…Բայց գիտեք՝ քաղաքա-կրթ-ությունից մինչեւ քաղաքա-կրտ-ությունը մեկ քայլ է, ինչպես ազատությունից՝ սանձարձակությունը…
Պետք է նշեմ, որ նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի քարոզչության ոճն ու բովանդակությունը սկզբնական շրջանում անչափ հետաքրքիր էր՝ եւ՛ որպես նորություն, եւ՛ որպես մարդկանց հետ շփման երեւույթ:
Նույնիսկ մի քանի անգամ գնացի ականատեսը լինելու այս նորաձեւությանը: Լրագրող ընկերներս տարաբնույթ կարծիքներ էին հայտնել, ինչը անհասկանալի հարցեր էր առաջացրել: Եվ այդ պատճառով ինքս որոշեցի գոնե մի քանի անգամ «դիտորդ» աշխատել հասարակական հիմքերով:
«Դիտորդական առաքելությունը» հավաստեց ամենամեծ հարցականի առկայությունը, որը գործընկերներիս առաջին անհամաձայնությունն էր քաղաքական այս նորաձեւությանը: Իսկապես՝ կողքից նայողի համար այդ ամենը բեմադրված մի ներկայացում էր պարզապես, բայց ոչ երբեք զգացմունք, կամ թրթիռ գոնե: Անգամ պատահական անցորդների հետ գրկախառնությունը բեմականացված ծիսակարգ էր ներառում: Ահել թե ջահել գրկախառնվածներից ոմանք էլ քիչ անց դա համարում էին հերթական տարօրինակություն կամ օրվա ուրախության օրակարգի առաջին քննարկվող հարցը: Բայց ոչ թե գրկախառնվող թեկնածուին ընտրելու, այլ՝ «մե՜ ծըծաղ, մե՜ ուրախություն» կազմակերպելու համար:
Հիմա ոմանք շատ արագ կասեն՝ զարգացած չենք էլի, մարդը ոտքով ելել է ընտրարշավի, ցեխոտում է շալվարը, չենք գնահատում նրա մերձեցման քարոզարշավը: Չենք գնահատում, որովհետեւ արեմտյան արժեքներից հեռու ենք:
Բայց գիտեք՝ քաղաքա-կրթ-ությունից մինչեւ քաղաքա-կրտ-ությունը մեկ քայլ է, ինչպես ազատությունից՝ սանձարձակությունը:
Ավելի պարզեցնեմ՝ մարդամեջ մտնելը լավ ու գեղեցիկ հայկական ավանդույթ է, բայց մարդամեջ մտնելը քարոզարշավ չէ, ոչ էլ մի դերասանի թատրոն կամ փողոցային թատերական ներկայացում կամ այդպիսի մեկ այլ բան: Մարդամեջ մտնում են ամեն օր, մարդկանց հետ խոսում, օգնում կամ հասկանում են ամեն ժամ, ազգային հարցերով էլ ապրում են ամեն վայրկյան… Դա ապրելակերպ է՝ հայի առօրյա կեցակարգ, ու երբ այն վերածում են ընտրարշավի, դառնում է անընդունելի ու ծիծաղելի արեւմտյան արժեք (այնպես ինչպես գոնե ինձ համար արհամարհելի է ընտրարշավից ընտրարշավ Օբամայի մըքդոնալդասնունդի համտեսումը):
Այս նոր ձեւաչափը, ինչը որպես խառնուրդ-հիբրիդ փորձեց ներկայացնել նախագահի թեկնածու Րաֆֆի Հովյաննիսյանը, չկա ո՛չ Արեւմուտքում, ո՛չ էլ Հայաստանում: Նրանը զուտ ամերիկյան ոճ է: Իսկ քաղաքականության առումով սա նման է այն խառնուրդ-հիբրիդին, որը կոչում են ազգային-ժողովրդավարություն: Եվ թե՛ ազգայինի հերն են անիծում, թե՛ չեղած ժողովրդավարության:
Ազգն այլ հասկացություն է, ժողովուրդը՝ այլ, էլ չասենք հանրության ու հասարակության մասին: Ազգային քաղաքականությունն այլ բան է ասում, ժողովրդավարականը՝ մեկ այլ: Մարդամեջ մտնելը բոլորովին ուրիշ երեւույթ է, ընտրաձայն ստանալու համար մարդկանց գրկախառնվելը՝ բոլորովին այլ….
Ու երբ հանկարծ մեկը նկատում է այս ամենը, Րաֆֆին ասում է՝ «վախ կա»: Օրինակ՝ երբ Մեղրիում նախագահի նախկին թեկնածուն հարցրել է սահմանի տեղը, նրան պատասխանել են, որ եթե պատերազմի տարիներին սահմաններով հետաքրքրված ու այնտեղ եղած լիներ՝ կիմանար: Եթե սա նա համարում է վախի մթնոլորտ, ուրեմն թող միշտ այսպես վախեցած լինեն մեղրեցիք: Կամ՝ Գորիսում մի տարեց կնոջ ձեռքից լաթը վերցրել ու սկսել է նրա փոխարեն մաքրել խանութի շեմքը: Կինը նայել է, ոչ ճանաչել է, ոչ խոսել, ամեն ինչ ասել են նրա չռված աչքերը: Հա, գորիսեցիք էլ էին վախկոտ, Րաֆֆիի հետ հանդիպմանը ոչ ոք չի եղել: Մի ուրիշ տեղ էլ հեծանվավարին կանչել է թե՝ կա՛նգ առ, հեծանվի վարորդ ու միացի՛ր մեզ: Իսկ վարորդը քիչ է մնացել «պատին հագնի»: Այ սա՝ իսկապես վախից:
Անկեղծ լինելու համար ասեմ՝ շա՜տ կգնահատեմ Րաֆֆի Հովհաննիսյանի հասարակ մարդկանց հետ մերձեցումները, եթե նա տատիկի փոխարեն շեմքը լվանա, թանկարժեք շալվարը ցեխոտի, կարկանդակ ուտի ու Մալաթիայի շուկա մտնի՝ խաղող ուտելու, հետընտրական այս զարգացումներից հետո՝ առանց լրագրողների ուղեկցության:
Իմիջայլոց, քայքայիչ պաշտամունքից տուժածների վերականգնողական եւ օգնության կենտրոնի նախագահ Ալեքսանդր Ամարյանը, ով գիտակ է այս հարցերում, լրագրողներիս հետ հանդիպմանը նշեց, թե ՀՀ նախագահի թեկնածուներից մեկը աղանդավորական կառույցի ներկայացուցիչ է: Երեկ նա չցանկացավ նշել, թե ում մասին է խոսքը, այլ պարզապես ասաց, որ դրա մասին կխոսի, երբ ավարտվեն հետընտրական զարգացումները: «Մենք ուզում էինք նրա անունը հրապարակել մինչեւ ընտրությունները, բայց վախեցանք հակաքարոզչություն անել: Բայց նրա անունը ուղիղ կապ ունի հանրահավաքների հետ»:
Ա. Ամարյանը հիշեցրեց, թե Ուկրաինայում ինչ արեցին «Աստծո դեսպանատուն» կառույցի ներկայացուցիչները, 50 հազ. մարդ դուրս հանեցին: Ընդհանրապես բոլոր երկրներում գունավոր հեղափոխություն իրականացրել են աղանդավորական շարժումների մեջ գտնվող քաղաքական գործիչները»,- նշել է կենտրոնի նախագահը:
Երբ Ուկրաինայում կատարվեց գունավոր հեղափոխություն, այն ժամանակ այնտեղ «Աստծո դեսպանատուն» կառույցն էր գործում, իսկ հեղափոխությունից հետո այն անվանափոխվեց եւ Հայաստանում հայտնվեց որպես «Կենդանի հավատք» կառույցը: Հետագայում այս շարժումը դուրս է եկել «Աստծո դեսպանատուն» կառույցից եւ դարձել «Աստծո հարսնացուները»՝ ստեղծելով առանձին հավատք:
Սրանք նոր չեն գործում, արդեն մոտ 2 տարի է: Իսկ թե արեւմտյան քաղաքակրթություն ասվածը էլ ինչեր է «պարգեւում», ինչ սանձարձակություններ ու ապազգային «արժեքներ», բոլորս շա՜տ լավ գիտենք: Ինչի դեպ պայքարն էլ, ցավոք, բացակայեց ամբողջ քարոզարշավի ընթացքում:
Հայկ Թորգոմյան
«Լուսանցք» թիվ 7 (270), 2013թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում



