Մի առիթով ասել էինք, թե քաղաքացիներից պարբերաբար բողոքներ ենք ստանում, որ որոշ բանկեր մերժում են քաղաքացիներին վարկեր տրամադրել եւ մերժում են առանց հիմնավոր պատճառների:
Եվ ասել էինք նաեւ, որ յուրօրինակ ուսումնասիրություն կանցկացնենք: Բայց հենց եկավ բողոքներն արձանագրելու պահը, քաղաքացիները՝ վկաները, «Ոսկե հորթը» ֆիլմի հայտնի դրվագի օրինակով ցրվեցին: Չնայած չարդարացրինք նրանց վարքագիծը, բայց որոշեցինք օգնել քաղաքացիներին: Մեր գործն է դա: Եթե կա խնդիր, ուրեմն կա պատճառ, եւ խնդիրը լուծելու համար նախ պիտի պատճառը գտնել:
Ինչեւէ, որոշեցի քաղաքացիների պատմածները փորձարկել սեփական մաշկիս:
Ի սկզբանե ասեմ, բողոքները գլխավորապես «Յունիբանկ»-ի մասով էին ստացվում:
Բանն այն է, որ «Յունիբանկ»-ը գովազդների միջոցով քաղաքացիներին առաջարկում է տեղում, կանխիկ վարկ տալ մինչեւ 500 հազար դրամ, եթե նրանք ներկայանան պարզապես անձնագրով եւ սոցքարտով: Հասկանալի է, որ արագ եւ կանխիկ փողը շատերին է գրավում: Բայց խնդիրն այն է, որ «Յունիբանկ»-ում այս տեսակի վարկը տալիս են՝ ապավինելով հատուկ ծրագրին: Այսպես՝ բանկի աշխատակիցը հարցաթերթիկում լրացումներ է անում, որից հետո ծրագիրը պատասխանում է՝ տվյալ քաղաքացուն վարկ տրամադրվում է, թե ոչ: Թվում է՝ ամեն ինչ նորմալ է, բայց… ուզում էի հասկանալ՝ ինչու են քաղաքացիներն ասում, թե մերժում են վարկ տալ առանց հիմնավորման ու հիմնավոր պատճառների:
Եվ այսպես՝ մտնում եմ «Յունիբանկ»-ի Ավանի մասնաճյուղ՝ անձնագրով եւ սոցքարտով: Ասում եմ, որ գովազդով ծանոթացել եմ եւ եկել կանխիկ փոքրիկ վարկ ստանալու: Աշխատակիցն ասում է՝ խնդիր չկա, տվեք անձնագիրն ու սոցքարտը: Տալիս եմ:
Աշխատակիցը բացում է ծրագիրը եւ սկսում է լրացնել հարցաթերթիկը՝ անունը, ազգանունը, հայրանունը, հաշվառման վայրը, փաստացի բնակության վայրը, աշխատավայրը, միջին ամսական եկամուտը: Այս տվյալներն արդեն ամենուրեք են ուզում եւ սովորական է:
Հետո հարցնում են մորս անունը, հետո՝ ամուսնացած եմ, թե ոչ: Հարցնում եմ՝ վարկ տալիս ամսական եկամու՞տն եք նայում, թե՞ ընտանեկան կարգավիճակը: Աշխատակիցը պատասխանում է՝ դե, հարցաթերթիկում հարց կա:
Հետեւում է հաջորդ հարցը՝ ո՞վ է ամուսինս, անուն-ազգանունը, որտե՞ղ է աշխատում: Զարմանում եմ՝ բայց սրանք արդեն անձնական տվյալներ են: Աշխատակիցը կրկին թե՝ դե, հարցաթերթիկում հարց կա:
Անձնական այլ հարցերի շղթա էլ կա՝ երեխա ունեմ, թե ոչ, երեխայի սեռը, աչքերի գույնը (չէ, վերջինը կատակում եմ, աչքերի գույնը չեն հարցրել): Տվյալները լրացնում են, եւ… ծրագիրն ինձ մերժում է տալ 150 հազար դրամ վարկ:
Մինչ այդ, գիտեք, բոլոր բանկերում կա, փաստաթուղթ ես ստորագրում, որ թույլ ես տալիս, որպեսզի քո տվյալները մշակեն՝ հետագայում բանկի կողմից իրենց ծառայությունների հատվածից քեզ հարմար ծառայություններին ու սակագներին տեղեկացված լինելու նպատակով: Եվ մինչ աշխատակիցը կլրացներ իմ տվյալները ծրագրային հարցաթերթիկում, ինձ արդեն տվել էր ասածս փաստաթուղթը ստորագրելու: Ու թեեւ հարցաթերթիկը լրացվելու պահին արդեն անհարմարության զգացում ունեի, քանզի լրացվում էին ոչ թե գործնական, այլ՝ անձնական տվյալներ, ստիպված էի մինչեւ վերջ գնալ՝ հասկանալու իրողությունը բուն:
Վարկառու դառնալու ցանկությանս մերժումից հետո ասում եմ՝ դե հետ տվեք իմ ստորագրած փաստաթուղթը եւ ջնջեք լրացրած հարցաթերթիկը, որպեսզի տվյալներս չմնան ձեր բանկում:
Աշխատակիցն ասում է՝ մենք կպատռենք այդ փաստաթուղթը, մեզ էլ պետք չէ ( ՞ ):
Ի դեպ, երբ ծրագիրը ինձ մերժեց, բանկի աշխատակիցը անկեղծ զարմացավ՝ «վա՛յ, մերժվեցիք» ասաց: Անկեղծ ասած, ես էլ զարմացա: Հարցնում եմ՝ սա ի՞նչ ծրագիր է, որ ամսական միջինը «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթից 130 հազար դրամ, իսկ «Լուսանցք» շաբաթաթերթից՝ 45 հազար դրամ եկամուտ ունեցողին մերժում է վարկ տալ 150 հազար դրամ:
Բանկի աշխատակիցն ասաց, որ ցավում է եւ ոչինչ անել չի կարող:
Ես շարունակում եմ՝ գուցե սխալմու՞նք կա. ես հիփոթեքային վարկավորմամբ բնակարան եմ գնել տարիներ առաջ եւ 1 օր անգամ ուշացում չի արձանագրվել, 3 անգամ էլ վարկային երաշխավոր եմ կանգնել եւ ոչ մի խնդիր չի ծագել: Ասել է թե՝ վարկային անթերի կենսագրություն ունեմ: «Յունիբանկ»-ի աշխատակիցն ասում է, թե իրենց տվյալների բանկում իմ երեքանգամյա երաշխավորությունը երեւում է, բայց բնակարանը՝ ոչ:
Պարզվում է՝ նրանց տվյալների բանկի թարմությունը 5 տարվա է, եւ դրանից առաջվա գործարքների մասին, հարկ եղած դեպքում, պետք է համապատասխան ճշտում անեն «ԱրՔա» համակարգից:
Ասում եմ՝ ենթադրենք վարկային պատմություն չունեմ, դե կներեք, որ մինչեւ հիմա գումարի կարիք չեմ ունեցել, հիմա՛, ա՛յս պահին ունեմ, համ էլ վարկային կենսագրություն կստեղծեմ:
Աշխատակիցն արդեն անհարմար դրության մեջ էր հայտնվում եւ անընդհատ կրկնում էր՝ «Ցավում եմ»: Հետո ես եմ նրան «մխիթարում» ցավալ պետք չէ, ողբերգություն չի եղել, պարզապես ուզում եմ հասկանալ, թե ինչու՞ ծրագիրը ինձ մերժեց տալ վարկ, մերժման ի՞նչ հիմնավորում կա: Բանկի աշխատակիցն ասաց, թե հիմնավորում չկա, ծրագիրը մերժում է կամ հաստատում է եւ՝ վերջ:
Ամբողջ հարցն այն էր, որ ես ուզում էի հասկանալ, թե ինչու է ծրագիրը մերժում քաղաքացուն վարկ տալ, տվյալ դեպքում ինձ՝ մի քաղաքացու, ով դրական վարկային կենսագրություն ունի՝ առանց, կրկնում եմ, ժամ անգամ ուշացումների եւ տույժ-տուգանքների:
Ի դեպ, հիշյալ՝ ստորագրած փաստաթուղթն էլ չվերադարձրին՝ վերացնելով կամ չվերացնելով անձնական տվյալներս:
Անկեղծ ասած՝ «Յունիբանկ»-ից դուրս գալուց հետո մտածեցի՝ գուցե խնդի՞ր ունեմ, որից տեղյակ չեմ: Այլ բանկեր մտա՝ ոչ մի խնդիր, ոչ մի անձնական տվյալներ ի դեպ, նայում էին տեղեկատվական բանկը եւ ասում, թե ինչքան գումար կուզեմ (գումարի չափն ու ժամկետը քննարկվում էր իհարկե): Երբ ասում էին, որ չեն մերժի, նոր միայն շնորհակալություն էի հայտնում՝ ներողություն խնդրելով եւ տեղեկացնելով, որ հարցում էի անում՝ հոդված պատրաստելու համար:
Բանկերից մեկից էլ, ի միջի այլոց, ինձ ձեռնտու տոկոսադրույքով եւ ժամկետով վարկ վերցրի:
Հասկացա, որ խնդիրներ չունեմ: Ու այս ամբողջ պատմությունում խնդիր մնաց «Յունիբանկ»-ի ծրագիրը:
Գուցե սա այն է, ինչ կոչվում է մարդկային գործոնի վերացման բացասական հետեւանք (էլեկտրոնային կյանքը այնքան էլ պայծառ ապագա չի խոստանում կարծես):
Որովհետեւ ակնհայտ էր, որ «Յունիբանկ»-ի աշխատակիցը իմ տվյալները ստուգելուց հետո ինձ ոչ թե 150 հազար, այլ՝ եռապատիկ ավելի չափով էլ վարկ էլ կտար, բայց մարդկային գործոնից զերծ ծրագիրը դա թույլ չէր տալիս:
Եթե, ինչպես վստահեցնում են, ծրագրի հետեւում ուղղակիորեն մարդ չկա ու որոշում չի կայացնում, հարց է ծագում՝ հապա ինչու՞մն է բանը, այդ ծրագիրը մարդն է չէ՞ ստեղծել, որտե՞ղ է սխալը, ծրագրային ի՞նչ թյուրիմացություն կա, ի՞նչ սխալմունք:
Սա եմ հասկանալ ուզում, դրա համար էլ հարցս ուղղում եմ մեր երկրի բանկային ոլորտը կարգավորող լիազոր մարմնի ղեկավարին՝ կառույցից մասնագիտական, բայց հասկանալի պարզաբանում ստանալու ակնկալիքով:
Կանխավ շնորհակալություն:
Արմենուհի Մելքոնյան
«Լուսանց» թիվ 5 (310), 2014թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org–ի «Մամուլ» բաժնում



