Հերոսներ, որ հերոսացան հայրենիքից հեռու – Ծովակալ Հովհաննես Իսակով.- Հայ հերոսների հետ պետք է արժեւորվեն նաեւ մեր ազգային ու ռազմական որակները…
Հայ զինհրամանատար, գիտնական, գրող, Խորհրդային Միության ռազմածովային նավատորմի ադմիրալ, Խորհրդային Միության հերոս Հովհաննես Ստեփանի Իսակովի հուշարձանների քանակն ավելացավ եւս մեկով: Երկու ամիս առաջ հերթական հուշարձանը բացվեց ՌԴ Տուափսե քաղաքում:
Հայ ծովակալը ծնվել է 1894թ. օգոստոսի 22-ին՝ Կարսի շրջանի Հաջիկհենդ գյուղում՝ երկաթուղային բանվորի ընտանիքում: Մեծ է նրա ավանդը Խորհրդային նավատորմի՝ հատկապես 2-րդ աշխարհամարտի ժամանակ Բալթիկ եւ Սեւ ծովերի նավատորմերի ստեղծման գործում: Ռազմական գործչից բացի, Իսակովը գրող էր նաեւ: 1958թ. ԽՍՀՄ ԳԱ օվկիանոսագիտության կոմիտեի անդամ է եղել, իսկ 1967թ.՝ ՀԽՍՀ ԳԱԱ պատվավոր անդամ: Սովորել է Թիֆլիսի վարժարանի մաթեմատիկայի եւ գիտության բաժնում, ապա 1913թ. ընդունվել Սանկտ-Պետերբուրգի տեխնոլոգիական ինստիտուտը: 1917թ. մեկնել է Պետրոգրադ եւ ընդունվել ծովային դպրոց: Ավարտելով՝ ստացել է սպայի կոչում:
Ռուսական հեղափոխությունից հետո ծառայությունը շարունակել է Բալթիկ ծովի նավատորմում, ուր ծառայել է «Իզյասլավ», «Ռիգա», «Կոբչիկ» ռազմանավերի վրա: 1918թ. մինչեւ Բրեստ-Լիտովսկի համաձայնագրի կնքումը մասնակցել է գերմանական նավատորմի դեմ մղված բազմաթիվ մարտերին: 1920թ. տեղափոխվել է Կասպից ծով՝ ծառայել որպես «Դյատելնոստ» հեծելավաշտային ականակիրի հրամանատար: 1922-23թթ. ղեկավարել է Սեւ ծովի կապի եւ հետաքննության ծառայության հարավային ստորաբաժանումը: 1923-27թթ. աշխատել է սեւծովյան նավատորմի ռազմածովային ուժերի շտաբի պետի տեղակալ: 1928թ. ավարտել է Լենինգրադի ռազմածովային ակադեմիայի բարձրաստիճան հրամանատարական կազմի կատարելագործման դասընթացները: 1932թ. Իսակովը դարձել է Լենինգրադի ռազմածովային ակադեմիայի օպերատիվ արվեստի ամբիոնի պրոֆեսոր եւ դասավանդել է նույն ուսումնական հաստատությունում՝ մինչ բալթյան նավատորմի հրամանատար նշանակվելը: 1938թ. ստացել է լեյտենանտ-գնդապետի կոչում եւ նշանակվել ռազմածովային գլխավոր վարչությունների ղեկավար:
2-րդ աշխարհամարտի ժամանակ Իսակովը ղեկավարել է հյուսիսկովկասյան ճակատը: 1942թ. հոկտեմբերի 4-ին գերմանացիների հարձակումից Իսակովը վիրավորվել է Տուափսեում, որի պատճառով ստիպված են եղել մի ոտքն անդամահատել: Պատերազմի մնացած ժամանակահատվածը անցկացրել է ռազմական հոսպիտալում: 1944թ. մայիսի 31-ին Իսակովին շնորհվել է Խորհրդային Միության ռազմածովային ադմիրալի կոչում: Մեծ է նրա ավանդը նաեւ ռազմական ոլորտում գիտական ուսումնասիրությունների գործում: 1932թ. ստանալով պրոֆեսորի կոչում՝ նա իր ժամանակի մեծ մասը ծախսել է ռազմածովային տակտիկաների եւ ստրատեգիաների մշակման վրա, որոնք շատ են օգտագործվել 2-րդ աշխարհամարտի ժամանակ նացիստական Գերմանիայի դեմ մղված մարտերում: 1937թ. պաշտպանելով դիսերտացիան՝ Իսակովը ստացել է ռազմական գիտությունների դոկտորի աստիճան: Արժանացել է բազմաթիվ մրցանակների ու պարգեւների:
Հայազգի ադմիրալը մահացել է 1967թ. հոկտեմբերի 11-ին՝ Մոսկվայում:
Հուշարձանը տեղադրվել է Շահումյանի շրջանում, որտեղ Իսակովը վիրավորվել է: Ծովակալի հուշարձանի բացման համար մեծ ներդրում է ունեցել Կրասնոդարի երկրամասի հայ համայնքը: ՀՀ-ից 2 պատվիրակություն է մասնակցել՝ 1-ինը գլխավորում էր ՀՀ ՊՆ գեներալ-լեյտենանտ Միքայել Գրիգորյանը, 2-րդը՝ ՀՀ պատերազմի եւ զինված ուժերի վետերանների կոմիտեի նախագահ Պետրոս Պետրոսյանը:
Բացմանը ներկա էին տեղի հայ համայնքի ներկայացուցիչները, հայազգի բարձրաստիճան զինվորականներ, Տուափսեի երկրամասի ղեկավարի տեղակալ Օքսաննա Կոչեգարովան, Շահումյանի համայնքի ղեկավար Լաերտ Քոչյանը, Տուափսեի շրջանի հեռուստառադիոպետկոմի ու մամլո ղեկավար Վալերի Թորոսյանը, քրիստոնեական եկեղեցու ու մահմեդական մզկիթի ներկայացուցիչներ: Ընդգծվել է, որ Իսակովը հռչակվել է ոչ միայն ԽՍՀՄ ծովակալ, այլեւ՝ 2-րդ համաշխարհային պատերազմի նավատորմի գիտնական ու զորավար: Իսակովը մեծ ներդրում է ունեցել նաեւ հայ ծովակալ Լազար Սերեբրյակովի անունն արժեւորելու գործում, իսկ Նելսոն Ստեփանյանին նա միշտ փառաբանել ու անվանել է «քաջերի քաջ»:
Պետք է նշենք, որ ռազմածովային նավատորմի ադմիրալը հպարտացել է իր հայկական ծագմամբ: Մեծ ոգեւորությամբ է պատմել, թե «ինչպես է պապը՝ Եգոր Իսակովը, 1877-1878թթ. ռուս-թուրքական պատերազմի ժամանակ կյանքը վտանգելով, կերպարանափոխվելով որպես քուրդ, հասել գրավված Բայազեթ: Այնտեղ գեներալ Տեր-Ղուկասովի ազատագրման նամակն է որպես լուր հասցրել, որը փակցված է եղել նրա կոնքի վրա: Եվ ռազմական բժիշկը հեռացրել է նրա մարմնից մագաղաթե թղթի կտորը, որը տեղադրված էր ատրճանակի պահունակի մեջ ու փոխանցել է տեղի կայազորի ղեկավարին: Նա մեծ անհանգստությամբ կարդացել է եւ հանդարտվել. «Ձեզ մոտ եմ գալիս Իգդիրից, մի ոտքս այնտեղ է, մյուսն՝ այդտեղ, շտապում եմ ձեզ օգնել՝ ոչնչացնել Շամիլեւյան հեծելազորին, ձեր Արզաս Տեր-Ղուկասով»:
Լավ կլինի, որ մեր այլ գաղթօջախները եւս օրինակ վերցնեն Կրասնոդար երկրամասի հայ համայնքից՝ շարունակելով նմանատիպ ձեռնարկները: Հայ հերոսների հետ պետք է արժեւորվեն նաեւ մեր ազգային ու ռազմական որակները:
Պետք է աշխարհին ներկայացնել ոչ միայն մեր դարավոր մշակութային արժեքները, իրականությունն ու պատմությունը, այլեւ մեր բազում հերոսներին, ովքեր իրենց անունը փառքով են պսակել ինչպես հայության, այնպես էլ այլ երկրների պատմության մեջ: Ցավոք, անգամ այնպիսի երկրների, ինչպես Թուրքիան, Ադրբեջանը, Հունգարիան…
Գարիկ Ավետիսյան
Հուշարձան՝ վրեժի ակնկալիքով – Գուրգեն Մարգարյանի իրավահաջորդները դիմում են ներկայացրել ՄԻԵԴ…
Դեռ թարմ է այն վերքը, երբ ադրբեջանցի բաշիբոզուկ Ռամիլ Սաֆարովը դաժանաբար սպանեց հայ սպա Գուրգեն Մարգարյանին: Հերթական անգամ թյուրք լամուկը ցուցադրեց իր նենգ ու դավադիր վախկոտ կերպը ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ուսումնական ծրագրի շրջանակներում, որն անցկացվում էր Հունգարիայում: Գիշերը, երբ Գուրգենը քնած է եղել, ադրբեջանցի մարդասպանը գողեգող մտել ու կացնահարել է հայ զինվորականին, ով, ցավոք, չի սիրել փակ պահել իր սենյակի դուռը:
Երբ թյուրքագեն Հունգարիան թյուրքախեղ Ադրբեջանին 3 մլրդ. դոլարով՝ բառի բուն իմաստով վաճառեց հայասպանին՝ նրան Բաքու տեղափոխելով, եւս մեկ անգամ պարզ դարձավ, որ թյուրքական տարրը, անկախ եվրոպացի կամ ասիացի կոչվելուց՝ միանշանակ եղել ու մնում է արնախում եւ նենգ:
Օրերս Երեւանի Լենինգրադյան 52 շենքին հարող պուրակում, բացվեց 26-ամյա հայ սպայի հուշարձանը: «Գուրգեն Մարգարյան» հ/կ ղեկավար Աշոտ Խեչոյանի խոսքերով՝ հուշարձանը բացվել է առանց պետական աջակցության: Բացմանը ներկա էին նաեւ գրող Զորի Բալայանը եւ Մեծ Բրիտանիայից բարոնուհի Քերոլայն Քոքսը:
Հիշեցնենք, որ Գուրգենը սպանվեց 2004թ. փետրվարի 19-ին Բուդապեշտում: Հունգարիայի դատարանը մարդասպանին դատապարտել էր ցմահ ազատազրկման, սակայն 2012թ. օգոստոսի 31-ին վերադարձվել էր Ադրբեջան, որտեղ նրան Իլհամ Ալիեւը ներում էր շնորհել եւ հերոսացրել: Դեպքից հետո Հայաստանը կասեցրեց դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ:
ՆԱՏՕ-ի հիշյալ ծրագրի շրջանակներում Գուրգեն Մարգարյանի հետ էր նաեւ սպա Հայկ Մակուչյանը: Նա եւս թիրախ էր եղել, սակայն երջանիկ պատահականությամբ փրկվել էր, քանի որ նրա սենյակի դուռը փակ էր եղել, եւ երբ ադրբեջանցի լամուկը փորձել էր ջարդելով բացել դուռը՝ նրան խանգարել էին:
Մարդասպանին Ադրբեջան վերադարձնելու հետ կապված Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ստացել է Գուրգեն Մարգարյանի իրավահաջորդների եւ Հայկ Մակուչյանի դիմումը: ՄԻԵԴ են ներկայացվել այն հիմքերը, ըստ որի, ոչ Գուրգեն Մարգարյանի իրավահաջորդները, ոչ էլ Հայկ Մակուչյանը տեղյակ չեն եղել, որ Ռամիլ Սաֆարովին արտահանձնելու են: Սակայն եվրոպական արդարադատությունը վաղուց ընդունել է ծախու կերպար, չնայած առիթը բաց չի թողնում այս կամ այն երկրին փնովելու եւ դատապարտելու, ուստի չենք կարծում, թե սաֆարովներն իրենց արժանի պատիժը կստանան երբեւէ: Նրանց պատիժը Հայաստանի հզորացումն է:
Արտակ Հայոցյան
«Լուսանցք» թիվ 31 (294), 2013թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org –ի «Մամուլ» բաժնում



