Մարզաշխարհ. Սպորտային լուրեր հայ մարզիկների մասնակցությամբ մրցաշարերից – Շաբաթվա մարզական կյանքից…

Սպորտային լուրեր հայ մարզիկների մասնակցությամբ մրցաշարերից

Մարզաշխարհ. Շաբաթվա մարզական կյանքից –

Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարը Յուրի Վարդանյանն է

Շնորհավորանքներն այս նշանակման առուոմվ շատ են, եւ բոլորն անվանի մարզիկին մաղթել են, որ որպես հայկական սպորտի պատասխանատու, լավագույնս օգտագործի պետական կառույցի բոլոր միջոցները՝ Հայաստանի անունը մարզական առումով էլ ավելի բարձրացնելու, նոր նվաճումներ արձանագրելու համար:

Յուրի Վարդանյանը փառահեղ մարզական ուղի է անցել եւ միջազգային մրցասպարեզներում նվաճած 100-ից ավել մեդալները, աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների, օլիմպիական խաղերի մոտ 5 տասնյակ ռեկորդները դրա վառ օրինակն են:

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը շարունակում է մնալ ՀՀ ԱՕԿ-ի ղեկավարը եւ օրերս Երեւանում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ համաձայնագիր են ստորագրել, ըստ որի՝ վավերացրել են երկու երկրների ազգային օլիմպիական կոմիտեների նախագահների ստորագրած փաստաթուղթը՝ Հայաստանում եւ Բելառուսում մարզիկների համատեղ ուսումնամարզական հավաքներ անցկացնլու համար:

Տարանջատվեցի՞ն սպորտի նախարարությունն ու ՀԱՕԿ-ը

Նոր կառավարության նշանակման օրերին շատերն էին բարձրաձայնում, թե ԲՀԿ-ական սպորտի նախարարի առկայության պայմաններում նախարարությունը վերածվել էր Օլիմպիական կոմիտեի կցորդի: Այժմ հուսով են, որ ծանրամարտի լեգենդար չեմպիոն Յուրի Վարդանյանի՝ ՀՀ սպորտի նախարարի պաշտոնում նշանակումը կփոխի վիճակը:

Մարզասերներին հիշեցնենք, որ ստեղծման օրվանից՝ 2008թ. առ այսօր, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար են նշանակվել Արմեն Գրիգորյանը (2008-2010թթ.), Արթուր Պետրոսյանը (2010-2012թթ.) եւ Հրաչյա Ռոստոմյանը (2012թ. հունիսից մինչեւ 2013թ. մայիսը): Այս 3 նախարարներն իրենց պաշտոններն ստացել են ԲՀԿ-ի քվոտայով՝ ՀՀԿ-ԲՀԿ կոալիցիոն հուշագրի շրջանակներում: Սակայն հիմնականում հաշվետու են եղել ոչ թե երկրի կառավարությանը, այլ ԲՀԿ-ի ու ՀՀ ԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին:

Հիշեցնենք նաեւ, որ Լոնդոնյան Օլիմպիադայի մեկնարկից մի քանի օր անց, այն ժամանակ ՀՀ նախագահի խորհրդականի պաշտոնն զբաղեցնող Յուրի Վարդանյանը մեղադրանքներ էր հնչեցրել Գագիկ Ծառուկյանի հասցեին՝ անվանելով վերջինիս ոչ պրոֆեսիոնալ, որից մարզաշխարհի ներկայացուցիչների մեջ անգամ լեզվակռիվ սկսվեց: Չի բացառվում, որ այդ վեճը շարունակվի նաեւ այժմ եւ ականատես լինենք Յուրի Վարդանյան-Գագիկ Ծառուկյան նոր մարզական հակամարտության:

Նորանշանակ նախարարը չի պատրաստվում համալրել ՀՀԿ-ի շարքերը, այդպիսի մտադրություն երբեւէ չի եղել, այս պահին էլ չկա: Անդրադառնալով իր նշանակման հետ կապված որոշ ձեւակերպումներին ու բարձրացրած աղմուկին՝ նշել է, որ դրանք դատողություններ են, ովքեր այդպիսով փորձում են բարձրացնել սեփական քաղաքական կշիռը: «Գագիկ Ծառուկյանին վերջին անգամ տեսել եմ սրանից 2-2,5 տարի առաջ, ինչ հարաբերություների մասին կարող է խոսք լինել, առավել եւս, որ այդ հանդիպումն էլ եղել է նախագահական նստավայրում: Կարծիք եմ հայտնել սպորտում տիրող վիճակի ու մեր մարզիկների ցույց տված օլիմպիական արդյունքների մասին, ինչի իրավունքը ունեի՝ իբրեւ ոլորտի մարդ, ոմանք դա տարան բոլորովին այլ դաշտ՝ անգամ անձնավորեցին,- ասել է նախարարը՝ հավելելով,- ինչու ՞ պետք է մեր միջեւ կոնֆլիկտ լիներ, մենք պարզապես միեւնույն հարցի վերաբերյալ ունենք տարբեր հայացքներ՝ ինքն այլ ճանապարհ է անցել, ես՝ այ­լ»:

Յուրի Վարդանյանը նաեւ նշել է, որ ոմանք կարծում են, թե օլիգարխները պետք է սպորտը ոտքի կանգնեցնեն, բայց դա այդպես չէ, սպորտը պետք է օրենքով ու պետության միջոցներով քաջալերվի, եւ սպորտի մասին օրենքն իր համար լուրջ խնդիր է եւ կլինի առաջնային քայլերից մեկը:

Ֆուտբոլային նոր մարզադաշտ՝ Շուշիում

ՀՖՖ-ն շարունակում է իր քաղաքականությունը ֆուտբոլային ենթակառուցվածքների զարգացման ուղղված: Դրանում ներառվում են ինչպես մեծ մարզադաշտերը, այնպես էլ եվրոպական ստանդարտներին համապատասխան արհեստական խոտածածկով խաղադաշտերը, որոնք թե մեծերին, թե փոքրերին շուրջօրյա ֆուտբոլով զբաղվելու հնարավորություն են ընձեռում:

2004թ. ի վեր ՀՖՖ-ն արհեստական խոտածածկով ավելի քան 100 խաղադաշտ է կառուցել Երեւանում, Հայաստանի մարզերում եւ Արցախում: Հերթական խաղադաշտը բացվեց Շուշիում, որը մայիսյան եռատոնի օրերին լավագույն նվերն էր Արցախի ֆուտբոլային հանրությանը: Խաղադաշտը հնարավորություն կտա անցկացնելու ֆուտբոլային հանդիպումներ, ունի 410 տեղանոց տրիբունա: Հանդիսավոր համերգին հաջորդել է ֆուտբոլային հանդիպում Շուշիի դպրոցական ֆուտբոլային թիմերի միջեւ:

Շուշիում բացվել է նաեւ արվեստի կենտրոն, ինչը մեծապես կնպաստի մշակույթի զարգացմանը, տարբեր քաղաքների ու երկրների հետ կապերի ամրապնդմանը:

Ազգային առաջնության մրցանակակիրները հայտնի են

Ավարտվեցին Հայաստանի ֆուտբոլի առաջնության նախավերջին 41-րդ փուլի հանդիպումները: Երեւանյան թիմերի՝ «Միկա»-«Փյունիկ» հանդիպումն ավարտվեց առաջինի հաղթանակով՝ 1:0, փյունիկցիներին զրկելով 3-րդ տեղը գրավելու հնարավորությունից: Դիլիջանի «Իմպուլս»-ը հյուրընկալվելիս 1:4 հաշվով պարտվեց նախորդ տարվա չեմպիոն Երեւանի «Ուլիս»-ին եւ ոչ միայն մնաց առանց մրցանակի, այլեւ եվրոգավաթների ուղեգրի («Փյունիկ»-ը մինչ այդ դարձել էր ՀՀ գավաթակիր եւ նվաճել Եվրոպայի լիգայի ուղեգիր): Հայաստանի ֆուտբոլի նոր չեմպիոն Գյումրիի «Շիրակ»-ը ոչ-ոքի՝ 2:2 խաղաց Կապանի «Գանձասար»-ի հետ: Առաջնության ետնապահներ Երեւանի «Արարատ»-ն ու «Բանանց»-ը Աբովյանում խաղաղ դաշն կնքեցին՝ 1:1:

Այդպիսով, առաջնության մրցանակակիրները հայտնի են՝ «Շիրակ»-ը նոր չեմպիոնն է, իսկ արծաթե եւ բրոնզե պարգեւներին արժանացան «Միկա»-ն եւ «Գանձասար»-ը: Անհաջողակը կորոշվի վերջին փուլում՝ «Արարատ»-ը ունի 33, իսկ «Բանանց»-ը՝ 31 միավոր: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը Գյումրիի խաղից հետո ոսկե մեդալներ հանձնեց «Շիրակ»-ի ֆուտբոլիստներին, մարզիչներին, ղեկավարներին, իսկ Շիրակի մարզպետը թիմին հանձնեց չեմպիոնի փոխանցիկ գավաթը:

«Փյունիկ»-ը՝ Հայաստանի գավաթակիր

Երեւանի «Փյունիկ»-ը դարձել է ֆուտբոլի Հայաստանի գավաթակիր: Գավաթի խաղարկության եզրափակիչում երեւանցիները 1:0 հաշվով առավելության հասան Հայաստանի նորընծա չեմպիոն Գյումրիի «Շիրակ»-ի նկատմամբ:

«Շիրակ»-ը պայքարը կսկսի 1-ին փուլից

Եվրոպայի ֆուտբոլի ակումբային գավաթների գալիք մրցաշարերին Հայաստանից հանդես կգան 4 թիմ: Գյումրիի «Շիրակ»-ը 2-րդ անգամ կմասնակցի չեմպիոնների լիգայի մրցաշարում: Մեր թիմը պայքարը կսկսի որակավորման 1-ին փուլից, քանի որ Հայաստանը ՈւԵՖԱ-ի դասակարգման աղյուսակում 53 երկրների մեջ զբաղեցնում է 50-րդ տեղը:

2013-14 թթ. Եվրոպայի լիգայի խաղարկությանը կմասնակցեն Հայաստանի առաջնության արծաթե մեդալակիր Երեւանի «Միկա»-ն, բրոնզե մեդալակիր Կապանի «Գանձասար»-ը եւ ՀՀ գավաթակիր Երեւանի «Փյունիկ»-ը:

Առաջին երկուսն ընդգրկվել են ներքեւի, իսկ «Փյունիկ»-ը՝ վերեւի խմբում: Դա նշանակում է, որ փյունիկցիներին բաժին կհասնի համեմատաբար ավելի թույլ մրցակից: Չեմպիոնների լիգայի եւ Եվրոպայի լիգայի առաջին 2 փուլերի վիճակահանությունը տեղի կունենա հունիսի 24-ին, ՈւԵՖԱ-ի շտաբ բնակարանում:

Որակավորման 1-ին փուլի խաղերը կկայանան հուլիսի սկզբին (2-3-ին եւ 9-10-ին չեմպիոնների լիգան, 4-ին եւ 11-ին՝ Եվրոպայի լիգան):

Մեր շախմատիստը միավորներով հավասարվեց աշխարհի չեմպիոնին:

Ստավանգերում շարունակվող «Նորվեգիայի շախմատ-2013» խոշոր մրցաշարի 7-րդ փուլում Լեւոն Արոնյանը սեւորով ոչ-ոքի խաղաց չինացի Վան Հաոյի հետ: Վերջինս 37-րդ քայլին չնայած զիվոր շահեց, սակայն համաձայնեց խաղաղ դաշն կնքել, քանի որ հնարավոր չէր ճեղքել սեւերի ամուր պաշտպանությունը: Լեւոնը վաստակեց 4 միավոր եւ կրկին հավասարվեց աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդին, որն այս փուլում հաղթեց ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովին: Մեր շախմատիստը առայժմ ետ է մնում նորվեգացի Մագնուս Կառլսենից (5 միավոր) եւ ռուսաստանցի Սերգեյ Կարյակինից (4,5):

Մեր շախմատիստներից լավագույնը Սերգեյ Մովսեսյանն էր

Լեգնիցայում Լեհաստան ավարտվեց շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունը:

Հայաստանի հավաքականի անդամ Սերգեյ Մովսեսյանը եւ գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը 11 հնարավորից վաստակեցին 8-ական միավոր եւ բաժանեցին 1-11-րդ տեղերը:

Լրացուցիչ հաշվարկներով մրցաշարի հաղթող ճանաչվեց ուկրաինացի Մոիսեենկոն:

Սերգեյ Մովսեսյանը գրավեց 7-րդ, իսկ Հրանտ Մելքումյանը՝ 10-րդ տեղը: Նրանք պարգեւատրվեցին համապատասխանաբար 4200 եւ 2850 եվրոյով, ինչպես նաեւ իրավունք նվաճեցին մասնակցելու 2013 թ աշխարհի գավաթի խաղարկությանը:

Մեր մյուս շախմատիստները գրավեցին հետեւյալ տեղերը.

31. Գաբրիել Սարգսյան՝ 7 միավոր

39. Տիգրան Լ. Պետրոսյան՝ 7

58. Արման Փաշիկյան՝ 6,5

63. Ռոբերտ Աղասարյան՝ 6,5

65. Ռոբերտ Հովհաննիսյան՝ 6,5

68. Զավեն Անդրիասյան՝ 6,5

76. Վլադիմիր Հակոբյան՝ 6,5

109. Ավետիք Գրիգորյան՝ 6

136. Հովհաննես Գաբուզյան՝ 5,5

150. Կարեն Հ. Գրիգորյան՝ 5,5

157. Էլինա Դանիելյան՝ 5,5

237. Վլադիմիր Պողոսյան՝ 4

Հայ սուսերամարտիկների հաղթանակը Վլադիկավկազում

Մայիսի 12-14-ը Ռուսաստանի Դաշնության Վլադիկավկազ քաղաքում 13-րդ անգամ կայացավ Հաջիեւի անվան միջազգային հուշամրցաշարը, որին մասնակցում էին ՌԴ, Ադրբեջանի, Հայաստանի եւ Վրաստանի պատանի սուսերամարտիկները: Հայ պատանի սուսերամարտիկները ներկայացել էին մրցմանը 6 մասնակցով` 2` ճկասուսեր եւ խոցասուսեր մրցաձեւերից: Ճկասուսեր մրցաձեւում հաղթող ճանաչվեց Մայքլ Հովհաննիսյանը, իսկ Էմիլ Դանիելյանը զբաղեցրեց 3-րդ մրցանակային տեղը:

Թիմային մրցումներում հայ սուսերամարտիկները գրավել են 1-ին տեղը: Մեր պատանի սուսերամարտիկների հիմնական կազմը ներկայացնում էին Արաբկիր վարչական շրջանի Ալբերտ Գրիգորյանի անվան սուսերամարտի մարզադպրոցի սաները: Մայքլ Հովհաննիսյանը ներկայացնում էր Երեւանի հրաձգության եւ սուսերամարտի մանկապատանեկան մարզադպրոցը:

Արսեն Պետրոսյան

«Լուսանցք» թիվ 17 (280), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում

 ՀայԱրիականՄիաբանությանպաշտոնականկայքըտրամադրումէգովազդայինվահանակիտեղ –  www.hayary.org

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ (0.10) 52-38-75, կամ գրել hayaryan@gmail.com էլ.հասցեով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է: Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից: Այնպես որ, տեղադրե՜ք Ձեր գովազդը եւ մի՜շտ մնացեք Ձեր բարձունքին մե՜ր օգնությամբ:

This entry was posted in Հոդվածներ. Bookmark the permalink.