…Գառնու արիադավան-հեթանոսական տաճարի տարածքում սրճարան կառուցելու անհեռատես հակամշակութային քայլը ակամա դարձավ մի հարցախույզ, որը կազմակերպելու համար հաստատ հատուկ որոշում պիտի լիներ: Սա ասում ենք՝ հայոց հին պատմության եւ ազգային հավատի մասին հայության կարծիքն ու այն պաշտպանելու կամքը իմանալու առումով: Եվ այս ինքնաբուխ հարցախույզը, որն ընդդեմ մշակույթի նախարարության հայտնի որոշման պայքարի հետ զուգահեռ ընթացավ, ապացուցեց, որ հայոց հնագույն պատմությունն ու մշակույթը, նաեւ հավատը հարազատ են այսօրվա հային… եւ շատ հետաքրքիր նրբերանգներ բացահայտեց:
– Ըստ հայ արիների, Գառնո արիադավան-հեթանոսական տաճարը հայ արորդիների համար ոչ միայն պատմական թանգարան է, այլեւ գործող սրբավայր: Այստեղ հայ արիները նաեւ տոնական ու հոգեւոր-ծիսական արարողություններ են անցկացնում՝ փառաբանելով Հայ Աստվածներին, նշելով հայկական հազարամյա տոները: Եթե մշակույթի նախարարը մտածում է երկիրը զբոսաշրջությամբ փրկել, ապա ինչու՞ սրճարանաշինությունը կամ ռեստորանաշինությունը եկեղեցիների բակերից չի սկսում: Ավելի շահութաբեր կլինի: Թող սրճարանի կառուցումը Էջմիածնի գլխավոր եկեղեցու բակից սկսեն ու… այդպես հերթով գալով՝ հասնեն Գառնո տաճար:
– «Լուսանցք»-ի հարցին, թե կանե՞ն նման գրավոր առաջարկ, ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանը պատասխանեց. «Երբե՛ք: Հավատացե՛ք, դա ասում եմ միայն համեմատության մեջ տեսնելու համար, որ խնդրից մի քիչ հեռու կանգնած քրիստոնյա մեր հատվածը ճիշտ հասկանա Գառնո տաճարի շուրջ ծավալված պայքարը: Գիտեք, հավատով սպասում էի, որ հայ քրիստոնյաների պատասխանատուն՝ կաթողիկոսը կասի իր խոսքը, գոնե որեւէ եկեղեցական, բայց լռություն է: Ցավալի է, Գառնին հայոց հինավուրց եզակի արժեք է եւ միավորեց համայնքի ու մարզի բնակիչներին եւ ղեկավարներին, հայ արիականներին, հեթանոս հատվածի հայորդիներին, գիտնականներին, հատկապես՝ պատմաբաններին ու հնեաբաններին, զբոսաշրջության պատասխանատուներին, բնապահպաններին, խոսեցին պետական, քաղաքական ու հանրային գործիչներ, պատգամավորներ, պարզ հայ մարդիկ, որ հանդես եկան քաղաքացիական նախաձեռնությամբ, բայց Հայաստանյայց առաքելական եկեղեցին լռեց… Ես այդպես չէի վարվի, եթե սրճարանը կառուցեին որեւէ եկեղեցու բակում: Հաստատ: Մենք ոչ պակաս պայքար ենք ծավալել օտարահպատակ աղանդների դեմ, քան եկեղեցին, քանի որ այսօր եկեղեցու պառակտումը եւս օտար ուժերն են կազմակերպում եւ պետական կառույցների պաշտպանության հարցում մենք նախանձախնդիր ենք: Ներքին պայքարում էլի անհաշտ ենք հուդա-քրիստոնեական ներխուժման ու բարբարոսությունների հետ. ՀԱՄ-ը դեռ 2003 թ. մեղադրական փաստաթուղթ է ներկայացրել գլխավոր դատախազին՝ 301-ի ներխուժման դեմ դատական գործ սկսելու համար…Բայց արտաքին թշնամու դեմ մենք ինչպես պետության, այնպես էլ եկեղեցու կողքին ենք: Ոչ մի կասկած չի կարող լինել: Չգիտեմ նախկինների մեղքերի համար լռեցին, թե հայոց հավատի վերջին կանգուն տաճարով ազգի հավատադարձի հեռանկարը տեսնելով, էական չէ»…
«Լուսանցք» շաբաթաթերթ



