…Այս ամենը ապացուցում է, որ մեր երկիրն ունի լուրջ սողանքային խնդիր:
Մեր երկրի տարածքի 1/3-րդը սողանքավտանգ գոտում է (ըստ «ՀՀ աղետների ռիսկերի նվազեցման ազգային ռազմավարության իրականացման գործողությունների ծրագրի»)…
Սկիզբը՝ թիվ 28, 29-ում
Նախորդ տարի ԵՊՀ-ում «Կայուն զարգացման կենտրոն»-ը քննարկեց մեր երկրի սողանքների հիմնախնդիրները եւ համապատասխան առաջարկներ ներկայացրեց կառավարությանը: Կենտրոնը, վերլուծելով սողանքային տեղամասերի նախկինում արված ուսումնասիրությունների արդյունքները, նշել էր, թե «ներկայումս հանրապետության տարածքում գրանցված ոչ մի սողանքային դաշտում չի կիրառվում հակասողանքային որեւէ միջոցառում»:
Գործադիրին ներկայացվել է, որ սողանքային երեւույթների հետազոտման խնդիրները բազմաթիվ են, բայց առաջնային են համարվում այն խնդիրները, որոնցով հիմնականում պայմանավորված են սողանքային տեղաշարժերը եւ որոնց լուծումով հնարավոր է առաջարկել հակասողանքային միջոցառումների մի փաթեթ: Դրա կիրառումից հետո հնարավոր կլինի հասնել այն բանին, որ սողանքային գրունտները կայունանան: Ըստ այդմ, որո՞նք են այդ առաջնային խնդիրները:
Նախ՝ հարկ է սողանքային լանջի երկրաբանական կտրվածքի ուսումնասիրություն անել՝ մինչեւ արմատական ապարները, նաեւ՝ որոշել ստորերկրյա ջրերի առկայությունն ու դրանց մակարդակի խորությունը: Պետք է որոշել ստորերկրյա ջրերի հոսքերի ուղղությունները սողանքային մարմնում եւ նրա սահմաններից դուրս: Անհրաժեշտ է նաեւ գործող սահքի հարթության տեղադրման ձեւի եւ խորության որոշումը, սահքի հարթության համասեռության որոշումը: «Մյուս խնդիրների լուծումը, ինչպիսիք են գրունտների ֆիզիկամեխանիկական հատկությունների, մակերեսային տեղաշարժերի, սողանքային գրունտների առանձգականության դինամիկական գործակիցների ուսումնասիրությունները, կարեւոր նշանակություն կունենան սողանքային երեւույթների ակտիվացումը կամ էլ դանդաղեցումը գրանցելու, ինչպես նաեւ հակասողանքային միջոցառման արդյունավետությունը գնահատելու տեսակետներից»: Մի խոսքով, լրատվության հիշյալ աղբյուրի համոզմամբ, մեր երկրի սողանքային դաշտերում հարկ է ինժեներա-երկրաբանական, հիդրոերկրաբանական, երկրաֆիզիկական, գեոմորֆոլոգիական հետազոտություններ անել, արբանյակային դիրքորոշման կայանների միջոցով սողանքային մարմինների տեղաշարժման ուղղությունները եւ արագությունները որոշել: Հետազոտությունների արդյունքում պետք է ներկայացվեն հետեւյալ նյութերը՝ տարածության մեջ, կայուն, չխախտված, արմատական ապարների տեղադրման ձեւի եւ խորության քարտեզը, ստորերկրյա ջրերի տեղադրման խորության, հոսքի ուղղությունների, առավելագույնս ներթափանցելիության խորությունների քարտեզը, գործող սողանքների սահքի հարթության խորության եւ տեղադրման ձեւի քարտեզը, տվյալներ ջրերի քիմիական կազմի վերաբերյալ, գրունտների ֆիզիկամեխանիկական հատկությունների մասին տվյալներ, կայուն եւ սահքի ենթարկված ապարների առաձգականության գործակցի եւ սահքի մոդուլի դինամիկական արժեքների քարտեզը, սողանքային մարմնի տեղաշարժման ուղղությունների եւ արագությունների քարտեզը:
Բացի այս՝ տարվա մեջ երկու տարբեր ժամանակահատվածներում ստացված տվյալները պետք է ենթարկվեն մշտադիտարկման, որից հետո պետք է մշակվեն եւ նոր միայն առաջարկվեն հակասողանքային միջոցառումներ: Սա անելուց հետո էլ պետք է իրականացվի մշտադիտարկում (երկրաֆիզիկական, ջրաերկրաբանական, արբանյակային կայանների օգնությամբ), որոնք հնարավորություն կտան գնահատել հակասողանքային միջոցառման արդյունավետությունը:
Այս ամենի կարեւորությունն ակնհայտ կդառնա, եթե հիշենք, թե ինչ եղավ 2011թ. Վանաձոր-Բագրատաշեն ավտոճանապարհի 83-րդ կմ-ում, երբ մի ամբողջ լանջային հատված փլուզվեց՝ պատճառելով ահռելի վնասներ: Այդ ահռելի սողանքից հետո, որին իրավամբ լոկալ երկրաշարժ են կոչում, հոկտեմբերի առաջին օրերին տրանսպորտի եւ կապի այդ ժամանակվա նախարար Մանուկ Վարդանյանը շտապ (ի պատիվ իրեն, քանզի մեր երկրում գիտնականներին շտապ հավաքելը բարդ գործ է,- Ա.Մ.) խորհրդակցություն հրավիրեց, որտեղ որոշվեց եւ անմիջապես մեկ օր հետո ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի, քաղաքաշինության եւ արտակարգ իրավիճակների նախարարությունների աշխատակիցներից բաղկացած խումբը մեկնեց Վանաձոր-Բագրատաշեն ավտոճանապարհի 83-րդ կմ-ում գտնվող լանջի փլուզման տեղամասը՝ նախնական տեսողական դիտարկումներ կատարելու համար: Երկրաբանական գիտությունների ինստիտուտից երկրաբանական գիտությունների դոկտոր Ա. Կարախանյանը, նույն ինստիտուտի ավագ գիտաշխատող, երկրաբանական գիտությունների թեկնածու Բաղդասարյանը, քաղաքաշինության նախարարի խորհրդական Ա. Մովսեսյանը, արտակարգ իրավիճակների նախարարության ՍՊԱԾ գործակալության աշխատակազմի շենքերի եւ շինությունների սեյսմակայունության բաժնի պետ, երկրաբանական գիտությունների թեկնածու Վ. Խոդկարյանը դիտարկումներն արեցին երեք կետում. փլուզված լանջի ստորոտում, Դեբետ գետի հակադարձ լանջից՝ փլուզման ամբողջ գոտու դիտարկման նպատակով եւ լանջի գագաթում, որը գտնվում է անմիջապես փլուզման գոտու վերին մասում: Տեղազննումները, ըստ նրանց, ցույց տվեցին. 1. Փլուզումն իր մասշտաբներով բացառիկ է ՀՀ տարածքում: Վերջին 100-ամյակում նման մասշտաբի երեւույթ նկատվել է միայն 2007թ.՝ Խոսրովի արգելոցում տեղի ունեցած լանջային՝ սահքի ժամանակ: 2. Նրանց տրամադրության տակ եղած սողանքային վտանգի վերաբերյալ տվյալների բազան եւ 1947թ. աէրոլուսանկարները ցույց են տալիս, որ այդտեղ մինչ 2011թ. սահքի կամ փլուզման ոչ մի երեւույթ չի նկատվել: Սակայն թմբի արեւմտյան լանջի ռելիեֆը վկայում է, որ նման երեւույթ հնարավոր է տեղի է ունեցել անցյալում՝ մի քանի հարյուր կամ ավելի տարիներ առաջ: 3. Ավտոճանապարհի հատվածում փլուզման երկարությունը մոտ 270 մ է, սողանքի բարձրությունն է ուղղաձիգ ուղղությամբ մոտ 50 մ: 4. Փլուզման են ենթարկվել կավային գրունտները եւ վերադիր բազալտային շերտը: Սողանքի մակերեսին առկա են գերխոնավացած տեղամասեր: 5. Փլուզման եւ սահքի ենթարկված գրունտային զանգվածները ներկայումս գտնվում են անկայուն վիճակում եւ մշտապես տեղաշարժվում են: 6. Թմբի գագաթնային մասում՝ փլուզված եւ տեղաշարժված զանգվածի թիկունքային մասի տեղազննումը ցույց տվեց ընդարձակման ճեղքերի առկայությունը, որոնք ձգվում են ինչպես փլուզման գոտուն զուգահեռ, այնպես էլ ուղղահայաց՝ դեպի թմբի թիկունքային մասը 1,5 մ եւ ավելի ուղղաձիգ ամպլիտուդով: 7. Լանջի փլուզման վիզուալ տեղազննումը վկայում է երեւույթի սողանքային բնույթի մասին: Նախնական տվայալների համաձայն՝ այն դասվում է փոքր տարանցմամբ գլանաձեւ մակերեսով տեղաշարժված բլոկային սողանքների կարգին: 8. Սահքի պատճառ է, առաջին հերթին, լանջը կազմավորող գրունտների ամբողջ զանգվածի գերխոնավացումը՝ թմբի գագաթային մասում գտնվող մասնավոր այգիների անկառավարելի ոռոգման հետեւանքով: Տեղազննումները ցույց տվեցին խոշոր ջրատարից ջրի բազմաթիվ մանր խողովակների օգնությամբ այգիների ոռոգման փաստը: Նման զանգվածային ոռոգումը բերել է ջրի ներթափանցմանը‘ ճեղքավորված բազալտների միջով եւ ստորադիր կավային զանգվածի գերխոնավացմանը:
Մասնագետները եզրակացրեցին, որ՝ 1. գրունտների քանդված եւ տեղաշարժված զանգվածը գտնվում է անկայուն վիճակում եւ մշտապես տեղաշարժվում է: 2. Սողանքի թիկունքում, բլրի գագաթնային մասում գտնվող ընդարձակման ճեղքերը վկայում են, որ փլուզումներն ու սահքը դեռ տեւական ժամանակ կշարունակվեն: 3. Վերը շարադրված դիտարկումներն ու եզրակացությունը նախնական բնույթ են կրում: Սողանքի բնույթի եւ վտանգի աստիճանի մասին լիարժեք դատողությունների համար անհրաժեշտ է իրականացնել լրացուցիչ հետազոտություններ: 4. Լրացուցիչ հետազոտություններ անհրաժեշտ է իրականացնել, նախ եւ առաջ, սողանքի թիկունքում՝ բլրի գլխին: 5. Միայն լրացուցիչ հետազոտություններից հետո կարելի է որոշում ընդունել ավտոմայրուղու վերականգնման անվտանգության կամ նորի ընտրության վերաբերյալ: 6. Սողանքի թիկունքում ընդարձակման ճեղքերի առկայությունը վտանգավոր է դարձնում ծանր տեխնիկայի կիրառմամբ փրկարարական աշխատանքների իրականացումը, մասնավորապես՝ սողանքի հարավային ճակատում:
Այս ամենը ապացուցում է, որ մեր երկիրն ունի լուրջ սողանքային խնդիր: Մեր երկրի տարածքի մեկ երրորդը սողանքավտանգ գոտում է (ըստ «ՀՀ աղետների ռիսկերի նվազեցման ազգային ռազմավարության իրականացման գործողությունների ծրագրի»): Սողանքավտանգ տարածքները հիմնականում լեռների ստորոտներում եւ լեռնային տարածքներում են: Տարբեր հաշվարկներով, մեր երկրի ազգաբնակչության 15%-ը ենթակա է այս վտանգին: Սողանքների պատճառածմիջին տարեկան վնասը կազմում է մոտ 10 միլիոն դոլար:
Ինչու՞ է մեծացել սողանքների հավանականությունը:
Շարունակելի
Արմենուհի Մելքոնյան
(Հոդվածի 1-ին լուսանկարը հեղինակի պահոցից է, իսկ մյուս երկուսը՝ Վանաձոր – Բագրատաշեն ավտոճանապարհի 83-րդ կմ լանջի փլուզման տեղամասն են) – Լուսանկարները՝ «Լուսանցք»-ի PDF տարբերակում
«Լուսանցք» թիվ 30 (293), 2013թ.
Կարդացեք «Լուսանցք»–ի PDF տարբերակները www.hayary.org –ի «Մամուլ» բաժնում



