Ոստիկանությունը չի՞ լինելու քավության նոխազ – Ոստիկանապետը կպատասխան մեղադրանքներին… ԱԺ-ում ստեղծվել է մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող հանձնաժողով…

– Ոստիկանությունը չի՞ լինելու քավության նոխազ – Ոստիկանապետը չի հանդուրժելու եւ ցանկացած շինծու մեղադրանքի պատասխան կտա…

– ԱԺ-ում ստեղծվել է մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող հանձնաժողով…

Ոստիկանությունը չի՞ լինելու քավության նոխազ

Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հայտնել է, որ ՀՀ նախագահի ընտրությունների թերությունները չպետք է կրկնվեն եւ Երեւանի քաղաքապետի ընտրությունները պետք է անցնեն ըստ պատշաճի, որովհետեւ արդեն վարկաբեկման թեմաները սկսկել են, որպես կանոն թիրախ է ընտրվում ոստիկանությունը: Նրա խոսքով, ուշացած ու հին տեխնոլոգիաներ են ոստիկանության վրա մեղքեր բարդելն ու ոստիկանության հաշվին դիվիդենտներ շահելը. «Սա չաշխատեց ու չի աշխատելու այլեւս, որովհետեւ ոստիկանությունը գործում է պարզ ու ճշմարիտ»: Կարեւորվել է, որ «Կրիմինալի, հեղինակությունների ու այլ երեւույթների խայտաբղետ կուտակումներ պետք է չլինեն: Ոստիկանի տեսանելի հորիզոնում չպետք է լինեն կուտակումներ»,- ասել է ոստիկանապետը՝ հանձնարարելով, որ ցանկացած շինծու մեղադրանքի պիտի պատասխան տա. «Ես չեմ հանդուրժելու նաեւ, որ մեր աշխատակիցները ինչ-որ սխալ թույլ տա­ն»:

Նշենք, որ ի հավաստումն այս խոսքերի, ՀԱԿ-ի ակտիվիստների երթը, ովքեր փորձել են անօրինական քայլարշավ կազմակերպել քաղաքապետարանի մոտ, կասեցվել է ոստիկանների կողմից:

Իսկ ապրիլի 9-ին մայրաքաղաքի Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած ծեծկռտուքի կապակցությամբ «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանին հրավիրել են Հատուկ քննչական ծառայություն: Գլխավոր դատախազության դիմաց այդ ժամանակ բողոքի ցույց էր կազմակերպվել, որի մասնակիցներն իրենց բացասական վերաբերմունքն էին արտահայտում այս քննության համար: ՀՔՎ-ի շենքից դւորս գալուց հետո «Ժառանգության» փոխնախագահը հայտնեց, որ որպես վկա էր հրավիրվել հարցաքննության՝ ապրիլի 9-ին Բաղրամյան պողոտայում տեղի ունեցածի կապակցությամբ:

«Ինչ եղել էր այդ օրը, եւս մեկ անգամ ներկայացրեցի քննիչին: Շատ նորմալ հարցաքննություն ընթացավ: Որեւէ խնդիր չկա, մնացածը կտեսնեն­ք»: Հարուցվել է 2 քրեական գործ, որոնք նույն քննիչի մոտ են: Այդ գործերի հետ կապված էլ ցուցմունք է տրվել: Ըստ քաղաքական գործչի, քրեական գործերի հարուցումը շատ կարեւոր է՝ ապագայում քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ ոստիկանության աշխատակիցների կողմից ֆիզիկական ուժի կիրառման բացառման համար. «Այսուհետ նման միջոցառումների ժամանակ անադեկվատ պահվածքով ոստիկաններ չեն լինելու: Ներկայումս հիմնականում նման միջադեպեր տեղի են ունենում միայն  այն ժամանակ, երբ որեւէ միջոցառմամբ հանդես է գալիս ընդդիմությունը: Սա բացառապես ընդդիմության քաղաքական գործունեության նկատմամբ կողմնորոշված գնահատական է, վերաբերմունք ոստիկանության կողմից, որը լինելով ապաքաղաքական կառույց, նմանատիպ պահվածք չպետք է դրսեւորի»:

Հիշեցնենք, որ մի քանի ոստիկաններ եւ կարմիր բերետավորներ շրջանակի մեջ էին առել Արմեն Մարտիրոսյանին եւ ծեծի ենթարկել: Բայց, ըստ տեղեկատվության, տեսախցիկով արձանագրված կադրեր կան, որ փաստում են, թե նա ինքն է նախահարձակ եղել եւ հարվածել ոստիկանին: Ինչեւէ, 3 ժամ ցուցմունք տալուց հետո «Ժառանգության» ավագանու թեկնածուն դեռ պետք է սպասի քննության արդյունքներին: Հիշեցնենք նաեւ, որ ոստիկանության ծառայողների կողմից Բաղրամյան պողոտայում հասարակական կարգի պահպանության պարտականություններ կատարելու ընթացքում նրանց օրինական պահանջներին չենթարկվելու համար վարչական պատասխանատվության ենթարկելու նպատակով ոստիկանության Արաբկիրի բաժին էր տարվել Արմեն Մարտիրոսյանը, ինչին եւս պետք է բացատրություն եւ գնահատական տրվի, անկախ այն հանգամանքից, թե որ կողմն է մեղավորը: Առայժմ հայտնի չէ, թե քաղաքական գործիչը ինչ բացատրություն է տվել «հասարակական կարգի պահպանության պարտականություններ իրականացնող իշխանության ներկայացուցչի՝ ոստիկանության ծառայողի նկատմամբ գործադրված բռնությա­ն» համար:

Իսկ ոստիկանապետի հրամանով նաեւ ներքին փոփոխություններ են կատարվել. Երեւանի ոստիկանապետ Ներսիկ Նազարյանը ազատվել է աշխատանքից, փոխարենը նշանակվել ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ, ոստիկանության գնդապետ Աշոտ Կարապետյանը: Իսկ նրա փոխարեն պաշտոնում նշանակվել է ոստիկանության գեներալ-մայոր Արամ Զաքարյանը՝ ազատվելով ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետի պաշտոնից: Ոստիկանապետի մեկ այլ հրամանով՝ ոստիկանության գնդապետ Գագիկ Ավետիսյանը, որն աշխատում էր որպես Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ, նշանակվել է Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ:

Վստահաբար դեռ փոփոխություններ կլինեն, քանի որ հին համակարգը դեռեւս մնում է: Եվ Ներսիկ Նազարյանը ոստիկանական համակարգի եւ, ընդհանրապես կարելի է ասել՝ իշխանական համակարգի, ամուր տեղ ունեցող մարդկանցից էր համարվում, ներգրավված է նաեւ տնտեսական ոլորտներում, «Մոսկվիչկա» սուպերմարկետների սեփականատերն է: Այս հեռացումը վկայում է, որ տեղի ունեցածը ավելի ծավալուն հեռանկար ունի, նաեւ զուտ ոստիկանական փոփոխություն չէ: Ինչեւէ, կադրային փոփոխությունների հնչեղ մեկնարկ է տրվել, որը կարող է ներառել նաեւ նախարարական այլ ոլորտներ եւ՝ ոչ միայն քաղաքական հարցերի:

Չնայած՝ մեր ընթերցողներին խորհուրդ չենք տա ոգեւորվել: Որովհետեւ հինն ու նորը մեր օրերում մշտապես նույն դեմքերն ունեն: Նույն խառնափնթոր դեմքերը. ուժային, տնտեսական ու քաղաքական հատվածները խառնված են իրար:

Ուժային կառույցի դեմքը նաեւ «ֆինանսական բուրգ­ի» անդամ է, քաղաքական դեմքի պոչն էլ տնտեսական «տանիքի» տակ է: Դրա համար էլ մեր երկրում չկան փոփոխություններ: Կան միայն սխալ փոխատեղումներ՝ կադրային վատ քաղաքականության արդյունքում: Ինչը շարունակական բնույթ է կրում:

Կարեն Բալյան

* * *

Ամիսներ առաջ ԱԺ-ն որոշեց, որ կստեղծի մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող հանձնաժողով: Պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այդ ժամանակավոր հանձնաժողովը ստեղծելու մասին որոշման նախագիծն ընդունվեց հանձնաժողովականների միջեւ կայացած «կոնսենսուսի արդյունքու­մ»:

Նախագծի հեղինակը ՀԱԿ խմբակցության անդամներն են: Համահեղինակ ՀԱԿ խմբակցության անդամ Գագիկ Ջհանգիրյանը դեռ այն ժամանակ հայտնել էր, որ որոշ փոփոխություններ նախագծում կատարվել են, մասնավորապես քաղաքական գնահատականներն են հեռացվել: Հանձնաժողովը ձեւավորվել է Էթիկայի հանձնաժողովի ձեւավորման սկզբունքներով՝ 7 անդամ, որից ՀՀԿ-ն՝ 2, խորհրդարանում ընդդիմություն հայտարարած խմբակցությունները միասին՝ 3, իսկ ԲՀԿ-ն 1 անդամ ունեն: Հանձնաժողովում ընդգրկվելու ցանկություն հայտնեց անկախ պատգամավոր: Հարցը կքննարկվի եւ որոշում կընդունվի:

Պատգամավորներն ակնկալում են, որ գործունեության արդյունքում խնդիրը կարող են տեղից շարժել եւ բացահայտել 10 սպանությունները, ուստի ցանկանում են, որ հանձնաժողովը հեռու մնա լարված իրավիճակներից: Ոմանց մոտ կարծիք կա, թե որոշ իրավապահ կառույցների ղեկավարների եւ նախկին գործիչների անհանգստացրել է այս հանձնաժողովի ստեղծումը: Հանձնաժողովի նիստերը փակ են լինելու, բացառությամբ այն նիստերի, որոնց բաց լինելու մասին կորոշի նույն հանձնաժողովը:

«Լուսանցք» թիվ 15 (278), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում

This entry was posted in Հոդվածներ. Bookmark the permalink.