Հայրենատիրության հասնում են ամենօրյա՜ գործերով
– Ադրբեջանն ամեն քայլի դիմում է, որ Արցախի խնդիրը տեղափոխի նոր ձեւաչափ…
Ըստ «The Fresno Bee» պարբերականի, ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Ֆրեզնո քաղաքը «ընդհանուր լեզու չի գտնում Ադրբեջանի հետ»: Ֆրեզնոյի կողմից ԼՂ ճանաչումը հանգեցրել է միջազգային առճակատման, իսկ Ադրբեջանի ժողովուրդը խնդրում է Ֆրեզնոյի ղեկավարներին՝ չեղյալ հայտարարել ապրիլյան՝ ԼՂ անկախության ճանաչման վերաբերյալ բանաձեւը: Բայց հայաշատ քաղաքի ղեկավարները հրաժարվել են իրենց դիրքորոշումը փոխել: «Մենք կանգնած ենք ինչպես Հայաստանում, այնպես էլ Լեռնային Ղարաբաղում մեր հայ ընկերների կողքին: Մենք չենք կարող տեղի տալ Ադրբեջանի կողմից լավ ֆինանսավորվող լոբբինգի ջանքերին»,- նշել է Ֆրեզնոյի շրջանի ղեկավար խորհրդի անդամ Անդրեաս Բորջեասը:
Ապրիլի 23-ին ճանաչելով Լեռնային Ղարաբաղի անկախությունը՝ Ֆրեզնոյի շրջանը դարձավ Կալիֆորնիա նահանգի առաջին շրջանը, որ ճանաչեց ԼՂՀ-ի (Արցախ) անկախությունը: Այսպիսով՝ ճանաչվում է ԼՂՀ-ի անկախությունը՝ այն ներկայացվելով որպես Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ ընկած պատմական հայկական շրջան:
Նման հայանպաստ որոշումները դառնում են հաճախակի, քանի որ մինչ այս, ամերիկյան եւ ավստրալական մի շարք նահանգներ ու շրջաններ, ինչպեսեւ եվրոպական երկրների որոշ ինքնավար տարածքներ ճանաչել են նաեւ 1915թ. Հայոց ցեղասպանությունը: Այս ամենը չէր կարող վրիպել ադրբեջանական ու թուրքական իշխանությունների աչքից, սակայն նրանց արձագանքները չեն ազդում կայացրած որոշումների բեկանման վրա:
Իսկ պաշտոնական Բաքուն ավելի է ուժգնացնում պատերազմը վերսկսելու հայտարարությունները՝ փորձելով ահաբեկումներով չեզոքացնել Արցախի անկախության միջազգայնորեն ճանաչմանն ու Հայոց ցեղասպանության դատապարտմանն ուղղված ծավալումները: Ադրբեջանցիները պարբերաբար սադրանքներով խախտում են ոչ միայն արցախա-ադրբեջանական սահմանային հատվածները, այլեւ հայ-ադրբեջանական պետական սահմանները: Մայիսի 19-ին Ոսկեպարի սահմանային հատվածում ադրբեջանական զինուժը կրակ է բացել մեր պաշտպանության նախարարին տեղափոխող ուղղաթիռի վրա, երբ ուղղաթիռը թռչում էր ցածր բարձրությամբ: ՊՆ Սեյրան Օհանյանը Նոյեմբերյանի զորամաս էր ժամանում: Ուղղաթիռի վրա գնդակների հետքեր չկային, բայց սադրանքը մտնում է առավել անպատասխանատու եւ վտանգավոր սահմանագիծ: Ինչ մնում է Արցախի հետ սահմանային հատվածներին, ապա հակառակորդն այստեղ ամեն օր է կրակ բացում:
ԵԽ խորհրդարանական վեհաժողովի մշտական հանձնաժողովի նիստը վերջերս կայացավ Երեւանում, եւ ԵԽԽՎ նախագահ Ժան-Կլոդ Մինյոնը եւս խոսեց արցախյան խնդրի մասին: Իհարկե, եվրոպացիները դեռ հավատում են, թե «Ղարաբաղի հակամարտությունից 25 տարի անց» կարող են հաշտեցնել Հայաստանին ու Ադրբեջանին: Առավել գործնական են ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, ովքեր դարձյալ Երեւանում հավաստեցին, որ հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի: ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունելով ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Իգոր Պոպովին, Ժակ Ֆորին եւ Յան Քելիին, ինչպեսեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին, հայտնել է, թե պետք է առավել մեծ ուշադրություն դարձնել բանակցային գործընթացի էությունն ու բնույթը խեղաթյուրող ադրբեջանական կողմի շարունակական հայտարարություններին, որոնք չեն նպաստում գործընթացի առաջխաղացմանը, առավել եւս՝ սրում են իրավիճակը սահմանային գոտիներում:
Իսկ Բաքվում կայացավ Հարավկովկասյան համաժողով, որին մասնակցեցին մոտ 400 փորձագետներ աշխարհի 70 երկրից, պետությունների ու կառավարությունների նախկին եւ ներկա ղեկավարներ: Ֆորումը կազմակերպել էր Մադրիդյան ակումբը (միջազգային անկախ կազմակերոպություն է, որի կազմում ընդգրկված են 80-ից ավելի պետությունների նախկին նախագահներ եւ վարչապետեր (56 երկրից), համարվում է պետությունների ու կառավարությունների նախկին ղեկավարների միավորող ամենախոշոր ֆորումը: Նպատակն է նպաստել ժողովրդավարության կայացմանն ու ամրապնդմանը): Համաժողովում քննարկվել են ժողովրդավարական զարգացումներին, ինչպես նաեւ տնտեսական, քաղաքական, սոցիալական իրավունքներին առնչվող հարցեր:
Ադրբեջանն ամեն քայլի դիմում է, որ Արցախի խնդիրը տեղափոխի նոր ձեւաչափ, հարցը դուրս բերելով ԵԱՀԿ ՄԽ շրջանակներից: Բազում փորձերը հարցը մտցնել Եվրամիության օրակարգ, հաջողությամբ չպսակվեցին՝ նույնիսկ Թուրքիայի եւ այլ երկրների համառ աջակցության պայմաններում: Այժմ նոր փորձեր են կիրառվում ադրբեջանամետ ամբիոններ գտնելու համար:
Իսկ Բաքվի Շեհիդների ծառուղում այդ օրերին հակահայկական ցույցեր էր ընթանում, որը կազմակերպել էր Ադրբեջանի «Հանուն Ղարաբաղի ազատագրման» դաշինքը: Ցուցարարները «պատերազմ ենք պահանջում» եւ «մահ Հայաստանին» գոռգոռալով այրել են հայկական դրոշները, որոնց վրա փակցված են եղել ՀՀ գործող եւ նախկին նախագահների՝ Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի լուսանկարները: Բաքուն փորձել է տասնյակ երկրներից ժամանած հարյուրավոր փորձագետների ապացուցել, թե իբր մի կերպ է զսպում իր ժողովրդին: Չնայած բոլորն են հասկանում այս խեղկատակության իմաստը:
Իսկ նշյալ կազմակերպության նախագահ Ակիֆ Նագին հայտարարել է. «Ղարաբաղի տարածքներում հայկականացման դիվանագիտություն է ընթանում, եւ մեր ատելությունը երբեք չի մարի: Կառավարությունից պահանջում ենք անհապաղ ռազմական գործողություններ սկսել: Հարցն ուղղում ենք իշխանություններին՝ մինչեւ ե՞րբ եք տանելու այդ ամոթը»:
Թատրոնն, իհարկե, ակնհայտ է, բայց Ադրբեջանում այս ռազմա-քաղաքական հնարքներով համենայնդեպս ոգեւորում են իրենց ժողովրդին եւ փորձում մարտական ոգի հաղորդել: Իսկ մշտական բորբոքման պայմաններում կարելի է բազմությանը մղել սադրանքների: Ու նաեւ՝ մարտական գործողությունների:
Հայ ազատամարտիկի եւ զինվորի մարտական ոգին բարձր է անկասկած, բայց հարկ է լրջորեն ուշադրության կենտրոնում պահել ազատամարտիկների ներկա խնդիրները: Այսօր հանրահավաք անող ազատամարտիկի կերպար հաստատ պետք չէ ստեղծել Հայաստանում, անհրաժեշտ է լսել մարդկանց եւ լուծումներ գտնել, չի կարելի կամավորական դառնալու սկզբունքը կասկածի տակ դնել: Միջազգայնորեն մեզ պարտադրված զինուժի քանակը կարող է բավարար չլինել մեծածավալ պատերազմ սանձազերծվելու դեպքում, եւ հայ կամավորականները միշտ պետք է զգան, որ հարգվել, հարգվում ու հարգվելու են պետության կողմից:
Ադրբեջանահայերի աշխուժացում նույնպես պետք է լինի: Շատ լավ է, որ Ադրբեջանահայերի միությունը որոշել է Ադրբեջանի նախագահի թեկնածու առաջադրել: Դա հաստատ աշխուժություն կմտցնի նաեւ քաղաքական ասպարեզում:
Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումար եղավ նաեւ, որը քննարկեց Արաքսի հովտում նոր քաղաք կառուցելու նախագիծ: Համագումարը հրավիրել էր կլոր սեղան եւ քննարկել ազատագրված տարածքներում, Արաքսի հովտում (Կովսական քաղաքի մոտակայքում) նոր քաղաքի՝ Բագարան (որ կարելի է՝ դեպի Բաքու-Բագարան հասկանալ), շինարարության նախագիծը:
Համագումարի համակարգող Մարիամ Ավագյանը հիշեցրել էր, որ դեռեւս 2011թ. նոյեմբերի 11-ին կայացել է համագումարի լիագումար նիստ, որի ընթացքում ընդունվել է հռչակագիր. «Հիմնվելով մեր միջազգային իրավունքի վրա՝ ցանկանում ենք վերականգնել մեր բնակարանները մեր հայրենիքում»: Նա նշել է, որ իրենք ՀՀ, ԼՂՀ-ի իշխանություններից որեւէ գումար չեն պահանջում, քանի որ կան փախստականներ, ովքեր պատրաստակամ են ֆինանսական միջոցներ տրամադրել. «Անհրաժեշտ է միայն քաղաքական կամք: Ուղղակի մեզ պետք է տարածք հատկացնեն՝ շինարարություն սկսելու համար»:
Առայժմ շարժ չկա, բայց շատ կարեւոր է, որ փախստականները տեղավորվեն հենց ազատագրված տարածքներում կամ սահմանային գոտիներում՝ իրենց բնակության վայրերին ու մեր պատմական տարածքներին մոտ: Սա վաղը կարեւոր գործոն կդառնա, նաեւ պատճառ՝ պահանջատիրության համար:
Ամեն դեպքում սա առավել նախընտրելի է, երբ հայը բնակվի հայրենի տարածքներում, քան՝ ռուսաստաններ, ամերիկաներ կամ եվրոպաներ մեկնի:
Վերոնշյալ քաղաքն Արաքսի հովտում, ըստ նախագծի, 5000 բնակչի համար է եւ պետք է զարգացնի հիմնականում թեթեւ արդյունաբերությունը:
ԱրամԱվետյան
«Լուսանցք»թիվ 24 (287), 2013թ.
Կարդացեք«Լուսանցք»–ի PDF տարբերակները www.hayary.org –ի«Մամուլ»բաժնումեւ pressa.ru-իЛусанцк/Lusantsk/Լուսանցք – http://pressa.ru/Flexreader/show/id/41528



