Ռազմավարական ու էլի մի բանի թանկացում – Ամեն ինչ պետք չէ բարդել ժողովրդի ուսերին, պետությունը միայն հասարակ մարդիկ չեն… Վրաստանում գազն էլ են էժանացնում…

– Ռազմավարական ու էլի մի բանի թանկացում…

…Հետաքրքիր է, որ բնակչությանը վարձատրության մակարդակը ասիական են պահպանում, իսկ խոստումներն ու պահանջները՝ եվրոպական են շռայլում: Ամեն ինչ պետք չէ բարդել ժողովրդի ուսերին, պետությունը միայն հասարակ մարդիկ չեն: Տեղն եկած ժամանակ իշխանության ամենացածրորակ կամ ամենավերջին պաշտոնյան հայտարարում է՝ թե այդ իրենք են պետությունը: Իսկ ու՞ր եք հիմա՝ պետության «դեմքեր»…

– Վրաստանում գազն էլ են էժանացնում…

…Շարունակվում են մեծ ներդրումային հոսքերը դեպի Վրաստան, անգամ հայ գործարարներն են շտապում այնտեղ՝ մեր ժողովրդից մսխած փողերով վրացական հանրությանը օգնելու համար: Համացանցում նշված է, որ վերջին տարիներին 70-ից ավելի հայ գործարարներ մի քանի միլիարդի ներդնումներ են արել Վրաստանում…

 Ռազմավարական ու էլի մի բանի թանկացում

«Գազը կթանկան­ա» ձեւակերպումը հասցրել է սարսափեցնել եւ՜ մարդկանց, ովքեր կքված են կենցաղային դժվար պայմաններից, եւ՜ գործարար ու այլ շրջանակների, քանզի թանկացումը շղթայական կարգով ներառելու է ամբողջ շուկան, մեր կյանքը: Եվ այն կարծիքը, թե իշխանությունը գիտեր գազի թանկացման մասին, բայց միջոցներ չէր ձեռնարկել, թերեւս մոտ է իրականությանը: «Գազի գինը ներկայացվում է ապրիլին, քննակումները սկսվում են մայիսի­ն»,- հայտնել է ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանը, «Հայռուսգազարդ» ընկերությունը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով է ներկայացրել նոր սակագնի հաստատման հայտ՝ 1 խմ-ի համար նախկին 132 դրամի փոխարեն 221 դրամ: Խմբակցության պատգամավորները վստահեցրել են, որ իրենք չեն սպասել ընտրություններն ավարտվեն, նոր միայն բարձրաձայնեն գազի գնի թանկացման մասին. «Բոլորս էլ գիտեինք, որ գազի գինը թանկանալու է, բայց թե երբ, դա արդեն 2-րդ հարցն էր, եւ իշխանությունները հնարավորինս կարողացան դա հետաձգել՝ ավելի մեղմացնելու համար»,- հայտնել է մեկ այլ ԱԺ պատգամավոր Գարեգին Նուշիկյանը: Խորհրդարանական մեծամասնության պատգամավորները հայտարարել են, որ գազի գնի հարցը կքննարկեն ԱԺ համապատասխան հանձնաժողովում:

ԲՀԿ պատգամավոր Ստեփան Մարգարյանի համար անհասկանալի էր՝ ինչու՞ բարձրացավ գազի գինը. «Սկզբնական շրջանում հայտարարեցին, որ բանակցություններ են ընթանում, եւ իրենք ոչինչ չեն հայտարարում, քանի որ  դեռ չի ավարտվել, հետո հայտարարվեց, որ չի լինելու թանկացու­մ»: Իսկ քաղաքական ուժերը հայտարարում են, թե գազի թանկացումը մարտահրավեր է, որը մեր պետության անվտանգությանը վերաբերող լուրջ խնդիր է:

Անգամ կոչեր են արվում, որ հարցը չկարգավորելու դեպքում հարկավոր է իշխանություններից միջազգային կարգի աշխատավարձ պահանջել՝ գազի գնի բարձրացմանը զուգահեռ, հատկապես երբ նրանք ամեն բան սկսել են դիտարկել եվրոպական չափանիշներով: Հետաքրքիր է, որ բնակչությանը վարձատրության մակարդակը ասիական են պահպանում, իսկ խոստումներն ու պահանջները՝ եվրոպական են շռայլում: Ամեն ինչ պետք չէ բարդել ժողովրդի ուսերին, պետությունը միայն հասարակ մարդիկ չեն: Տեղն եկած ժամանակ իշխանության ամենացածրորակ կամ ամենավերջին պաշտոնյան հայտարարում է՝ թե այդ իրենք են պետությունը: Իսկ ու՞ր եք հիմա՝ պետության «դեմքեր»:

Ցավոք, մեզանում չհաստատվեցին ու գործող չդարձան արհմիությունները եւ բողոքի գործադուլներ կամ այլ գործողություններ չեն անում նպատակայնորեն, որպեսզի կանխվեն սոցիալական անարդարությունները: Իսկ քաղաքական ուժերի հանրահավաքները վերջնական արդյունքում գործածելով սոցիալական հարցերը՝ ավարտվում են քաղաքական պահանջներով, իսկ իշխանություն-ընդդիմություն հակամարտությունը կառուցողական ոլորտից տեղափոխվում է առճակատման եւ փոխմերժման ոլորտ: Եվ մարդկանց սոցիալական հոգսերը մնում են անփոփոխ:

Ամեն դեպքում այն կարծիքն է իշխում, որ մեղքը ավելի շատ արտաքին է, քան ներքին, գազի սակագնի թանկացմամբ Ռուսաստանը փորձում է ճնշում գործադրել Հայաստանի վրա: Դրա համար ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պետք է մերժի «ՀայՌուսգազարդ» ընկերության հայտը: Ավելին՝  իշխանությունները պարտավոր են քայլեր ձեռնարկել երկրում այլընտրանքային էներգետիկ ռեսուրսների ստեղծման եւ ապահովման ուղղությամբ: Պետք է նաեւ ստեղծել այնպիսի քաղաքական կառավարման համակարգ, որը կապահովի բիզնեսի ու քաղաքականության տարանջատումը, կձեւավորի նոր տիպի հարկային եւ օրենսդրական դաշտ, ինչն էլ հնարավորություն կտա գիտական ու տեխնիկական առաջընթացին հենվելով ձեւավորել ռիթմիկ եւ մրցունակ տնտեսություն:

Ի դեպ, ՌԴ-ն ՀՀ-ի համար գազը թանկացրել է՝ դարձնելով 189 դոլար: 221 դրամը «Հայռուսգազարդ»-ի գյուտն է: Որովհետեւ ընկերությունն ուզում է բարձրացնել աշխատավարձերը՝ 119 հազ. դրամը համարելով քիչ: Նկատի ունենանք. ուզում է բարձրացնել առանց որեւէ  նոր ծառայության: Իսկ աշխատավարձերի պահով էլ հապա փորձեք ճշտել, թե ինչքան է ստանում ընկերության տնօրենը: Չեք կարող: Գաղտնիք է: Ասել է թե՝ սպառողները չեն կարողանա իմանալ, թե իրենց տվածից ով ինչքան աշխատավարձ է ստանում:

Բացի այդ՝ ընկերության տեսուչները, որ 60 հազ են ստանում, թե փորձանքի մեջ ընկնեն, մնում են առանց ընկերության օգնության: «Հայռուսգազարդ»-ը միանգամից ձեռքերը լվանում է ու 60 հազ ստացողին ստիպում է սեփական գրպանից հոգալ, օրինակ, քրգործի հետ կապված փաստաբանի ծախսերը: Այն քրգործի, որի մեջ տեսուչը հայտնվել է՝ ընկերության գործերի հետ կապված:

Ահա այսպիսի աշխատավարձային քաղաքականությամբ պայմանավորված գազաթանկացումներ:

 Նարե Մշեցյան

Վրաստանում գազն էլ են էժանացնում

Ռուսաստանը կրկին ճնշում է ռազմավարական գործընկեր Հայաստանին, իսկ փոխարենը սիրաշահում է ոչ ռազմավարական գործընկեր Վրաստանին, ում հետ դեռ պատերազմական վիճակում է: Ահա թե ինչ լպրծուն բան է քաղաքականությունը: Վրաստանում եվրա-ռուսական իշխանափոխությունն իրականացրած Բիձինա Իվանաշվիլին Բրյուսել-Մոսկվայի ջանքերով կատարում է իր խոստումները: Փետրվարին 25%-ով էժանացել է էլեկտրաէներգիան, 10%-ով՝ գազը, գրեթե 50%-ով նվազել է աղբահանության գինը, 7%-ով՝ էժանացել հացը: Եվ հասկանալի է, որ էժանացումները բերել են այլ էժանացումների շուկայում:

Շարունակվում են մեծ ներդրումային հոսքերը դեպի Վրաստան, անգամ հայ գործարարներն են շտապում այնտեղ՝ մեր ժողովրդից մսխած փողերով վրացական հանրությանը օգնելու համար: Համացանցում նշված է, որ վերջին տարիներին 70-ից ավելի հայ գործարարներ մի քանի միլիարդի ներդնումներ են արել Վրաստանում:

Նշենք նաեւ, որ նախկինում Վրաստանն Ադրբեջանից գազը գնում էր 167 դոլարով, իսկ բնակիչներին այդ նույն գազը վաճառվում էր 300 դոլարով: Հիմա սպառողների համար գազն էժանացել է 10%-ով: Այսինքն՝ վրաստանցիները գազի համար վճարում են մոտ 270 դոլար: Դա նշանակում է, որ սահմանի վրա գազի գնի եւ բնակիչներին մատակարարվող գազի գների տարբերությունը՝ մարժան՝ 133 դոլարից նվազել է մինչեւ 103 դոլարի:

Կարեն Բալյան

«Լուսանցք» թիվ 18 (281), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում

This entry was posted in Հոդվածներ. Bookmark the permalink.