Կկազմվի՞ նոր կոալիցիա… Բայց հնարավոր է նաեւ, որ ոչ մի կոալիցիա էլ չլինի…

– Կկազմվի՞ նոր կոալիցիա… Բայց հնարավոր է նաեւ, որ ոչ մի կոալիցիա էլ չլինի…

– Իսկ նոր կառավարությու՞ն…
– Կվերցնի՞ Հայրիկյանը… – Բուժզննում պետք չէ՞…

Կկազմվի՞ նոր կոալիցիա

Երեկ կայացել է ՀՀԿ ԳՄ նիստը, որի օրակարգում հիմնականում 2 հարց է եղել: Առաջինը վերաբերել է ապրիլի 9-ին կայանալիք ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողակարգին, իսկ մյուսը՝ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի նամակներին՝ ուղղված նախագահ Սարգսյանին: Քննարկվել են ընդդիմադիր գործչի հետ կոալիցիա կազմելու, պաշտոններ զիջել-չզիջելու վերաբերյալ հարցեր:

Սակայն ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը տեղեկատվություն չի տվել այդ մասին, միայն նշել է, որ գործադիր մարմնի նիստերի ժամանակ օրակարգում միշտ լինում են ներքաղաքական զարգացումներ, ներկուսակցական եւ այլ հարցեր:

Ի դեպ, շատ ՀՀԿ-ականների դուրը չեն եկել «Ժառանգության» ղեկավարի վերջնագրային նամակները, քանի որ վերջնագրերը նվազեցնում են առաջարկության արդիականությունը եւ կարեւորությունը: Հատկապես զարմանալի է հնչում այն ձեւակերպումը, թե ժողովրդի կամքով, որը Րաֆֆի Հովհաննիսյանի կամքն է, պետք է նշանակվեն պաշտոնյաներ… Մեզանում կան մարդիկ, անգամ քաղաքական գործիչներ, որ իրենց մասին 3-րդ դեմքով են խոսում, օրինակ Պարույր Հայրիկյանն ու Գագիկ Ծառուկյանը, բայց գործիչ, որն իր մասին խոսի որպես ժողովուրդ… առաջին դեպքն է:

Նախագահի մամլո խոսնակ Արմեն Արզումանյանը եւս արձագանքել է. «Ըստ էության, Հովհաննիսյանը ներկայացրել էր, կներեք նման արտահայտության համար, առաջարկների երկուսուկես տարբերակ: Հիմա դրանցից ո՞րն է որից անբաժանելի: Կարծում ենք, թե պետության կառավարման տեսանկյունից, թե երկրի քաղաքական դաշտի առողջության առումով այնքան էլ ճիշտ կամ արդարացված չի լինի, եթե իշխանությունը «Ժառանգությանը» ներգրավի իշխանության մեջ: Չէ՞ որ, եթե, ասենք, այս կամ այն նախարարը կամ 5 մարզպետներ նշանակվեն նրա առաջարկով, դա կնշանակի, որ նա մաս կազմեց իշխանությանը: Արդյունքում, քաղաքական դաշտում կդադարի «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցության գործունեությունը, որովհետեւ դա կանոն է՝ դու կամ իշխանության մեջ ես, կամ ընդդիմություն»:

Սակայն նոր կոալիցիայի ստեղծման հարցը դեռեւս անորոշ է, ոչ ոք դեռ չի պատկերացնում դրա ձեւաչափը:

Անգամ ՕԵԿ-ը կարող է չհայտնվել նոր կոալիցիայում, իսկ ահա կարող են իշխանության մեջ ներգրավվել ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն կամ էլ հենց «Ժառանգությունը»:

Անգամ՝ ՀԱԿ-ը:

Բայց հնարավոր է նաեւ, որ ոչ մի կոալիցիա էլ չլինի:

Վահագն Նանյան

* * *

Մարտի 25-ին ԱԺ ՀՀԿ խմբակցությունը առաջարկ է փոխանցել մյուս խմբակցություններին՝ ԱԺ արտահերթ նիստ անցկացնելու եւ նիստում Հայաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ հայտարարություն ընդունելու համար:

Այսպես՝ ԱԺ խմբակցությունները միմյանց նախագծեր են փոխանցում՝ քաղաքական իրավիճակը երկրում կայունացնելուն միտված:

Իշխող մեծամասնությունը որոշել էր ԱԺ-ի արտահերթ նիստ հրավիրել հետընտրական զարգացումների վերաբերյալ, որի ընթացքում քննարկման էր դնելու իր հեղինակած հայտարարությունը: Բայց, ինչպես սպասվում էր, նիստը տապալվեց, քանզի քաղաքական ուժերը չէին համաձայնել ստորագրել ՀՀԿ-ի հեղինակած փաստաթղթի տակ:

ՀՀԿ-ն պնդում է, որ արտահերթը ինքնանպատակ չի հրավիրվում, իսկ փաստաթղթի ստորագրումը պարզապես արձանագրելու է իրողությունները:

Դժվար թե միասնական որեւէ բան ստորագրվի, քանի որ խմբակցությունների ներկայացրած փաստաթղթերը հակառակ հիմնավորումներ ունեն եւ խիստ տարբերվում են միմյանցից:
Իսկ նոր կառավարությու՞ն

Նախագահը չի հրապարկել ապագա վարչապետի անունն ու նոր կառավարության կազմը, սակայն ամենայն հավանականությամբ, էական փոփոխություններ չեն լինի, քանի որ կառավարությունը կատարել է Սերժ Սարգսյանի կողմից իր առջեւ դրված խնդիրը՝ 7%-անոց (իրենց թիվն է) տնտեսական աճի ապահովում եւ աշխատավարձերի բարձրացում՝ գնաճի տեմպերից ավելի շատ:

Սակայն երկրում առկա է նաեւ քաղաքական իրավիճակ, որը ոչ պակաս թելադրող է, քան տնտեսական ցուցանիշները: Մի պահ, երբ «Ժառանգության» ղեկավարը նախագահի ընտրությանը գրավելով 2-րդ տեղը սկսեց հանրահավաքային գործունեությունը, կարծիքներ եղան, թե Րաֆֆի Հովհաննիսյանը կարող է դառնալ վարչապետ, եթե ճանաչի իր պարտությունը եւ շնորհավորի հաղթող կողմին: Բայց ժամանակը հավաստեց, որ դրանք շրջանառվող խայծեր էին:

Մինչեւ նախագահական ընտրությունների ավարտը նույնիսկ Հրանտ Բագրատյանի մասին էին խոսում՝ որպես վարչապետի թեկնածուի: Բայց սա էլ ժամանակավրեպ խոսակցություն էր:

Եվ ընդդիմադիրները չնահանջող կեցվածք դրսեւորելու նպատակով Ազատության հրապարակում քաղաքացիական ֆորում կազմակերպեցին՝ «նոր իշխանության» կառավարության կազմը հրապարակելով իրենց նախարարներին նշանակեցին՝ փորձելով իշխանություններին տրամադրել «կեսը՝ դուք, կեսը՝ մենք» ձեւաչափով կառավարություն ձեւավորելուն:

Սակայն, «նոր կառավարության» ճանաչման համար այդպես էլ չկարողացան գործընթացներ նախաձեռնել ո՛չ Հայաստանում, ո՛չ էլ միջազգային ասպարեզում: Անգամ այն հույսը, որ իրենք իրենց բարձրաձայնեցին, թե սա մի քանի ամսվա ընթացքում կարող է լուծվել «դե յուրե» ու նաեւ լուծել նոր իշխանության հաստատման հարցը, այսօր ի չիք են դարձել բոլորովին:

Իհարկե, չպետք է մոռանալ ԲՀԿ-ի ցանկությունը վարչապետի փոփոխության եւ այդ պաշտոնին տիրանալու ձգտումները:

Սակայն այս՝ նախկին իշխանական եւ ներկայումս իրեն ընդդիմություն հռչակած ուժի հնարավորությունները խիստ անկում են ապրել: Այսօր նրանց վարչապետական ցանկությունը ոչ մի բանով առավել չէ, ասենք դաշնակցականների, այդօրինակ ցանկությունից:

Իսկ գործող վարչապետը ինչպես արեւմտյան, այնպես էլ ռուսաստանյան ուղղությունների հետ դեռ փորձում է կարգավորել իր պաշտոնում մնալու նպատակահարմարության հարցը: Ինչը կարծես նրան հաջողվում է:

Այլեւս խոսակցություններ չկան նախկին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թեկնածու նշվող փոխվարչապետ Արմեն Գեւորգյանին վարչապետ նշանակելու մասին:

Նաեւ խոսակցություններ չկան ռուսաստանյան թեկնածու Կարեն Կարապետյանի եւ արեւմտյան կողմի թեկնածու, նախկին վարչապետ Արմեն Սարգսյանի նշանակման մասին: Կ. Կարապետյանը լավ աշխատանք ուներ եւ նորն է ստացել Ռուսաստանում, իսկ Արմեն Սարգսյանը Անգլիայի Քեմբրիջի համալսարանի «Judge» բիզնես-դպրոցում հիմնադրել է «Eurasia Research» ծրագիրը, որը մի շարք նախագծեր է իրականացրել Անգլիայում եւ Եվրասիայում եւ այժմ նոր պաշտոն է ստացել: Ու ինչպես Ամուլսարի ոսկու հանքը շահագործող «Գեոթիմ» ընկերության մայրական կառույց «Lydian International»-ն է հայտարարել, նա դարձել է այդ կառույցի խորհրդի անդամ եւ ընկերության տնօրենի պաշտոնն է ստանձնել:

Այնպես որ, վարչապետ Տիգրան Սարգսյանը լուրջ մրցակիցներ չունի: Նրա ամենալուրջ մրցակիցը թերեւս նախկին նախագահ Քոչարյանը կլիներ, բայց նա էլ է առայժմ «սառեցրել» իր վարչապետական ձգտումները:

Ինչեւէ, ամեն բան կհստակեցվի նախագահի երդման արարողությունից հետո, երբ բոլոր փակագծերը կբացվեն, երբ կառավարության կազմավորման ժամկետները կսեղմեն:

Արտակ Հայոցյան

Հ.Գ. – Ի դեպ, վարչապետը տարեսկզբից նիստերը բավականին «անհավես» էր վարում: Իսկ վերջին երկու նիստերում գործադիր իշխանության ղեկավարի տրամադրությունն ակնհայտորեն փոխվել է դեպի լավը: Նա կրկին խոսում է «բարեփոխումներից, տնտեսական աճը կանոնավոր դարձնելուց»:
Կվերցնի՞ Հայրիկյանը

Հայաստանի կառավարությունը երեկվա նիստում որոշեց եւ 20.5 մլն դրամ հատկացրեց առողջապահության նախարարությանը՝ նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի բուժման ծախսերը արտասահմանում փոխհատուցելու նպատակով:

Գումարը կհատկացվի կառավարության պահուստային ֆոնդից:

Հիշեցնենք, որ 2013թ. նախագահի ընտրությունների քարոզարշավի ժամանակ մահափորձ էր կատարվել նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի վրա: Նրա բուժումը կազմակերպվել էր Երեւանի մասնագիտացված բուժհաստատություններում, սակայն առողջության լիարժեք վերականգման համար նպատակահարմար է շարունակել բուժումը արտերկրում: Նախնական հաշվարկներով՝ բուժումը արտերկրում հնարավոր է կազմակերպել մոտ 20,500.0 հազ. դրամով (մոտ 50 հազ. դոլար):

Ի դեպ, Հայրիկյանն աղքատ չէ, եւ դատելով նրա իսկ՝ ընտրություններից առաջ ԿԸՀ-ին ներկայացրած հայտարարագրերից, նա կարող էր հոգալ իր բուժման ծախսերը: Հնարավո՞ր է նա այդ գումարը թողնի գործադիրին՝ սովալլուկ մի ընտանիքի հարցերը լուծելու նպատակով:

Բուժզննում պետք չէ՞

Կառավարության երեկվա նիստում քննարկվեց եւ հաստատվեց տաքսի ծառայությունների ոլորտը կարգավորող օրենսդրական փոփոխությունների փաթեթը: Ըստ այդմ, տաքսիների համար նախատեսված պետական տուրքն ու հաստատագրված վճարը «կմիավորվեն». կսահմանվի մեկ վճար‘ արտոնագրային, եւ Երեւանում դա կլինի ամսական 12 հազ. դրամ, շրջաններում՝ 4 հազ. դրամ: Եռամսյակային միանգամյա վճարը կլինի 34 հազ. դրամ, իսկ տարեկան միանգամյա վճարը՝ 120 հազ. դրամ: Մեկ մեքենայի պետական տուրքը կսահմանվի 25 հազ. դրամ: Հանվել է նաեւ տրանսպորտային միջոցի կայանտեղ ունենալու պահանջը, ինչը թույլ կտա տաքսիստներին ամսական 10-15 հազ. դրամ խնայել, քանզի հանվում է նաեւ ամենօրյա բուժզննման ու տեխզննման պահաջը:

Մնում է հուսալ, որ որոշ խստացումների դուրսբերումը չի շատացնի այն դեպքերը, երբ անսարք տաքսիների ղեկին կնստեն ֆիզիկապես ոչ առողջ վարորդները՝ այդպիսով վտանգելով թե՛ իրենց, թե՛ ուղեւորների կյանքը: Փոխանակ հետեւենք, որ իրապես բուժզննում արվի ու նոր միայն թուղթ տրվի, հանում ենք այդ պահանջը, թե մեկ է՝ չէին ստուգվում:

«Լուսանցք» թիվ 11 (274), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում

This entry was posted in Հոդվածներ. Bookmark the permalink.