Սահմանադրական ժամանակավատնում

…Ի վերջո, ՀՀ ՍԴ-ն մերժեց նախագահի նախկին թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Անդրիաս Ղուկասյանի հայցերը եւ ԿԸՀ որոշումը՝ նախագահի ընտրության վերաբերյալ, թողեց անփոփոխ: Որոշումը վերջնական է եւ ուժի մեջ է մտնում հրապարակման պահին…

Անդրիաս Ղուկասյանի եւ Րաֆֆի Հովհաննիսյանի գործը Սահմանադրական դատարանում քննվեց միավորված: Այս երկու գործով զեկուցողները Կիմ Բալայանը, Ֆելիքս Թոխյանը եւ Աշոտ Խաչատրյանն էին: Ըստ նույն աշխատակարգային որոշման, ՍԴ-ում դատաքննությանը որպես պատասխանող կողմ ներգրավվել է ԿԸՀ-ն, իսկ հարակից պատասխանողներ՝ դատախազությունը եւ ոստիկանությունը:

Թեկնածուները վիճարկեցին «ՀՀ նախագահ ընտրվելու մասին» ՀՀ ԿԸՀ-ի փետրվարի 25-ի թիվ 62-Ա որոշումը: ՍԴ-ում ԿԸՀ-ից լիազորված մասնակցել են հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը, հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը եւ ԿԸՀ իրավաբանական վարչության պետ Նունե Հովհաննիսյանը: ՍԴ-ում գործի քննությանը Սերժ Սարգսյանի կողմից լիազորված մասնակցել են ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը եւ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:

Ր. Հովհաննիսյանի լիազորված անձն է Փաստաբանների պալատի փաստաբան Կարեն Մեժլումյանը, մասնակցել է նաեւ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Ա. Ղուկասյանը դատարանում ինքն էր ներկայացնում իրեն:

Բացի նախագահ ընտրվելու որոշումը վիճարկելուց, իրավախորհրդատու Կ. Մեժլումյանը երկրորդ դիմումն է ներկայացել ՍԴ, քարոզարշավի շրջանակներում Ս. Սարգսյանի նախընտրական շտաբի կատարած խախտումները քննության առնելու համար: Ընդդիմադիր կողմի տվյալներով՝ այդ խախտման գումարը ավելի քան 10%-ով գերազանցում է օրենքով նախատեսված առավելագույն 100 միլիոն դրամը:

Առաջին օրը ՍԴ-ն մերժեց Ա. Ղուկասյանի միջնորդությունը՝ Հ. Թովմասյանին որպես Ս. Սարգսյանի լիազոր ներկայացուցիչ չհամարելու խնդրով: Նախկին թեկնածուն տարակուսանք է հայտնել, թե ինչու է Ս. Սարգսյանին, որպես երրորդ կողմ, դատարանում ներկայացնում արդարադատության նախարարը, քանի որ վերջինս պետական պաշտոնյա է եւ ներկայացնում է պետությունը: Միջնորդությունը ներկայացնելուց հետո ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը տեղեկացրեց, որ նախագահ Սարգսյանի ստորագրությամբ ներկայացված լիազորագրում Թովմասյանը ներկայացված է որպես իրավաբան եւ այս խնդրի առնչությամբ նրան թույլ տվեց պարզաբանումներ ներկայացնել: Նախարարն ասաց, որ Ս. Սարգսյանին ներկայացնելու է որպես իրավաբան եւ նախարարի պաշտոնն այս ամենի հետ կապ չունի. «Ես այժմ արձակուրդում եմ»:

Ա. Ղուկասյանն ու Ր. Հովհաննիսյանը ՍԴ-ից պահանջում էին կամ անվավեր ճանաչել փետրվարի 18-ի ընտրությունների արդյունքները կամ Ր. Հովհաննիսյանին ճանաչել հաղթած թեկնածու:

Զ. Փոստանջյանը փորձել է ՍԴ-ում իրեն պահել այնպես, ինչպես ԱԺ-ում, անգամ սկսել է վիճել ԿԸՀ նախագահի հետ՝ չպատասխանելով նրա որոշ հարցերի, ինչից բորբոքվելով ԿԸՀ նախագահը նշել է, որ եթե «Փոստանջյանը խոսում է «զեղծարարության մասին», ապա ինքն էլ կխոսի նրանց «զեղծարարության մասին»: Այս անտեղի զրույցն ի վերջո բարկացրել է ՍԴ նախագահին, եւ վերջինը, խփելով զանգին, հանձնարարել է չխոսել այն ժամանակ, երբ զանգը հնչում է: Իհարկե Փոստանջյանը շարունակել է խոսել: Գ. Հարությունյանը բարկացել է. «Տիկին Փոստանջյան, երբ զանգը հնչում է, լռեք»: Իսկ ԿԸՀ նախագահը նախընտրել է այլեւս հարցեր չտալ ու չլսել Փոստանջյանի պատասխանները: Փոխարենը հարցն ուղղել է Մեժլումյանին. «Դուք նշում եք, որ զինված ուժերը 100%-ով, մասսայաբար մասնակցել են ընտրություններին, կարո՞ղ եք մեկ փաստ ներկայացնել»: Կ. Մեժլումյանը փաստի գոյության կամ չգոյության մասին հստակ պատասխան չի տվել, այլ ուղղակի հիշատակել է ՍԴ նախկինում ընդունված որոշումներից մեկը, որի համաձայն «եթե մոտ 100% ընտրող կա, ուրեմն զինված ուժերն են այդտեղ քվեարկել»: Հիմա փաստ կա՞, թե՞ ոչ.- ԿԸՀ նախագահի հարցը կրկին անպատասխան է մնացել: Կողմերը բանավիճել են նաեւ վերահաշվարկի խնդրի շուրջ, ինչին ի պատասխան Տ. Մուկուչյանը շեշտել է. «Կարո՞ղ եք նշել մի իրավանորմ, որի համաձայն ԿԸՀ-ն իրավունք ունի, իրավասու է վերահաշվարկ կատարել»: «Կվկայակոչենք»,- հնչած պատասխանը այդպես էլ չհիմնավորվեց:

Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացուցչի դիմումին կից եղել է նաեւ «PFA» փորձագիտական հետազոտություն, ու երբ Տիգրան Մուկուչյանը Կարեն Մեժլումյանից հետաքրքրվեց՝ «PFA»-ը քաղաքական կազմակերպությո՞ւն է, թե՞ ոչ, ո՞վ է դրա ղեկավարը, ով է տրամադրել եզրակացությունը, հակառակ կողմը այդ հարցերին ոչինչ չպատասխանեց՝ նշելով. «Կոնկրետ չեմ հիշում: Ես դրանք վերցրել եմ նրանց կայքէջից»: Իսկ դրանք դիմումին կցվել են որպես ապացույց, բայց առանց ստորագրության: Այն խոստացած փաստարկները, որ պիտի ապացուցեն, թե ՀՀ նախագահի ընտրություններում տեղի ունեցած խախտումները զանգվածային ու կրկնվող բնույթ են կրել, բռնացել են ընտրողների կամքի վրա, քվեարկության օրը խախտվել է ազատության այդ սկզբունքը եւ ճնշումներ են գործադրվել մարդկանց նկատմամբ, ոչ մի փաստով չմատնանշվեցին:

Անդրադարձ եղավ նաեւ ԵԱՀԿ /ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությանը, ինչը ծավալում չստացավ, քանի որ դա հակասում է Ընտրական օրենսգրքին: Իսկ Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբների ու դրանց ծախսերի վերաբերյալ Վարչական դատարանը մարտի 4-ին է որոշում կայացրել: Դա նկատի ունենալով ՍԴ անդամ Ֆելիքս Թոխյանը հետաքրքրվել է, որ եթե այդ հարցի վերաբերյալ Վարչական դատարանն արդեն որոշում է կայացրել, որը վերջնական է, ապա ինչո՞ւ է հակառակ կողմն այդ հարցին անդրադառնում ՍԴ-ում: «Կներեք, բայց ինչո՞վ եք զբաղված այստեղ, չէ՞ որ Սահմանադրական դատարանը վարչական դատարանի որոշումների հետ կապ չունի»,- հարցրել է Թոխյանը, ինչին Մեժլումյանը որեւէ հստակ պատասխան չի տվել:

«ՍԴ-ին ներկայացրած Ձեր դիմումի մեջ ո՞ր փաստարկներն են ավելի շատ՝ Րաֆֆի Հովհաննիսյանին հաղթած թեկնածու համարելու մասին փաստարկնե՞րը, թե ընտրությունների արդյունքները անվավեր համարելու մասին փաստարկները»,- հետաքրքրվել է ՍԴ անդամ, գործով զեկուցող նշանակված Կիմ Բալայանը, քանի որ դատարանը ցանկանում է կողմնորոշվել՝ ի վերջո որ փաստարկներն են ավելի գերակշռում, քանի որ ՍԴ-ից նախկին թեկնածուն պահանջում է կամ անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները, կամ հաղթած թեկնածու համարել իրեն: Ըստ Կ. Մեժլումյանի, 2 փաստարկներն էլ հավասար ներկայացված են եւ այդ պատճառով էլ իրենք դիմումի մեջ նշել են 2 պահանջները միաժամանակ:

ՍԴ անդամ Արեւիկ Պետրոսյանը հետաքրքրվել է, թե արդյոք Րաֆֆի Հովհաննիսյանը բավարարվա՞ծ է 1009 ընտրատեղամասերում ունեցած իր վստահված անձանց աշխատանքներով (ընտրատեղամասերի ընդհանուր թիվը եղել է 1988): Պատասխանն այն էր, որ եղել են ընտրատեղամասեր, որոնցում վատ են աշխատել վստահված անձինք, եղել են տեղամասեր, որտեղ նրանց նկատմամբ ճնշումներ են գործադրվել: Պատասխանը լրացրել է Զ. Փոստանջյանը եւ ասել, որ որեւէ արդյունավետ մեխանիզմներ չեն գործել այդ օրերին ու եղած բողոքներին ընտրատեղամասային հանձնաժողովներում ընթացք չի տրվել:

Դ. Հարությունյանին հարցեր տալու ժամանակ Զ. Փոստանջյանը հետաքրքրվել է՝ Սերժ Սարգսյանն այս պահին նախագահի թեկնածու հանդիսանո՞ւմ է: Դրական պատասխանից հետո նա խնդրել է թվարկել նախագահի բոլոր թեկնածուներին, սակայն Դ. Հարությունյանն ի պատասխան ասել է, որ անգիր չի հիշում բոլորին եւ պետք է բացել ԿԸՀ կայքէջը ու նոր միայն կարող է թվարկել: «Պարոն էպոսագետը այս պահին նախագահի թեկնածո՞ւ է, թե՞ ոչ,- շարունակել է Փոստանջյանը, – եթե այո, դա օրինակա՞ն է, որ նա կալանքի տակ է»: Հարցին արձագանքել է ՍԴ նախագահ Գ. Հարությունյանը եւ հորդորել կողմերին խոսել ըստ էության, հանել է այդ հարցը՝ քննարկվող խնդրին առնչություն չունենալու պատճառաբանությամբ: Շարունակելով հարցուպատասխաններ Զ. Փոստանջյանի եւ Ա. Ղուկասյանի հետ, Դ. Հարությունյանի նյարդերը տեղի են տվել, եւ նա, դիմելով ՍԴ նախագահին, ասել է. «Ներողություն եմ խնդրում, բայց միջնորդություն ունեմ դատարանին՝ իրավական դասեր կազմակերպել, թե ինչն է հանդիսանում ապացույց եւ ինչը չի հանդիսանում ապացույց: Հակառակ պարագայում ես շատ առիթ կունենամ միջամտել ու բացատրություն տալ»:

Դիմումների քննության ժամանակ ՍԴ անդամ Կիմ Բալայանը ոստիկաններին մեղադրելով մի անեկդոտ պատմեց. «Մեկի տունը գող է մտնում, գնում է ոստիկանություն հայտարարություն տալու, իրենց ասում են, ինչո՞ւ անգլիական փական չես դրել, տեղականն ես դրել: Ասում է, որ հնարավորություն չի ունեցել: Հարցնում են, բա դուռն ինչո՞ւ երկաթյա չէ, ասում է, որ դա է եղել իր հնարավորությունը: Հարցնում են, բա ինչո՞ւ ահազանգման մեխանիզմին միացված չէ, որպեսզի ոստիկանությունը ժամանակին գար: Մարդն ասում է. «Կներեք, իմ մեղքն է»: Ասում են, որ այդքան մեղք ունես դու, էլ ինչի՞ ես եկել ոստիկանություն: Այդ մարդն էլ ասում է. «Կներեք, բա էդ գողը մի էսքան մեղք չունի՞»: Անեկդոտից հետո, որին համբերատարությամբ լսում էին ՍԴ դահլիճում ներկաները, Կ. Բալայանը զեկույց ներկայացնող եւ գործով հարակից պատասխանող նշանակված ոստիկանության իրավաբանական վարչության պետ Թաթուլ Պետրոսյանից հետաքրքրվեց՝ ինչո՞ւ ընտրակաշառքի դեպքերը չեն բացահայտվել: «Հիմա այս ընտրախախտումները, որ եղել են, ազդե՞լ են, թե՞ ոչ ընտրությունների արդյունքի վրա, թե՝ ոչ, դա այլ խնդիր է: Բայց որ խախտումները եղել են՝ ակնհայտ է: Հայտնաբերման առումով չե՞ք կարծում, որ լրացուցիչ լծակներ են պետք, որպեսզի իրավախախտումները հայտնաբերվեն եւ պատախսանատվության ենթարկվեն այն մարդիկ, ովքեր թույլ են տալիս ընտրախախտումներ, ինչը մեծ վնաս է հասցնում մեր հասարակությանը եւ պետությանը»:

Ոստիկանության ներկայացուցիչն էլ ՍԴ անդամին արձագանքել է ժողովրդական ասացվածքով. «Մեկ այլ առակ էլ կա, բարձր դատարանի անդամ. դուռդ փա՛կ պահիր եւ հարեւանիդ գողի տեղ մի՛ դիր»: Այնուհետեւ շարունակել է. «Բոլորս իրավաբաններ ենք եւ գիտենք, որ կաշառք կամ այլ բազմաթիվ հանցագործություններ իրենց բնույթով լատենտային են՝ երկու կողմն էլ շահագրգռված է: Դա օբյեկտիվորեն հասկանում ենք: Իհարկե, ոստիկանությունը օպերատիվ հետախուզական միջոցառումներ իրականացնում է, բայց եթե այդ մասին հաղորդում տված իրավաբանական կամ ֆիզիկական անձը կամ լրատվամիջոցը չի ցանկանում իր մոտ եղած տեղեկությունը փոխանցել, կարծում եմ, դրա համար էլ արդյունքները այդքան էլ դրական չեն կարող լինել»:

Երրորդ կողմ ներգրավված Ս. Սարգսյանի ներկայացուցիչ Հ. Թովմասյանը առավել զգացական խոսք է ասել. «Դատարան գալուց ես հավատացած էի ու այժմ էլ հավատացած եմ, որ դիմող կողմերը կարծում են՝ ճշմարիտ են: Կարենն իմ լավագույն ուսանողներից է եղել, եւ Կարենը լավ քաղաքացի է, ազնիվ մարդ, Զարուհին կարող է գաղափարներին ու կուսակցության առաջնորդին նվիրված մարդ լինել: Այս առումով ես սիրում ու հարգում եմ իրենց: Բայց ստիպված եմ ասել, Կարեն ջան, Զարուհի ջան, այն գործիքներով, որոնցով դուք գնացել եք դատարաններ քաղաքացիական ու քրեական գործեր պաշտպանելու, այստեղ այդ գործիքները մի փոքր ուրիշ են, այստեղ դատական վեճն ունի որոշակի առանձնահատկություն, ընտրական վեճերն ուրիշ են: Այստեղ գալ ու այդ կասկածները խորացնել, էնքան էլ ազնիվ գործ չէ, էդպես չի կարելի, որովհետեւ դա երկու հոգու գործ չի, որովհետեւ այդ վեճի արդյունքները դուրս են գալու այստեղից, դառնալու են յուրաքանչյուրի սեփականությունը, դառնալու են քննարկման առարկա: Այն հռետորաբանությունը, որը կարող էիք օգտագործել մեկ այլ դատարանում, մեկ այլ հրապարակում, այստեղ դրա տեղը չէ: Չի կարելի խեղաթյուրել խոսքերը, տեխնիկան նաեւ թույլ է տալիս ամեն ինչը տեսնել… եւ միջնորդություն անել հանրությանը՝ պարզապես ինչ-որ բան ցույց տալու համար, իմ կարծիքով, ազնիվ չէ»:

ԿԸՀ նախագահ Տ. Մուկուչյանը զարմանք է հայտնել, որ նման մերկապարանոց դիմում ՍԴ-ում դեռ չի քննվել եւ «ՀՀ նախագահի ընտրությունները կազմակերպվել են օրենքների պահանջներին համապատասխան, ընտրական հանձնաժողովների կողմից, իսկ դրանց արդյունքները համապատասխանում են իրականությանը: Ընտրությունների արդյունքները ճանաչելու մասին փետրվարի 25-ի որոշումը իրավաչափ է, իսկ ներկայացված դիմումներն անհիմն են»:

Ի վերջո, ՀՀ ՍԴ-ն մերժեց նախագահի նախկին թեկնածուներ Ր. Հովհաննիսյանի եւ Ա. Ղուկասյանի հայցերը եւ ԿԸՀ որոշումը՝ նախագահի ընտրության վերաբերյալ, թողեց անփոփոխ:

Որոշումը վերջնական է եւ ուժի մեջ է մտնում հրապարակման պահին:

Գոհար Վանեսյան եւ Կարեն Բալյան

«Լուսանցք» թիվ 9 (272), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում

This entry was posted in Հոդվածներ. Bookmark the permalink.