– Ինչու՞ է գազազել ռուսաստանյան արջը – Գազը թանկանում է…
…ոչ թե «ռուսական արջ», այլ՝ «ռուսաստանյան արջ», «ռուսական արջը», եւ դա գաղտնիք չէ, վաղուց չկա…
– Հայաստան էր ժամանել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն…
Ինչու՞ է գազազել ռուսաստանյան արջը
Գազը թանկանում է, տարատեսակ մեկնաբանությունները շատանում են: Բոլորը մեղադրում են մեր կառավարությանը:
Ասեմ՝ եւ բոլորը իրավացի են, թեկուզ հենց այն բանի համար, որ մեր կառավարությունը Ռուսաստանի հետ հարաբերություններում բավականաչափ քաղաքական կամք չի դրսեւորում կամ չի կարողանում դրսեւորել:
Բայց մեղադրանքի մի կողմ էլ կա՝ Ռուսաստանը, որն այսօր Հայաստանի նկատմամբ բավականին ցինիկ քաղաքականություն է վարում: Վստահ լինելով, որ Հայաստանը իրենից հեռու չի գնա, նա Երեւանին ստիպում է գոտիները մի լավ ձգել ու միանգամից գազի գնի 64 տոկոս ավելը տալ: Ռուսաստանը այս պարագայում պարզագույն եւ էժանագին շանտաժիստ է, իրեն նվիրված Հայաստանին ուղղակիորեն շահագործում է («նվիրված» բառն էլ գործածում եմ ուղղակի իմաստով, այլ խնդիր է, որ նվիրվածությունն անիմաստ է)՝ վախենալով (այս բառն էլ հենց այնպես չեմ գործածում, բայց սա քննարկման այլ թեմա է) բաց թողնել: Ու իր այդ զգացողությունից ավելի ու ավելի է մեզ սեղմում այն տրամաբանությամբ, թե ինչքան դաշնակիցը՝ խեղճ, այնքան՝ իրենից անբաժան: Ինչքան «ռազմավարական» դաշնակից Հայաստանի վիճակը վատ, այնքան՝ իր անմարդաբնակ տարածքները՝ բնակեցվելի: Ինչքան Հայաստանը՝ անապագա, այնքան՝ իր աշխատուժը շատ ու էժան: Սա՜ է Ռուսաստանի քաղաքականությունը:
Ա՜յն Ռուսաստանի, որ իրականում Հայաստանի հանդեպ միշտ էլ անազնիվ է եղել՝ ծավալապաշտի էությամբ պայմանավորված:
Ու քանի որ Ռուսաստանը միշտ էլ իր տնտեսական խնդիրները ծառայեցնում է քաղաքականությանը, հարց է ծագում՝ ա՞յս անգամ ինչ արեց Հայաստանը, որ պատժվում է: Պատճառները կարող են մի քանիսը լինել:
1. Երեւանը ԵՄ հետ գործուն աշխատում է եւ կարծես Եվրասիական միություն մտնելու ծրագիր չունի: Իսկ Ռուսաստանը մեր ոչ մի ինքնուրույն քայլ չի հանդուրժում:
2. Երեւանը նոր ատոմակայան կառուցելու հարցում հակված չէ միայն ռուսական կողմի հետ աշխատել, եւ Մոսկվան խանդում է այս ոլորտում ամերիկյան կողմի հետ մեր հարաբերություններին:
3. Մոսկվան հնարավոր է քաղաքականություն չի էլ բանեցնում եւ բացառապես տնտեսական հաշվարկների համաձայն է թանկացնում գազը՝ վստահ լինելով, որ Երեւանն իրենից ոչ մի տեղ չի փախչի:
4. Արդեն քանի տարի Մոսկվան փորձում է ռուսերենը ՀՀ-ում պետական լեզվի կարգավիճակին հավասարեցնել, բայց դա նրան չի հաջողվում: Իսկ լեզվական քաղաքականությունը Մոսկվայի համար միշտ էլ այն բնագավառներից է, որտեղ տանուլ տալիս գազազում է ռուսական արջը: Եվ՝ էլի պատճառներ՝ մանր, անկարեւոր թվացող (թեեւ պետության գործերում մանրուքներ չկան), առանձին-առանձին կամ բոլորը միասին վերցրած:
«Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի» խորհրդի նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի կարծիքով՝ Ռուսաստանը նման ձեւով շարունակելու դեպքում շատ բան է կորցնելու. «Այդ քաղաքականությունը սխալ քաղաքականություն է»:
Վերջում՝ ինքս ինձ մի ուղղում անեմ, ոչ թե «ռուսական արջ», այլ՝ «ռուսաստանյան արջ»:
«Ռուսական արջը», եւ դա գաղտնիք չէ, վաղուց չկա: «Ռուսական արջն» իր բունը ծաղկեցնելու համար սիրաշահելով տանում է հայերի, հրեաների, թաթարների, ինգուշների, չուվաշների, կալմիկների, կաբարդինների, բալկարացիների, յակուտների, խանտիների, նենեցների… Ու ինքը հո գիտի, որ էդպես է, դրա համար էլ ոչնչացնում է, խեղճացնում է, տրորում է, տանում է:
Ու սա փաստ է, ոչ թե սպասվելիք 64 տոկոս թանկացումից եկող զգացական ելույթ:
Այնպես որ, արջի հերթական գազազելու պատճառները շատ ավելի խորքային են ու հոգեբանական, իսկ այդ խնդիրները միշտ էլ դուրս են պրծնում անսպասելի:
Հայաստանը սա՜ պիտի չմոռանա ու Ռուսաստանի հետ եթե ոչ միշտ, գոնե ժամանակ առ ժամանակ հարաբերվի ականջին բարձր գոռալու սկզբունքով:
Աստղինե Քարամյան
* * *
Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, ով նախագահ Սերժ Սարգսյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել հայ-բելառուսական հարաբերությունները եւ դրա զարգացման գործում մեծապես կարեւորել «Բելառուսում եւ Հայաստանում ապրող ու արարող երկու համայնքների գործունեությունը, ինչը պետք է ամրապնդել եւ շարունակել»: Նշել է, որ Բելառուսում միշտ էլ ջերմությամբ են վերաբերել Հայաստանին, ինչը բազմադարյա պատմություն ունի եւ հարուստ մշակութային ավանդույթներով է պարուրված:
Նախագահ Լուկաշենկոն սերտ հարաբերություններն առավել ամրապնդելու ցանկություն է հայտնել. «Միանգամայն վստահ եմ, որ համատեղ ջանքերով ծանրակշիռ արդյունքների կհասնենք մեր համագործակցության ոլորտների ընդլայնման եւ տնտեսության ոլորտում սերտ փոխգործակցության ու առեւտրաշրջանառության ծավալների մեծացման գործում»:
Սեփ. լրատվություն
«Լուսանցք» թիվ 17 (280), 2013թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում



