– Չկան մշտական բարեկամներ…
– Եթե չասենք թշնամի, ապա կասենք՝ ոչ բարեկամ – Եվ ով փորձում է բարձրաձայնել, թե ոչ մի վտանգ չկա, նա անցնում է հայության ոչ բարեկամների շարքերը եւ ջուր է լցնում Ռուսաստանի ջրաղացին, որի պտտվող ջուրն այս պահին կարող է թունավորել մեր կյանքը…
Չկան մշտական բարեկամներ
Վլադիմիր Պուտինն իր իսկ բնութագրմամբ՝ անշնորհակալ եւ վտանգավոր մարդ է. քանի որ ըստ նրա, երբ մարդիկ եւ մարտական համակարգերն օգտագործվում են հակամարտության գոտում զինվորներին, տվյալ դեպքում՝ ռուսական զինվորներին սպանելու համար, դա չափազանց լուրջ ահազանգ է… Իսկ Ադրբեջանին զանգվածային ոչնչացման զենք վաճառելով՝ Ռուսաստանը վտանգում է ոչ միայն հայ զինվորների ու խաղաղ բնակիչների կյանքը (ինչը լրացուցիչ անշնորհակալի կերպար է՝ արդեն ՌԴ նախագահ Պուտինի համար), այլեւ՝ ինչպես սիրում են ասել՝ մեր դաշնակից ռուսական զինվորի, ով պետք է ենթադրաբար կռվի մեր զինվորի կողքին՝ Բաքվի կողմից նոր պատերազմ սանձազերծելու դեպքում:
Վերջին 2-3 շաբաթներին, ըստ քաղաքագետ Սերգեյ Մինասյանի, մի շարք կարեւոր իրադարձություններ են տեղի ունեցել, որոնց թվում ամենաշատը քննարկվեց ռուս-ադրբեջանական հարաբերությունները: Ըստ նրա, հասարակության ու քաղաքական շրջանակները տարակուսեցին՝ ինչո՞ւ է մեր դաշնակիցը զինում Ադրբեջանին, ով չի դադարում ուժի կիրառման սպառնալիքներով հանդես գալ Հայաստանի ու Արցախի հասցեին. «Կարծում եմ, որ զգայական մոտեցումները այս ամենի վերաբերյալ մի քիչ չափազանցված են. պետք չէ ունենալ իլյուզիաներ, որ հետո չհիասթափվենք՝ Ռուսաստանն անում է այն, ինչ արել է վերջին 20 տարիներին, մենք որեւիցե նոր բան չենք տեսնում»:
Այսինքն, ըստ այս տրամաբանության, Մոսկվան պահպանում է հավասարակշռությունը տարածաշրջանում, քանի որ նրան ռազմական գործողություններ, նոր գլխացավանք պետք չէ: Մի ռուս վերլուծաբան էլ մեզ հիշեցրել էր, թե Բաքուն լավ է հասկանում, որ Հայաստանի վրա հարձակվելու դեպքում այնտեղ կտեսնի ռուսական ռազմաբազան: Ստիպված ենք մենք էլ հիշեցնել, ոչի՞նչ, որ Սերբիան քանդելու համար Արեւմուտքը հաշվի չառավ Ռուսաստանին, Սիրիան ավերելու համար՝ եւս: Շուտով կարող է նաեւ Իրանին հարվածեն՝ առանց Ռուսաստանի կամքը հարցնելու: Իսկ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան չի՞ կարող անտեսել Ռուսաստանի շահերը հանուն Ադրբեջանի ու պանթուրքիզմի:
Ու՞մ վրա պետք է հույսը դնի Հայաստանը, այսօրինակ դաշնակից Ռուսաստանի՞: Որ միայն իր շահերն է դիտարկում, եւ բոլոր դաշնակիցները երես են թեքում հետզհետե: Արեւելյան Եվրոպայի նախկին սոցճամբարից ոչինչ չմնաց հօգուտ Ռուսաստանի, Միջին Ասիայում մի կերպ Ղրղզստանում, իսկ Կովկասում՝ Հայաստանում է ոտքի տեղ պահպանել: Ղրղզները մի անգամ ամերիկամետ դարձան եւ… նրանց պարտքերը Ռուսաստանը ներեց ու նորից դարձան բարեկամներ եւ ռազմական դաշնակիցներ: Մինչեւ ե՞րբ: Իսկ Հայաստանը մինչեւ ե՞րբ է ուզում մնալ «ոտքի տեղ», եթե կարող է ավելի լավ տարբերակներ գտնել: Հատկապես, որ հայկական կողմը միշտ հայտարարել է, որ Ադրբեջանի ուժի կիրառման դեպքում թիրախում են հայտնվելու ադրբեջանական ռազմավարական նշանակություն ունեցող կառույցները, այդ թվում եւ՝ Բաքվում: Մինչդեռ Ադրբեջանի համար նույնն անել Հայաստանի նկատմամբ բավականին դժվար կլինի, ու Բաքուն դա շատ լավ հասկանում է: Բայց ռազմական մրցակցությունը ակամա կմեծացնի պատերազմի վտանգը, եւ Բաքուն հաստատ ռուսական ռազմաբազայի ներկայությանը չի խաբվի:
Գուցե սա է նաեւ պատճառը, որ ՀՀ ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով եղավ ՌԴ Վլադիվոստոկ քաղաքում եւ մասնակցեց անվտանգության ոլորտը համակարգող բարձր ներկայացուցիչների միջազգային հանդիպմանը: ԱԱԽ քարտուղարը հանդես է եկել տրանսպորտային անվտանգության խնդիրներին վերաբերող ելույթով եւ հանդիպել է Ֆրանսիայի, Իտալիայի, Լեհաստանի, Ռուսաստանի, Հնդկաստանի ու այլ երկրների իր գործընկերներին:
Իսկ ՀՀ նախագահ
Սերժ Սարգսյանն ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ՀՀ նախագահին ներկայացրել է ՀԱՊԿ անդամ երկրներից ժամանած քաղաքագետների եւ փորձագետների մասնակցությամբ Երեւանում հունիսի վերջերին կայացած համաժողովի արդյունքները, կազմակերպության ընթացիկ աշխատանքներն ու ծրագրերը, քննարկել է ՀԱՊԿ շրջանակներում համագործակցությանը վերաբերող հարցեր:
Ի միջի այլոց, համացանցում մի հետաքրքրական տեղեկատվություն է հայտնվել, թե ինչպես շուրջ 5 տարի առաջ Ռուսաստանի եւ Ուկրաինայի վարչապետերի համատեղ ասուլիսի ժամանակ Վլադիմիր Պուտինը մտահոգվելով Ուկրաինայի՝ Վրաստանին զենք վաճառելու հարցով, հայտարարել է, թե «Սպառազինության մատակարարումը դեռ մի կերպ կարելի է ըմբռնել, դա առեւտրական գործ է: Բայց երբ մարդիկ եւ մարտական համակարգերն օգտագործվում են հակամարտության գոտում զինվորներին, տվյալ դեպքում՝ ռուսական զինվորներին սպանելու համար, դա մեզ համար ահազանգ է, չափազանց լուրջ ահազանգ… Սպառազինության մատակարարումը հակամարտության գոտի անշնորհակալ եւ վտանգավոր բան է: Մենք դատապարտում ենք դա»…
Այն, որ մեզանում ամրագրվել է, թե քաղաքականությունը պոռնկություն է, հենց այսօրինակ գործիչների ու նրանց վարած քաղաքականության պատճառով է այդպիսին դառնում, իսկ առհասարակ քաղաքականութունը շփվելու, փոխշփման յուրօրինակ արվեստ է, որի կիրառումը արնախումների ու փառամոլների «հաքով» չէ…
Արտակ Հայոցյան
* * *
Վերջերս Լեհաստանում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպեց այդ երկրի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկուն: Բանակցություններին հաջորդեց երկրների միջեւ մի շարք ոլորտներում համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ փաստաթղթերի ստորագրումը: Քննարկվել են նաեւ ընդհանուր հետաքրքրությունների շրջանակում ներառնված հարցեր: Լեհաստանի նախագահը ելույթի ընթացքում բաց տեքստով ասել է, թե ժամանակն է կողմնորոշվել՝ Ռուսաստանի հետ ենք, թե՝ Արեւմուտքի:
Սա ասել է այն երկրի ղեկավարը, որը խորհրդային տարիներին եղել է սոցճամբարի ռազմական դաշինքի՝ Վարշավյան պայմանագրի ստորագրման վայրը:
Եթե չասենք թշնամի, ապա կասենք՝ ոչ բարեկամ
Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու փաստը (ինչպեսեւ՝ Թուրքիային) նորություն չէ, բայց զանգվածային ոչնչացման զինատեսակների վաճառքը կարծես լցրեց համբերության բաժակը:
Եվ Հայաստանում գնալով մեծանում են հակառուսական տրամադրությունները: Դրանք ծավալվում են ոչ թե ժողովրդավարական քաղաքական հատվածում, որտեղ այսպես թե այնպես արեւմտյան արժեքներն են իշխում, այլ՝ ազգային, անգամ ազգայնական հատվածներում, ովքեր լինելով պետականամետ հայրենակենտրոն ուժեր, գոնե դեմ չէին ռուսական ռազմական ներկայությանը Հայաստանում:
Այս ամենը հաշվի առնելով, նկատելով հակառուսական տրամադրությունները, որոշ մասնագետներ ու վերլուծաբաններ հայտարարեցին, թե Հայաստանի անվտանգությունը ապահովում են ավելի ժամանակակից ռազմական համակարգեր, քան այն, ինչ Ռուսաստանը վաճառում է Ադրբեջանին: Բերվում է մի պարզունակ բացատրություն, եթե ռուսական զենք չվաճառվեր Ադրբեջանին, Բաքուն կգներ այն ուրիշ երկրներից: Է, թող գնե՜ր: Ուկրաինան վաղուց մեզ բարեկամ չէ՝ հենց Ադրբեջանին զենք վաճառելու առումով: Թուրքիան, Իսրայելը եւ էլի երկրներ կան, մեղմ ասած, ոչ բարեկամական: Հիմա նաեւ Ռուսաստանն է այդ շարքում, ու դա այլեւս անհերքելի է: Որեւէ պատճառաբանություն անընդունելի է, քանի որ ռուսական զանգվածային ոչնչացման զենքերով կարող են ռմբակոծվել հայկական բնակավայրեր եւ հազարավոր զոհեր կարող են լինել: Ինչու՞ պիտի հասկանանք Ռուսաստանին այս դեպքում: Եվ ով փորձում է բարձրաձայնել, թե ոչ մի վտանգ չկա, նա անցնում է հայության ոչ բարեկամների շարքերը եւ ջուր է լցնում Ռուսաստանի ջրաղացին, որի պտտվող ջուրն այս պահին կարող է թունավորել մեր կյանքը…
Արման Դավթյան
«Լուսանցք»թիվ 24 (287), 2013թ.
Կարդացեք«Լուսանցք»–ի PDF տարբերակները www.hayary.org –ի«Մամուլ»բաժնումեւ pressa.ru-իЛусанцк/Lusantsk/Լուսանցք – http://pressa.ru/Flexreader/show/id/41528



