Այն ինչ հաջողվեց հերթական անգամ իրականացնել Ուկրաինայում, պետք է դասել միջազգային հեղափոխական ներխուժումների արդեն հայտնի ցանկում: Այստեղ տարբեր անուններով են արձանագրված այդ ներխուժումները, որոնք նաեւ «ազգային պատկանելություն» կամ «գաղափարախոսական գունագեղություն» ունեն, «ժողովրդավարական հեղափոխություն», «վարդերի հեղափոխություն», «նարնջագույն հեղափոխություն», «գարնանային հեղափոխություն», «արաբական հեղափոխություն»… կարելի է շարունակել, սակայն, սրանք բոլորն էլ առավելապես միջամտություններ են անկախ երկրների ներքին գործերին, եւ դասվում են ոչ թե հեղափոխությունների, այլ հեղաշրջումների շարքում:
Հայաստանում քանիցս հեղափոխական գունափոխման փորձեր եղան, բայց ձախողվեցին: Այսօր արդեն ոչ միայն քաղաքական ոլորտում է դա հրահրվում, այլեւ հանրային, որտեղ որոշակիորեն դրսեւորվել են «ակտիվիստներ», ովքեր այս անմեղ ձեւակերպմամբ պայքար են ծավալում ցանկացած հարցում: Այդ «ակտիվիստ»-ները օրվա ընթացքում մի տեղ մասնակցելով ժողովրդավարական հեղափոխության, դրանից անմիջապես հետո նկատվում են մեկ այլ՝ իրենց ցեղակրոն համարողների հեղափոխական երթում, մի քանի ժամանցէլ՝ նորից եվրաարժեքների հետեւորդների բողոքի ցույցի կենտրոնում են հայտնվում: Վտանգն այստեղ բառացի ակտիվ լինելու մեջ չէ, աշխուժությունն ու պայքարի ջիղը լավ հատկանիշներ են, այլ այնտեղ է, երբ իրապես անհրաժեշտ ու զուգահեռ արհեստական սարքված ցույցերին ապակայունացնող ակտիվացում է փոխանցվում… Հենց սա նպաստեց նշյալ հեղափոխությունների համապատկերին նաեւ գենդերա-սեռային ու սեռական հեղափոխական ալիքների փորձերին: Եվ «գունավոր հեղափոխություն» ասվածը նաեւ «գունավոր սեռափոխության» տարրեր ձեռք բերեց:
Ամեն դեպքում մեր պետության գրեթե միատարրությունը մեզ փրկում է նման սադրանքներից: Անգամ տխրահռչակ 2008-ի մարտիմեկյան իրադարձությունները չես համեմատի ուկրաինական այս սպանդի հետ… Ուկրաինան կես ռուս (նաեւ ռուսախոսները) – կես ուկրաինական (նաեւ խառնարյունները) երկիր է, որում արեւմտաուկրաինական բենդերականներն ավելի շատ անդեմ ֆաշիստներ են, քան արմատական սլավոններ, ռուսներն ու թաթարներն էլ Ղրիմի հարցում իրենց ակնկալիքներն ունեն, իսկ ռուս-ռուսախոսները պատրաստ են արեւելաուկրաինական նոր «Կիեւյան Ռուսիա» ստեղծել… եւ այլն: Այս երկիրը հաստատ մասնատման կգնա, եթե ռուսական զորքերը որոշեն մտնել:
Մեր վիճակը այդպիսին չէ, մեզանում էլ կան իհարկե օտարամոլներ-խամաճիկներ, կեղեքիչներ ու այլասերվածներ, բայց մեր երկիրը կիսելը նրանց «հագով» չի հաստատ… Անգամ օտարամոլ հայը կարող է դավաճան չլինել:
Շատ փորձագետներ նշել են, թե չի բացառվում, որ Արեւմուտքն ու Ռուսաստանը քարտեզի վրա սկսեն ընդգծել Ուկրաինայի նոր սահմանները: Այսօր տարածքով Եվրոպայի ամենամեծ երկիրը (Ռուսաստանը եվրասիական տարածք է) կռվախնձոր է լինելու միշտ եւ գուցե վերջնականապես մասնատեն՝ հանգստանան:
Իհարկե, պառակտումը պատերազմ է նշանակում, բայց եթե գերուժերը համաձայնության գան, ապա այդ պատերազմը կստանա տեղային բնույթ, եւ առավելապես կդառնա քաղաքացիական պատերազմ… Ուկրաինայում բացի քաղաքական բախումից կա նաեւ տնտեսական շահերի բախում, որը ինչպես արտաքին, այնպես էլ ներքին շահեր է հակադրում:
Ի դեպ, Ղրիմում արդեն դիտարկում են Կիեւից անկախանալու տարբերակը, անգամ քննարկվում է Ռուսաստանին միանալու հնարավորությունը: Ղրիմը ռուս-թաթարական դարեդար արյունալի բախումներից հետո դարձել էր Ռուսաստանի տարածք, սակայն սովետական իշխանության օրոք, ազգությամբ ուկրաինացի առաջին քարտուղար Նիկիտա Խրուշչովը այն նվիրեց Ուկրաինային՝ սովետականացման ինչ-որ ամյակի առթիվ՝ նշելով, որ մեծ եղբայրական երկրում կարեւոր չէ, թե տարածքը որ եղբոր ընտանիքում է գտնվում… Այս սին եղբայրությունն էր, որ ժամանակին Հայաստանից խլեց Արցախն ու Նախիջեւանը՝ նվիրելով Ադրբեջանին, Ջավախքն էլ՝ Վրաստանին…
Խոսակցությունները, թե Ղրիմն իր մեծաթիվ ռուս բնակչությամբ ու ռուսամետ տրամադրություններով կարող է դառնալ կրեմլյան հավակնությունների իրական թիրախ, արդեն տարածված են: Ամբղջ ուշադրությունը ներկայում սեւեռված է Սեւաստոպոլին՝ ռուսական Սեւծովյան նավատորմի պատմական տանը (այսօր էլ Մոսկվան վերահսկում է այս տարածքը եւ չի պատրաստվում զիջել որեւէ մեկին), որտեղ, հնարավոր է, թաքնվում է Ուկրաինայի փախստական նախագահ Վիկտոր Յանուկովիչը: Սեւաստոպոլի քաղաքապետարանի վրա անգամ բարձրացվել էր ռուսական դրոշը, այստեղ մերժում են նոր ընդդիմադիր կառավարության ճանաչումը: Չի բացառվում, որ այս խառն իրավիճակում կարող է տեղի ունենալ Կրեմլի կողմից հավանության արժանացած հանրաքվեն եւ… Սեւաստոպոլը որոշիչ գործոն է այն հարցում, որից զրկվելուց հետո, ինչպես ասում են՝ «Ուկրաինան կմնա ունիտար ինքնիշխան պետություն»:
Այս ամենի հետ մեկտեղ՝ ուկրաինացի ծայրահեղ աջակողմյան ազգայնամոլները մեղադրում են Մոսկվային՝ Ղրիմը գրավելու մտադրության համար: Կարծում են, որ Կրեմլը կարող է գործի դնել նույն մարտավարությունը, որը կիրառել է Հարավային Օսիայում եւ Աբխազիայում՝ անջատելով Վրաստանից:
Անկախական տրամադրություններ կան նաեւ Արեւմտյան Ուկրաինայում: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մտադրություններն Ուկրաինայի վերաբերյալ անորոշ են, սակայն հստակ է, որ նա ձգտելու է տապալել ցանկացած նոր ուկրաինական կառավարություն, որը կհեռանա Ռուսաստանի ուղեծրից:
Ինչպես վերը նշվեց, ոմանք (դրսում եւ ներսում) փորձում են ուկրաինական ողբերգությունը «բերել» Հայաստան: Ինչպես դա եղավ 2008թ. մարտի 1-ին, երբ Երեւանի կենտրոնում հեղաջրջման հավաքված հայ մարդկանց բազմության մեջ սկսեցին ծածանվել Եվրամիության, Իսրայելի, Ուկրաինայի ուՎրաստանի դրոշները: Եթե Եվրամիության դրոշի առկայությունը փորձենք կռահել, ապա կհասկանանք նաեւ, թե ինչու էին ծածանվում ուկրաինական «նարնջագույն» եւ վրացական «վարդերի» հեղափոխությունների դրոշները… Այսինքն՝ Հայաստանին ներքաշում էին «գունավորհեղափոխության» մեջ: Բայց ոչ մի կերպ չի հասկացվում Իսրայելի դրոշ(ներ)ի առկայությունը: Եթե փորձենք հասկանալ՝ իհարկե կհասկանանք…
Եվ ահա, մարտի 1-ի դեպքերի ուսումնասիրման ժամանակավոր հանձնաժողովի հարցը քննարկվեց վերստին: ԱԺ պատգամավորների 1/3-րդը ստորագրությամբ դիմել են ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին՝ 2008թ. մարտի 1-ի իրադարձությունների ուսումնասիրման ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցի արտահերթ քննարկում կազմակերպելու համար: ՀԱԿ-ի ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանը շտապեց հայտարարել, որ՝ «եթե այս անգամ էլ մերժեն, ապա ցույց կտանք, որ այս սպանությունների պարտակման պատասխանատուն իրենք են»: Եվ սա ոչ միայն անուղղակի «մեղադրանք» է, այլ ուղղակի «մեսիջ»՝ դրսերին, որ այս մարտի 1-ին էլ կարող են մի 10-15 երկրի դրոշներ հանել Երեւանի կենտրոնում:
«Լուսանցք»-ը միշտ է նշել, որ բոլոր մեղավորները պետք է պատժվեն: Եվ կապ չունի՝ նրանք իշխանության թիմից են, թե՝ ընդդիմադիրների, որ գնացին սադրանքների: Բոլորը պետք է պատժվեն: Բայց եւս մեկ անգամ մարտիմեկյան ողբերգությունը դարձնել օտարների դրոշակ… Մեղմ ասած անթույլատրելի ու… եղկելի է:
Մեր քաղաքական դաշտը պիտի նոր դասեր քաղի ուկրաինական իրադարձություններից ու չմոռանա 2008-ի մարտի 1-ը: Ուկրաինան Արեւելյան գործընկերության մեր գործընկերն է, Հայաստանի պես հայտնվել է Եվրոպական միության ու Մաքսային միության արանքում ու դասեր քաղելու շատ տեղեր կան… եւ մենք իրավունք չունենք դա չտեսնելու եւ չկանխելու:
Այժմ ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի վրա մեծ բեռ է դրվում, քանի որ պետք է արագորեն օգնեն Ուկրաինային, փոխհատուցեն եվրաինտեգրացիայի գործընթացի մեջ վերադառնալու համար: Իսկ Ռուսաստանը սառեցրել է իր մի քանի միլիարդանոց հատկացումները, եւ նույնպես քաղաքական պայքարի մեջ է: Ուկրաինային կարող է 35 մլրդ. դոլարի օգնություն անհրաժեշտ լինել. հայտնել են ընդդիմադիրները, քանի որ քաղաքական ճգնաժամից հետո երկրի նոր ղեկավարությունը պետք է հաղթահարի նաեւ տնտեսականը։ Իսկ պետական գանձարանը թալանված է, երկիրը հասցված է սնանկության։
Այս սցենարը ո՛չ մի առումով չի՛ կարող ձեռնտու լինել մեզ, հատկապես, որ Թուրքիան ու Ադրբեջանը, անգամ «եղբայրական» Վրաստանը դրան են սպասում… Եթե Ուկրաինան «կբավարարվի» մասնատմամբ, ապա մեր դեպքում արհավիրքը կարող է ճակատագրական լինել: Իսկ մենք դեռ մեր հայրենիքին վերատիրելու խնդիր ունենք, միավորվելու՛, ո՛չ թե մասնատվելու…
Հայկ Թորգոմյան
Հ.Գ. – Անկեղծանալով՝ ներկայացնեմ նաեւ սեփական կարծիքս, ինչի համար եւ շնորհակալ եմ «Լուսանցք»-ի գլխավոր խմբագրին՝ թույլտվության համար: Եթե Ուկրաինայի մասնատումն իրական լինի, ապա դա կհամարեմ այն նվազագույն պատիժը, որ «փոխհատուցում» է ստանում պաշտոնական Կիեւը՝ Հայաստանի ու Արցախի դեմ պատերազմում ադրբեջանական կողմին, ինչպեսեւ՝ ներկայիս սադրանքներին օժանդակելու համար: Ուկրաինան այն երկրներից է, որ ՄԱԿ-ում ու եվրակառույցներում մշտապես աջակցել է Բաքվի, նույնիսկ Անկարայի հակահայ գործողություններին, եւ եթե պիտի մասնատվի ու թուլանա Ադրբեջանի հավատարիմ այս գործընկերը, ապա միայն կողմ եմ:
Եվ մեր թշնամիների ու հակառակորդների հետ պիտի տկարանան նաեւ նրանց բոլո՛ր աջակցողները:
Ընդգծեմ, իմ խոսքը վերաբերում է մեր հանդեպ տվյալ երկրի քաղաքականությա՛նը եւ ո՛չ ժողովրդին, իսկ մարդկանց մահը ցավալի է, մարդկանց, ովքեր համոզված են, որ իրենց մղումներով են գործում, մինչդեռ գործածվում են այս ու այն շահերի (հաճախ էլ՝ հակաուկրաինական, մեր դեպքում՝ հակահայկական) բախման հետեւանքով…
«Լուսանցք» թիվ 6 (311), 2014թ.
Կարդացեք «Լուսանցք»-իPDFտարբերակներըwww.hayary.org–ի «Մամուլ» բաժնում



