Էլ գող փիսո, էլ քաչալ շուն, չարի վերջն ու երազախաբություն…

…Զարմանալի է, բայց ինչպես մինչընտրական շրջանում էին Գագիկ Ծառուկյանի գործոնը կապում 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ապա եւ՝ 1-ի նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ, այնպես էլ հիմա կան որոշ փորձեր՝ «Ժառանգության» առաջնորդի հետընտրական քայլերի մեջ «քոչարյանական հետք» գտնելու: Երեւի շուտով նաեւ 1-ի նախագահի հետ կապված տեսակետներ կլինեն…

…Մի դիտարկվում կա նաեւ, որ ՕԵԿ-ը պաշտոնապես միայն օրեր անց, երբ անգամ օտարներն էին շնորհավորել, շնորհավորեց Սերժ Սարգսյանին: 6 հոգանոց պատգամավորական խմբակցություն, նաեւ անդամներ կառավարությունում ունեցող կոալիցիայի անդամ կազմակերպությունը խուսափու՞մ էր դա անել, թե՞ անդամները չեն արդարացրել իրենց եւ ամաչում էին…

Էլ գող փիսո, էլ քաչալ շուն, չարի վերջն ու երազախաբություն

Հետընտրական գործընթացներին արձագանքեցին նաեւ մյուս նախագահի թեկնածուները եւ քաղաքական շատ գործիչներ:

Ըստ նախկին թեկնածու Արման Մելիքյանի. «Րաֆֆին պետք է դադարեցնի այս կրկեսը», ինչը նրա համզմամբ նախապես ծրագրված եւ պայմանավորված է Սերժ Սարգսյանի հետ:

Անդրիաս Ղուկասյանը, չնայած հացադուլից հետո իր թույլ վիճակին, եկավ Ազատության հրապարակ եւ միացավ Րաֆֆի Հովհաննիսյանին, հորդորեց առանց հաջողության հասնելու չդադարեցնել պայքարը:

Վարդան Սեդրակյանը, ով հայտնել է, թե բուժման նպատակով պառկած է հիվանդանոցում, ասել է. «Րաֆֆին կլինի այն կամիկաձեն, ով կգնա իշխանության խարխլմանը», իսկ նրան միանալ-չմիանալու մասին՝ ոչ մի խոսք:

Պարույր Հայրիկյանը նույնպես հիվանդանոցից հայտատարարեց, թե չի կարող միանալ Ռաֆֆիին, քանի որ շատ հարցերում տարբեր տեսակետներ ունեն: Նա երեւի ակամա հասկացնում էր, որ միավորման կոչով ինքը դիմել էր մինչեւ ընտրությունները, ինչն, իր կարծիքով, հաղթելու մեծ հնարավորություն կտար միասնական թեկնածուին, բայց ոչ ոք չարձագանքեց:

Հրանտ Բագրատյանը, կարելի է ասել, կիսով չափ միացավ ընդդիմադիր պայքարին եւ այն էլ մի պահ, բայց, կարծում է, իշխանությունները կարող են վիճակը փոխել. «Ի՞նչու Րաֆֆի Հովհաննիսյանին չտալ բոլոր վճռական ու աներկբա հնարավորությունները երկիրը կարգի բերելու: Ձեւաչափը կարելի է համաձայնեցնել: Ի՞նչու վերջապես չհայտարարել նոր ընտրությունների, այդ թվում՝ նաեւ ԱԺ ընտրությունների մասով: Հավատում եմ, որ մի բան ստացվելու է…»:

Իսկ հաղթողը՝ Սերժ Սարգսյանը, ընդունել է Րաֆֆի Հովհաննիսյանին նախագահականում եւ հասկացրել, որ հավաքած կես միլիոն ձայները ընդդիմության ձայներն են, առավելապես ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի եւ ՀՅԴ-ի, եւ «Ժառանգություն»-ը պետք է սա լավ հասկանա: Իսկ ընդդիմադիր կողմին առաջարկել է 3 տարբերակ ընտրել, մնալ արմատական ընդդիմություն, որպես ընդդիմադիր ուժ համագործակցել իշխանության հետ, կամ մաս կազմել միասնական կոալիցիայի:

Րաֆֆի Հովհաննիսյանը ընտրեց արմատական ընդդիմությունը, անգամ իր կառավարության կազմը հրապարակեց, եւ «Բարեւ»-ի հեղափոխոություն ազդարարեց՝ քայլարշավներ սկսելով մայրաքաղաքում ու մարզերում:

Քաղաքական գործիչներից Լեւոն Տեր-Պետրոսյանը պարզ արտահայտվեց, որ ընդդիմադիր ալիքը ժողովուրդն է նախաձեռնել, ոչ թե Րաֆֆին, այդ իսկ պատճառով ինքը կսպասի իրական ծավալումներին:

ՀՀ 1-ին նախագահի նախկին կուսակից եւ խնամի Դավիթ Շահնազարյանը կոչ է հղել Սերժ Սարգսյանին եւ Րաֆֆի Հովհաննիսյանին՝ անհապաղ վերսկսել երկխոսությունը՝ հասկանալով, որ ընդդիմադիր կողմը տանուլ է տալիս արդեն, քանզի միջազգային ճանաչումները ի չիք են դարձնում նախագահին ճնշելու հնարավորությունները: Զգուշացրել է, որ կողմերը կարող են կորցնել վերահսկողությունը ապագա զարգացումների նկատմամբ, ինչի հետեւանքները ծանր կլինեն բոլորի համար:

Դեռ ՀՀՇ նախագահ եղած ժամանակ Արամ Մանուկյանը հայտարարեց, թե իրենք չեն ճանաչում ԿԸՀ հրապարակած պաշտոնական տվյալները, բայց չեն կանգնում Րաֆֆիի կողքին. «Մենք ուզում ենք իմանալ՝ ի՞նչ է առաջարկում, ի՞նչ է ուզում նա, ինքը դուրս է բերել ժողովրդին հրապարակ, ի՞նչ խնդիր է ուզում լուծել: Չենք ընդունում այն տարբերակը, որ հաղթող թեկնածուն պիտի գնա նախագահի մոտ՝ անընդհատ շեշտելով «նախագահ» բառը: Ի՞նչ խնդիր է դրված այսօրվա շարժման առաջ: Եթե ինքը հայտարարի իշխանափոխության մասին եւ դրան ուղղված քայլեր անի, ապա այդ ժամանակ կաջակցեմ նրան: Եթե ես նպաստելու եմ, որ ինքը դառնա Երեւանի քաղաքապետ կամ քաղաքապետի տեղակալ կամ նոր ԱԺ ընտրություններ նշանակվեն, ապա ես դա չեմ ընդունում, սուսիկ-փուսիկ իշխանափոխության չեն գնում, բոլորն են զգում, որ կոնկրետություն չկա նրա քայլերում»:

ՀԱԿ պատգամավոր (ով նույնպես ցանկություն ուներ նախագահի թեկնածու առաջադրվելու) Նիկոլ Փաշինյանը կանգնել է ներկա ընդդիմադիր առաջնորդի կողքին եւ անգամ շտապեցնում է կառավարություն կազմելու եւ իշխանությունը լիովին վերցնելու համար. «Բոլոր հիմքերը կան Հայաստանում իշխանափոխության գործընթաց սկսելու համար»:

Իսկ վերակազմավորված եւ ՀՀՇ-ից լիովին ՀԱԿ դարձած կուսակցությունը, ինչպես վայել է հին բարի ժամանակների ոճին՝ հայտարարեց. «Կայացած նախագահական ընտրություններում իշխանությունը հերթական անգամ օգտագործեց ընտրակեղծիքների իր ողջ պոտենցիալը: Արդյունքները ոչ մի կապ չունեն իրականության հետ: Դա նոր մի անպատվություն էր ՀՀ ժողովրդի նկատմամբ, նրա իրավունքների եւ արժանապատվության ոտնահարում: Ինչպես եւ բնական ու սպասելի էր, դրա հասարակական հակազդեցությունը պիտի լիներ համաժողովրդական բողոքի նոր ալիքի բարձրացումը»: ՀԱԿ խմբակցությունը կօգտագործի ԱԺ-ի կանոնակարգով նախատեսված ընթացակարգերը, մասնավորապես հայտարարությունների ժամը՝ ԱԺ ամբիոնից դիրքորոշումները հնչեցնելու նպատակով:

ԲՀԿ քաղաքական խորհուրդը եւս հայտարարություն է տարածել, որով կոչ է անում իշխանություններին եւ ազդեցիկ քաղաքական ուժերին՝ ցուցաբերել խոհեմություն, փոխադարձ հանդուրժողականություն ու վճռականություն՝ ժողովրդի եւ պետության առաջ ծառացած խնդիրները լուծելու համար: Հայտարարությունում հիշեցրել են, որ ԲՀԿ-ն չի առաջադրել սեփական թեկնածու եւ չի պաշտպանել թեկնածուներից որեւէ մեկին, «բայց հետընտրական զարգացումները վկայում են, որ մեր երկրում առկա է ընտրական համակարգի նկատմամբ հասարակական անվստահության մթնոլորտ»: ԲՀԿ-ն չի հերքել, որ կա դժգոհություն, եւ երկրում կուտակված բազմաթիվ խնդիրները շարունակում են մնալ չլուծված: Իրենց խոսքերով՝ ԲՀԿ-ն եղել ու մշտապես լինելու է ժողովրդի կողքին: Բայց դա ինչպե՞ս է արել ԲՀԿ-ն՝ մինչեւ վերջերս իշխանական կոալիցիաներում եղած ժամանակ… շատ անհասկանալի է, քանի որ այդ դժգոհությունները նաեւ իրենց մեղքով են եղել: Ինչեւէ, ԲՀԿ-ն կոչ է անում ազդեցիկ քաղաքական ուժերին՝ ձեռնամուխ լինել ժողովրդավարական, քաղաքական ու տնտեսական անհետաձգելի բարեփոխումների մեծ օրակարգի ձեւավորմանը եւ իրականացման ճանապարհային քարտեզի մշակմանը:

ՀՅԴ պատասխանատուներից Արմեն Ռուստամյանը մասնակցեց «Ժառանգության» հանրահավաքին, հավաստեց, որ իրենք միասնական են եւ պետք է այս պայքարն ավարտին հասցնեն: Մինչ ընտրությունը ՀՅԴ-ն կոչ էր արել գնալ ընտրության եւ ձայն չտալ իշխանության թեկնածուին: Այսինքն՝ Դաշնակցությունը իշխանափոխության կոչ արեց վերստին եւ կսպասի առաջիկա քայլերին:

Իսկ ՀԿԿ առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը կոմունիստական զայրույթով նշել է, որ «նախագահի ինստիտուտն այնքան է էժանացել, որ տեղից վեր կենողն ասում է՝ ես առաջադրվելու եմ նախագահի թեկնածու, տո, հացադուլով նախագա՞հ են առաջադրվում կամ գալիս հասնում են վերջին օրն ու հանո՞ւմ թեկնածությունը կամ նման այլ բաներ… Նպատակը ո՞րն էր»: Ապա շարունակել է, թե ոչ ոք չէր պատկերացնի, անգամ հենց Րաֆֆին, որ այդքան քվե կստանա: Հիմա էլ չգիտի ինչ անի, հանդիպում է այլ երկրների դեսպաններին: Ի՞նչ գործ ունեն նրանք մեր պետության ներքին խնդիրների հետ:

ՀԱԿ անդամ Գուրգեն Եղիազարյանն էլ զարմացած է. «Րաֆֆին ոչ մի միտք չի ասում, չեմ հասկանում, թե ինչ է ուզում անել, նաեւ ծրագրային որեւէ դրույթ չի ներկայացրել, չնայած հարթակից ներքեւ տեսնում եմ երիտասարդների, որոնք լեցուն են վճռականությամբ»: Հետո նշել է, թե ընդդիմադիր Հովհաննիսյանին ձայն են տվել նրանք, «ովքեր ձեռքները գցում էին փրփուրներից, նաեւ ՀԱԿ-ի կողմնակիցները»: Նա Րաֆֆիին չի համարում առաջնորդ ու չի կարծում, որ կարող է ինչ-որ տեղ տանել մարդկանց, ու այս շարժումը կարող է հաջողության հասնել, եթե միանան այլ ուժեր:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանը հայտարարել էր, թե Րաֆֆիին ձայն են տվել արեւմտյան լիբերալ արժեքների կրողները, համասեռամոլներն ու աղանդավորները, իբրեւ սա է այսօրվա ընդդիմության ընտրազանգվածը: ՀՀԿ-ից պաշտոնապես չեն հաստատել կամ հերքել այս ասածները: Բայց «Ժառանգության ներկայացուցիչ Ստեփան Սաֆարյանը պատասխանել է եւ մասնավորապես նշել, որ հարցն այն չէ, թե ովքեր են ընտրել, այլ այն, որ չի կարելի մտնել մարդկանց անձնական կյանք ու անկողին, իսկ եթե Հայկը ցանկանում է նեղանձնական խորհուրդներ տալ, ապա պետք է նախ իր մասին խոսի, թե կնոջ հետ անկողնում ինչ դիրքերով է լինում:

ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանը նույնպես հայտարարություն է արել. «…Չեմ կարող մտածել, որ սա փոխադարձ պայմանավորված մի խաղ է, քանզի դա նախեւառաջ վիրավորանք կդիտվեր բազմահազար ընտրողների եւ մեր բոլորի նկատմամբ: Չեմ կարող մտածել, որ սա երկու գործիչների անհանդուրժողականության ու եսակենտրոնության հետեւանք է, որովհետեւ Սերժ Սարգսյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը հավասարակշռված մարդիկ են: Չեմ ցանկանում մտածել անգամ, որ իշխանական եւ ընդդիմադիր քաղաքական ուղղությունների առաջնորդները միմյանց հակառակ միջազգային ռազմա-քաղաքական բեւեռների բախման կիզակետում են հայտնվել… Բայց նաեւ չեմ բացառում, որ դա կարող է լինել, ինչը նրբանկատորեն կարողանում են «սարքել» օտար ուժերը մեր երկրում, բոլորիս թիկունքում» (հայտարարությունն ամբողջությամբ տե՛ս էջ 2-ում):

Պայքարը տեղափոխվել է նաեւ խորհրդարան: ԱԺ-ում Հանրապետական եւ «Ժառանգություն» խմբակցությունների անդամների միջեւ եւս եղան «փոխհրաձգություններ»: «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը հայտարարեց, որ շնորհավորում է հայ ժողովրդին՝ Րաֆֆի Հովհաննիսյանին ընտրելու կապակցությամբ եւ սահմանադրության շրջանակներում ամեն ինչ արվելու է, որ ժողովրդի քվեով դե-ֆակտո ընտրված նախագահը իրավական ձեւակերպմամբ ամրապնդի վերջապես ժողովրդի քվեով նախագահ ընտրվելու ավանդույթը»: Իհարկե սա անարձագանք չմնաց, եւ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը պատասխանեց, որ ՀՀ նախագահ ընտրվել է Սերժ Սարգսյանը, նշեց, որ այլ հարցերի չի անդրադառնա, պարզապես կասի. «Չարի վերջը գալու է, չարություն մի արեք»: Այս հեռակա երկխոսությանը միացավ նաեւ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը եւ «Ժառանգության»՝ «Կեցցե՛ Հայաստանը» կոչին արձագանքեց. «Հայաստանը մի՛շտ կեցցե, եւ սերն է որ կփրկի աշխարհը»:

ԱԺ-ի նախագահ Հովիկ Աբրահամյանն էլ հայտարարեց. «Մենք հարգում ենք 539 հազ. այն քաղաքացիներին, ովքեր ձայն են տվել Րաֆֆի Հովհաննիսյանին, եւ խնդրում ենք՝ դուք էլ հարգեք այն 861 հազ. քաղաքացիներին, ովքեր ձայնը տվել են Սերժ Սարգսյանին», չնայած հետո հավելեց, թե պետք է վերջ տալ զոռբայությանը, քանի որ դրանք Րաֆֆի Հովհաննիսյանի ձայները չեն, ընդդիմության ձայներն են մեկտեղված: «Այդ ձեւաչափում Րաֆֆին դարձավ ընդդիմության թեկնածուն եւ ստացավ այդքան ձայն: Համամիտ եմ նրանց հետ, ովքեր զարմացել են ստացած այդքան ձայների համար, իրոք, զարմանալու տեղիք կա»,- ԱԺ ամբիոնից հայտարարեց Հովիկ Աբրահամյանը՝ մեկ անգամ էլ հորդորելով հարգել նաեւ նախագահ Սարգսյանին ձայն տված քաղաքացիներին:

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը վերստին նշել է, թե 2012թ. սեպտեմբերից մինչեւ 2013թ. փետրվար սոցիոլոգիական հարցումներ է արել, որոնք ցույց են տվել, որ նախագահական ընտրություններում հաղթելու է Սերժ Սարգսյանը. «Գուցե Րաֆֆի Հովհաննիսյանը երազ է տեսել, որ նախագահ է ընտրվել ու հույսեր ունի, բայց իրականությունն այն է, որ նա երազախաբ է եղել եւ հուսալքվել է»: Սոցիոլոգը ընդդիմադիր գործչին նմանեցնում է Դոն Քիշոտին, ով ցանկանում է պաշտպանել մարդկանց ազատությունն ու օրինականությունը: «Ընտրություններում 2-րդ տեղը գրաված Հովհաննիսյանը մտել է դերի մեջ եւ վախենում է դուրս գալ այդ դերից», բայց նա իրավունք չունի ժողովրդին հուսախաբ անելու եւ դեպի փակուղի տանելու, նրա կողմից ամենաճիշտ քայլը կլինի ընտրությունների արդյունքները ճանաչելը:

Շատ կարծիքներ չնշվեցին, սակայն իրականում ամբողջ քաղաքական դաշտը արձագանքել է, ինչպեսեւ՝ զլմ-ներն են տարաբնույթ անդրադարձեր ունեցել: Հատկապես նշվել է, որ մասնագիտությամբ իրավաբան Րաֆֆի Հովհաննիսյանը թույլ է նաեւ իրավագիտությունից, քանզի ի՞նչ ակնկալել մի մարդուց, ով վստահ է, թե 58% ձայներ հավաքած գործող նախագահը, որի հաղթանակն ընդունել են նաեւ միջազգային դիտորդները, պետք է գա ու «երկնագույն սկուտեղի» վրա նախագահի աթոռը հանձնի 37% ձայն հավաքած թեկնածուին:

Նարե Մշեցյան

Արման Դավթյան

Հ.Գ. -1 – Զարմանալի է, բայց ինչպես մինչընտրական շրջանում էին Գագիկ Ծառուկյանի գործոնը կապում 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ապա եւ՝ 1-ի նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ, այնպես էլ հիմա կան որոշ փորձեր՝ «Ժառանգության» առաջնորդի հետընտրական քայլերի մեջ «քոչարյանական հետք» գտնելու: Երեւի շուտով նաեւ 1-ի նախագահի հետ կապված տեսակետներ կլինեն:

Մի դիտարկվում կա նաեւ, որ ՕԵԿ-ը պաշտոնապես միայն օրեր անց, երբ անգամ օտարներն էին շնորհավորել, շնորհավորեց Սերժ Սարգսյանին: 6 հոգանոց պատգամավորական խմբակցություն, նաեւ անդամներ կառավարությունում ունեցող կոալիցիայի անդամ կազմակերպությունը խուսափու՞մ էր դա անել, թե՞ անդամները չեն արդարացրել իրենց եւ ամաչում էին:

Հ.Գ. -2 – Չաշխատող ձախողողները

Սերժ Սարգսյանը հավաքել է երկրի նախարարներին եւ շուտով բոլորն էլ կգրեն իրենց դիմումները՝ սպասելով՝ կվերադառնա՞ն իրենց աշխատանքին, թե՞… Նոր կառավարությունում էլ նոր հաստիքներ կավելանան: Նորանշանակ վարչապետն այսուհետ 3 տեղակալ կունենա՝ մեկ 1-ին տեղակալ եւ երկու այլ տեղակալներ:

ԱԺ նախագահ, ՀՀԿ նախընտրական շտաբի պետ Հովիկ Աբրահամյանը չի բացառել, որ այն մարզպետները, ովքեր նախագահական ընտրությունների ժամանակ թերացել են, կհեռացվեն աշխատանքից. «Մենք ըստ աշխատանքի պետք է գնահատենք բոլորին»: Պաշտոնանկություններն ու նկատողությունները սկսված են, եւ նախագահը դժգոհել է հատկապես այն պաշտոնյաներից, ովքեր հանրության շրջանում ակնհայտ ցածր վարկանիշ ունեն. «Ով չի աշխատում, պիտի գնա: Մարդիկ ձախողում են ամեն ինչ»:

«Լուսանցք» թիվ 7 (270), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում

This entry was posted in Հոդվածներ. Bookmark the permalink.