Մարմնամարզիկները ի հայտ բերեցին բացարձակ չեպիոններին
Սպորտային մարմնամարզության Հայաստանի 2013թ. առաջնությունում բացարձակ չեմպիոն են հռչակվել՝ կանանցից Անահիտ Թադեւոսյանը, տղամարդկանցից՝ Արթուր Դավթյանը: Արծաթե մեդալների են արժանացել համապատասխանաբար Անի Թունյանը եւ Սերոբ Սողոմոնյանը, իսկ բրոնզե՝ Արփինե Թադեւոսյանը եւ Վահան Վարդանյանը:
Տղաները մրցել են նաեւ 6 գործիքների վրա: Ազատ վարժությունում, հենացատկում եւ պտտաձողի վրա հաղթել է Արթուր Դավթյանը, նժույգ թափերում՝ Վահագն Ստեփանյանը, զուգափայտերի վրա՝ Սերոբ Սողոմոնյանը, օղակների վրա՝ Վահագն Դավթյանը:
Կանանց առանձին մրցաձեւերում չեմպիոն են դարձել Անահիտ Թադեւոսյանը (հենացատկ, հավասարակշռության գերան, զուգափայտ) եւ Անի Թունյանը (ազատ վարժություններ): Առաջնության գլխավոր մրցավարն է եղել օլիմպիական եռակի չեմպիոն Ալբերտ Ազարյանը:
Նշենք, որ առաջնությանը մասնակցել է 60 մարզիկ-մարզուհիներ Երեւանից, Գյումրիից եւ Էջմիածնից: Մրցաշարի արդյունքների հիման վրա կձեւավորվի սպորտային մարմնամարզության Հայաստանի մեծահասակների հավաքականը, որը ապրիլին կմասնակցի Մոսկվայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը:
Ավարտվեցին սամբոյի պատանիների եւ երիտասարդների առաջնությունները
Ավարտվել են ՀՀ սամբոյի պատանիների եւ երիտասարդների առաջնությունները՝ նվիրված Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի պետական մարմնի հիմնադրման 90-ամյակին:
Պատանիների առաջնությանը մասնակցել են Երեւանի, Կոտայքի, Տավուշի, Լոռու, Շիրակի, Արարատի, Արմավիրի մարզերի եւ Արցախի հավաքական թիմերը, ընդհանուր հաշվով՝ 167 մարզիկ: Երիտասարդների առաջնությանը մասնակցել են Երեւանի, Կոտայքի, Տավուշի, Լոռու, Շիրակի, Արարատի մարզերի, Արցախի եւ ԲԿՄԱ-ի հավաքական թիմերը՝ 62 մարզիկով:
Հաղթողներ են դարձել պատանիներից՝ Դավիթ Խաչատրյանը (48 կգ, Նոր Հաճն), Կարեն Մինասյանը (52 կգ, Գյումրի), Ստեփան Սարգսյանը (56 կգ, Գյումրի), Գրիգոր Նիկողոսյանը (60 կգ, Գյումրի), Հարություն Առաքելյանը (65 կգ, Գյումրի), Արթուր Հովհաննիսյանը (70 կգ, Երեւան), Գառնիկ Սարոյանը (75 կգ, Սպիտակ), Սամվել Հակոբյանը (81 կգ, Երեւան), Էդիկ Պետրոսյանը (87 կգ, Սպիտակ) եւ Ալբերտ Սարգսյանը (+87 կգ, Աբովյան):
Երիտասարդներից հաղթողներ են դարձել Ջիվան Ղազարյանը (48 կգ, ԲԿՄԱ), Գրիգոր Մխիթարյանը (52 կգ, ԲԿՄԱ), Մաքսիմ Մանուկյանը (57 կգ, ԲԿՄԱ), Արթուր Սահակյանը (62 կգ, Գյումրի), Ռաֆիկ Մանուկյանը (68 կգ, ԲԿՄԱ), Արթուր Մանուկյանը (74 կգ, Վանաձոր), Մինաս Մադոյանը (82 կգ, Երեւան), Սեյրան Սահակյանը (90 կգ, ԲԿՄԱ), Ռազմիկ Հովհաննիսյանը (100կգ, Վանաձոր) եւ Գարեգին Կիրակոսյանը (+100 կգ, Աբովյան):
Հաղթողները պարգեւատրվեցին համապատասխան կարգի դիպլոմներով, մեդալներով եւ պարգեւավճարով: Առաջնությունների արդյունքների հիման վրա կձեւավորվեն ՀՀ սամբոյի պատանիների եւ երիտասարդների հավաքականները, որոնք ապրիլին Կիպրոսում մասնակցելու են Եվրոպայի առաջնությանը:
Լավագույն մարզիկների «մեղավորը» հայկական բանակն է
Երեւանում ավարտվել է Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի երիտասարդների առաջնությունը՝ նվիրված Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի պետական մարմնի հիմնադրման 90-ամյակին, որին մասնակցել է 136 մարզիկ:
Տարբեր քաշային կարգերում Հայաստանի չեմպիոն են դարձել Խորեն Թեմուրյանը (50 կգ, Երեւան), Արտակ Հովհաննիսյանը (55 կգ, Արմավիր), Աշոտ Վելիցյանը (60 կգ, Տաշիր), Արմեն Ալեքյանը (66 կգ, Վանաձոր), Գեւորգ Համբարձումյանը (74 կգ, ԲԿՄԱ), Շամիր Աթայանը (84 կգ, ԲԿՄԱ), Ռազմիկ Պողոսյանը (96 կգ, Վանաձոր), Համլետ Աբրահամյանը (120 կգ, Երեւան):
Առաջնության գլխավոր մրցավար, միջազգային կարգի մրցավար Լեւոն Վարդանյանի խոսքերով՝ մասնակից 136 մարզիկներից 34-ը պատանիների ավագ տարիքի մարզիկներ էին: Նրանցից 3-ը դարձել են հաղթողներ, ինչը, Լ. Վարդանյանի տեղեկացմամբ, պայմանավորված է այն փաստով, որ լավագույն երիտասարդ մարզիկներից շատերը ծառայում են հայկական բանակում:
Լեւոն Արոնյանը մեկնեց Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք
Հայ շախմատիստը աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարից առաջ ավարտեց եզրափակիչ, երկարատեւ ուսումնամարզական հավաքը Հայաստանում՝ Ջերմուկում ու Ծաղկաձորում, եւ իր օգնականների հետ մեկնել է Լոնդոն: Նա մեկնարկային երկու խաղն անցկացնելու է սպիտակներով: 1-2-րդ փուլերում հայ գրոսմայստերը սպիտակներով կխաղա Մագնուս Կառլսենի եւ Բորիս Գելֆանդի, իսկ վերջին փուլում՝ կրկին սպիտակներով, ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովի հետ:
Վերսկսեց ֆուտբոլի Հայաստանի առաջնության բարձրագույն խմբի մրցաշարը
Կայացել են 33-րդ փուլի հանդիպումները. «Միկա»-«Բանանց»՝ 2:0, «Ուլիս»-«Արարատ»՝ 1:0, «Գանձասար»-«Իմպուլս»՝ 2:1, «Շիրակ»-«Փյունիկ»՝ 0:1: Հաղթանակ տոնելով՝ Երեւանի «Միկա»-ն վաստակած միավորների քանակը հասցրեց 69-ի եւ հավասարվեց մրցաշարային աղյուսակը գլխավորող Գյումրիի «Շիրակ»-ին: Հետնապահները Երեւանի «Արարատ»-ն ու «Բանանց»-ն՝ 24-ական միավորով:
Կապանի «Գանձասար»-ը եւ Երեւանի «Փյունիկ»-ը հաղթանակներից հետո վաստակեցին համապատասխանաբար 51 եւ 49 միավոր եւ շրջանցեցին 3-րդ տեղում գտնվող Դիլիջանի «Իմպուլս»-ին (48 միավոր): Հանրապետության չեմպիոն Երեւանի «Ուլիս»-ը 35 միավորով 6-րդ հորիզոնականում է:
Կայացան Հայաստանի գավաթի ղարկության հանդիպումները
ՀՀ ֆուտբոլի գավաթի քառորդ եզրափակչի պատասխան հանդիպումները՝ «Գանձասար» (Կապան)-«Ալաշկերտ» (Մարտունի)՝ 1:0, «Իմպուլս» (Դիլիջան)-«Փյունիկ» (Երեւան)՝ 0:3, «Միկա» (Երեւան)-«Ուլիս» (Երեւան)՝ 2:0 հաշվով, «Արարատ» (Երեւան)-«Շիրակ» (Գյումրի)՝ 0:0:
Կիսաեզրափակիչ դուրս եկան «Գանձասար»-ը, «Փյունիկ»-ը, «Միկա»-ն եւ «Շիրակ»-ը:
Գագիկ Ծառուկյանը վերընտրվել է ՀԱՕԿ-ի նախագահ
Գագիկ Ծառուկյանը 2-րդ անգամ վերընտրվել է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ: Երեւանում ՀԱՕԿ-ի հաշվետու-ընտրական համաժողովի բոլոր 116 մասնակիցները իրենց ձայնը տվել են նրան, ով եւս 4 տարի կզբաղեցնի այդ պատասխանատու պաշտոնը:
Չեն փոխվել նաեւ Գագիկ Ծառուկյանի 3 տեղակալները: Նրանք են օլիմպիական չեմպիոն, ծանրորդ Օգսեն Միրզոյանը, ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը, Երեւանի Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի ռեկտոր Վահրամ Առաքելյանը:
Եվրոպայի չեմպիոնուհին երազում է ներկայացնել Հայաստանը
Բրազիլական ջիու-ջիթսու մարտարվեստի Եվրոպայի չեմպիոն Ելենա Խաչատրյանի երազանքը Հայաստանի դրոշի ներքո աշխարհի չեմպիոն դառնալն է: 27-ամյա Ելենան Գերմանիայում բրազիլական ջիու-ջիթսու մարտարվեստի բաց ու փակ առաջնությունների չեմպիոն է եւ այդ երկրի դրոշի տակ է դարձել Եվրոպայի չեմպիոն: Նրան Գերմանիայից հիմա էլ առաջարկում են վերադառնալ, շարունակել մարզումները Ֆրանկֆուրտի թիմում եւ Գերմանիան ներկայացնել բրազիլական ջիու-ջիթսուի աշխարհի առաջնությանը, բայց Ելենան չի համաձայնում եւ 3 տարի շարունակ Հայաստանում դեռեւս ապարդյուն հովանավոր է փնտրում: Այս 3 տարվա ընթացքում Ելենան իրեն հովանավորելու խնդրանքով նույն նամակը Գագիկ Ծառուկյանին ուղարկել է այն բոլոր տեղերը, որտեղ հնարավոր է կապ հաստատել վերջինիս հետ. Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտե, Ազգային ժողով, «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն, նույնիսկ՝ Կոնյակի գործարան: «Քանի որ ես ոչ մի պատասխան չեմ ստանում, ըստ այդմ հասկանում եմ, որ իմ նամակները տեղ չեն հասնում, որովհետեւ կարելի է նաեւ գրավոր կամ հեռախոսազանգով ասել, որ հետաքրքրված չեն. «Թեեւ, անկեղծ ասած, ինձ շատ քիչ բաներ կարող են զարմացնել, բայց նման բանը ինձ հաստատ կզարմացնի, որ, ասենք, այդքանից հետո չփորձեն զանգահարել ու ասել օրինակ՝ «մենք հետաքրքրված չենք»»,- ասել է Ելենա Խաչատրյանը:
Նա կարծում է, որ ինչպես սովորաբար լինում է ջիու-ջիթսու մարտարվեստում, ինքն էլ մինչեւ 30-33 տարեկանը կկարողանա դուրս գալ գորգ եւ հաղթել: Ելենան ընդհանուր սպորտի մարզչի մասնագիտություն է ստացել Գերմանիայի սպորտի ինստիտուտում: Նա սկսել է մարտարվեստով մարզվել 15 տարեկանում Էջմիածնում, իսկ 1 տարի անց դարձել Հայաստանի ջիու-ջիթսու մարտարվեստի բաց առաջնության չեմպիոն:
Այժմ նա աշխատում է պետական ուսումնական հաստատության անվտանգության ծառայությունում որպես անվտանգության աշխատակից: Անվտանգության ծառայության մնացած բոլոր աշխատակիցները տղամարդ են: Ելենայի պարտականությունն է պահպանել կարգուկանոնը, կանխել ուսանողների շրջանում վեճերն ու միջադեպերը: Անվտանգության տղամարդ աշխատակիցները հրազեն են կրում են, իսկ նա՝ էլեկտրաշոկ ու մահակ եւ չի տիրապետում հրազենի:
Հայ ֆուտբոլիստը հնարավոր ծագող աստղ
Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ եւ Մոսկվայի «Սպարտակ» թիմի հարձակվող Յուրա Մովսիսյանը հրաշալի խաղ է ցուցադրում Ռուսաստանի առաջնությունում: Մոսկովյան թիմի դեմ խաղացող հակառակորդ ակումբների մարզիչների մեծ մասը Յուրային չեզոքացնելու առումով նշում են, որ «Մովսիսյանին ամբողջ թիմով կպահենք»: Կրասնոդարից տեղափոխված մեր ֆուտբոլիստը «Սպարտակ»-ի կազմում անցկացրած առաջին պաշտոնական խաղում 3 գոլ է խփել, ինչն էլ մտածելու տեղիք է տվել մրցակից թիմերի գլխավոր մարզիչներին:
Եվրոպական մասնագետները եւս աչքի տակ են առել հայազգի ֆուտբոլիստին, իսկ թուրքական ֆուտբոլային մեկնաբանները նկատել են, որ առաջիկայում Եվրպայում նոր աստղ է առաջ գալու, եւ նա Յուրա Մովսիսյանն է:
Թեհրանի ֆուտբոլային երկրպագուները ծածանել են Հայաստանի եռագույնը
Այս մասին հաղորդում է պարսկալեզու «Գյունազ.թիվի» կայքը, որի հաղորդագրության համաձայն՝ Թեհրանի «Էսթեղլալ» եւ Թավրիզի «Թրաքթորսազի» ֆուտբոլային թիմերի խաղի ժամանակ, երկրորդ խաղակեսին, երբ «Էսթեղլալ»-ն առաջ է անցել հաշվում, վերջինիս երկրպագուներն ուրախությունից ծածանել են Հայաստանի Հանրապետության եռագույն դրոշը:
Ըստ աղբյուրի՝ անվտանգության աշխատողները «Էսթեղլալ»-ի երկրպագուներին չեն արգելել ծածանել Հայաստանի եռագույնը: Ի պատասխան դրան՝ Թավրիզի թիմի ադրբեջանցի երկրպագուները վանկարկել են. «Ռուսը, պարսիկը եւ հայը, բոլորը թուրքերի թշնամի են» կարգախոսը:
Առանց օլիմպիական խաղերի՝ հանուն բնապահպանության
Անցած կիրակի՝ մարտի 3-ին Շվեյցարիայի բնակչությունը հանրաքվեի միջոցով դեմ է քվեարկել 2022թ. ձմեռային օլիմպիական խաղերի անցկացմանը: Հիմնականում կողմ են քվեարկել Սանկտ Մորիցի եւ Դավոսի բնակիչները: Փորձագետների հաշվարկներով՝ նշված քաղաքներում խաղերն անցկացնելու դեպքում երկիրը կծախսեր 1,3 մլրդ. շվեյցարական ֆրանկ, իսկ եկամուտը կկազմեր 1,5 մլրդ. շվեյցարական ֆրանկ (1,6 մլրդ. ԱՄՆ դոլար):
Քվեարկողների 54%-ի կարծիքով՝ օլիմպիական շինարարությունն աղետ կդառնա Շվեյցարիայի բնության համար: Ի դեպ, Սանկտ Մորիցը ձմեռային օլիմպիական խաղերի մայրաքաղաք է եղել 2 անգամ՝ 1928 եւ 1948 թթ.: 2022թ. կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերի մայրաքաղաքի անունը կորոշվի 2015թ., Մալայզիայի Կուալա Լումպուրում կայանալիք ՄՕԿ-ի նստաշրջանում:
Էջի նյութերը՝ Արսեն Պետրոսյանի
* * *
Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:
Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ (0.10) 52-38-75, կամ գրել hayaryan@gmail.com էլ.հասցեով:
Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է: Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 200 երկրից: Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:
www.hayary.org-ի համակարգող
«Լուսանցք» թիվ 9 (272), 2013թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում



