Մեջքից հարված սեփական ժողովուրդներին… Եվրոպական իրավունքի գերակայության եւ վարկերով դա թելադրելու սերիալ…

Մեջքից հարված սեփական ժողովուրդներին

Ռուսական արջը առայժմ զորեղ է, քանի դեռ քնած է հայկական առյուծը: Իսկ առյուծը կարթնանա, եւ համաշխարհային վերաձեւումների այս փուլում այդ արջը թյուրքական գայլերի ու բորենիների ոհմակների հետ երկար չիդիմանա: Գալիս են առյուծների ժամանակները

– Եվրոպական իրավունքի գերակայության եւ վարկերով դա  թելադրելու սերիալ

Մեջքից հարված սեփական ժողովուրդներին

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը տեղի ունեցավ Երեւանում, որի ժամանակ հաստատվեց 2012թ. տարեկան հաշվետվությունն ու հաշվապահական հաշվեկշիռը՝ հաշվի առնելով ընկերության Վերստուգիչ հանձնաժողովի եզրակացությունը: Քննարկվել է նաեւ 2012թ. շահաբաժինների վճարման հարցը եւ որոշում ընդունվել շահաբաժինները բաժնետոմսերի դիմաց չվճարել ու չբաշխել՝ հաշվի առնելով ընկերության 2012թ. կրած վնասը՝ 64,9 մլրդ. դրամ չափով:

Բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովում ընտրվել է նաեւ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ տնօրենների խորհուրդ հետեւյալ կազմով՝ Վարդան Հարությունյան, Նիկոլայ Վասիլեւ, Վալերի Գոլուբեւ, Իոսիֆ Իսայան, Ելենա Կարպել, Արմեն Մովսիսյան, Ալեքսանդր Ֆրոլով:

Իսկ «Գազպրոմ» ընկերության նախագահի մամլո խոսնակ Սերգեյ Կուպրիյանովը հայտարարել է, թե հիմա բանակցություններ են գնում հայկական կողմի հետ Հայաստանում գազի գների իջեցման կապակցությամբ, եւ գազի գները կարող են իջեցվել, եթե «Գազպրոմ»-ը գնի «ՀայՌուսգազարդ»-ի բաժնետոմսերի այն 20%-ը, որը պատկանում է ՀՀ կառավարությանը: Փաստորեն, Երեւանը բանակցում է Մոսկվայի հետ գազի գների սուբսիդավորման վերաբերյալ, այսինքն՝ ցանկանում է միջոցներ ստանալ Ռուսաստանից, որով կարող է վճարել այդ բարեկամական համարվող պետությանը՝ իր իսկ գազի դիմաց: Իսկ բարեկամ, անգամ եղբայր հռչակված Ռուսաստանը, ըստ էության, իր իբր օգնության դիմաց պահանջում է «ՀայՌուսգազարդ»-ի 20% բաժնետոմսերը, ինչը հայկական կողմի վերջին ինքնապաշտպանական  միջոցն է այս ոլորտում: Այս իսկ պատճառով 20%-ը ռուսական կողմին տալը մեր ազգային շահերի տեսանկյունից անընդունելի է: Որովհետեւ եթե այսօր է մեր բարեկամը գործում մեղմ ասած՝ ոչ բարեկամի պես, ապա 100% բաժնետոմսերի տերը դառնալով՝ «Գազպրոմ»-ը հաստատ շահագրգռված չի լինելու էժանացնել գազի գները:

ՀՀ կառավարությանը պատկանող բաժնետոմսերը միակ լծակն են, որով հնարավոր է զսպել գազի գնաճը (այլ խնդիր է, որ այդ հնարավորությունը հայկական կողմը չի ցանկանում կամ չի կարողանում գործածել), եւ դրանց վաճառքն անթույլատրելի է: Դա կհամարվի մեջքից հարված սեփական ժողովրդին:

ՌԴ ԳԱ Արեւելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի, Կովկասի եւ Ուրալո-Պովոլժիեի հետազոտությունների կենտրոնի աշխատանքային խմբի համակարգող Ալեքսանդր Սկակովը հայկական զլմ-ներից մեկի հետ հարցազրույցում նշել է, թե չի կարծում, որ Ռուսաստանի կողմից ճնշումներ են գործադրվում Հայաստանի նկատմամբ, որպեսզի Երեւանը հետ կանգնի ինչ-որ քայլերից: «Եթե դիտարկենք գազի սակագների բարձրացման հարցը, ապա շատ հաճախ Ռուսաստանի գործողությունները մենաշնորհների նկատմամբ, այդ թվում՝ «Գազպրոմ»-ի դեպքում, դրանք շատ վատ են փոխկապակցված Ռուսաստանի քաղաքական, ազգային շահերի հետ, այսինքն՝ «Գազպրոմ»-ի ազգային շահը շատ հաճախ ավելի կարեւոր է, քան ռուսական ազգային շահը, ցավոք: Այդ իսկ պատճառով գազի սակագնի շուրջ գործընթացն էլ չէի կապի Հայաստանի՝ ԵՄ Ասոցացման համաձայնագրի ընդունման կամ չընդունման հետ, այդ խոսակցություններին առհասարակ լուրջ չէի վերաբերվ­ի»,- հայտնել է Ա. Սկակովը:

Բայց Ռուսաստանի զենքի առեւտուրը Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ, հատկապես՝ Հայաստանին թշնամի այս պետությունների (նաեւ Արցախի խնդրում կան անհասկանալի դիրքորոշումներ), մեզ՝ հայերիս, այլ բան է բացատրում ռուսական ազգային շահի, քաղաքական ու տնտեսական խաղերի… ու հայկական շահն ընկալելու առումով:

Ռուսական արջը առայժմ զորեղ է, քանի դեռ քնած է հայկական առյուծը: Իսկ առյուծը կարթնանա, եւ համաշխարհային վերաձեւումների այս փուլում այդ արջը թյուրքական գայլերի ու բորենիների ոհմակների հետ երկար չի դիմանա: Գալիս են առյուծների ժամանակները: ԽՍՀՄ փլուզումը դեռ երանելի է լինելու Մոսկվայի համար՝ ՌԴ փլուզման դիմաց… Բարեկամին եւ դաշնակցին չհարգողը կործանվում է միշտ: Եվ հնարավոր է ոչ միայն ՀՀ կառավարությունը մեջքից հարվածի իր ժողովրդին (իսկ ՌԴ-ն դրդում է դրան), այլեւ՝ ՌԴ կառավարությունը, երբ հարվածներ կտեղան այլեւս անդաշնակից մնացած երկրի ներսից ու դրսից:

Հայկ Թորգոմյան

Եվրոպական իրավունքի գերակայության եւ վարկերով դա  թելադրելու սերիալ

Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում ՀՀ նախագահության շրջանակներում հուլիսի 3-4-ը ՀՀ ԱԺ նիստերի դահլիճում կայացավ «Իրավունքի գերակայության եվրոպական չափորոշիչները եւ իշխանությունների հայեցողության սահմանները ԵԽ անդամ երկրներում» համաեվրոպական խորհրդաժողովը: Մասնակցել են 32 երկրների եւ միջազգային կառույցների շուրջ 80 ներկայացուցիչներ: Ելույթ են ունեցել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Դին Շպիլմանը, ԵԽ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն եւ այլք:

ՄԻԵԴ նախագահին ընդունել է նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ով խոսել է երկկողմ փոխգործակցության հետագա զարգացման մասին. «Հաշվի առնելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումները, որոնք վեր են հանել մեր երկրի օրենսդրական բացերը, մենք բազմաթիվ օրենսդրական փոփոխություններ ենք կատարել: Այդ տեսակետից, մենք մեծապես կարեւորում ենք երկկողմ համագործակցության սերտացումը»:

Հայաստանն ունի բարեփոխումների մեծ օրակարգ եւ, ըստ ՀՀ իշխանությունների, քաղաքացիական հասարակության կայացման գործում առկա են շոշափելի արդյունքներ, ինչն արձանագրել է նաեւ ընդդիմությունը: ՄԻԵԴ նախագահը եւս կարեւորել է Հայաստանի հետ երկխոսության զարգացումը եւ հույս հայտնել, որ իր պաշտոնավարման ընթացքում այն կստանա որակական նոր մակարդակ: Քննարկել են մարդու իրավունքների պաշտպանության ամուր հիմքերի ստեղծմանը, արդարադատության ոլորտին, ինչպես նաեւ ՄԻԵԴ-ի կողմից քննվող տարբեր գործերին առնչվող հարցեր:

Վարչապետն ընդունել է նաեւ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնի գլխավորած պատվիրակությանը: Քննարկվել են Հայաստանի տնտեսության ներկա վիճակին եւ հնարավոր զարգացումներին, տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումներին, երկրում գործարար միջավայրի բարելավմանը, ներդրումների ներգրավմանը վերաբերող հարցեր:

ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարը անդրադարձել է նաեւ կարկտահարության հետեւանքով գյուղատնտեսության ոլորտում ստեղծված իրավիճակին՝ նշել է, որ ՀՀ կառավարության եւ Կենտրոնական բանկի արձագանքը առաջացած խնդիրների լուծման ուղղությամբ եղել է արագ եւ թիրախավորված: Մարկ Հորթոնը ընդգծել է նաեւ, որ ՀՀ պետական բյուջեի դեֆիցիտի մակարդակը շարունակում է պահպանվել ըստ նախատեսված ցուցանիշների, ինչը կնպաստի տնտեսության կայունության պահպանմանը: Կողմերը բարձր են գնահատել արդեն իսկ եզրափակվող ԱՄՀ «Երկարաձգվող ֆինանսավորմա­ն» եւ «Երկարաձգվող վարկավորմա­ն» եռամյա ծրագիրը՝ քննարկել են երկկողմ նոր ծրագրին առնչվող հարցեր:

Կարեն Բալյան

«Լուսանցք»թիվ 24 (287), 2013թ.

Կարդացեք«Լուսանցք»ի PDF տարբերակները www.hayary.org –ի«Մամուլ»բաժնումեւ pressa.ru-իЛусанцк/Lusantsk/Լուսանցք – http://pressa.ru/Flexreader/show/id/41528

This entry was posted in Հոդվածներ. Bookmark the permalink.