Թանկացումներ ՀՀ-ում եւ ԼՂՀ-ում… Սակագնի հարցը Վարչական դատարանու՞մ… «ՀայՌուսգազարդ»-ը ի՛բր դժգոհում է… Ռուսաստանը այստե՞ղ էլ է խառնվում…

– Թանկացումը  սպասեցնել չի սիրում…

– Սակագնի հարցը Վարչական դատարանու՞մ…

– «ՀայՌուսգազարդ»-ը ի՛բր դժգոհում է…

– Գազալցակայաններն էլ կթանկացնեն…

– Ռուսաստանը այստե՞ղ էլ է խառնվու…

– Գազն ու էլեկտրաէներգիան թանկացան նաեւ Արցախում…

 Թանկացումը  սպասեցնել չի սիրում

Հանրային ծառայությունները կարգավորող հանձաժողովը միաձայն հաստատել է գազի նոր սակագինը՝ 1 խմ-ի համար՝ 156 դրամ՝ մինչեւ 1000 խմ սպառողների համար, իսկ 1000 խմ-ից ավելի սպառողները կվճարեն 276,98 դոլար: Նոր սակագինն ուժի մեջ կմտնի հուլիսի 7-ից:

Հանձաժողովը հաստատել է նաեւ էլեկտրաէներգիայի նոր սակագինը՝ ցերեկային ժամերի համար 38 դրամ/կՎտժ, գիշերային ժամերի համար՝ 28 դրամ/կՎտժ: Այս նոր սակագինը եւս ուժի մեջ կմտնի հուլիսի 7-ից:

Բայց մեր գործարարները շա՛տ ու շու՛տ հասկացող, գլխի ընկնող ու իրենց ճարը տեսնող զանգված են, նրանք անգամ չեն սպասել հուլիսի 7-ին, եւ խանութներում ու այլ վաճառքի կետերում գները բարձրացել են. կաթնամթերքի, մսամթերքի, հագուստեղենի եւ այլն: Նաեւ խոսում են տրանսպորտի, ջրի ու հացի թանկացումների մասին:

Պարզ էր, որ գազի սակագնի թանկացումը շղթայական տարածվելու է, այս մասին շատ է խոսվել, բայց որ անգամ չի սպասելու սահմանված օրվան… Այսպես հենց մեր ընչաքաղցությունը կարող է դառնալ մեր կործանման պատճառ:

Հիմա ինչո՞վ են տարբերվում այս գործարար կոչվածները վատ կառավարող չինովնիկներից: Բոլորն իրար արժանի են: Ցավոք, միայն ժողովուրդն է տուժում:

Գների բարձրացումը բիրդան աղաների յոթը տեղ պահած քսակներին ոչինչ չի կարող անել, դրա համար էլ նրանք «հանուն ժողովրդի բարօրության» նվազագույն աշխատավարձը սահմանեցին 45 հազ. դրամը: Բոլորն էլ լավ գիտակցում են, որ այս գումարը, միեւնույնն է, աշխատողի կյանքի համար նորմալ պայմաններ չի ստեղծելու, բայց ոչ բիրդան աղաների՝ փոքր ու միջին ձեռներեցների համար հարկային եւ սոցապ ոլորտներում մի նոր բեռ է ավելացնելու: Այսինքն՝ շարունակվում են միջազգային եւ «ազգային» փորձերով հաջողությամբ անցած «սատկած էշից նալ քաշելու» նորացված տարբերակով «մարդասիրական» բարեփոխումները:

Նարե Մշեցյան

 Սակագնի հարցը Վարչական դատարանու՞մ

«Կանխենք գազի գնի թանկացումը» քաղաքացիական նախաձեռնության անդամները հանրությանը մեկ անգամ եւս անհնազանդության կոչ են հղել: Քաղաքացիական ակտիվիստ Սիլվա Ադամյանը հարցազրույցներում հավաստել է, որ  7 տարի աշխատել է «Հայռուսգազարդ»-ում ու գիտի, թե ինչպես են փորձում խաբել ընկերության բաժանորդներին. «Հայռուսգազարդ»-ի աշխատակիցները կներխուժեն ձեր բնակարաններ ու կհամոզեն հանգիստ ստորագրել փոխադարձ ակտը, ըստ որի՝ ամրագրվում է հանրության համաձայնությունը, որ գազի սակագինը փոփոխվի»,- ասել է նա, իսկ եթե մարդիկ չեն ստորագրում այդ պայմանագիրը, ապա «Հայռուսգազարդ»-ի հետ բաժանորդագրման կապը խզվում է: Ահա հենց այս իրողությունն են բարձրաձայնել օրերս քաղաքացիական նախաձեռնության անդամները՝ հայտնելով. «Մի վախեցեք՝ թող անջատեն ձեր բնակարանների գազը եւ բոլորս դուրս գանք պայքարի»: Քաղաքացիական նախաձեռնության մեկ այլ անդամ Անդրեաս Ղուկասյանը մեղադրում է քաղաքական ուժերին, որ հասարակությունը միահամուռ չէ, շատերը սպասողական չեզոք դիրքորոշում են որդեգրել: Մարդիկ դժգոհ են նաեւ ԱԺ պատգամավորների դիրքորոշումներից:

Քաղաքացիական նախաձեռնության անդամ Անի Կաղինյանն էլ նշել է, որ հրավիրել են բոլոր ընդդիմադիր ուժերին, որ սկսեն թիմային աշխատանք, բայց, ճիշտ է մերժում չի եղել, սակայն ոչ մեկից ոչ մի արձագանք չկա:

«Կանխենք գազի գնի թանկացումը» քաղաքացիական նախաձեռնությունը հայտնել է, որ անգամ մենակ մնալու դեպքում իրենք աշխատանքային խմբով կդիմեն Վարչական դատարան եւ հիմա հիմքեր են նախապատրաստում դրա համար:

Գոհար Վանեսյան

 «ՀայՌուսգազարդ»-ը ի՛բր դժգոհում է

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանը հայտնել է, որ, որպես ընկերության տնօրեն, դժգոհ է գազի այսօրվա հաստատված սակագնից, իսկ որպես երկրի քաղաքացի, որպես սպառող՝ չի կարող դժգոհ լինել: Նրա խոսքերով՝ դժգոհ է, քանի որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացրած հայտում ամբողջությամբ ներառված է եղել այն աշխատանքների ծավալը, որոնք անհրաժեշտ են «ՀայՌուսգազարդ»-ի զարգացման եւ ընթացիկ շահագործման համար. «Հանձնաժողովի կողմից կրճատումները կատարվել են այն ուղղություններով, որոնց չիրականացման արդյունքում մեր գազատրանսպորտային եւ գազաբաշխման համակարգը դրանից չէր տուժի: Իհարկե, լավ կլիներ, որ այդ աշխատանքները ժամանակին կատարվեին: Եթե հնարավորություն ունենայինք մեր ներկայացրած ծավալով ստանալ մեր գումարները, բնական է, որ շահագործումն իրականացվելու էր ավելի բարձր մակարդակով, քան կարվի»:

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանն էլ նշել է, որ հանձնաժողովը հաշվարկելով վերջնական սպառողների համար գազի սակագինը, հիմք է ընդունել վարչապետ Տիգրան Սարգսյանի պաշտոնական նամակը, որի համաձայն՝ կառավարությունը 30%-ով սուբսիդավորելու է «ՀայՌուսգազարդ»-ի կողմից սահմանին ձեռքբերվող գազի սակագինը: Բացի այդ, ըստ նրա, ընկերությունը չի կարողացել հիմնավորել շահագործման պահպանման ծախսերով պայմանավորված շատ ծախսային հոդվածներ, ինչի արդյունքում էլ այդ բոլոր գործոնները հաշվի առնելով է հաստատվել գազի այն սակագինը, որն ընդունվեց ՀԾԿՀ-ի նիստում:

«ՀայՌուսգազարդ»-ի ղեկավարը նշել է, թե գազաբաշխման համակարգում ունեն 50 տարուց ավելի շահագործվող գազատարներ, որոնք պետք է արդիականացնել, մինչդեռ այսօր հաստատված սակագնով «ՀայՌուսագազարդ»-ը չի կարող նման աշխատանքներ իրականացնել. «Առաջիկա տարիներին, երբ պայմաններն ավելի լավ կլինեն, աշխատավարձերն ավելի բարձր կլինեն եւ հասարակությունն էլ պատրաստ կլինի, գուցե հանձնաժողովը նորից վերանայի սակագները, որպեսզի պահպանենք մեր ունեցածը»: Նա հայտնել է, որ ընկերությունը 2011 եւ 2012թթ. աշխատել է վնասով, նախորդ տարի ավելի մեծ վնասով են աշխատել, քանի 2011թ. էր:

Վստահ ենք՝ Վարդան Հարությունյանի դժգոհությունը էժանագին ժեստ է հանրությանը չբորբոքելու:

Անի Մարության

 Գազալցակայաններն էլ կթանկացնեն

Վերջնականապես հաստատվեց, որ սուբսիդավորումից հետո բնակչության համար գազը կթանկանա 1 խմ-ի հաշվով 18%-ով (156 դրամ):

Գազի թանկացման ազդեցությունը գազալցակայաններում վաճառվող գազի վրա կլինի 5%: Այսինքն, եթե այսօր գազալցակայաններում 1 խմ գազը վաճառվում է 200 դրամով, ապա թանկացումից հետո կլինի՝ 210 դրամ:

«Կարծիքներ հնչեցին, որ գազի սակագնի թանկացումով տրանսպորտի գինը մի քանի անգամով կբարձրանա, բայց մենք վերլուծություններ ենք արել, որի համաձայն՝ գազի բարձրացման ազդեցությունը գազալցակայաններում վաճառվող գազի վրա կլինի 5%: Իսկ թե ինչո՞ւ ավելի շատ կբարձրանա՝ խնդրում եմ դա մեր հետ չկապել»,- ասել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով Ռոբերտ Նազարյանը:

«ՀայՌուսգազարդ»-ի գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանի խոսքերով՝ գազալցակայանները մտնում են այն սպառողների մեջ, որոնք սպառում են 10 հազ. խմ գազ եւ 10 հազ. խմ ու ավելի գազ սպառող բաժանորդները նախկին պայմանագրի համաձայն վճարել են նաեւ կալորիականության համար:

Այսինքն՝ նախորդ սակագնով նրանք վճարել են 243-244 դոլարին համարժեք դրամ: Հիմա 10 հազ. խմ եւ ավելի սպառում ունեցող բաժանորդները պետք է վճարեն 277 դոլարին համարժեք դրամ, դրանց մեջ են մտնում նաեւ գազալցակայանները: Սա նշանակում է, որ այդ սպառողների համար գազի սակագինը թանկանում է ընդամենը 9%-ով:

Կարեն Բալյան

 Ռուսաստանը այստե՞ղ էլ է խառնվում

Քննարկվում է ՀՀ-ում Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ պետական ռեզերվների համատեղ գործակալության ստեղծման հարցը, որը կծառայի որպես Հայաստանի ու Ռուսաստանի համատեղ պահուստների տարածաշրջանային ենթակառուցվածք:

Ըստ Ազգային անվտանգության խորհրդի հաղորդագրության՝ ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի ուղեկցությամբ այցելել է Արտակարգ իրավիճակների նախարարության պետական պահուստների գործակալություն:

Տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ գործակալության ղեկավարները ներկայացրեցին առկա խնդիրները, հետագա գործունեության առնչվող հարցերը, ինչպես նաեւ պահեստների եւ այլ ենթակառուցվածքների արդիականացման ու վերազինման հնարավորությունները:

Սեփ. լրատվություն

 Գազն ու էլեկտրաէներգիան թանկացան նաեւ Արցախում

ԼՂՀ հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող հանձնաժողովը եւս քննարկել է գազի, ջրի եւ էլեկտրաէներգիայի սակագների մասին հարցերը:

Գազի սակագինն Արցախում, ինչպես եւ Հայաստանում, մինչեւ 10,0 հազ. խմ սպառում ունեցող սպառողների համար 1 խմ-ն կկազմի 156 դրամ: Այս սակագինը ուժի մեջ կմտնի օգոստոսի 1-ից, իսկ ահա 10,0 հազ. խմ եւ ավելի սպառում ունեցող սպառողներին վաճառվող յուրաքանչյուր 1000 խմ բնական գազի նոր սակագինը (1000 խմ-ի արժեքը՝ 290 դոլար) կգործի հուլիսի 10-ից:

Էլեկտրաէներգիայի սակագինը հանձնաժողովը որոշել է սահմանել՝ ցերեկային ժամերի համար 38 դրամ/կՎտժ, իսկ գիշերային ժամերի համար՝ 33 դրամ/կՎտժ:

Հանձնաժողովի նախագահ Լեւոն Մնացականյանը սակայն նշել է, որ բնակիչների համար սակագինը չի փոխվի, քանի որ վարչապետից գրություն են ստացել, ըստ որի՝ կառավարությունը պատրաստակամություն է հայտնել սուբսիդավորել ցերեկայինի համար 13, իսկ գիշերայինի համար՝ 8 դրամի չափով, ինչը նշանակում է, որ բնակիչների համար տարբերություն չի լինի՝ գիշերն են էլեկտրաէներգիա սպառում, թե ցերեկը՝ կվճարեն 25 դրամ:

Ի դեպ, ներկայում ցերեկային ժամերի սակագինը 25 դրամ է, գիշերայինը՝ 15 դրամ: Նոր սակագները կգործեն հուլիսի 10-ից:

Նոր սակագին սահմանվեց նաեւ խմելու ջրի ու ջրահեռացման մասով. այստեղ բնակիչների համար սակագինը կմնա նույնը՝ 1 խմ ջրի դիմաց կվճարեն 100 դրամ, ջրահեռացման ծառայության համար՝ 12 դրամ, իսկ ահա այլ սպառողների համար խմելու ջրի խորանարդ մետրը հուլիսի 10-ից կկազմի 134 դրամ, իսկ ջրահեռացմանը՝ 16 դրամ:

Սեփ. լրատվություն

«Լուսանցք» թիվ 21 (284), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում եւ pressa.ru-ի Лусанцк/Lusantsk/Լուսանցք – http://pressa.ru/Flexreader/show/id/41528

 

This entry was posted in Հոդվածներ. Bookmark the permalink.