Արտաքին ու ներքին բացահայտումներ.- Թմրամոլ թուրքն ու դավաճան ոստիկանը – Կարեւոր է՝ հնարավորինս ավելի բաց աշխատելը… Երկու վախը մի մահ է…

Թմրամոլ թուրքն ու դավաճան ոստիկանը

Հայաստանի ԱԱԾ-ն դեռ ամբողջական մեկնաբանություն չի տվել Թուրքիայի ԱԱԾ աշխատակցի՝ մեր երկիր գալու մասին, եւ հանկարծ մի նոր անակնկալ է ի հայտ գալիս. ՀՀ ոստիկանության նախկին աշխատակից, ոստիկանության գնդապետ Խաչիկ Մարտիրոսյանը կալանավորված է դավաճանության մեղադրանքով:

Մինչեւ այս հարցին անցնելը, խոսենք թուրքական թեմայի մասին: Ստամբուլի թմրանյութերի դեմ պայքարի վարչությունը օրերս ԱԱԾ հայ գործընկերների հետ կապ հաստատելով՝ թուրք վարորդին հարցաքննելու պայմանավորվածություն էր ձեռք բերել, ով թմրանյութերի տեղափոխմամբ է զբաղվել: Ermenihaber-ը վկայակոչելով թուրքական TRThaber լրատվական կայքին՝ գրել է, որ թուրքական ԱԱԾ-ն իր աշխատակիցներից մեկին կուղարկի Հայաստան՝ անձամբ հարցաքննելու վարորդին:

Մեր Ազգային անվտանգության ծառայության լրատվական կենտրոնի պատասխանատուն չի մեկնաբանել այդ տեղեկությունները՝ ասելով, որ նման լուրերի չեն անդրադառնում: Սա գուցեեւ ճիշտ է՝ հատկապես այս օրերի համար:

Ինչեւէ, հայկական Panorama. am-ն էր տեղեկացրել, որ 2014թ. հունվարի 18-ին ՀՀ ԱԱԾ կողմից ձեռնարկված օպերատիվ-որոնողական աշխատանքների արդյունքում Երեւան քաղաքում ձերբակալվել է Հայաստանի ու Վրաստանի տարածքով տարանցիկ դեպի Թուրքիա 927 կգ թմրամիջոցի տեղափոխման կազմակերպիչներից, 1973թ. ծնված Թուրքիայի քաղաքացի Օսման Ուգուրլուն: Պարզվել է, որ բեռնատար ավտոմեքենայի թափքում, թմրամիջոց տեղափոխելու նպատակով, դեռ ամիսներ առաջ, հենց նրա անմիջական մասնակցությամբ, Թուրքիայի տարածքում, նախապատրաստվել է հատուկ հարմարեցված թաքստոց:

ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Ամեն դեպքում մի ուրախալի բան կա, որ չնայած վտանգավոր լուրերի առատությանը, նաեւ բացահայտումներ են լինում, ինչը անչափ կարեւոր է մեզանում ներքին խուճապ չառաջացնելու համար: Իսկ նման տրամադրություններ կարող են սերմանել ինչպես արտաքին, այնպես էլ ներքին թշնամիները: Կարեւոր է նաեւ, որ մեր անվտանգության համակարգը սկսել է թույլատրելիության սահմաններում ավելի բաց աշխատել, ինչը կիրառվում է նաեւ բանակի համակարգում եւ ոստիկանությունում: Այսպիսով՝ տեղեկությունները հնարավորինս հասանելի են դառնում, եւ չնայած առաջին հայացքից թվում է՝ դրանք շատացել են, բայց իրականում՝ նախկինում դրանց մասին չեն խոսել, մենք էլ չենք իմացել: Այժմ խոսում են ու երբ լուծումներ են լինում նաեւ, ավելի հանգիստ իրավիճակ է պահպանվում: Մարդիկ, այնուամենայնիվ համոզվում են, որ ինչպես երկրի սահմաններում, այնպես էլ սահմաններից ներս կիրառվում են պաշտպանության եւ անվտանգության միջոցառումներ:

Ինչ մնում է պետական դավաճանության մեջ մեղադրվող Երեւանի բնակիչ, ՀՀ ոստիկանության նախկին աշխատակից, ոստիկանության գնդապետ Խաչիկ Մարտիրոսյանին, ապա ՀՀ ԱԱԾ-ից հայտնել են, որ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ պետական դավաճանություն:

Այս դավաճանը ձերբակալվել էր հունվարի 31-ին՝ ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, եւ ըստ հաղորդագրության՝ ձեռք են բերվել անհերքելի ապացույցներ, որոնք վկայում են, որ նշյալ անձը, ֆինանսական օժանդակություն ստանալու ակնկալիքով, 2013թ. օգոստոսին սեփական նախաձեռնությամբ դիմել է Վրաստանում Ադրբեջանի դեսպանություն ու կապ է հաստատել դեսպանության քողի տակ գործող ադրբեջանական հատուկ ծառայությունների աշխատակիցների հետ՝ առաջարկելով իր ծառայությունները:

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի ու լրատվության վարչությունից հայտնել են, որ Խաչիկ Մարտիրոսյանը 21.01.2011թ. ազատվել է ոստիկանությունում ծառայությունից՝ սահմանային տարիքը լրանալու կապակցությամբ: Իսկ Ադրբեջանի ԱԱ նախարարությունը զլմ-ներում հերքել է նախկին հայ ոստիկանի առնչությունը հատուկ ծառայություններին եւ նշել, որ այդ անձնավորությունն իրենց հայտի չէ:

«Ի տարբերություն Ադրբեջանի համապատասխան կառույցների, որոնք «բեմադրություն» կազմակերպելու համար ընդունակ են հոգեկան  հիվանդությամբ տառապող ՀՀ քաղաքացի, սահմանամերձ գոտու բնակիչ, 77-ամյա Մամիկոն Խոջոյանին ներկայացնել որպես «հայկական դիվերսանտ», ՀՀ ԱԱԾ-ն գործունեությունը կառուցում է փաստերի հիման վրա, որոնք Խաչիկ Մարտիրոսյանի դեպքում, կներկայացվեն դատավարության ժամանակ: Խուճապի մատնվելու՝ ադրբեջանական կողմի շարժառիթները մեզ համար պարզ են, առաջարկում ենք սպասել դատավարության գործընթացին»,- ասվել է ՀՀ ԱԱԾ պատասխան հայտարարությունում:

Վահագն Նանյան

Երկու վախը մի մահ է

Ադրբեջանական Virtualaz.org կայքը նշել է, թե Ադրբեջան-Հայաստան ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Գաֆար Չախմագլըն հայտարարել է, որ Հայաստանը ադրբեջանագետների ու թուրքագետների բարձրակարգ բանակ է ստեղծում: Ըստ ադրբեջանցի փորձագետի, հայկական զլմ-ներում գոյություն ունի մի կարեւոր հանգամանք. «Գրեթե բոլոր լրագրողները տիրապետում են ադրբեջաներենին եւ ուշադիր հետեւում են ադրբեջանալեզու մամուլին: Իսկ ադրբեջանական լրագրողները հայերի մասին տեղեկություն են հավաքում ռուսերեն եւ անգլերեն աղբյուրներից: Պատճառն այն է, որ Ադրբեջանում հայերեն իմացողները շատ քիչ են»:

Բաքվում ահազանգում են, թե՝ ինչպես ասում են «Հայաստանում ադրբեջաներենի եւ թուրքերենի իմացության խնդիր չկա: Այդ դաշտում անգամ մրցակցություն է նկատվում: Այնտեղ թուրքագետների շատ ուժեղ բանակ գոյություն ունի: Նրանք լավ օգտագործում են լեզուն՝ Ադրբեջանում եւ Թուրքիայում տեղի ունեցող իրադարձություններին ծանոթանալու համար»: Նշվել է նաեւ, որ Հայաստանի համալսարաններում ու առանձին խմբակներում երիտասարդներին ադրբեջաներեն են սովորեցնում, որում կարեւոր դեր է խաղում ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտը: Լեզվի մասնագետների հետ մեկտեղ պատրաստում են նաեւ ադրբեջանագետների ու թուրքագետների:

Գաֆար Չախմագլըի կարծիքով, «հայերը հեռագնա նպատակներ ունեն եւ նման գործունեություն են ծավալում մասնագետների հիանալի բանակ ստեղծելու նպատակով»:

Երեւի այս լուրերը հասել են նաեւ ադրբեջանական զինուժի ղեկավարությանը, եւ պաշտպանության նախարարն արտակարգ խորհրդակցություն է հրավիրել: Եվ նախարար Զաքիր Հասանովի՝ ԶՈւ 1-ին բանակային կորպուսի շտաբում (Բարդա) հրավիրած խորհրդակցությանը մասնակցել են կորպուսի տարբեր ստորաբաժանումների հրամանատարական կազմի ներկայացուցիչներ: Ըստ «Հաքքին.ազ» լրատվական կայքի, հավաքի ընթացքում քննարկվել են ինչպես հայկական կողմի տարաբնույթ գործողություններին դիմակայելու եւ կանխելու հարցեր, այնպես էլ բանակում մահացության դեպքերի, առաջնագծում տիրող իրավիճակի ու բանակի մարտական պատրաստությանն առնչվող հարցեր:

Արման Դավթյան

«Լուսանցք» թիվ 4 (309), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

This entry was posted in Հոդվածներ. Bookmark the permalink.