– Պահանջվում է 1 գովերգող եւ 1 ճշմարտախոս կառավարական խորհրդական – Սա է տնտեսական աճի նախապայմանը…
– Չկայացած ընդդիմության չկայացման դատապարտող քայլերը
Պահանջվում է 1 գովերգող եւ 1 ճշմարտախոս խորհրդական – Սա է տնտեսական աճի նախապայմանը
Դեռ կառավարության կազմը չէր հաստատվել, վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ Տիգրան Սարգսյանը շնորհավորանքներ էր ստանում պետությունների վարչապետերից, միջազգային կազմակերպությունների ղեկավարներից: Առաջին ողջունողներից էին Ռուսաստանի, Բելառուսի, Ուկրաինայի եւ Վրաստանի վարչապետերը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:
Այդ ընթացքում վարչապետն ընդունել է Հայաստան ժամանած ԵԽ-ի պահպանողականների ու ռեֆորմիստների խմբի պատգամավորներին եւ քննարկել ՀՀ եվրաինտեգրման գործընթացը, ՀՀ-ում տարբեր ոլորտներում բարեփոխումները: Եվրոպացիները չեն մոռացել քննարկել տարածաշրջանային հարցեր՝ հայ-թուրքական հարաբերությունների, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը վերաբերող: Արժույթի միջազգային հիմնադրամը եւս կողմնակից էր Տ. Սարգսյանի վերանշանակմանը: Հիմնադրամի ներկայացուցիչները զեկուցել են ԱՄՀ «Երկարաձգվող ֆինանսավորում»/«Երկարաձգվող վարկավորում» ծրագրի եզրափակիչ փուլի արդյունքների մասին եւ նշել, որ ընթացիկ ծրագրի բարեհաջող ավարտը ամուր հիմք կլինի ԱՄՀ նոր ծրագրի շուրջ բանակցության համար: Հիմնադրամի առաքելության ղեկավարը արդյունավետ է համարել ՀՀ կառավարության հետ իրենց համագործակցությունը:
Ինչեւէ, մեր կառավարության կազմում փոփոխություններ չեղան՝ միայն նոր երկու նախարար եւ տեղափոխումներ: Նոր նախարարը էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանն է, ով ոլորտը ղեկավարել էր նաեւ 1996-97թթ.: Էկոնոմիկայի նախկին նախարար Տիգրան Դավթյանը կլինի ՀՀ-ի ներկայացուցիչը ԱՀԿ-ում: Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար նշանակվեց հանրահայտ Յուրի Վարդանյանը: Իսկ նախկին ԲՀԿ-ական նախարար Հրաչյա Ռոստոմյանը, ըստ իր խոսքերի, Գագիկ Ծառուկյանի կողմից նշանակվելու է «Ավիասերվիս»-ի տնօրեն: Ինչ վերաբերում է փոխատեղումներին. ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը նշանակվեց կառավարության աշխատակազմի ղեկավար՝ մի փոքր բարձրացումով՝ ղեկավար-նախարար: Իսկ աշխատակազմի նախկին ղեկավար Դավիթ Սարգսյանը դարձավ ֆինանսների նախարար: ԲՀԿ-ն նոր կառավարության կազմում չընդգրկվեց: Երեք ՕԵԿ-ական նախարարները պահպանեցին իրենց պաշտոնները, մնացյալը ՀՀԿ-ից են:
Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը համարում է, որ «99 տոկոսանոց ՀՀԿ-ական կառավարությունը դարձավ 100 տոկոսանոց: Կարելի է ասել, որ կառավարությունն ընդհանրապես չի փոխվել, փաստացի նույն թիմի մարդիկ են: Ոչ թիմ է փոխվել, ոչ կուրս: Ոնց կար, այդպես էլ մնացել է»: Նաեւ նշել է, որ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարն էլ փոխվել է, «քանի որ թեեւ նախարարությունը «դե յուրե» ԲՀԿ-ինը չէր, բայց «դե ֆակտո» ԲՀԿ-ինն էր, դրա համար էլ փոխեցին»:
Այս անգամ, սակայն, գուցե իրոք մի բան փոխվի. նախագահ Սերժ Սարգսյանը նորանշանակ կառավարության առաջին նիստում հստակ «մեսիջներ» ուղարկեց. «Այսուհետ կառավարության գործունեությունից ակնկալելու ենք որակական ցուցանիշներ՝ գործունեության արդյունավետության, սոցիալական խնդիրների լուծման կոնկրետ ցուցիչներ: Հարցնելու ենք՝ ոչ թե ի՞նչ է արվել, այլ՝ արվածը ի՞նչ արդյունքներ է տվել: Եվ այդ արդյունքները պետք է լինեն չափելի եւ տեսանելի: Այդ չափելին աշխատավարձերի ու թոշակների բարձրացումն է: Դա ոչ միայն պետական սեկտորի աշխատողների աշխատավարձերի բարձացումն է»:
Այնուհետ նախագահը կառավարության հետ խոսեց «առանց տեսախցիկների»: Դժվար չէ կռահել, թե ինչ է ասել, նա պարզապես բացել է «մեսիջի» փակագծերը, այսինքն՝ պահանջել է ոչ թե ձեւական, այլ՝ իրական տնտեսական աճ:
Ի դեպ, մինչ այդ էլ նախագահը հարցրեց, թե կառավարության անդամներից ովքե՞ր իրեն ուղղված հարցեր ունեն: Զարմանալի կլիներ, որ ունենային: Հարց տվողը պիտի խնդիր առաջ քաշեր: Իսկ մերոնց համար խնդիրներ չկան, չէ՞ որ իրենք նախագահին միայն զեկուցում են, որ ամեն ինչ լավ է: Խնդիր առաջադրեին՝ կրակը կընկնեին: Նախագահն էլ ճիշտ է անում, որ 7 տոկոս աճ է պահանջում կրկին, ավելին՝ 17 պիտի պահանջեր: Դե որ, ըստ նախարարների զեկուցածի, ամեն ինչ լավ է, ուրեմն՝ առավել լավ արդյունքներ պիտի ունենա երկիրը: Կամ՝ 17 պիտի պահանջեր, որ գոնե 7-ն անեին, 10-ն էլ նկարեին: Իսկ որ 7 է պահանջում, 1-ն անում են, 6-ը՝ նկարում:
Այս ամենից մի ճիշտ ելք կա. Սերժ Սարգսյանը պիտի հետեւի մեր արքաների օրինակին. պահի միայն լավ լուրեր ասող, իրեն գովերգող խորհրդականի (պալատական խարդավանքների պարտադիր ատրիբուտ) եւ խորհրդականի, ով կասի այն, ինչ կատարվում է երկրում: Օրինակը կիրառելի է նաեւ վարչապետի՝ խորհրդականների ընտրության պարագայում:
Նարե Մշեցյան
Չկայացած ընդդիմության չկայացման դատապարտող քայլերը
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը Աբովյանում կառուցված եկեղեցու օծման արարողության ժամանակ հայտնել է, որ ցանկալի հյուր են բոլորը. «Հրավիրել եմ բոլորին՝ նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանին ու Լեւոն Տեր-Պետրոսյանին… Մենք բոլոր-բոլորին հրավիրել ենք: Եկեղեցու դռները բոլորի առաջ բաց են»: Իսկ որ բոլորը չէ, որ ընդունել են հրավերը, ԲՀԿ ղեկավարը պատասխան չուներ. «Դրա պատասխանը պետք է լրագրողները տան: Կարեւորն այն է, որ բոլորը հրավիրվել են, չէ որ ցանկացած հաջողություն կարելի է արձանագրել միայն միավորման եղանակով»:
Միավորման ջատագով Ծառուկյանի հրավերն ընդունել էին ՀՀ 2-րդ եւ 3-րդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, իսկ 1-ին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի փոխարեն եկել էր երբեմնի 1-ին տիկին Լյուդմիլա Տեր-Պետրոսյանը՝ ՀԱԿ-ական Լեւոն Զուրաբյանի, Արամ Մանուկյանի եւ ՍԴՀԿ ղեկավար Լյուդմիլա Սարգսյանի ուղեկցությամբ:
Իսկ այն հարցին, թե ԲՀԿ-ն հնարավո՞ր է դառնա ընդդիմություն, ՀՀ նախագահի եւ Երեւանի քաղաքապետի ընտրություններում ընդդիմադիրից ավելի ընդդիմադիր կեցվածք ընդունած ԲՀԿ-ի ղեկավարը պատասխանել է. «Ո՜չ, ԲՀԿ-ն ընդդիմություն չի կարող դառնալ: Ինչպե՞ս կարող է ԲՀԿ-ն ընդդիմություն լինել: ԲՀԿ-ն կարող է կողմնակից լինել այն ամենին, ինչը օգուտ է երկրին եւ ժողովրդին: Ես միշտ ասել եմ, որ քաղաքականության մեջ մտել եմ ոչ թե անձնական շահի համար, քծնանքի, այլ երկրի հզորացման զարգացման համար»:
Եթե «Ժառանգությունը» Երեւանի ավագանու ընտրություններում փաստացի համոզվեց, որ ընդդիմադիր դաշտի միասնության առումով հույս չի կարելի դնել ԲՀԿ-ի վրա, որն ի սկզբանե չընդունեց նախագահական ընտրություններում Րաֆֆի Հովհաննիսյանի 2-րդ տեղը եւ այդպիսով ընդդիմությանը համախմբելու իրավունքը, ապա ՀԱԿ-ում դեռ հույս էին փայփայյում, թե հանուն բուրժուա-դեմոկրատական հեղափոխության կարելի է օգտագործել գործարար Ծառուկյանի փողերը… Բայց Լեւոն Զուրաբյանը Աբովյանից վերադարձել էր շատ հուսահատված ու կոտրված, քան որ ԲՀԿ նախագահի՝ «ինչպե՞ս կարող է ԲՀԿ-ն ընդդիմություն լինել» ձեւակերպումը հունից հանել է ՀԱԿ-ական նախկին ՀՀՇ-ականներին: Նրանք վիճել են ՀԱԿ-ին մշտապես ԲՀԿ-ի կողմը քաշող Զուրաբյանի հետ, ով անընդհատ իրենց մոլորեցրել է, թե ուղղորդելով ԲՀԿ-ի կարողություններն ու հնարավորությունները, կարելի է «ՀՀԿ-ի մենաշնորհը» վերացնելու ճանապարհ հարթել: Սա կարող է լուրջ տարաձայնություններ առաջացնել տակավին նոր կաուսակցականացված ՀԱԿ-ում:
Հատկապես, որ ՀԱԿ-ի կուսակցության վերածվելուղց հետո, ՀԱԿ դաշինքի գաղափարը պահպանող ուժեր մնացել են, որոնք ՀՀԺ-ց փախչելով մնացին որպես դաշինքի կողմնակիցներ: Այդ ՀԱԿ դաշինքը այժմ լուրջ առաջնորդի փնտրտուքների մեջ է եւ դաշինքում առկա կուսակցությունների մասնավոր զրույցներում քննարկվել է ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանի հնարավոր ղեկավար դառնալու հարցը: «Քրիստոնեա-ժողովրդավարական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը հայտնել է, որ այդ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, չնայած ՀԺԿ-ն շարունակելու է մնալ ՀԱԿ անդամ կուսակցություններից մեկը, առայժմ նիստերին չմասնակցելու որոշում ընդունած:
«Լուսանցք»-ը արդեն գրել է, որ նախկին շատ ՀՀՇ-ականներ չցանկանալով դառնալ ՀԱԿ կուսակցության անդամ, իսկ ոմանք էլ ՀԱԿ դաշինքից դեռ հեռացած լինելով՝ ձգտելու են վերականգնել ՀՀՇ-ն: Եվ կարծես թե այդ ցանկությունը նշմարվում է, ինչը ՀԱԿ-ի ներքին լարվածությանը կարող է նորն ավելացնել: ՀՀՇ-ն վերագրանցելու եւ ընդդիմադիր դաշտում տեղավորելու «մոտ 200 հոգանոց նախաձեռնող խմբում կա այս պահին»: ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ, ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանը, ՀՀՇ վարչության նախկին նախագահ Արարատ Զուրաբյանը եւ նախկին պատգամավոր Կարապետ Ռուբինյանն ու Հովհաննես Իգիթյանը հրավիրած ասուլիսում պաշտոնապես հայտարարեցին «Հայոց Համազգային Շարժում կուսակցության վերագրանցման մտադրության մասին»:
Նախկին արտգործնախարարը նշել է, որ այս պահի դրությամբ չկա որեւէ խոչընդոտ վերադառնալ ՀՀՇ՝ այն վերաբացման միջոցով եւ մայիսի սկզբներին արդեն իսկ դիմում է գրել «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունից դուրս գալու մասին, որի հետ կշարունակեն համագործակցությունը: Այս «նոր» ՀՀՇ-ն պատրաստ է համագործակցել գաղափարակից՝ ազատական ուղվածության քաղաքական ուժերի հետ. «Լինելու է համագործակցություն, ոչ թե գործարք»:
Ընդդիմադիր խորհրդարանական ՀՅԴ-ն տապալվելով Երեւանի ավագանու ընտրություններում, առայժմ հեռու է այս անցուդարձից եւ կարծես հետեւողի դերում է: Թերեւս դաշնակցականները ներքին խմդիրներ ունեն լուծելու այժմ: Իսկ «Ժառանգության» քաղխորհրդի հերթական նիստն անցել է շատ լարված մթնոլորտում, քանի որ Երեւանի ավագանու մանդատների տրամադրման հարցում եղան տարաձայնություններ. «Բարեւ, Երեւանի» ցուցակից ավագանու մանդատ են ստանալու 6 պատգամավորներ: Հետաքրքիր է, որ ինքնաբացարկի դիմում ներկայացրած «Ա1+»-ի ղեկավար Մելս Մովսեսյանը չի մասնակցել քաղխորհրդի նիստին, բայց, որպես «բարի կամքի դրսեւորում, տեղյակ է պահել, որ ուղիղ եթերով կհեռարձակի ավագանու նիստերը»:
Այսպիսին է ընդդիմադի ոլորտում առկա վիճակը, ինչը անգամ հուսադրող չի կարելի համարել:
Վահագն Նանյան
Հ.Գ. – Ի դեպ, Լեւոն Տեր-Պետրոսյանի գործունեության համակիրը չլինելով, այնուամենայնիվ, չեմ կարող չնկատել, որ նա ճիշտ կեցվածք է դրսեւորել. ի՞նչ է նշանակում նախկին ու ներկա նախագահները պիտի գնան գործարարի կառուցած եկեղեցու բացմանը, փոխարենը ճշտելու, թե որտեղից այդ կառույցին հատկացված միջոցները: Թե՞ ասվել է «աստծո տուն», ու ճշտողները վախեցել են աստծո զայրույթից: Մինչդեռ անարդար գումարով հոգեւոր տուն կառուցելն է աստծո զայրույթի պատճառը: Այ սրա մասին էլ գնալուց առաջ պիտի մտածեր կաթողիկոսը: Գանք քաղաքական հատվածին: Այդչափ գումարի վրա աչք կարելի էր փակել միայն մի դեպքում (միջինասիական երկրներից մեկի օրինակով), եթե այդ գումարով ոչ թե հերթական եկեղեցին ու երկրի ամենամեծ կազինոն սարքվեր, այլ՝ արտադրություն հիմնվեր, որպեսզի սոցիալական խնդիրներին իրական լուծում տրվեր: Բայց դա Գագիկ Ծառուկյանի ոճը չէ, նա գերադասում է մարդուն ձուկ տալ, ոչ թե ձուկ որսալ սովորեցնել: Եվ մեր իշխանություններն էլ, փաստորեն, այդ՝ եկեղեցու բացման օրը քաջալերեցին նրան եւ բոլոր այն գործարարներին, ովքեր ուզում են արագ փողեր աշխատել:
«Լուսանցք» թիվ 17 (280), 2013թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում



