– Հիշողության կորուստը՝ քաղաքական «իմիջ»…
– Լինե՞լ, թե՞ չլինել ժողովրդի կողքին…
– Իսկ «Սիվիլիթաս»-ի դեմ փաստերը կլինե՞ն…
Հիշողության կորուստը՝ քաղաքական «իմիջ»
ԲՀԿ-ն եւս բռնել է այսպես կոչված մեծ բարեփոխումների ճանապարհը: Կուսակցության ղեկավարներից ոմանք նշել են, որ վերջին 1-2 տարում անցել են շատ դժվար ճանապարհ, բայց «հենց դրա շնորհիվ է, որ կուսակցությունը չվերածվեց վարչական կցորդի, այլ դարձավ երկրի ամենաազդեցիկ քաղաքական ուժերից մեկը՝ ինքնուրույն որոշումներ կայացնելու հաստատակամությամբ»: Ըստ նրանց, ԲՀԿ-ն վարկանիշի եւ հեղինակության գագաթնակետին հասավ վերջին 1 տարում, երբ, ըստ էության, «զրկված էր վարչական եւ իշխանական լծակներից»:
Մի պահ թվում է, թե այս ընթացքում բնակվել ենք բոլորովին այլ երկրում, եւ այժմ պատահաբար հայտնվելով Հայաստանում, շատ հստակ ու անարատ խոսքեր ենք լսում: Սակայն հաստատ բնակվել ենք Հայաստանում, եւ այդ հնչած խոսքերն էլ որեւէ կապ չունեն մեր ներքաղաքական կյանքի ու իրականության հետ…
Ինչեւէ, ԲՀԿ-ականները հանկարծ կամ էլ պատահաբար հայտնվում են այս իրականության մեջ, եւ համարում, որ կյանքը աշխարհում ու Հայաստանում նախագահական ընտրություններից հետո շարունակվում է, եւ «կշարունակվի իր բոլոր բարդություններով, հին ու նոր մարտահրավերներով, նաեւ անակնկալներով, իսկ քաղաքական ուժերի խնդիրն այս ամենին համահունչ լինելն է»: Որպեսզի կուսակցության հավաքներն առավել արագ ու կազմակերպված ընթանան, նաեւ ներկազմակերպական փոփոխություններ են կատարվում, մասնավորապես՝ մոտ 200 հոգանոց քաղաքական խորհուրդը ավելի քան 10 անգամ կրճատվել է:
Ըստ երեւույթին՝ ԲՀԿ-ականները եւս հիշողության հետ խնդիրներ ունեն, ինչպես ՀՀՇ-ականները: Նրանք նույնպես «մոռանում» են, որ իրենց կուսակցությունը, իսկ մինչ դրա հիմնումը՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, մինչ ԲՀԿ-ի՝ «վերջին 1 տարում հեղինակության գագաթնակետին հասնելը», ուզածի պես պտտվել է ՀՀ 1-ին, 2-րդ եւ 3-րդ նախագահների խնամակալության ներքո, ու շա՜տ էլ լավ է պտտվել: Այնքան մե՜ծ ու անհաշվարկելի պտույտներով, որ հետո ստեղծված կուսակցությունում հաշիվն արդեն կորցրել են (կամ էլ՝ հաշվից լրիվ անտեղյակ են):
Այսօր շատ քիչ քաղաքական կամ տնտեսական գործիչներ կան ասպարեզում, ովքեր այդքան հաջողությամբ պտտվել են բոլոր նախագահներրի կառավարման օրոք, ու հիմա էլ «անխափան» մնացել են ասպարեզում:…
Ներկազմակերպական կառուցվածքային կրճատումներն էլ երեւի այլեւս անիմաստ ծախսերի հարցերը կարգավորելու համար են, քանի որ ցուցադրականության խնդիր այսօր չկա: Կառույցի պատասխանատուներից ոմանք պնդում են՝ իբր պատճառ չկա ասելու, թե ԲՀԿ-ն կվերադառնա կոալիցիա:
Սա դեռ հաստատման կարիք ունի, քանի որ «առաջատար ընդդիմադիր» ԲՀԿ-ի «ընդդիմադիր» նախագահը որոշեց այս անգամ էլ դառնալ ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ, եւ նա «ստիպված» է լինելու աշխատել իր կուսակիցների բնութագրած «բազմաթիվ թերություններով ու անարդարություններով գործող իշխանության հետ»:
Երեւանի ավագանու ընտրությունները ընդդիմադիր երեւալու մի լավ հնարավորություն եւս ընձեռեցին, չնայած իրական ընդդիմադիրները գոնե այս անգամ պետք է համախմբվեին ու, ըստ քաղաքական տրամաբանության, ՀՀ նախագահի ընտրություններում 2-րդ տեղը գրաված թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի շուրջ: Բայց օրվա ընդդիմադիրները պատրաստ են հենց վաղվա կոալիցիայում հայտնվել, եթե շահեկան առաջարկներ լինեն: Սա այլեւս նոր ապացույցների կարիք չունի:
Նարե Մշեցյան
* * *
Լինե՞լ, թե՞ չլինել ժողովրդի կողքին
Անհասկանալի են նաեւ ՀՅԴ քայլերը: Անգամ կուսակիցների համար են դրանք անհասկանալի:
Կուսակցության ղեկավարների դիրքորոշումները ծայրահեղորեն տարբերվում են իրարից: Նախ՝ փետրվարի 22-ին ՀՅԴ-ն միացավ «Ժառանգության» ղեկավար, ՀՀ նախագահի ընտրություններում 2-րդ տեղը գրաված Րաֆֆի Հովհաննիսյանին: Եվ Ազատության հրապարակում ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը հայտարարեց, թե իրենք որոշում ունեն՝ լինել ժողովրդի կողքին: Հետո էլ որոշեցին Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցել առանձին:
Հիմա ի՞նչ, եթե «լինել ժողովրդի կողքին» ասելով դաշնակցականները հասկանում էին լինել Րաֆֆի Հովհաննիսյանի կողքին (ինչը անհասկանալի ձեւակերպում է), ապա ընտրություններին առանձին մասնակցելը չի՞ նշանակում հեռանալ «Ժառանգության» ղեկավարից: Սա՝ իրենց իսկ խոսքով կարելի է բնորոշել՝ «չլինել ժողովրդի կողքին» (ինչը եւս անհասկանալի է)… Այս ամենը ՀՅԴ շարքերում ղեկավարների քայլերի հանդեպ մի նոր անվստահություն է սերմանել, ինչը հաստատ դրականորեն չի անդրադառնա Երեւանի քաղաքապետի պաշտոնին հավակնելու գործին:
Կարեն Բալյան
Իսկ փաստերը կլինե՞ն
«Սիվիլիթաս» հիմնադրամի «փողերի լվացման» հետ կապված գործը դեռ քննության մեջ է: Վերջերս ԱԱԾ-ն կրկին անդրադարձել է գործին: Իսկ «Սիվիլիթաս»-ը ՀՀ բարձրագույն իշխանություններին կոչ է արել՝ դադարեցնել հետապնդումները:
Այս հայտարարությունում մասնավորապես նշված է, որ ԱԱԾ-ն, որը «փողերի լվացման» հատկանիշներով հիմնադրամին եւ նրա հիմնադիր Վարդան Օսկանյանին առնչվող քրեական գործ էր հարուցել 2012թ. մայիսի 25-ին, որոշել է «Սիվիլիթաս»-ից պահանջել տվյալներ ու փաստաթղթեր 2012 եւ 2013թթ. ֆինանսավորման աղբյուրների, ինչպես նաեւ դրանց տնօրինման վերաբերյալ:
«ԱԱԾ-ն հիմնադրամից պահանջում է նաեւ հայտնել, թե 2009-2011թթ. անձերի եւ կառավարությունների կողմից 41 մեծ եւ փոքր նվիրատվությունների ու դրամաշնորհների գումարները ինչպես են ծախսվել կամ տնօրինվել: Իր հերթին, պետական եկամուտների կոմիտեն հիմնադրամում ստուգումները օրենքով թույլատրված 90 աշխատանքային օր հետաձգելու փոխարեն 155 աշխատանքային օր հետաձգելուց հետո տեղեկացրել է, որ պատրաստվում է ստուգել հիմնադրամի ամբողջ գործունեությունը՝ իրականացված բոլոր ծրագրերով հանդերձ»,- հայտարարել է «Սիվիլիթաս»-ը:
Հիմնադրամը նաեւ բողոքում է, որ արդեն շուրջ 10 ամիս տեւող «անհեռանկար եւ հորինված դատավարական ընթացակարգերը խորապես խոչընդոտել եւ շարունակում են խոչընդոտել հիմնադրամի աշխատանքները՝ անհասկանալի եւ ծավալուն փաստաթղթաբանության անհիմն պահանջներով»: Բայց ԱԱԾ-ի կողմից հիմնադրամի աշխատակիցները շարունակվում են կանչվել հարցաքննության: Հետազոտվում են նաեւ «Սիվիլիթաս»-ի բոլոր հնարավոր գործընկերների եւ հիմնադրամի հետ համագործակցած անձանց շրջանակները, ինչից եւս դժգոհել է «Սիվիլիթաս»-ը՝ նշելով, որ մինչ այս պահը նախաքննության մարմինը չի որոշակիացրել, թե ինչ մեղադրանքների կամ օրինախախտումների բացահայտման նպատակով է իրականացվում այս «տոտալ հետապնդումը», ըստ երեւույթին «հույս ունենալով գտնել հետապնդումների հիմնավորումը՝ ապագայում հիմնադրամի գործունեության մյուս բոլոր հնարավոր ոլորտների ստուգումներով»:
Հիմնադրամը հայտարարել է, որ այս ամենը քաղաքական դրդապատճառներ ունեցող հետապնդում է, որի նպատակն է խոչընդոտել «Սիվիլիթաս»-ի՝ քաղաքացիական հասարակության ուժեղացմանն ուղղված ծրագրերը եւ հատկապես լրատվական գործունեության իրականացումը:
Հիմնադրամը ՀՀ իշխանություններին կոչ է անում դադարեցնել հետապնդումները, իսկ Վարդան Օսկանյանը շարունակում է իր քաղաքական գործունեությունը եւ ԲՀԿ կազմում ԱԺ պատգամավոր դարձած նախկին ԱԳ նախարարը այժմ ԲՀԿ ընտրացուցակի 1-ին համարն է Երեւանի ավագանու ընտրություններում, այսինքն՝ հավակնում է դառնալ քաղաքապետ:
Նարե Մշեցյան
«Լուսանցք» թիվ 10 (273), 2013թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում



