Սկիզբը՝ թիվ 39-42-ում (2013թ.) եւ թիվ 1-4-ում
Արմավիրի մարզը հարուստ է պատմական բացառիկ հուշարձաններով:
Եզակի հուշարձան է Մեծամորի բլրի լանջին պեղված հինգհազարամյա հնության (բրոնզեդարյան) մետաղաձուլարանը (Պարիս Հերունին այն ավելի հին էր համարում,-խմբ.): Պատմական մեծ արժեք են ներկայացնում ու(ա)րարտական քաղաք Արգիշթիխինիլիի ավերակները:
Դրանց հարեւանությամբ Արաքս գետի նախկին հունի ձախ ափին գտնվել է հայոց նախկին մայրաքաղաքը՝ Արմավիրը, որը դարեր շարունակ եղել է տնտեսական ու մշակութային խոշոր կենտրոն ու մնացել է այդպիսին մինչեւ նոր մայրաքաղաքի՝ Արտաշատի հիմնադրումը:
Դրանից քիչ արեւմուտք՝ Արաքսի ու Ախուրյանի միախառնման տեղում նշմարվում են այլ նշանավոր քաղաքի՝ Երվանդունիների թագավորության վերջին մայրաքաղաքի՝ Երվանդաշատի փլատակները: Պատմաճարտարապետական մեծագույն արժեք է նաեւ Սարդարապատի հուշահամալիրը:
* * *
Կաթնաղբյուր – Էջմիածնից Օշական տանող ճանապարհին է: Երբ Մեսրոպ Մաշտոցը վախճանվում է Էջմիածնում, Վահան Ամատունին համաձայնություն է ստանում նրան իր հայրենի Օշականում թաղելու: Ճանապարհին նեղվելով շոգից ու ծարավից՝ հուղարկավորողները դագաղը իջեցնում են գետնին՝ մի փոքր հանգստանալու: Հանկարծ հրաշքով պատռվում է այնտեղ ընկած քարը եւ միջից սկսում է մի զուլալ ու կաթնահամ ջուր բխել: Բոլոր հուղարկավորները խմում են այդ ջրից եւ հագեցնում ծարավը: Այդ աղբյուրին Կաթնաղբյուր են ասում:
Խաթուն–Արխ – գտնվում է Էջմիածնի շրջանում: Առաջներում Խաթունարխ գյուղի տեղում անապատ է եղել, ուր ապրել են միայն օձեր ու կարիճներ: Ժամանակին այստեղով անցնում է մի ձիավոր երիտասարդ‘Խաթուն անունով սիրած աղջիկը գավակին: Աղջիկը սաստիկ ծարավում է: Երիտասարդը ջուր է փնտրում, բայց ոչ մի տեղ չի կարողանում գտնել, եւ Խաթունը ծարավից նվազում է սիրածի գրկում: Երիտասարդը որոշում է նրա հիշատակին ջրանցք կառուցել: Ծախսում է ամբողջ կարողությունը, կառուցում է ջրանցքը եւ Խաթունի անունով կոչում Խաթուն-արխ:
Շարունակելի
Կազմեց Գարիկ Ավետիսյանը
Աշխարհի մարզական հեւքից. – Օլիմպիադան չի լռեցրել մեր հակառակորդին կամ՝ որակազուրկ թրքության դեմքը
Ինչպես հայտնի է՝ հնուց ավանդույթ կա ձեւավորված, որ Օլիմպիական խաղերի ժամանակ դադարեցվել են պատերազմներն ու առճակատումները եւ նույնիսկ թշնամի երկրների մարզիկները մրցակցել են միմյանց հետ հանուն օլիմպիական նվաճումների:
Անգամ ոխերիմ գերտերություններ ԽՍՀՄ-ն ու ԱՄՆ-ն են պահպանել այդ ավանդույթը: Սակայն թուրքը մնում է թուրք ամեն դեպքում, եւ այս ընթացքում, երբ Սոչիում ընթանում են Ձմեռային 22-րդ Օլիմպիական խաղերը, ըստ ԼՂՀ ՊԲ օպերատիվ տվյալների, փետրվարի 9-15-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 400 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2.500 կրակոց:
ԼՂՀ ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին եւ շփման գծի ամբողջ երկայնքով վստահորեն իրականացրել մարտական հերթապահություն: Հակաօլիմպիական գործելաոճը ադրբեջանական բաշիբոզուկները դեռ շարունակում են անգամ ՀՀ-ի սահմաններին:
Իսկ չինացիները կատակել են – Բայց լավ փող են աշխատել
Ով կմտածեր, որ 2014թ. ձմեռային օլիմպիական խաղերում տեղ գտած տեխնիկական անսարքությունը կդարձնեն գումար վաստակելու միջոց: Հայտնի է, որ Օլիմպիադայի բացման արարողության ժամանակ օլիմպիական խորհրդանիշ հանդիսացող 5 օղակներից բացվել էր 4-ը, իհարկե՝ տեխնիկական անսարքության պատճառով:
Եվ ահա, Չինաստանում վաճառվում են մարզաշապիկներ, որոնց վրա պատկերված են օլիմպիական 4 օղակները, իսկ 5-րդը բացված չէ, ինչպես եղել է Սոչիի խաղերի բացման արարողության ժամանակ: Չինացի գործարարների նոր մտահղացումը հնարավոր է դուր չգա Միջազգային օլիմպիական կոմիտեի ղեկավարությանը, բայց վաճառող կազմակերպությունն առաջ ընկնելով հայտարարել է, որ իրենք պարզապես կատակել են։
Հայաստանը իր նոր ֆուտբոլային ռեկորդը սահմանեց
ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների վարկանիշային աղյուսակը: Հայաստանի հավաքականը նախորդ հրապարակման համեմատ առաջադիմել է 8 հորիզոնականով եւ զբաղեցնում է 30-րդ հորիզոնականը, ինչը ռեկորդային ցուցանիշ է մեր հավաքականի պատմության ընթացքում:
Ռուսաստանի հավաքականը, որին մարտի 5-ին հյուրընկալվելու է մեր ընտրանին, պահպանել է 22-րդ տեղը:
«Բորուսիա»-ի մարզիչը կարծում է, որ հայ ֆուտբոլիստն ամեն ինչ կարողանում է
Բունդեսլիգայի 20-րդ փուլի հերոսը Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն էր: «Վերդեր»-ի հետ արտագնա խաղում հայ լեգեոներն ավարտեց իր՝ այսպես կոչված գոլային «լռությունը», որը շարունակվեց 1066 րոպե: Այդ խաղում 2 անգամ գրավելով մրցակցի դարպասը՝ նա իր լուման ներդրեց թիմի խոշոր հաշվով հաղթանակի մեջ:
Հայաստանի ազգային հավաքականի հարձակողական ոճի կիսապաշտպանի մասին Գերմանիայում «Սպորտ Էսպրես»-ի թղթակիցը խոսել է «Bild»-ի լրագրող Հայկո Նիդերրերի հետ, ով միշտ գրում է «Բորուսիա»-ի մասին: «Բոլորը գիտեն, որ Մխիթարյանը հրաշալի ֆուտբոլիստ է,- ասել է Նեդերրերը,- մրցաշրջանի մեկնարկային հանդիպումներն այդ ֆուտբոլիստը շատ ուժեղ անցկացրեց, եւ բոլորն ասում էին, որ գերազանց կփոխարինի Մարիո Գետցեին: Բայց ինչ-որ ժամանակ անց գործերն այնքան էլ սահուն չընթացան. մի քիչ կորսվեց ու արդեն այնքան էլ վստահ չէր խաղում»: Բայց ինչպես գերմանական թիմը, այնպես էլ Հենրիխ Մխիթարյանը կարծես հաղթահարում են վերջին ամիսների ոչ մեծ ճգնաժամը:
Մասնագետները կարծում են, որ հայ մարզիկը պետք է խաղա որպես 10 համարի ֆուտբոլիստ, որպեսզի միշտ վարի խաղը եւ նկատելի լինել խաղադաշտում: Հիշեցնենք, որ անցած մրցաշրջանում հայ ֆուտբոլիստը ուկրաինական «Շախտյոր»-ի կազմում 25 գոլ խփեց այդ երկրի առաջնությունում: Գերմանական թիմի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը միշտ շեշտում է, որ «Հենրիխը հիանալի ֆուտբոլիստ է, որ նրա ձեռքբերումը 25 մլն. եվրոյով արդարացված է, քանի որ նա ֆուտբոլում ամեն ինչ է կարողանում անել»: Մարզիչը միշտ գովում է նրան, սակայն ճշգրտում է. ժամանակ է պետք, որպեսզի հարմարվի նոր թիմին ու նոր լիգային:
Արսեն Պետրոսյան
«Լուսանց» թիվ 5 (310), 2014թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org–ի «Մամուլ» բաժնում



