…PanARMENIAN.Net-ը Գառնու տաճարի հարեւանությամբ սրճարան կառուցելու մասին ամփոփիչ հրապարակումում հիշեցրել է մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի խոսքերը. «Այսօր մեր պատմամշակութային եւ բնական ժառանգությունը պետք է աշխատի ի շահ զբոսաշրջության զարգացման, ուրիշ ճանապարհ չունենք, Հայաստանն իր զարգացման գործընթացներում մեծապես պիտի հույսը դնի զբոսաշրջության զարգացման վրա… պատմամշակութային հուշարձանին վնաս չի հասցվի»…:  Որպես Հայ Արիական Միաբանության ղեկավար՝ վերջին ասվածը հերթական կեղծիք եմ համարում՝ վնաս հասցվելու է հաստատ, եւ ոչ միայն պատմական, այլեւ հոգեւոր տեսանկյունից: Իսկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված իմ բաց նամակում նշել եմ. «Նախարարի՝ «Հայաստանն իր զարգացման գործընթացներում մեծապես պիտի հույսը դնի զբոսաշրջության զարգացման վրա…» միտքը բացարձակապես ոչ մշակութային խնդիր է շոշափում, թերեւս քաղաքական ու տնտեսական ոլորտներին է առնչվում, ինչն այս դեպքում, որպես միտք, մեղմ ասած, թույլ տեսակետ է՝ կառավարության անդամի մակարդակին ոչ հարիր:

Եթե մեր պետությունը զարգանալու համար «մեծապես հույսը պետք է դնի զբոսաշրջության զարգացման վրա», ապա մենք շարունակում ենք կառուցել սպասարկող երկիր, որն ապագա չունի բացարձակապես, եւ եթե մշակույթի նախարարի պես են մտածում նաեւ մյուս նախարարները, ասենք՝ սպորտի նախարար Յուրի Վարդանյանն էլ կարծում է, թե Հայաստանի ապագան կախված է միայն մարզաշխարհի զարգացումից եւ այսպես շարունակ, շատ վտանգավոր է… Իհարկե բոլոր նախարարություններն էլ կարեւոր են, բայց բոլորի գործառույթների բացարձակ իրականացմամբ է, որ պետությունը շնչում եւ առաջընթաց է ունենում, այդպիսով՝ այդ պետությունը ապահովում է իր բնակչության կարիքները (ինչը մեր կառավարության դեպքում շա՛տ հեռու է բացարձակ իրականացնելու առումով)»: Սա կառավարության անդամի պետական մտածողություն չի կարող լինել, սա սեփական շահերը հետապնդելու մարմաջ է. «Երբ ամեն մեկը պետության անունից իր անձի համար է սկսում խոսել, այդ պետության վարկանիշը ոչ միայն սեփական ժողովրդի, այլեւ այլոց աչքին է մանրանում ու անլուրջ դառնում: Անգամ տարրական կրթություն չունեցեղ մարդն է հասկանում, որ պետության եւ բնակչության զարգացման հույսը մեծապես պետք է դնել արդյունաբերության եւ տարաբնույթ արտադրությունների զարգացման վրա (այստեղ է, որ աշխատանքն ու աշխատատեղերը ավելանալու միտում ունեն միշտ)»: Բայց չէ՛, մեր երկիրը դարձնում են, ինչպես «Լուսանցք»-ում եմ նշել, առավելապես օտարին սպասարկող կազմակերպություն՝ «Հայաստան» ՍՊԸ, իսկ վարչապետը նախարարների ու այլոց հետ՝ այդ սահմանափակ (այս դեպքում՝ խիստ սահմանափակ) պատասխանատվությամբ ընկերության՝ գործադիր մարմինը: Իրական տերերը՝ ՍՊԸ բաժնետերերը, դրսից են: Ու քանի որ ներդրումները օտարներն են կատարում ու իրենց ձեռնտու է միայն սպասարկող «Հայաստան»-ը (ինչը եւ իրականացնում են հայաստանյան աշխատակիցների միջոցով), ապա մեր՝ այսպես կոչված նախարարների հայտարարությունները սպասարկում են պատվիրատուի նպատակները… Դա է պատճառը, որ միջազգային հիմնական ներդրումները (որ համաշխարհային բեւեից էլ լինեն) սպասարկմանն ուղղված արտադրություններ, հանգստյան վայրեր, խաղատներ ու վայելքների տեղեր կառուցելուն են միտված:

«Լուսանցք» շաբաթաթերթ

This entry was posted in Հ.Ա.Մ.. Bookmark the permalink.