«Փակագիծ» թերթի գլխավոր խմբագրին

«Փակագիծ» թերթի գլխավոր խմբագիր
Ագապի Հայկազունուն
լրագրող Վաղինակ Տերտերյանին

    

   «Իշխանությունների թուլությունը պայմանավորված է ազգայնականության բացակայությամբ» հրաշալի վերնագրով հարցազրույցի ամբողջ բովանդակությունը խեղված է ազգայնականությունն իբր պաշտպանող, նորահայտ «ազգայնականության գծով մասնագետ» և «պատմաբան» ոմն Մանուկ Մանուկյանի՝ բառի ամենաիսկական իմաստով ապազգային ու հակապատմական դատարկաբանությամբ:
       Նախ՝ ճանաչելով լրագրողին, զարմանում եմ հարցազրույցի նախաբանի առումով: Պարզվում է, որ ազգայնական կուսակցություններ են ինչպես ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն, այնպես էլ ԲՀԿ-ն, ՕԵԿ-ն ու «Ժառանգություն»-ը, որովհետև վերջին երեքը «…և արտախորհրդարանական բազմաթիվ այլ կուսակցություններ հանդես են գալիս ազգայնական ծրագրերով», ուստի կարելի է ասել, որ «Հայաստանում ձևավորվելիք օրենսդիր և գործադիր մարմինների առնվազն բարձր պաշտոնյաները լինելու են ազգայնական գաղափարախոսության կրողներ և, ընդհանրապես, մեր ժամանակներում հայկական քաղաքական համակարգը գերազանցապես ազգայնական բնույթ է կրում…»:
 
      

 Հարգելի Վաղինակ Տերտերյան, այս վերլուծությունից հետո Դուք արդյո՞ք զանգահարել եք Գագիկ Ծառուկյանին, Արթուր Բաղդասարյանին ու Րաֆֆի Հովհաննիսյանին, նրանց առողջությունը չի՞ վատթարացել Ձեր վերլուծությունից հետո… Եթե ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն մի կերպ կդիմանան այս «վերլուծական փորձությանը», ապա մյուս երեքը երևի Ձեզ դատի կտան իրենց ժողովրդավարական կերպարը հիմնավորապես «փչացնելու» համար: Ինչևէ: Նման նախաբանի բուն էությունը պահպանելու համար հրաշալի «ազգայնականության գծով մասնագետ» եք պեղել, ով նաև «պատմաբան» է: Կրկնակի բախտավորություն:
       Կարիք չկա շատ խորանալու նշված հարցազրույցի բավանդակության մեջ, պարզապես որպես «արտախորհրդարանական բազմաթիվ այլ կուսակցություններ»-ից մեկը, որն ազգայնական է (երևի դեմ չեք լինի, եթե ՕԵԿ-ը՞… ապա մենք՝ հաստատ), պարտավորված ենք զգում պատասխանել:
       Մանուկ Մանուկյանը պնդում է, թե «Հնդեվրոպական տեսությունում գոյություն ունի մայր լեզվից անջատված հնդիրանական կամ արիական մեծ ճյուղի գոյության դրույթ… Այդ տեսությունում հայերս այդ խմբի մեջ չենք մտնում և միայնակ կազմում ենք առանձին խումբ…»: Այնուհետև «պատմաբանը» գտնում է, որ իր դարակազմիկ մտքից շեղվել և գերմանո-իտալական ֆաշիստների հակապատմական հորինվածքին «չգիտես ում հրահանգով, տուրք են տվել մեր այսօրվա իրենց ազգայնական համարողները»: Խոսքը  միանշանակ Հայ Արիական Միաբանության մասին է: Նորելուկ «ազգայնականին» ասենք, որ մենք մեր անելիքները այնքան լավ ու հիմնավորված գիտենք, որ այս «պատվերով համերգին» էլ «մի կերպ» կդիմանանք…
       Իվանովի (հատկապես) և Գամկրելիձեի ականջները ձայն տան, նրանց հիմնարար աշխատության մեջ («Հնդեվրոպացիները և հնդեվրոպական լեզուն») «արիա-հունա-հայկական» բնարմատը տարանջատվելով «հայ-արիական»-ի, հետո հանդես է եկել որպես «հայկական», որն իր մեջ կրել է բնարմատի բոլոր կարողությունները: Այս մասին մենք բազմիցս խոսել ենք և «հայ-արիական» կամ «արիական» եզրերը մտածածին չեն ու «պատմաբանը» թող սին քարոզներով չզբաղվի: Նա փորձում է Արիական հասկացությունը «կապել» հնդիկների ու պարսիկների հետ միայն, նշելով, որ հայ տիրակալները իրենց արիացի չեն կոչել: «Պատմաբանը» խիստ համոզված է, որ Արքայից արքա Տիգրանը արյաց արքա չի եղել, սակայն պատմահայր Խորենացին «բռնացնում» է մերօրյա «պատմաբանի» սուտը՝ Տիգրանի մասին գրելով «Եւ ո՞ր իսկական մարդը, որ սիրում է արիական (ընդգծումը՝ Ա. Ա.-ի) բարքը եւ խոհականությունը, չի ուրախանա սրա հիշատակությամբ եւ չի ձգտի նրա նման (իմա՝ արիական – Ա. Ա.) մարդ լինել…»: Հայկականությանն ու արիականությանը միևնույն բնույթն ունեն և, կարելի է ասել, հոմանիշներ են ծագումնաբանական և դիցա-պատմական տեսանկյունից, որն էլ գործածես՝ տեղին կլինի: Իսկ բուն հայկական տեսակի մասին մենք բազմիցս արտահայտվել ենք, որը դեռ «հասանելի» չէ «ազգայնականության գծով մասնագետին»… Այնպես որ կարիք չկա պատմա-կրոնական «զատիկ» անելու: Ինչ մնում է «հնդեվրոպական» հասկացությանը, ապա սա աշխարհագրական ձևակերպում է, մինչ գերմանական նացիզմի ու իտալական ֆաշիզմի ի հայտ գալը արիական եզրը աներկբա օգտագործվում էր պատմագիտության մեջ: Երբ Խորենացին արիական որակում էր տալիս Տիգրան Մեծին, Եվրոպան ու՞ր էր, որ հնդեվրոպական հասկացություն էլ դեռ լիներ…
Մեր «ազգայնականության գծով մասնագետ»-ը արիականության մասին դատում է 2-րդ համաշխարհային պատերազմի վետերան-հաշմանդամի մտահորիզոնով և աղաղակում է. «Պատմության աղբանոցում քուջուջ տալ, այնտեղից վերցնել մարդկության կողմից լիովին մերժված մի շինծու գաղափարախոսություն և դա մատուցել որպես հայերիս գաղափարախոսություն: Դրան գումարած իր դարն ապրած և հայոց ճակատագրում 20-րդ դարում խիստ բացասական դ
եր խաղացած, կայացած ազգերի կողմից մերժված …» և ասում է էլի նման դատարկաբանություններ: Հիմա ասես ա’յ «պատմաբան», մի երկու տող Մանու ես կարդացել (իր մեկնաբանություններից է երևում), մի քանի տող արիականությունից ու «պատմության աղբանոցից» ես խոսու՞մ… Գուցե ի՞նքդ ես այնտեղ հայտնվել, մի լավ նայիր կողքերդ:
Եթե «ազգայնականության գծով մասնագետ»-ը կարծում է Տիգրան Մեծը Հիտլերի ու Մուսոլինիի նախնին է, իսկ Խորենացին՝ նացիզմի նախահայրը, ապա նա հաստատ «պատմաբան» է: Ձեռքի հետ, առանց Նժդեհի անունը տալու, նաև ցեղակրոն ուսմունքին է անդրադարձել հայոց պատմության «մեծագույն մասնագետը»: Ահա այդ «մարգարիտ» տողերը». «…Իմացության ցածրագույն՝ զգայական մակարդակով հեղափոխական ռոմանտիզմի մտամարզանքներում հասարակական կառուցվածք գոյություն չունի. ազգը բաղկացած է տականքից, ինչ-որ ամորֆ զանգվածից (մեծամասնություն) և ազգին փրկող ընտրանի նվիրյալներից»: Եթե այսօր ոմանց աչքին նկատելի չէ այդ տարանջատումը, ապա դա Նժդեհի մեղքը չէ… Այսօր ճիշտ բառ էլ օգտագործվում է՝ հասարակ-ություն, որից դուրս այո’, կա հատուկ-ություն, որը քանակապես քիչ է, բայց… «ազգին փրկող ընտրանի նվիրյալներից» է կազմված:
Եթե ինչ-որ մարդիկ հիշյալ հարցազրույցի ձևակերպումներով են փորձում «իրական ազգայնական հասարակաքաղաքական ուժեր» ձևավորեն, ապա տքնել պետք չէ, արդեն ունենք…

Հայ Արիական Միաբանության առաջնորդ
Արմեն Ավետիսյան

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.