– Ներիշխանական դժգոհություն է հասունանում…
– Նախագահը՝ Վերահսկիչին – Էկոնոմնախը՝ Վերահսկիչին – Քաղշինը՝ Վերահսկիչին – Սոցնախը՝ Վերահսկիչին – Նախագահը՝ դատախազին – ԱԻՆ-ը՝ Վերահսկիչին – Ֆիննախը՝ Վերահսկիչին – Բնապ.նախը՝ Վերահսկիչին – Ջրտնտպետը՝ Վերահսկիչին – ԿԳՆ-ն՝ նախ մեզ, հետո ՎՊ-ին…
Ներիշխանական դժգոհություն է հասունանում
Վերահսկիչ պալատի վերջին հաշվետվությունը շատ աղմկոտ ստացվեց: Ինչպես ներիշխանական, այնպես էլ հանրային կյանքում խլրտումներ ու սպասումներ են առաջ եկել, իսկ վերնախավում՝ հասկանալի մտահոգություններ: ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի ներկայացրած խախտումներից ու չարաշահումներից զատ, քննարկվում է նաեւ հենց ՎՊ ղեկավարի գործունեությունը: Կարծիքներ են հնչում, թե ՎՊ ու այդ կառույցի նախագահի գործունեությունը նույնպես անբասիր չէ: Տպավորություն է ստեղծվել, որ ամեն մի հայտնաբերված չարաշահում կամ թալան չէ որ ներկայացվում է հանրությանը, իսկ ներկայացված ամեն դեպք էլ չէ, որ համապատասխանում է իրականությանը:
Տարօրինակ է նաեւ, որ քննարկումներ են լինում, թե որոշ չարաշահումներ պարզապես չեն ներկայացվել, ու դա հավանաբար լինում է որոշակի կոռուպցիոն գործարքի կամ պայմանավորվածության արդյունքում: Գուցե ՀՀ նախագահի կտրուկ խոսքը՝ ՎՊ հայտարարությունների ու ներկայացված տվյալների, ինչպեսեւ դրանց հրապարակավ արձագանքելու հետ կապված, արագություն եւ որոշակի խստություն, ինչու ոչ՝ նաեւ ինտրիգ մտցրեց այս իրավիճակում:
Կարծիք էլ կա, թե որոշ խախտումներ ՎՊ նախագահը ուռճացված կամ հետին թվով է ներկայացնում, եթե տվյալ գերատեսչության ղեկավարի հետ չի կարողացել գործարքի մեջ մտնել, կամ նա չի վայելում քաղաքական լուրջ հովանավորչություն, քանի որ ՎՊ-ի բացահայտումները հաճախ արժանանում են սուր քննադատության:
ՎՊ նախագահի նկատմամբ ներիշխանական դժգոհություն է հասունանում, որի հետեւանքով հնարավոր է, որ առաջիկայում բացահայտվեն արդեն ՎՊ կատարած որոշ խախտումներ, որոնք տեղի են ունեցել ղեկավարի ուսումնասիրությունների ընթացքում: Անգամ խոսվում է ՎՊ նախագահի հնարավոր փոխարինման մասին, որ նախագահականում տեղի ունեցած խորհրդակցությունից հետո Իշխան Զաքարյանը կարող է չվերանշանակվել նախագահի պաշտոնում, եւ նրա փոխարեն շրջանառվում է ՎՊ-ի նախագահի տեղակալ Լեւոն Յոլյանի անունը, ով «գորշ կարդինալի» համբավ ունի եւ, ասում են, եւս շքեղ առանձնատան սիրահար է: Մամուլն արագ արձագանքեց, թե նա բնակվում է Ալեք Մանուկյան փողոցում գտնվող Ուրուգվայի հյուպատոսության 6 հարկանի շքեղ շենքում, որի 2 հարկը Լեւոն Յոլյանին է պատկանում, 2 հարկը՝ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին, 2 հարկն էլ՝ Ուրուգվայի հայ հյուպատոս Արմեն Հայրապետյանին: Իսկ հյուպատոսարանը 1-ին հարկում 3 փոքր սենյակ ունի:
Կշարունակվի՞ կոմպրոմատների քաղաքական պատերազմը, թե ՀՀ նախագահի հետեւողականության շնորհիվ ուսումնասիրության բոլոր արդյունքները կտեղափոխվեն իրավական ոլորտ: Կդադարի՞ այս աղմուկն ընկալվել իբրեւ Հովիկ Աբրահամյան-Տիգրան Սարգսյան մրցապայքար, թե՞ իրականում խորհրդարանն ու կառավարությունը վիճարկում են երկրում առաջնային կառույցը լինելու հարցը: Իշխանության ներսում շահերի բախումն ու հակամարտությունը իշխանական տարբեր կլանների միջեւ թերեւս առավել առարկայական է դարձել այժմ, ինչը կարող է նպաստավոր լինել Սերժ Սարգսյանի համար, որպեսզի մինչեւ սեպտեմբեր հուլիսյան Վարդավառի ջրով մաքրագործումներ իրականացնի եւ խոստացած նոր կառավարության համար ճանապարհ բացի:
Արման Դավթյան
Հ.Գ. – Գլխավոր դատախազությունը դիմել է ՎՊ՝ լրացուցիչ նյութեր ստանալու համար, պահանջել է այն նյութերը, որոնք ՎՊ-ի տարեկան հաշվետվությունում արձանագրված գնահատականների եւ եզրակացությունների համար հիմք են դարձել: Իսկ առկա գործերը ուսումնասիրության փուլում են, որոնց մասին դատախազությունը տեղեկատվություն կհրապարակի:
Մնում է մի հարց՝ ՀՔԾ-ին կհանձնարարվի՞ տալ ՎՊ-ի գնահատականը:
Նախագահը՝ Վերահսկիչին
Դու քաղաքական գործիչ չես, հասկանո՞ւմ ես, դու պրոֆեսիոնալ ես, դու պարտավոր ես փաստեր ի հայտ բերել, ասել՝ էս փաստն էս է… Հենց դրա համար եմ ասում, մարդ պետք է պատրաստվի ցանկացած պատասխանի եւ հաշվետվության, տեմպի տակ չընկնի: Հասկանո՞ւմ ես, դա շատ կարեւոր հատկանիշ է ղեկավար մարդու համար: Դու պետք է հասկանաս, մարդիկ լսում են, չէ՞. պաշտոնատար անձը հայտարարություն է անում: Հասկանո՞ւմ ես, ի՞նչ է: Եվ ընդհանրապես կարելի՞ է պատկերացնել, թե 900 միլիարդից 700-ը կարելի է ուտել, Իշխան: Դու պատկերացնո՞ւմ ես դա: Մենք մեկ միլիարդանոց ծրագիր ենք իրականացնում՝ Հյուսիս-հարավ, դու ասում ես խայտառակություն է: Դու հասկանո՞ւմ ես, որ հինգ տարի այդ խարանը լինելու է այդ ճանապարհի վրա: Պարզ բան է, չէ՞:
Էկոնոմնախը՝ Վերահսկիչին
ՎՊ-ի կողմից արձանագրված է, որ երկու բիոզուգարանները տեղադրված չեն ու չեն աշխատում, բայց դրանք տեղադրված են ու աշխատում են: Այսօր երկուսն էլ աշխատում են, արձանագրությունը որեւէ կերպ չի անդրադարձել խախտումների վրա:
Քաղշինը՝ Վերահսկիչին
Արձանագրված խախտումները վերաբերում են ընդհանրապես պետական միջոցներով շինարարական աշխատանքներին, այլ ոչ թե քաղաքաշինության նախարարությանը…
ՎՊ-ի կողմից մեզ մոտ ստուգումներ չեն իրականացվել:
Սոցնախը՝ Վերահսկիչին
Գիշերօթիկ հաստատություններում անձանց ընդունելության, դուրս գրման, խնամքի կազմակերպման հարցերում առկա են օրենսդրական կարգավորման բացթողումներ: Օրինակ՝ մարդը ընդունվում է գիշերօթիկ հաստատություն որպես հաշմանդամ, սակայն որոշ ժամանակ անց նրա հաշմանդամության ժամկետն ավարտվում է: Պե՞տք է արդյոք նրան դուրս հանել ինտերնատից՝ իրավական դաշտը այս հարցը չի կարգավորում, այնինչ վերահսկիչ պալատը դա դիտարկել է որպես խախտում:
Նախագահը՝ դատախազին
Ձեր խնդիրն է լինել հստակ եւ կատարել օրենքի պահանջները: Անկախ նրանից, ՎՊ-ն Ձեզ հաշվետվություն է ուղարկել, չի ուղարկել: Հրապարակվե՞լ է, հնչե՞լ է, պարտավոր եք ուսումնասիրել եւ տալ դրան իրավական գնահատական…
Եթե ՎՊ նախագահը հայտարարում է, որ մեր պետական բյուջեի 70 տոկոսը՝ 701 մլրդ վտանգված է, ակնհայտ է, որ դա շատ սխալ ու անհեռատես հայտարարություն է: Ձեզ ընդամենը պետք էր 2-3 օր անցնել այդ հաշվետվությամբ եւ հայտարարությամբ հանդես գալ, ասել՝ ՀՀ հարգելի՜ քաղաքացիներ, ՎՊ-ի հաշվետվության մեջ ընդամենը 200 կամ 300 մլն դրամի հափշտակման կասկածանքի դեպքեր կան, մնացած բոլորը հեքիաթներ են: Եվ ճիշտը դա է, այլ ոչ թե զանգել ՎՊ նախագահին եւ ասել՝ ինչո՞ւ ես այսպիսի բան արել:
ԱԻՆ-ը՝ Վերահսկիչին
ՎՊ-ն արձանագրել էր նաեւ, որ 33 օբյեկտներ տեխնիկական քննություն չեն անցել:
Մինչդեռ դրանցից 8-ը գտնվում են վարչական վարույթում:
10-ը փորձաքնոնւթյան եզրակացություններ են ներկայացրել:
8-ի դեպքում ՎՊ-ի տվյալները հին են, քանի որ նման օբյեկտներ այլեւս գոյություն չունեն:
4-ը փակ վիճակում են, 3-ն էլ արտադրական վտանգավոր օբյեկտներ չեն:
Ֆիննախը՝ Վերահսկիչին
ՎՊ նախագահի հետ համաձայն չեմ մի շարք պատճառներով: Նախ, արդեն ասացի, այդքան գնումներ չունենք: Եվ հետո՝ բյուջեի համատարած ռիսկայնության մասին խոսել չի կարելի, թեեւ, իհարկե, կան խնդիրներ: Բացի այդ՝ մեր նախարարությունն ունի վերահսկողական տեսչություն, որը նույնպես ամեն տարի ստուգումներ է իրականացնում ու որոշակի խնդիրներ բացահայտում… Պետբյուջեն ընդունելուց հետո պետգնումների պլանն է հաստատվում: Այդ պլանը 262 մլրդ դրամ է: Այս գումարին պետք է ավելացնել միջազգային ծրագրերով իրականացվող ծախսերը, որի արդյունքում ստանում ենք 445 մլրդ դրամ: Բայց այդ՝ 130 մլրդ դրամը աշխատավարձերն են՝ ուսուցիչների ու պոլիկլինիկաների աշխատողների: Այսինքն՝ պետական գնումների ծախսը կազմում է 310 մլրդ դրամ:
Բնապ.նախը՝ Վերահսկիչին
Թափոնների տեղադրում եւ թափոնների պահում հասկացությունները հստակեցված են: Տեղադրում է համարվում թափոնների մեկուսացումը, ինչը բացառում է թափոնների հետագա օգտագործումը, իսկ պահումը թափոնների ժամանակավոր տեղադրումն է հատուկ հատկացված տեղերում…
Ջրտնտպետը՝ Վերահսկիչին
Արմավիրի մարզում ոռոգման ջրանցքների շինարարությունում ՎՊ-ն 47 մլն դրամ անարդյունավետ ծախս է գնահատել՝ 300 մետրի վրա ճաքեր լինելու պատճառով: Բայց կատարվել է մոտ 100 կմ մայր ջրանցքի շինարարություն: Այս ծավալում ճաքերի որոշ քանակություն թույլատրվում է շինարարական նորմերով, սակայն դա չի նշանակում, որ բետոնն ամբողջությամբ պետք է փոխել, մինչդեռ ՎՊ-ն գնահատել է բետոնի ողջ արժեքը: Ճաքերը վերացնելու հատուկ տեխնոլոգիաներ կան, որոնց օգնությամբ ճաքերը վերացվում են առանց բետոնը փոխելու, ու այդ աշխատանքները միշտ էլ օպերատիվ արվում են: Ճաքեր պետք է լինեին, եւ շինկազմակերպությունը պարտավորվել էր դրանք վերացնել եւ վերացրել է (երաշխիքներում կար վերացնել ծագած թերությունները):
ԿԳՆ-ն՝ նախ մեզ, հետո ՎՊ-ին
Ընդհանրապես ԱԺ նախագահի, կամ մեկ այլ քաղաքական գործչի կարծիքների մեկնաբանությունը ինձնից չպահանջեք, քաղաքական գործիչների մեկնաբանություններ կարող եք ստանալ իրենցից: Հայտնում եմ իմ անձնական քաղաքական կարծիքը՝ բյուջեն թալանված չէ:
«Լուսանցք»թիվ 24 (287), 2013թ.
Կարդացեք«Լուսանցք»–ի PDF տարբերակները www.hayary.org –ի«Մամուլ»բաժնումեւ pressa.ru-իЛусанцк/Lusantsk/Լուսանցք – http://pressa.ru/Flexreader/show/id/41528



