…Հեղաշրջմամբ իշխանության եկածները Կիեւում հայտարարում են, թե Կրեմլը պետք է հասկանա, որ Ուկրաինան իրավունք ունի ընտրել Եվրոպան: Ուկրաինան երազանք ունի կառուցելու եվրոպական ժողովրդավարական երկիր, սակայն իրականում Ուկրաինան կամաց-կամաց սահում է դեպի ազգայնամոլական ուժերի գիրկը: Եվ այս ամենը նկատելով, Արեւմուտքը շարունակում է պաշտպանել հեղաշրջողներին: Այստեղ մի եզակի պատճառ կարող է լինել՝ ի՜նչ Ուկրաինա էլ լինի, միա՜յն հակառուսական լինի: Մասնատված, թե բենդերական՝ միեւնույնն է, խնդիր է դրվել ոչնչնացնել Ռուսաստան-Ուկրաինա-Բելառուս սլավոնական դաշինքը, որը կարող է հետագայում վերստին ծավալվել, եթե Արեւելյան Եվրոպայում Չեխիան, Բուլղարիան, Սերբիան, թե մեկ այլ սլավոնական երկիր որոշի միանալ այս դաշինքին:
Հիշեցնենք, որ հայ արիների առաջնորդ Արմեն Ավետիսյանը համաարիական դաշինքի մասին խոսելիս, առանձնացրել էր նաեւ սլավոնա-արիական դաշինքը, որը նախաձեռնել է ռուս-արիական համայնքը, որն այսօր էլ գործում է, բայց ոչ պետական մակարդակով: Ըստ նրա, այժմ այդ դաշինքում կան ռուս, ուկրաինացի, բելառուս, սերբ, չեխ, սլովակ, բուլղար ազգերի ներկայացուցիչներ, որոնց կարող են միանալ լեհ, սլովեն եւ նախկին Հայարվսլավիայի հանրապետությունների ազգերի ներկայացուցիչներ:
Պարզ է, որ սա հզոր ճակատ կարող է լինել, ինչը երբեք բացառել չի կարելի: Ոչ ոք չէր պատկերացնում ԽՍՀՄ-ի, ապա Հարավսլավիայի այդքան արագ մասնատումը, հետո՝ Սերբիայի, նաեւ Չեխիայի ու Սլովակիայի բաժանումը, այսօր նման մի խնդրի առաջ կանգնած է Ուկրաինան, բայց տարիներ հետո կարող է մեկ այլ իրավիճակ ստեղծվել: Եվ հենց դա էլ ցանկանում են կանխել ԱՄՆ-ն ու Եվրոպան, որ միացյալ ուժերով կարողացան կազմակերպել վերոնշյալ մասնատումներն ու բաժանումները:
Միայն Բելառուսն է թերեւս մնացել Ռուսաստանի ուղեծրում: Բայց դա էլ արբանյակային կապ չէ, քանի որ այդպես էլ չկայացավ Ռուսաստան-Բելառուս միությունը:
Իսկ ՀԱՄ առաջնորդը «Լուսանցք»-ի հետ զրույցում տեսակետ հայտնեց, թե Արեւմուտքի՝ համաշխարհային միաբեւեռության ձգտումները, ժողովրդավարության անվան տակ թաքնված բռնակալ ուժի առավել բացահայտ հանդես գալը՝ դեռ նորանոր խլրտումներ են առաջացնելու, դեռ անկախական շարժումներ են ծավալվելու Արեւմտյան Եվրոպայում, ինչպես իռլանդական, բասկական, բավարական կամ շոտլանդական դիմադրությունները, եւ այդժամ չպետք է բացառել մասնատվող Արեւմտյան Եվրոպայից դուրս Արեւելյան Եվրոպայի՝ մի նոր գաղափարի շուրջ միավորումը, որը կարող է հենց սլավոնական (ինչը այսօր փորձում են կիրառել ռուս-արիական միավորումները) արմատական համերաշխությունը լինել:
Այս համապատկերին ավելի սրված են երեւում Եվրոպա-Ռուսաստան հարաբերությունները:
«Լուսանցք» շաբաթաթերթ



