Ցավոտ կետեր – Հանքարդյունաբերություն եւ բնապահպանություն. ո՞րն է սրանց հաշտության պայմանը… – ՀՀ-ն առաջինը՝ որակի առումով – ՀՀ-ի ունեցածը…

Մեկ անգամ չէ, որ ասել եմ, թե ճիշտ են այն բնապահպանները, ովքեր կարծում են, որ մեր հանքարդյունաբերությունը փչացնում է մեր երկրի բնությունը եւ, ըստ այդմ, վտանգում մարդկանց առողջությունը: Բայց ճիշտ չեն այն բնապահպանները, ովքեր կոչ են անում դադարեցնել հանքարդյունաբերությունը: Որովհետեւ մենք ունենք հարստություն, որը չօգտագործելը անմտություն է: Բայց, այո՛, մենք պիտի շատ խնայողաբար օգտվենք մեր բնաշխարհի ընձեռած հնարավորությունից, այլ ոչ թե այն անխնա սպառենք՝ սերունդներին ոչինչ չթողնելով: Պետությունը հանքավայրերը շահագործողներին պիտի ստիպի կիրառել մաքուր տեխնոլոգիաներ, ուժեղ ու մանրակրկիտ վերահսկողություն սահմանի նրանց գործունեության նկատմամբ, բնօգտագործման վճարների չափերն ավելացնի, որոնք կբավականացնեն բնությանը պատճառած վնասները փոխհատուցելուն, պիտի ստիպի նրանց հանքերը շահագործելուց հետո դրանք փակել՝ զուգահեռ սկսելով վերականգնողական աշխատանքները: Մի խոսքով, մեխանիզմները շատ են, իրագործելն է մնում: Գուցե սա դառնա այն մեկնակետը, որ կստիպի երկու ոլորտներին համատեղ ու արդյունավետ՝ ի շահ երկրի գործակցել: Եվ, այո՜, բնապահպանությունը միշտ պիտի թելադրի ու վերահսկի հանքարդյունաբերությանը:

Այս ամենից հետո է, որ կարող եմ խոսել ՀՀ-ի ոչ մետաղական հանքանյութերի պաշարներից: Պաշարներ, որ կարող ենք գործածել հարյուրավոր տարիներ՝ օգուտ բերելով երկրին, երկրի տնտեսությանը:

Մինչդեռ մենք այսօր բացի ցեմենտի, երեսպատման սալիկների, շինաքարի արտադրությունից, ոչ մետաղական օգտակար հանածոները այլ նպատակներով չենք վերամշակում, բացառությամբ շատ քիչ ծավալի արտադրական հզորությունների: Ոլորտի տնտեսությունը գործնականում փլուզված է, իսկ բարձր տեխնոլոգիաների ներդրման համար տարվող աշխատանքներն առ այսօր գործնականում արդյունք չեն տվել: Ոլորտում վիճակը եթե հակիրճ նկարագրենք, ապա, էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի խոսքերով, հետեւյալն է. «Ոչ մետաղական հանքանյութերի վերամշակման ոլորտում ներկայումս շահագործվող սարքավորումները եւ մեխանիզմներն ունեն ֆիզիկական եւ բարոյական մաշվածության բարձր աստիճան, գրեթե բացակայում են նորագույն տեխնոլոգիաներով եւ սարքավորումներով զինված նոր գործարանների կառուցմանն ուղղված գործընթացները, ինչպես նաեւ արտաքին ներդրումները»: Ի՞նչ խնդիրներ կան ոլորտում, ի՞նչ է պետք անել, որո՞նք են լուծման ուղիները, ի՞նչ օգուտ կտան մեր երկրին:

Ոչ մետաղական հանքանյութերի վերամշակման ոլորտի զարգացման հայեցակարգը, որ գործադիրը հավանության է արժանացրել, ոլորտում վիճակը չի կարող ամբողջովին շտկել: Անհրաժեշտություն կա վերանայելու այս հանքանյութերի վերամշակման ոլորտի զարգացմանը նպաստող օրենսդրական ու ֆինանսավարկային ամբողջ քաղաքականությունը:

Իրավիճակն ավելի պարզ նկարագրելու համար մանրամասնենք:

ՀՀ-ն առաջինը՝ որակի առումով

Ընդերքօգտագործման, հանքարդյունաբերության, հանքաքարի մշակման եւ պատրաստի արտադրանքի ստացման ոլորտները նախկինում դասվել են տնտեսության հիմնական շարժիչ ուժերի շարքին: Ներկայումս էլ զարգացման գլխավոր գրավականներից են: ՀՀ-ն ոչ մետաղական օգտակար հանածոների պաշարների բազմազանությամբ ու հարստությամբ աշխարհում գրավում է առաջատար տեղերից մեկը:

Մեր երկրի այս փոքրիկ տարածքում հանդիպում են աշխարհում հայտնի գրեթե բոլոր տեսակի հանքանյութային ապարները: Հատուկ արժեք ու նշանակություն են ներկայացնում Հայաստանի տարածքում հրաբխային պրոցեսների արդյունքում առաջացած լեռնային ապարները, որոնցից են թեթեւ ապարները՝ տուֆերը, պեռլիտները, պեմզաները, ցեոլիտները եւ այլն: Տարատեսակ բազալտների, գրանիտների, նեֆելինային սիենիտների, մարմարների պաշարների ծավալները հսկայական են: Ամենաորակյալ եւ ամենաշատ փքվող լեռնային ապարների (պեռլիտներ, օբսիդիաններ եւ այլն) պաշարները աշխարհում գտնվում են Հայաստանում: Հայաստանում գտնվող Արագած-պեռլիտի հաստատագրված պաշարները կազմում են 150 մլն խմ, իսկ կանխատեսումային պաշարների ընդհանուր քանակը հասնում է մինչեւ 3 մլրդ խմ-ի: Հայաստանի ամբողջ տարածքով քարտեզագրված են 100-ից ավելի բազալտի, անդեզիտի հանքավայրեր, որոնցից մի քանիսը իրենց բաղադրությամբ միակն են (օրինակ՝ բազալտի հանքավայրերից մեկի հանքանյութում MgO-ի պարունակությունը հասնում է մինչեւ 11%): Առկա են նաեւ բնական հանքային կլանիչների (սորբենտների) հանքավայրեր՝ բենտոնիտային կավերի, պեռլիտների, դիատոմիտների եւ ցեոլիտների, որոնցից ստացվող բազմաթիվ վերջնարտադրանքները պահանջում են բարձր տեխնոլոգիաների մշակում եւ կիրառում:

Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության տվյալներով, իրենց նշանակությամբ, որակական ցուցանիշներով եւ մեծ պաշարներով անգնահատելի են Հայաստանի տարածքում առկա քվարցիտների, կարբոնատների, ցեոլիտների, հրաբխային խարամների եւ պեմզաների, կավերի, բենտոնիտների, դիատոմիտների, գիպսի հանքավայրերը:

Թե այս ամենից որը կօգտագործենք, հստակեցված չէ, բայց ոչ մետաղական հանքանյութերի վերամշակման ոլորտի զարգացման հայեցակարգով առաջարկվում է դիտարկել առավել շահութաբեր եւ տնտեսության համար կարեւոր նշանակություն ունեցող եւ էներգախնայող արտադրատեսակները, աջակցել ընտրված արտադրատեսակների արտադրության կազմակերպմանը:

ՀՀ-ի ունեցածը

Որպեսզի հասկանանք, թե ինչպես ենք ոտքի կանգնեցնելու ոլորտը, նախ նշենք մեր ունեցածը:

ՀՀ-ում  ոչ մետաղական օգտակար հանածոների հանքավայրերի ընդհանուր թիվը մոտ 600-ն է, որոնցից շուրջ 400 ոչ մետաղական օգտակար հանածոների հանքավայրերը տրամադրվել են շահագործման: Այդ հանքավայրերում առկա օգտակար հանածոների պաշարները կբավարարեն հարյուրավոր տարիներ՝ ընդ որում խոշորամասշտաբ արդյունաբերություն կազմակերպելու համար: Փակագծերում կարեւոր մի բան նշեք, որ ընդերքի մասին օրենսգրքի համաձայն, ՀՀ-ի ընդերքը պետության բացառիկ սեփականությունն է, որը կարող է տրամադրվել օգտագործման միայն երկրաբանական ուսումնասիրությունների եւ օգտակար հանածոների արդյունահանման նպատակներով, չի կարող լինել առքուվաճառքի, գրավի առարկա կամ օտարվել այլ ձեւով, եւ օգտագործման է տրամադրվում ընդերքօգտագործողների կողմից բնության եւ շրջակա միջավայրի պահպանության ու մարդկանց կյանքի ու առողջության պաշտպանության հետ կապված օրենսդրությամբ սահմանված պահանջների պահպանման պայմանով:

Խորհրդային տարիներին հայկական բնական քարերի վերամշակումը, շինարարական քարերը, ճարտարապետաշինարարական արտադրատեսակները եւ հոծ սորուն նյութերը թողարկվում էին հիմնականում Հայկական ՍՍՀ Շինանյութերի արդյունաբերության մինիստրության  կազմակերպությունների կողմից «Արթիկ-տուֆ», «Հայմարմարգրանիտ», «Կիրներուդ», «Հայմարմար», «Հայներուդ» կոմբինատները, Ախուրյանի, Հոկտեմբերյանի, Աշտարակի, Սիսիանի, Վեդու, Թալինի շինարարական իրերի եւ նյութերի կոմբինատներն ու քարհանքվարչությունները: Ծակոտկեն սորուն արտադրատեսակներ թողարկում էին «Անի-պեմզա», «Հայներուդ», «Հայհիդրոէներգոշին» կոմբինատները, «Արագածպեռլիտ» գործարանը (փքման համար հումք), «Հայմարմարգրանիտ» կոմբինատը (դիատոմիտ): Բացի այդ՝ տեղական ոչ մետաղական հանքային հումքից արտադրվում էր տեսակավորված տարբեր հատիկայնությամբ պեռլիտի հումք («Արագած» պեռլիտի գործարան), դիատոմիտի հումք, փոշիների ֆիլտր՝ լցանյութերի կատալիզատորների կրողների համար (Խարբերդի դիատոմիտի գործարան), ապակյա մանրաթելեր, բամբակ (Սեւանի ապակյա մանրաթելերի գործարան), կիր (Նաիրիտ, Ջաջուռի գործարան), գաջ (Երեւանի գաջի գործարան), ապակե արտադրատեսակներ (Էլեկտրոլամպերի գործարան, Արզնիի, Լենինականի, Արմավիրի եւ այլ ապակյա տարաների գործարաններ), կերամիկական արտադրատեսակներ (Երեւանի կերամկոմբինատ): Նախագծված եւ սկսված էր արհեստական թեթեւ լցանյութերի գործարանների շինարարությունը՝ պեռլիտի հենքի վրա հատիկավոր բջջավոր ապակու արտադրություն (Սպանդարյանի արդյունաբերական հանգույց՝ Երեւան եւ տուֆի հիման վրա՝ Արթիկ-տուֆը): Խորհրդային տարիներին Հայաստանում կառուցվել են՝ 1. Շորժայի ուլտրահիմնային ապարների հիմքի վրա՝ հրակայուն իրերի արտադրության (գ. Շորժա), բազալտների հենքի վրա՝ Քարակերտի քարաձուլման գործարանը, որոնք հիմնական արտադրանք չեն տվել: 2. Թումանյանի հրակայուն իրերի գործարանը, որն աշխատել է տեղական քարանման կավերի եւ ներմուծված նյութերի հումքով: Այն դադարել է աշխատել արտադրատեսակների արտահանման հետ կապված դժվարությունների պատճառով: 3. Իջեւանի բենտոնիտների գործարանը, որը աշխատել է Սարիգյուղի բենտոնիտային կավերի հումքով: Այն դադարել է աշխատել արտադրատեսակների արտահանման հետ կապված դժվարությունների պատճառով: 4. Դիատոմիտի փորձարարական գործարանը արտադրել է մանրացված դիատոմիտային հումք, որն արտահանվել է Ռուսաստան որպես լցանյութեր, կատալիզատորի կրողներ, ֆիլտր փոշիներ: Արտադրվել են ջերմամեկուսիչ նյութեր՝ փքված պեռլիտ եւ դրա հենքով ստացվող արտադրատեսակներ («Արագած-պեռլիտ» գործարան, «Քար եւ սիլիկատներ» ԳԱՄ ՓԲԸ), հատիկավոր փրփրաապակի, ջերմամեկուսիչ սալիկներ, թթվակայուն բազալտի փոշի, հեղուկ ապակի («Քար եւ սիլիկատներ» ԳԱՄ ՓԲԸ), ապակեթելքեր (Սեւանի գործարան), բազալտային մեկուսիչ բամբակ (Հրազդանի գործարան):

Ներկայում ոչ մետաղական օգտակար հանածոների վերամշակումը եւ արդյունահանումը 1991թ. համեմատ տասնապատիկ կրճատվել է:

Միեւնույն ժամանակ՝ 1991թ. ցայսօր ոչ մետաղական պինդ օգտակար հանածոների հետախուզված հանքավայրերի քանակը, հատկապես երեսապատման եւ շինարարական քարերի արտադրության նպատակով, կտրուկ աճել է. հետախուզվել եւ հաստատվել են 100-ից ավելի նոր հանքավայրերի պաշարները:

Սկսած 90-ական թվականներից երեսպատման եւ շինարարական քարերի հանքավայրերը շահագործում են մասնավոր ընկերությունները:

Դեռ 1993թ. ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից (պատասխանատու կատարող «Քարի եւ սիլիկատների» գիտահետազոտական ինստիտուտ, ծրագրի գլխավոր մշակող՝ «Հայարդշինանյութեր» պետական արտադրական միավորում) մշակվել էր «Ոչ մետաղական հանքային ռեսուրսների օգտագործում» նպատակային պետական համալիր ծրագիրը, որը հաստատվել է կառավարության որոշմամբ:

Ծրագրում հստակ բերված էին Հայաստանի ոչ մետաղական հանքանյութերի համալիր վերամշակման արդյունքում նոր արտադրատեսակների արտադրությունների կազմակերպման որոշակի առաջարկները՝ ըստ հանքանյութերի եւ առաջնակարգությամբ իրացման շուկաների: Պետական այդ համալիր ծրագրում, ըստ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության, առաջարկվել էր մի շարք հումքերի իրացման եւ արտահանման  չափազանց մեծ շուկա:

Փաստորեն, մենք ունենք լիքը ոչ մետաղական հանքանյութեր, աշխարհում ամենաորակյալ ապարները, բայց ոլորտային տնտեսությունը չի գործում:

Իսկ թե ինչպես ոտքի կանգնել, կխոսենք հաջորդիվ:

Արմենուհի Մելքոնյան

«Լուսանցք» թիվ 39 (302), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

This entry was posted in Հոդվածներ. Bookmark the permalink.