«Լուսանցք»-ը նոր խորագիր է սկսում՝ «Մեր ավանդապատումները»: Դրա ներքո կներկայացնենք Հայաստանի Հանրապետության մարզերին եւ Երեւանին վերաբերող հատվածները: Հայաստանի յուրաքանչյուր մարզ, քաղաք, վայր ունի իր պատմությունը, բարքերը, սովորույթները… Սակայն, ցավոք, տարիների ընթացքում դրանք հիմնականում կամ մոռացության են մատնվում կամ չեն պահպանվում սերունդների կողմից: Ավանդապատումները, որոնք մենք փորձում ենք վեր հանել, պահպանվել են շնորհիվ պատմիչների աշխատությունների, տվյալ շրջանի ավագ սերնդի հիշողությունների, սեպագիր ու վիմագիր արձանագրությունների, գիտնականների ուսումնասիրությունների:
Ավանդապատումների շարք ունի քերթողահայր Մովսես Խորենացին: Ավանդապատումների վառ օրինակ է մեր հարուստ մշակույթը: Նաեւ ավանդապատումներով է, որ մինչեւ օրս գոյատեւում ու պետք է գոյատեւենք՝ պահպանելով մեր պապերից մեզ մնացած երկրի՝ առայժմ այս հատվածը: «Մեր ավանդապատումները» սկսում ենք Սյունիքի մարզից:
Պատմականորեն Սյունիքը Մեծ Հայքի 15 նահանգներից մեկն էր, որը վարչականորեն բաժանված է եղել 12 գավառների: Սիսական աշխարհը ճանաչված էր իր երկնամբարձ ամրոցներով ու հազարամյա վանքերով: Այստեղ էր գտնվում 13-րդ դարում ստեղծված Հայաստանի ամենահին համալսարանը՝ Գլաձորը (գիտնականները վախենում են Ք.ծ.ա. այն կողմ գնալ,- խմբ.): Սյունիքը ճանաչված է իր բերդերով, վանքերով, լեռներով, սարերով եւն: Ներկայացնենք որոշ ավանդապատումներ ըստ Ա. Ղանալայանի «Ավանդապատում» աշխատության:
* * *
Շահանդուխտի քերծ – Գտնվում է Տաթեւի հարավային կողմում, Որոտան գետի ափին: Շահանդուխտ անունով մի աղջիկ հարս գնալիս ենթարկվել է անօրենների հարձակմանը: Սրանք կամեցել են հափշտակել Շահանդուխտին: Թշնամիների ձեռքը չընկնելու համար աղջիկը ձիով թռել է բարձր ժայռի գագաթից եւ անվնաս իջել Որոտան գետի ափը: Դրանից հետո այդ ժայռը կոչվել է Շահանդուխտի քերծ:
Դատ-Մելիքի լեռ – Գտնվում է Գորիսի շրջանի Խնածախ գյուղի մոտ:
Ա. Խնածախ գյուղի իշխան Մելիք-Հայկազը շատ չարասիրտ ու խստաբարո մարդ է եղել: Նա հանցավոր գյուղացիներին դրել է կողովի մեջ, փակել բերանը եւ գլորել է մոտակա բարձր լեռան գագաթից: Գլորվող գյուղացիների՝ դատ-մելիք, վայ մելիք բացականչությունից լեռը ստացել է Դատ-Մելիք անունը:
Բ. Զանգեզուրում մի մելիք է լինում: Օր ու արեւ չի տալիս գյուղացիներին: Մի պատրվակ է փնտրում, որ դատ ու դատաստան տեսնի նրանց հետ: Դատն էլ անում է մի սարի գլխին: Մեղավորին գցում են քթոցի մեջ, սարի գլխից գլորում ցած: Մի օր, երբ մելիքն էլի նստում է դատի, գյուղացիները կանչում են. «Դա՛դ ենք մելիք, դա՛դ, դա՛դ» ու հարձակվում են մելիքի ու նրա մարդկանց վրա: Որին սպանում են, որին էլ քշում սարերից դենը, կորցնում: Եվ ազատվում են մելիքից: Սարի անունն էլ մարդ կա՝ Դատ Մելիք է ասում, այսինքն՝ մելիքն այնտեղ է դատ ու դատաստան արել, մարդ էլ կա՝ Դադ Մելիք է ասում, այսինքն՝ մելիքից զզված, դադ եղած գյուղացիներն են նրան քշել այդ սարից:
Գանձասար – Զանգեզուրում է, համանուն լեռնաշղթայի ճյուղավորումներից մեկին: Ասում են, թե դարեր առաջ հայոց Արտավազդ թագավորը, հռոմեական զորքերից իր գանձերը փրկելու համար, հրամայում է դրանք թաքցնել Բաղաց աշխարհի լեռներից մեկի մեջ: Գանձերը պահպանելու համար նույն լեռան վրա կառուցվում է ամուր բերդ: Սրա պատերի տակ հռոմեական զորքերի եւ մի խումբ հայ քաջերի միջեւ տեղի է ունենում արյունահեղ կռիվ: Թշնամիները գրավում են բերդը, ավերում, բայց գանձերը չեն գտնում: Դրանից հետո շատ նվաճողներ էլ են գալիս, բայց նրանցից ոչ մեկին չի հաջողվում գտնել գանձերը: Եվ սարի անունը գանձերի պատճառով մնում է Գանձասար:
Սառնըծակեր սար – Գտնվում է Սիսիանում: Ասում են, թե այս սարը Սառնըծակեր է կոչվել, որովհետեւ նրա գագաթին մի ժայռ կա, որի անցքերի մեջ սառույցը՝ սառնը, մնում է նաեւ ամառ ժամանակ:
Բոզիի քար- Գտնվում է Զանգեզուրում, Եզան ուխտատեղի կոչված վայրից մի փոքր ցածր, անտառի խորքում: Պարսիկների ժամանակ Տաթեւի մի քաջ գյուղացի՝ Բոզի անունով, փակվել է այս ժայռի խոռոչներից մեկում եւ այնտեղից ահ ու սարսափի մեջ է պահել մոտակա կածանով անց ու դարձ անող թշնամիներին: Դրա համար էլ քարը կոչվում է Բոզիի քար:
Սուրբ քար – Գտնվում է Զանգեզուրի գավառում, Խնձորեսկից դեպի հյուսիս: Մի երիտասարդ տան կարիքների համար որոշում է ջարդել այս ժայռը: Երբ նա սկսում է մեծ մուրճով խփել, ժայռի խորքից լսվում է. «Թող կուրանա նա, ով կհամարձակվի ձեռք բարձրացնել ինձ վրա»: Երիտասարդն անմիջապես զրկվում է աչքի լույսից: Այդ օրվանից ժայռը կոչվում է Սուրբ քար:
Շարունակելի
Կազմեց Գարիկ Ավետիսյանը
«Լուսանցք» թիվ 39 (302), 2013թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում



