջագույն ժապավեններ» ու որպես բարեւագիր բաժանվեցին: Հասկանալի է, որ նարնջագույն բարեւագիրը արեւմտյան հեղափոխական ալիք է նախանշում, բայց իրականում դրանք հեղաշրջման փորձերի, հետո փորձանքների են վերածվում:

Ինչեւէ բարեւաքաղաքականության այցերը Աշտարակ, Վանաձոր, Գյումրի, մի փորձ էր ցուցադրելու ընտրություններում հաղթած վայրերի նկատմամբ հատուկ վերաբերմունք, ինչը պիտի զարկ տար նոր ընդդիմադիր ալիքի, ինչը տեղի չունեցավ: Իսկ մայրաքաղաքի մի հանրահավաքում անգամ ընդհարումներ եղան մի խումբ մարդկանց հետ, ինչը որակեցին որպես սադրանք, չնայած այդ մարդիկ բացահայտորեն պատասխան էին պահանջում այդ խոսքերի համար: Դաշնակցական Արմեն Ռուստամյանը հայտարարեց, որ միասնական են, վճռական ու հաղթանակը չի ուշանա, ինչին ի պատասխան հավաքված մարդիկ վանկարկեցին «Միացում, միացում, միացում…»՝ նկատի ունենալով ՀՅԴ-ին, սակայն դա ակամա ՀՀՇ-ական հայտնի ժամանակների «միացումը…» հիշեցրեց: Չնայած հիմա բոլորովին այլ վիճակ է:

Գուցե ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի ներկայությու՞նը դա այդպես պատկերավոր դարձրեց: ՀԱԿ անդամը միանգամից իր խոսքն այսպես շարադրեց՝ «Պայմանով կամ նախապայմանով անգամ, չգնալ որեւէ պայմանավորվածության ապօրինի իշխանության հետ»: Իսկ սա շատ ծանոթ տեսակետ է, ՀՀՇ-ՀԱԿ-ական տեսակետ, ինչը ժամանակին ազդարարում էր՝ «Պայմանով կամ նախապայմանով չգնալ բանակցության մոնղոլ-թաթարական իշխանության հետ», սակայն խորհրդարանական ընտրությունների շեմին ՀԱԿ-ՀՀԿ բանակցությունները ՀԱԿ-ին ընձեռեցին 7% ընտրաձայնի հնարավորություն, եւ երկխոսությունը «ապօրինի իշխանության» հետ շարունակվում է նաեւ ԱԺ-ում: Անգամ ՀՀ 1-ին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը մի ելույթում «ոչ լեգիտիմ» Սերժ Սարգսյանին դիմեց նախագահ Սարգսյան դիմելաձեւով:…

ՀԱԿ-ը էն գլխից էր հայտարարել, թե մարտի 1-ին հանրահավաք է կազմակերպելու եւ գուցե խիստ անհրաժեշտ է, որ «Ժառանգությունը» մինչեւ այդ օրը սրի իրավիճակը եւ մի նոր մարտի մեկի մասին զրույցները դառնան իրականությու՞ն…

Գուցե Արեւմուտքի խնդրանք է սա՝ մինչեւ ՀՀՇ-ն վերակազմավորվի ՀԱԿ-ի:…

Մենք այս օրերին արծարծվող նոր «Մարտի 1-ի» կարիքը բոլորովին չունենք: Իսկ ով այն կրկնելու մասին դեռ մտածում է, ուրեմն իրավապահները լավ չեն կատարում իրենց գործը:

Այս դեպքում հարց ենք տալիս ՀՀ նախագահին, ի՞նչ է այս ամենը նշանակում, եթե Դուք չեք ընտրվել, եթե տեղական ու միջազգային դիտորդները ստել են, ապա զիջեք ՀՀ նախագահի աթոռը Րաֆֆի Հովհաննիսյանին, եւ թող մեր երկիրը գնա «Րաֆֆիի Հայաստանի» հունով: Բայց եթե ընտրվել եք ու բոլոր դիտորդներն էլ ճշմարիտ են եւ արդյունքներն էլ հավաստի, ապա ի՞նչն է խանգարում «Սերժի Հայաստանի» պաշտպանության համար անօրինական միջոցառումները կանխելուն եւ սադրանքներին իրավական արձագանք տալուն:

Եթե կան հայեր, ովքեր իրավունք են ճոճում, թե գունավոր հեղափոխություն ներմուծելու իրավունք կա, ապա կան նաեւ հայեր, ովքեր պահանջում են կարգուկանոն, ամեն բան ըստ օրենքի՝ հանրահավաքն էլ ըստ օրենքի, հանրահավաքի պաշտպանությունն էլ, չարտոնված հավաքների կանխումն էլ, իսկ ներքին ու արտաքին սադրանքները՝ առավել եւս:…

Թե չէ Րաֆֆի Հովհաննիսյանի ընտրական շտաբի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանն արդեն ելույթներ է ունենում մարտիմեկյան նախաբանով. «Ես չեմ կարծում, որ իշխանությունը ունի ռեսուրս կամ ցանկություն նոր մարտի 1 կազմակերպելու: Համենայն դեպս, հույս ունեմ, որ գործող նախագահը այնքան շրջահայաց կլինի, որ չի կրկնի նախորդ նախագահի հանցանքը»: Սրան հետեւել է նաեւ ոստիկաններին հրահանգներ տալը, թե ինչպես չարտոնված, բայց չգիտես ինչու սահմանադրորեն թույլատրելի հանրահավաքը պահեն-պահպանեն: Այ քեզ՝ բարեւ Հայաստան: Սա ամենապարզ նարնջագույն բարեւագիր է:

Ոստիկանությունը դեռ կտրուկ քայլերի չի գնում, բայց արձագանքել է ընդդիմադիր ուժի շտաբին: Մասնավորապես նշվել է, թե ոստիկանությունը հարկ է համարում նկատել, որ «Հավաքների ազատության մասին օրենքի 26-րդ հոդվածում ամրագրված՝ ինքնաբուխ եւ շտապ հավաքների անցկացման իրավունքը վերաբերում է բացառիկ իրավիճակներին, առանձին դեպքերին, եւ այդպիսի հավաքները պետք է ունենան իրապես հրատապ շարժառիթ, հակառակ դեպքում հրատապ կամ ինքնաբուխ հավաքի քողի ներքո կարելի է առանց իրազեկման անցկացնել իրազեկում պահանջող ցանկացած հավաք եւ դրանով իմաստազրկել ամբողջ օրենքը, ինչպես եւ իրազեկման նպատակը, որն է՝ հենց հավաքի բնականոն ու խաղաղ ընթացքի ապահովման եւ այլոց իրավունքների, ինչպես եւ հանրության շահերի պաշտպանության համար անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելը, որի ապահովումն անհնարին է դառնում կամ էապես դժվարանում է իրազեկման բացակայության պայմաններում, եւ դրանով էապես վտանգվում է նաեւ հենց հավաքի մասնակիցների, ինչպես եւ այլոց իրավունքներն արդյունավետ պաշտպանելու հնարավորությունը: Ոստիկանությունն ընդգծում է, որ օրենքի տարբեր դրույթները ամբողջական են: Չի կարելի սեփական շահերից ելնելով՝ մի դեպքում հղում անել դրանց մի մասին, մեկ այլ դեպքում՝ մյուս: Հետեւաբար, այսօրվա հավաքը եւս անօրինական է ու կարող է հանգեցնել վարչական պատասխանատվության»:

Իսկապես ակնհայտ է, որ ընդդիմադիրների մարզային hանդիպումները չեն հանգեցրել որեւէ նոր իրադրության առաջացմանը, որին անհրաժեշտ էր հրատապ արձագանքել, քանի որ քննարկման թեման, ինչպես եւ նախկին թեկնածու Հովհաննիսյանի նախընտրական ու հետընտրական մի շարք հավաքների ժամանակ, եղել եւ մնում են ընտրությունների արդյունքների սեփական գնահատականը եւ դրանից բխող գործողությունները:

Ուրեմն լարվածության հետագա առաջացումը պետք է կանխել ի սկզբանե: Հրապարակում բաժանվող նարնջագույն ժապավենները եւ մարտիմեկյան արծարծումները դա են հուշում: Եվ իրավապահները չպետք է բավարարվեն միայն հայտարարությամբ, թե «ապօրինի հավաքների անցկացումը կարող է հանգեցնել անկառավարելիության»:

Որպես լրագրող, կողմ եմ ազատություններին ու օրենքի կիրառմանը ամենուր: Իշխանափոխությանը եւս, եթե դա կատարված եւ հաստատված փաստ է: Բայց կարեւորում եմ նաեւ մեր երկրի ու ժողովրդի անվտանգությունը եւ մերժում եմ օտարների միջամտությունները մեր ներքին գործերին, ուստի ցանկանում եմ, որ ինչպես իշխանական, այնպես էլ ընդդիմադիր անօրինականությունները չխաթարեն մեր բոլորի անդորրը:

Արամ Ավետյան

Հ.Գ – ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտնել է, որ 1988 ընտրատեղամասից 1009-ում Րաֆֆի Հովհաննիսյանը ունեցել է վստահված անձիք, վերահաշվարկի ընդամենը 10 դիմում:

ԿԸՀ-ն ոչ մի դիմում-բողոք չի ստացել քվեարկության կասկածի հետ կապված: Հատուկ կցված կարծիքներ ըննդդիմադիր կողմը եւս չի ներկայացրել՝ քվեարկության արդյունքները չճանաչելու առումով:

«Լուսանցք» թիվ 7 (270), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում

This entry was posted in Հոդվածներ. Bookmark the permalink.