Յուրաքանչյուր սերունդ ի՛ր հերոսներն է ծնում – Հունվարի 28-ին Հայկական բանակի տոնն է: Իսկ Հայոց բանակը հազարամյակների փառահեղ պատմություն եւ ռազմի ու զորության Աստված ունի՝ Վահա՛գնը… Թշնամին խուճապահար է սպասվող պատասխանից…

Արցախի հարցը կշահարկվի այնքան ժամանակ, մինչեւ ՀՀ-ԼՂՀ վերամիավորման համատեղ մի նոր ու փաստացի (Արցախը պիտի հռչակվի Հայաստանի 12-րդ մարզ) հայտարարություն չհնչի Երեւանից…

Յուրաքանչյուր սերունդ ի՛ր հերոսներն է ծնում

Հերոսները հատկապես փորձության ու նվիրումի պահերին են հայտնվում, եւ հայ ազգի արգանդը միշտ էլ ծնել է նրանց:

Այսօր խոսվում է հայկական բանակում տեղ գտած որոշ թերությունների մասին, իհարկե լավ է, որ խոսում են, քանզի բացախոսությունը դրական երեւույթ է ու շտկվելու հնարավորություն է տալիս: Բայց այնպես չէ, որ հայկական զինուժը հենված է բացասական երեւույթների վրա: Բազմիցս նշել ենք, թե ինչպես են հայկական բանակի մասին օրինակելի արտահայտվում եւ՛ ՌԴ-ի ու ՀԱՊԿ-ի, եւ՛ ԱՄՆ-ի, եվրոպական երկրների ու ՆԱՏՕ-ի պատասխանատուներն ու մասնագետները:

Մեր բանակը ոչ միայն հաղթող զինուժ է ու գործում է հաղթողի հոգեբանությամբ, այլեւ զինական, մարտավարական ու ռազմավարական առումներով արդիականացվում է ժամանակին համահունչ եւ պարբերաբար: Այլ երկրների զինուժի ներկայացուցիչների հետ մեր զինվորականները իրենց մասնակցությունն են հանդես բերում տարբեր թեժ գոտիներում, ինչպես Իրաքում, Աֆղանստանում, Կոսովոյում եւ այլն:

«Լուսանցք»-ը միշտ կարեւորել է մեր բանակի կյանքի անցուդարձն ու փառքի լուսաբանումը: Անդրադարձել է նաեւ վերոնշյալ մի շարք թերություններին, ինչը դատապարտելի է ոչ միայն զինվորական, այլեւ քաղաքացիական կյանքում:

Պետք է միշտ հիշել արդեն հայտնի խոսքը՝ եթե հրաժարվում ես պահել քո բանակը, ապա ստիպված կլինես պահել ուրիշինը: Բոլոր թերություններով հանդերձ՝ հայկական զինուժը մեր միակ հավատարիմ ապավենն է ինչպես ինքնապաշտպանության, այնպես էլ հարձակողական ծրագրերում:

Այսօր ցավով պետք է նշել, որ ադրբեջանական սադրանքներին դեռ զոհ են գնում հայ զինվորներ, բայց հպարտությամբ հարկ է արձանագրել, որ տակավին երիտասարդ հայորդիները ապացուցում են, որ արժանի փոխարինողներ են մեծանում ինչպես մեր փառահեղ ու զորեղ նախնյաց, այնպես էլ մեր ազգային ազատագրական վերջին հաղթական կռվի՝ արցախյան պատերազմի հերոսներին: Եվ արդար է, որ մեր նորօրյա հերոսի՝ Արմեն Հովհաննիսյանի աճյունը կհանգրվանի մյուս հերոսների կողքին՝ անմահների Եռաբլուրում…

Այո, ցավով, բայց հպարտությամբ իմացանք, որ հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ժամը 23:50-ից մինչեւ 00:15-ի սահմաններում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարեւելյան (Ջրաբերդ) եւ հարավարեւելյան (Կորգան) ուղղություններում արձանագրվել են հակառակորդի դիվերսիոն խմբերի ներթափանցման միաժամանակյա փորձեր: ԼՂՀ զինված ուժերի առաջապահ ստորաբաժանումները հավաստանշելով ադրբեջանական դիվերսիոն խմբերի գործողությունները, 2 ուղղություններում էլ անցել են կազմակերպված պաշտպանության եւ հակառակորդին պատճառելով զգալի մարդկային ու նյութական կորուստ՝ ետ շպրտել իր ելման դիրքերը: Բռնկված փոխհրաձգության հետեւանքով հակառակորդի կողմից ստացած հրազենային վիրավորումից (ըստ տեղեկատվության՝ 14 փամփուշտ մարմնի մեջ)՝ հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքում իր առջեւ դրված մարտական խնդիրը արիաբար կատարելու ժամանակ զոհվել է կրտսեր սերժանտ Արմեն Լեւոնի Հովհաննիսյանը:

Ադրբեջանական կողմը մշտապես խաթարում է հայ-ադրբեջանական սահմանների հարաբերական անդորրը՝ ինչպես Արցախի, այնպես էլ Հայաստանի ուղղությամբ, ինչին համարժեք պատասխան է տրվում: Սակայն այդ կրակոցները ճակատագրական ավարտ գրեթե չեն ունենում, չնայած ԼՂ-ի ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվում է հարյուրավոր անգամներ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվում են հազարավոր կրակոցներ: Մեր ՊԲ առաջապահ զորամասերը հաճախ են հավատարիմ մնում հրադադարի պահպանման ռեժիմին, բայց անհրաժեշտության դեպքում չեն վարանում համարժեք պատասխանել եւ շարունակել վստահորեն իրականացնել մարտական դիրքերի պաշտպանությունը:

Բայց երբ հակառակորդը ներթափանցման փորձ է կատարում, զոհեր հաճախ են լինում: Ավելի շատ սպանվում են հենց հարձակվող ադրբեջանական կողմից, բայց մեզ համար թանկ է յուրաքանչյուր հայ զինվորի կյանքը: Իսկ վերոնշյալ միջադեպը եւ հայ զինվորի հերոսական արարքը դարձել է քննարկման թեմա ոչ միայն Հայաստանում:

ՀՀ եւ ԼՂՀ պաշտպանության նախարարությունները կիսելով ծանր կորստյան վիշտը հայ զինվորի ընտանիքի անդամների, հարազատների ու ծառայակիցների հետ՝ փառաբանել են հայ զինվորին՝ ցուցաբերած քաջության համար: Միանշանակ է, որ կրտսեր սերժան Արմեն Հովհաննիսյանը իսկական տղամարդ է ու արժանի Արցախի հերոսի կոչմանը եւ արիության մեդալի: Հայ դիրքապահները 9 հոգով կասեցրել են շուրջ 30 հոգանոց ադրբեջանական հատուկ պատրաստություն անցած խմբի առաջընթացը եւ պատճառել մեծ կորուստներ: Ինչը ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը գնահատեց որպես հերոսություն: Այո, այս փոքրիկ հերոսամարտից միայն մի քանի ադրբեջանցիներ են կարողացել ողջ հետ փախչել: Մեծ մասը սպանվել ու վիրավորվել են: Այս մասին իր խոսքը ասել է նաեւ Արցախի նախագահ Բակո Սահակյանը, ով եւս հպարտացել է հայ զինվորների քաջությամբ, իրենց դիրքերը պաշտպանելու կամքով եւ հերոսական դիմադրությամբ:

Չնայած դեպքի մասին նախընտրել են լռել Բաքվում, սակայն մեռածների համար պետք է մի բան մոգոնվեր, ու հերթական անգամ հայ զինվորների գնդակից սատկածները ներկայացվել են որպես «ավտովթարի կամ զենքի հետ անզգույշ վարվելու զոհեր»… Այսպիսի «զոհեր» ներկայացրել են նախ 2-ին, ապա 4-ին: Մնացյալի մասին դեռ լռում են:

«Դիվերսիայի հիմքում, անկասկած, պետք է տեսնել ռազմաքաղաքական բաղադրիչը եւ քաղաքական նկատառումը»,- արցախա-ադրբեջանական զորքերի շփման գծում տեղի ունեցած դիվերսիայի պատճառների մասին ասել է ՀՀ պաշպանության նախարարի խորհրդական, ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը։ Նրա խոսքերով՝ հերթական անգամ ականատեսն ենք լինում մի երեւույթի, որ կարեւոր դիվանագիտական միջոցառումներից առաջ ադրբեջանական կողմն իր ապակառուցողական դիրքորոշումը ի ցույց է դնում։ Տեղի ունեցածը կարելի է կապել մոտ ժամանակներս Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների կայանալիք հանդիպման հետ:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի՝ նորից արած ռազմատենչ հայտարարությունների համապատկերին, Բաքուն փորձում է ցույց տալ, թե ադրբեջանցիները կարող են պատերազմել, այսպիսով՝ նաեւ գետնով չտալով իրենց գերագույն գլխավոր հրամանատարի խոսքը: Բայց այս դիվերսիան կասեցվել է, տապալվել, իսկ հակառակորդը մեծ կորուստներ է տվել:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը այս առիթով Երեւանում խոսել է եվրոպական կառույցների պատասխանատուների հետ, ովքեր  նաեւ ցավակցել են հայ զինվորի զոհվելու կապակցությամբ: Համենայնդեպս, այս պահի դրությամբ, Ադրբեջանի բանակն իրեն դրսեւորում է ոչ կառուցողական, խաղաղ բնակիչների ուղղությամբ արձակված կրակահերթերով ու դիվերսիոն հարձակումներով, որի ժամանակ զգալի կորուստներ է գրանցում: Դեռեւս 2013թ. նոյեմբերի 19-ին, Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների՝ Վիեննայում կայացած հանդիպումից հետո, ինչպես միջնորդները, այնպես էլ հայկական ու ադրբեջանական կողմերը լավատեսություն էին արտահայտել բանակցային գործընթացի այս փուլում նշմարվող զարգացումների վերաբերյալ՝ հուսալով, որ առաջիկայում հնարավոր կլինի առավել հաճախակի՝ նախագահների մակարդակով հանդիպումներ կազմակերպել: Սակայն հունվարի 9-ին, կառավարության նիստում Ադրբեջանի նախագահի հնչեցրած հայտարարություններով ու դրան հետեւած՝ հայկական դիրքերի ու բնակավայրերի ուղղությամբ շարունակական կրակահերթերով ու դիվերսիոն գործողություններով, Ադրբեջանը քաղաքական նահանջի ազդանշան հնչեցրեց, ինչն իրական սպառնալիքի տակ դրեց առաջիկայում սպասվող հանդիպումները: Ամեն դեպքում, անգամ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կարծիքով, այն լավատեսական պատկերը, որը գոյություն ուներ Վիեննայի հանդիպումից հետո, գրեթե վերջնականապես ցրվեց:

Երեւանում տեղի է ունեցել ՀՀ եւ ԼՂՀ ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի ու Կարեն Միրզոյանի հանդիպումը, քննարկվել են անցյալ տարի արտաքին քաղաքական գերատեսչությունների փոխգործակցության արդյունքները եւ այդ ուղղությամբ ընթացիկ տարում իրականացվելիք աշխատանքները: Ամփոփվել են 2013թ. արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու ուղղությամբ իրականացված քայլերը, արծարծել են Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշման պատճառով բանակցային գործընթացում ստեղծված իրավիճակը։ Նախարարները ադրբեջանական կողմի այս հարձակումները գնահատել են որպես սադրիչ եւ անպատասխանատու քաղաքականության հերթական դրսեւորում եւ ծրագրված սադրանքը համարել են Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունները խանգարելու փորձ:

Վստահ ենք, որ Եվրա-ամերիկյան ու ռուսաստանյան պատասխանատուները նորից ոչ մի կտրուկ քայլ չեն ձեռնարկի պաշտոնական Բաքվի նկատմամբ (եթե անգամ երկակի ստանդարտները չկիրառեն) եւ արցախյան հարցի միջազգային շահարկումը կշարունակվի: Այնքան ժամանակ, մինչեւ ՀՀ-ԼՂՀ վերամիավորման համատեղ մի նոր ու փաստացի (Արցախը պիտի հռչակվի Հայաստանի 12-րդ մարզ) հայտարարություն չհնչի Երեւանից:

Արամ Ավետյան

Թշնամին խուճապահար է սպասվող պատասխանից

Կառավարության երեկվա նիստում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ներկայացնելով վերջին օրերին ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը, հայտարարեց, որ Հայաստանի ու Արցախի սահմաններում իրավիճակը վերահսկելի է: Նա կոչ արեց ժողովրդին՝ չունենալ որեւէ մտահոգություն, քանի որ մեր զինվորականները պատշաճորեն կատարում են իրենց առջեւ դրված խնդիրները:

Ըստ նախարարի, հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը հակառակորդի հատուկ ստորաբաժանումների կողմից կատարված դիվերսիոն գործողությունների անհաջող փորձից հետո ադրբեջանցիները տվել են զոհեր ու վիրավորներ եւ նահանջել են հայ դիրքապահ ծառայողների եւ կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի հմուտ գործողությունների շնորհիվ:

«Եվ այսօր ադրբեջանական դիրքերում որոշակի լարվածություն կա՝ արտահայտված կրակոցներով ու որոշակի խուճապահար գործողություններով, քանի որ մտահոգություն ունեն, որ մենք պատասխան կտանք»,- ասել է Սեյրան Օհանյանը եւ միաժամանակ նշել, որ հայկական կողմն անկանոն կրակոցներին չի պատասխանում. «Մենք պատասխանում ենք միայն նպատակային եւ դիպուկահարների կրակոցներին»:

Իսկ վարչապետ Տիգրան Սարգսյանը հիշեցրել է, որ նախորդ օրը ՀՀ պաշտպանության նախարարը մասնակցել է հերոս զինվորի՝ Արմեն Հովհաննիսյանի թաղման արարողությանը, դեպքն էլ գտնվում է հասարակության ուշադրության կենտրոնում: Ըստ նրա՝ հանրության մեջ հաճախ լինում են մեկնաբանություններ, որոնք իրականության հետ կապ չունեն, դրա համար վարչապետը կարեւորել է նախարարի ներկայացրած տեղեկատվությունը:

Նարե Մշեցյան

Հ.Գ.- Ադրբեջանն ու Թուրքիան մտահոգ են Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի սպասվող արձագանքներից եւ փորձելու են ամեն գնով շեղել միջազգային հանրության ուշադրությունը: Ինչը չի բացառում նաեւ հետագա սրացումները տարածաշրջանային խնդիրներում:

«Լուսանցք» թիվ 1 (306), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

This entry was posted in Հոդվածներ. Bookmark the permalink.