Ալիեւը 3-րդ անգամ կփորձի դառնալ նախագահ

– Ալիեւը 3-րդ անգամ կփորձի դառնալ նախագահ – …Ադրբեջանի պաշտոնյաներն իրենց «խավիարային դիվանագիտության» միջոցով փորձում են համոզել եվրոպացիներին…

– Եվրոպան նկատե՞ց Բաքվի ազատության դեմքը – …Ադրբեջանի նախագահի ընտրություններից առաջ …նաեւ ձեռնպահ մնալ իշխանություններին քննադատողներին թիրախ դարձնել…

Ալիեւը 3-րդ անգամ կփորձի դառնալ նախագահ

Եվրախորհրդարանի պատգամավորներ Ուլրիկե Լունաչեկն ու Վերներ Շուլցը նամակ են հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին, ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովին եւ խորհրդարանի խոսնակ Օգթայ Ասադովին՝ կոչ անելով դադարեցնել երկրում բռնաճնշումները մարդու հիմնարար ազատությունների նկատմամբ: «Մենք խորը մտահոգությամբ հետեւում ենք Ադրբեջանում տեղի ունեցող քաղաքական վերջին իրադարձություններին, ընդդիմադիրների ձերբակալություններին»,- նշված է ուղերձում:

Պատգամավորները, որպես օրինակ, նշել են ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության փոխնախագահ Թոֆիկ Յագուբլուի, Հանրապետական այլընտրանք շարժման առաջնորդ Իլգար Մամեդովի եւ այլոց ձերբակությունները:

Եվրոպացիները նաեւ իրենց դժգոհությունն են արտահայտել փետրվարին Խաչմազ քաղաքում անցկացված վերապատրաստման դասընթացի մասնակիցների ձերբակալության առնչությամբ:

Այդ դասընթացն անցկացվում էր «Ժողովրդավարական ընտրությունների եվրոպական հարթակ» միջազգային ծրագրի շրջանակում:

«Մենք Ադրբեջանի կառավարությանն ու խորհրդարանին կոչ ենք անում քաղաքական կամք դրսեւորել, ինչպես նաեւ բարեփոխումներ իրականացնել հավաքների, խոսքի ազատության ասպարեզում, ինչը հատկապես կարեւոր է, քանի որ առաջիկայում նախագահական ընտրություններ են»,- նշել են եվրապատգամավորները:

Իսկ «Եվրասիանեթ» կազմակերպության պաշտոնական կայքը նշել է, որ Իլհամ Ալիեւի 3-րդ ժամկետով վերընտրվելը կարող է լուրջ վիճաբանությունների տեղիք տալ, ինչը կանդրադառնա ինչպես այդ երկրի ներքին, այնպես էլ արտաքին խնդիրներին: Արտաքին հարցերից նշվել է այն հանգամանքը, որ Ադրբեջանը անիմաստ շարունակում է քննարկել Բաքվում Եվրոպայի անվտանգության ու համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) մանդատը փոխելու հարցը եւ սպառնում է հեռացնել ԱՄՆ-ի Ազգային դեմոկրատական ինստիտուտը:

«Միանգամից պարզ չէ, թե ԵԱՀԿ-ի (Եվրոպայում խաղաղության եւ ժողովրդավարություն գլխավոր աջակցող մարմինն է) բնագավառներից որ մեկն է հանգեցրել Բաքվի դժգոհությանը: Ադրբեջանի պաշտոնյաները անցյալում բողոքել են ԵԱՀԿ մի շարք ոլորտներում արձանագրված մեկնաբանություններից, սակայն, մանդատի ցանկացած փոփոխություն չի ազդի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը խաղաղ բանակցությունների վրա, որով զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը:

Միջազգային վերլուծաբանները նկատել են, որ հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրությունները, որում նախագահ Իլհամ Ալիեւը փորձելու է վերընտրվել, կարող է ազդել Բաքվի արտաքին հիմնահարցերի լուծման վրա եւս:

Ադրբեջանում ընտրական վատ գործընթացն ու քաղաքական այլախոհների նկատմամբ ճնշումները չեն խոսում ներկա վարչակարգի օգտին, ինչը եւս չի համապատասխանում միջազգային չափանիշներին:

Եվ Ադրբեջանի պաշտոնյաներն իրենց «խավիարային դիվանագիտության» միջոցով փորձում են համոզել եվրոպացիներին, որ իրենց երկիրը բռնել է ժողովրդավարացման ուղին, ինչը թերեւս միայն մասնակի հաջողություններ է արձանագրում՝ առանձին եվրակաշառակեր պատգամավորների այս կամ այն անիմաստ հայտարարությամբ սպառվելով:

Իսկ Բաքվի խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի կոնֆլիկտաբանության եւ միգրացիայի բաժնի ղեկավար Արիֆ Յունուսովը, խոսելով Ադրբեջանում բողոքի ակցիաների եւ հասարակական դժգոհությունների մասին, նաեւ նշել է, որ չնայած Հայաստանն այսօր ավելի աղքատ երկիր է, քան Ադրբեջանը, իրենց մոտ գոնե նավթային շահույթի փողեր կան՝ տասնյակ միլիարդավոր դոլարներ, բայց Ադրբեջանի վերնախավում այնքան են գողանում, որ այդ տարբերությունն էլ է վերանում Հայաստանի նկատմամբ:

«Սա հին կոմունիստական կառավարություն է, որը չի կարողանում ժամանակակից ձեւով ապրել, սա հին սովետական իշխանություն է, միայն փոխված է անունը. Կոմկուսը դարձել է «Ենի Ազերբաջան», փոխվել է այբուբենը, բայց կառուցվածքը մնացել է նախկին հինը»,- ասել է Արիֆ Յունուսովը:

Արման Դավթյան

Եվրոպան նկատե՞ց Բաքվի ազատության դեմքը

Ադրբեջանի հարցով միջազգային գործընկերային խումբը, Լրագրողերի ազատության եւ անվտանգության ինստիտուտը, Լրագրողների պաշտպանության կոմիտեն, Իրավունքների ակումբը եւ Մեդիա իրավունքների ինստիտուտը, ինչպես նաեւ մի շարք այլ միջազգային իրավապշտպան կազմակերպությունները դատապարտել են Ադրբեջանում վերջին շրջանում բազմաթիվ լրագրողների, իրավապաշտպանների ու ցուցարարների հանդեպ հետապնդումները: Նշվել է, որ այս տարի այդ երկրում ազատ արտահայտվելու համար մարտ ամիսն ամենադաժանն էր. նրանք, ովքեր ազատ խոսում էին, այլընտրանք էին առաջարկում կամ էլ քննադատում իշխանություններին, կյանքի գնով կամ էլ զոհաբերությամբ պատասխան էին տալիս:

«Աշխարհը հետեւում է Ադրբեջանում այլախոհների հանդեպ տեղի ունեցող հետապնդումներին: Ցանկանում ենք մեր խորը մտահոգությունները եւ լուրջ կասկածանքներն արտահայտել Ադրբեջանի կառավարության՝ միջազգային կազմակերպությունների առջեւ ստանձնած պարտավորությունների կատարման վերաբերյալ: Լրջորեն մտահոգված եք, որ եթե անմիջապես չվերացվեն ազատ արտահայտվելու, հավաքների ազատության հարցում բոլոր սահմանափակումները, հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրությունները ազատ եւ արդար չեն կարող լինել»,- նշել է Ադրբեջանի Լրագրողների ազատության եւ պաշտպանվածության ինստիտուտի տնօրեն Էմին Հուսեյնովը:

Միջազգային կազմակերպությունները կոչ են անում Բաքվին՝ անմիջապես եւ անվերապահորեն ազատ արձակել բոլոր նրանց, ովքեր կալանքի տակ են կամ ազատազրկման են դատապարտվել՝ իրենց խոսքի ազատության իրավունքն իրացնելու համար, թույլ տալ, որ նրանց մոտ իրավաբաններ այցելեն, իչպեսեւ անկախ հետաքննություն ապահովել լրագրողների համար եւ պատվիրատուներին արդարադատության առաջ կանգնեցնել:

Ադրբեջանի նախագահի ընտրություններից առաջ միջազգային կառույցները պահանջում են հարգել ազատ արտահայտվելու, հավաքների եւ խաղաղ ցույցերի իրավունքները, նաեւ ձեռնպահ մնալ իշխանություններին քննադատողներին թիրախ դարձնել:

Գոհար Վանեսյան

«Լուսանցք» թիվ 11 (274), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում

This entry was posted in Հոդվածներ. Bookmark the permalink.