Ալիեւին կենթարկե՞ն քրեական պատասխանատվության
ԵԽԽՎ լիագումար նիստում, հիմք ընդունելով «Ռասիզմի եւ անհանդուրժողականության դեմ պայքարի» Եվրոպական կոմիտեի առաջարկը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին քրեական պատասխանատվության ենթարկելու հարց է բարձրացրել հայկական պատվիրակության անդամ, ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Ըստ հայ պատվիրակի, պետք է քրեականացնել ռասիստական ոգով ելույթները՝ դրանց դեմ արդյունավետ պայքարելու համար:
Նաիրա Զոհրաբյանը նաեւ իր պահանջի հիմնավորումն է ներկայացրել. «Ահազանգը իրապես պահանջում է հրատապ ու հստակ հակաքայլերի ձեռնարկում, այլապես հեռու չէ այն օրը, երբ մենք ունենալու ենք Եվրոպա, որտեղ անհանդուրժողականությունը, ռասիզմը, այլատյացությունը դիտվելու են որպես կենսակերպ: Այո, մենք տեսնում ենք, թե ինչ է կատարվում Եվրոպական մի շարք խորհրդարաններում, ուր ծայրահեղական կուսակցությունները կարողանում են հանրության աջակցությամբ մտնել խորհրդարան: Հունաստանի հայտնի նեոնացիստական կուսակցությունը, ցավոք, այլեւս եզակի դեպք չէ: Համաձայն եմ, որ ռասիզմի ու անհանդուրժողականության դեմ պայքարում մեծ անելիք ունեն առաջին հերթին քաղաքական գործիչներն ու մեր Վեհաժողովը: Ավելին, ԵԽ տարբեր կառույցներ հստակ հանձնարարում են ազգային խորհրդարաններում բացառել ռասիզմ ու անհանդուրժողականություն տարածող ելույթները»:
Բայց արդպե՞ս է արդյոք իրականում.- ասել է հայ պատգամավորը եւ հավելել, որ 2 տարի առաջ, Եվրանեսթ խորհրդարանական Վեհաժղովի կազմում, ինքը Բաքվում մասնակցել է կառույցի հերթական նիստին եւ «Ադրբեջանի նախագահը, իր խորհրդարանի մեջ, Եվրանեսթի ողջ պատվիրակության, այդ թվում՝ հայկական ու Եվրոպական խորհրդարանի պատվիրակությունների ներկայությամբ, ռասիզմի եւ անհանդուրժողականության մի կատարյալ շեդեւր ելույթ ունեցավ: Նա մեզ՝ Արդբեջանի խորհրդարանում նստած հայ պատգամավորներիս եւ ողջ հայ ժողովրդին անվանեց ֆաշիստներ, պղծողներ՝ հայ ժողովրդին մեղադրելով ստահոդ եւ անտրամաբանական բոլոր մեղքերի մեջ: Եվ ի՞նչ եղավ: Որեւէ մեկը, բացի հայկական պատվիրակության անդամներից, բացատրե՞ց Ալիեւին, որ ԵԽ անդամ երկրի նախագահին վայլել չէ միջնադարյան ինկվիզիցիայի ոգով ելույթ ունենալը: Իհարկե՝ ոչ»:
Հայտնի է, որ «Ռասիզմի եւ անհանդուրժողականության դեմ պայքարի» Եվրոպական կոմիտեն առաջարկում է քրեականացնել ռասիստական ոգով ելույթները: Հայ պատվիրակության անդամը եւս համաձայնել է այդ առաջարկին ու հավելել. «Հիմա առաջարկում եմ քրեական պատասխանատվության կանչել Ադրբեջանի նախագահին, որի յուրաքանչյուր ելույթ, ուր կա հայի եւ Հայաստանի անուն՝ ռասիզմի, անհանդուրժողականության, հայատյացության բացառիկ դրսեւորում է: Եվ, իվերջո, ինչի՞ ծնունդ էր մարդասպան Ռամիլ Սաֆարովը, ում իր երկրում համարում են ազգի հերոս: Նա ծնունդ է հակահայ այն խայտառակ մթնոլորտի, որը տիրում է Ադրբեջանում, երբ երեխաներին մանուկ հասակից սովորեցնում են, որ հայն իր թշնամին է: Երբ մենք ընտրեցինք Մարդու իրավունքների նոր հանձնակատար, ես վերջինիս ուղարկեցի ադրբեջանական դասագրքերից հատվածներ, ուր քարոզվում է բացահայտ հակահայկականություն եւ ուր հայը ներկայացված է որպես ջարդարար ու մարդասպան: Առ այս պահը որեւէ պատասխան չեմ ստացել մարդու իրավունքների էմիսարից: Մարդը, ում մենք ընտրել ենք նման պատասխանատու պաշտոնում, հարկ չի համարում զբաղվել անմիջական պարտականությունններով, կամ, երեւի վախենում է զայրացնել ադրբեջանցի իր գործընկերներին»:
Նաեւ մեջբերում է արվել ադրբեջանցի Մարյամ Գյունեշլիի նամակից, որտեղ ասվում է, թե ինչպես է հեղինակը «գրեթե ուշագնաց եղել»՝ կարդալով ադրբեջանական որոշ դասագրքեր, ուր «հայրենասիրություն է իբր քարոզվում՝ հային մարդասպան ներկայացնելով»: Իսկ ադրբեջանցի լրագրող Ուլքեր Իսմայիլգզին, անդրադառնալով ադբեջանական դասագրքերում հայատյացությանը, գրել է՝ «Մենք մի ողջ սերունդ ենք դաստիարակում հայերի հանդեպ ատելությամբ»:
Սա ուղղակի անթույլատրելի է եւ ժամանակն է ընդամենը խոսքերից անցնել իրական քայլերի, քանի որ ներկայացված զեկույցը կոնկրետ քայլեր անելու հրաշալի հնարավորություն է: «Չկորցնենք այն»,- ասել է հայկական պատվիրակության անդամը:
Անի Մարության
* * *
Եվրոպան Հայաստանի հարցում հակաընդդիմադի՞ր
Այդպես էլ անիրական մնացին ԱԺ «Ժառանգություն» խմբակցության եւ այդ կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի՝ Եվրոպայում մեր իշխանություններին պատժելու, անձամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին պատասխանատվության ենթարկելու պատժիչ հայտարարությունները:
Օրերս Ստրասբուրգում կայացած ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում տեղի է ունեցել պատվիրակների մանդատների հաստատումը եւ ՀՀ պատվիրակության կազմում տեղի է ունեցել փոփոխություն՝ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորի փոխարեն հաստատվել է ՕԵԿ խմբակցության պատգամավոր Մհեր Շահգելդյանի մանդատը:
Բայց մինչեւ լիագումար նիստում մանդատների հաստատումը, հարցը քննարկվել է ԵԽԽՎ ԵԺԿ քաղաքական խմբի նիստի ժամանակ, որի ընթացքում միայն Լատվիայի ներկայացուցիչն է անդրադարձել Զարուհի Փոստանջյանի փոփոխության հարցին։
Հիշեցնենք, որ այս պատգամավորը եվրոպական ամբիոնն ավելի շատ գործածում էր երկրիիշխանություններին «խփելու» համար, քան հանուն Հայաստանի ու հայության շահերի: Անգամ թուրք եւ ադրբեջանցի (ինչպես նաեւ այլազգի հակահայ) պատգամավորների ստորագրություններն էր գործածում ՀՀ իշխանությունների դեմ՝ դրանք կամա թե ակամա նաեւ Հայաստանի դեմ ուղղելով: Իսկ մեր թշնամիներն առիթը բաց չէին թողնում՝ իրենց հակահայ քաղաքականությունը այլ դրսեւորումներով շարունակելու համար:
Մեր երկրի պատվիրակության նոր անդամ Մհեր Շահգելդյանը հայտնել է, որ ԵԺԿ-ում քննարկվել է մանդատի փոփոխության հարցը եւ «ՀՀ պատվիրակությունը ներկայացրել է մանդատի փոփոխության հետ կապված հիմնավորումներ: Նշվել է, որ այս առումով որեւէ կանոնադրական խախտում չի եղել, քանի որ հայաստանյան պատվիրակության մեջ այս փոփոխությամբ չի փոխվել ընդդիմություն-իշխանություն, կանանց եւ տղամարդկանց անհրաժեշտ հարաբերակցությունը»:
Հիշեցնենք, որ «Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը ԵԺԿ-ց բողոքում էր դեռ ՀՀ նախագահի ընտրություններից հետո, երբ Եվրոպայի ամենամեծ կուսակցությունը ողջունեց վերընտրված Սերժ Սարգսյանին: Նշենք նաեւ, որ այս եվրակազմակերպությունը կարճ ժամանակ առաջ մերժեց ԲՀԿ-ի անդամակցության դիմումը, ինչը անսպասելի էր անգամ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի համար:
Արման Դավթյան
«Լուսանցք» թիվ 2 (307), 2014թ.
Կարդացեք «Լուսանցք»–ի PDF տարբերակները www.hayary.org–ի «Մամուլ» բաժնում



