Ցավոտ կետեր.- Սեյսմակայունությունը՝ դեռ միայն խոսքով – Ուզում ենք լավ լինի, բայց լինելու է ինչպես մի՞շտ… Ջրառատ երկրում՝ ջրի խնդիր… Կկորցնենք Սեւանը որպես քաղցրահամ լիճ…

Սեյսմակայունությունը՝ դեռ միայն խոսքով 

Սկիզբը՝ թիվ  7-8-ում

Մեր երկրի բնակարանային ֆոնդի վիճակին՝ սեյսմակայունության առումով, անդրադարձել ենք ու նշել, թե ինչից ելնելով է պետությունը մտադիր բարձրացնել մեր բնակֆոնդի սեյսմակայունության մակարդակը, եւ թե այդ գործընթացի համար ինչ առաջնահերթություններ են սահմանվել:  Այժմ խոսենք այն խնդրից, թե ինչ եղանակներով ու մեթոդներով են բարձրացնելու այդ սեյսմակայունությունը:

Նախ, ինչպես հստակեցնում է գործադիրը, շենքերի վերակառուցման մակարդակը յուրաքանչյուր առանձին դեպքում պետք է որոշվի դրա տեխնիկական վիճակի հետազննության արդյունքում՝ սեյսմիկ խոցելիության գնահատմանի հաշվառմամբ, ելնելով վերակառուցման միջոցառումների տեխնիկատնտեսական նպատակահարմարությունից: Ամենակարեւորը՝ պիտի հաշվի առնվեն նաեւ հիմնատակի գրունտների բնութագրերը:

Նկատի ունենանք, սակայն, որ շենքերի վերակառուցումը այնպիսի գործընթաց է, որ երբեմն առավել բարդ է, քան բուն՝ զրոյից սկսած շինարարությունը: Սա հաշվի առնելով՝ վերակառուցման ի՞նչ մակարդակ, ի՞նչ եղանակ է թույլատրվելու: «Գոյություն ունեցող շենքերի վերակառուցման մակարդակի որոշումը եւ դրա իրականացման եղանակի կամ մեթոդի ընտրությունը պահանջում է անհրաժեշտ ծավալով հետազննություններ եւ համապատասխան հաշվարկներ՝ հաշվի առնելով նաեւ սեյսմիկ խոցելիության գնահատումը: Շենքերի վերակառուցման ժամանակ նախապատվությունը պետք է տրվի այն մեթոդներին, որոնք հնարավորություն են տալիս շինարարական աշխատանքներն իրականացնել առանց բնակիչների տեղահանման»,-ընդգծում են մասնագետները: Ըստ այդմ, շենքերի վերակառուցման նախագծերը պետք է ենթարկվեն մասնագիտական անկախ փորձաքննության, իսկ շինարարությունն արվի հեղինակային հսկողության եւ շինարարության որակի տեխնիկական հսկողության ներքո: Չնայած շենքերի կոնստրուկցիաների զանազանությանը, գոյություն ունեն դրանց ուժեղացման որոշակի ավանդական եղանակներ, որոնք կարող են օգտագործվել շինարարական աշխատանքների ժամանակ, մասնավորապես, ըստ մասնագետների, դրանք հետեւյալներն են՝ 1. կրող կոնստրուկցիաների էլեմենտների կտրվածքների մեծացումը, 2. կոշտության էլեմենտների ներառումը՝ կրող կոնստրուկցիաների եւ առանձին էլեմենտների հաշվարկային երկարությունը նվազեցնելու եւ կայունությունը բարձրացնելու նպատակով, 3. գրունտներում ստեղծվող  պաշտպանիչ (մարիչ) էկրանների իրականացումը, 4. կրող կոնստրուկցիների պարփակումը երկաթբետոնե շապիկներով՝ տորկրետ բետոնի իրականացմամբ, 5. հիմնական կրող  կարկասի հետ կոշտ կամ հոդակապային  միացում  ունեցող պատշգամբների իրականացումը, 6. կոնստրուկցիաների բեռնաթափումը՝ ծանր էլեմենտներն առավել թեթեւ էլեմենտներով փոխարինելու միջոցով, 7. կոնստրուկցիաներում ճաքերի եւ առանձին էլեմենտների կցվանքների մոնոլիտացումը, 8. վնասված տարրերի նոր էլեմենտներով փոխարինումը եւ այլն:

Այս ավանդական եղանակներից զատ՝ շենքերի սեյսմակայունությունն ապահովելու եւ սեյսմազինվածությունը բարձրացնելու նպատակով կարող են գործածվել նաեւ այլ մեթոդներ, որոնց կիրառությունը կարող է առավել արդյունավետ եւ տնտեսապես առավել նպատակահարմար դարձնել շենքերի սեյսմակայունության բարձրացումը, իսկ առանձին դեպքերում՝ միակ արդարացված տարբերակը լինել: Այս մեթոդի թվին է դասվում սեյսմապաշտպանության հատուկ համակարգերի օգտագործումը, օրինակ, շենքը ամրացնելիս թույլատրվում է կիրառել տատանումների դինամիկական մարիչներ, մարումը բարձրացնող կոնստրուկցիաներ, սեյսմամեկուսացում անել  ռետինամետաղե շերտավոր հենարանների օգնությամբ, գոյություն ունեցող շենքը միացնել նորակառույց կոշտ կցակառույցի հետ: Իր հերթին նորմատիվատեխնիկական փաստաթղթերի դաշտն էլ ամբողջությամբ ապահովում է հիմքի մակարդակում ռետինամետաղական շերտավոր հենարանների օգնությամբ շենքերի սեյսմամեկուսացման մեթոդի կիրառությունը: Սա հիմնականում թույլ է տալիս (լրատվությունը պատկան կառույցինն է) շենքերի ուժեղացումն առավել կարճ ժամկետում անել՝ առանց դրանց գործառնական նշանակությամբ շահագործումը դադարեցնելու: Ինչն էլ իր հերթին բերում է շինարարական աշխատանքների համար պահանջվող ֆինանսական ռեսուրսների զգալի խնայողության:

Մի խոսքով, պատկան մարմինը կարծում է, որ՝ 1. անհրաժեշտ է խրախուսել բոլոր այն մեթոդները, որոնք կապահովեն շենքերի սեյսմակայունության բարձրացումը եւ սեյսմիկ խոցելիության նվազեցումը: 2. Հրաժարվել մեթոդների մասսայական պարտադիր օգտագործման գաղափարից եւ գոյություն ունեցող յուրաքանչյուր առանձին շենքի համար կիրառել անհատական մոտեցում: 3. Շենքի սեյսմակայունության բարձրացման մեթոդն ընտրելիս հաշվի առնել շենքի կոնստրուկտիվ համակարգը, սեյսմակայունության եւ սեյսմիկ խոցելիության մակարդակներն ու տեխնիկական վիճակը: 4. Անհրաժեշտության պարագայում միջոցներ հայթայթել շենքերի տարբեր տիպերում առաջարկվող մեթոդների կիրառմամբ մոդելային փորձարկումների համար: 5. Յուրաքանչյուր շենքի համար ստեղծել մասնագիտական հանձնաժողով եւ որոշում կայացնել սեյսմակայունության բարձրացման ուղղությամբ առաջարկվող տարբերակներից տեխնիկատնտեսապես առավել հիմնավորված տարբերակի ընտրության օգտին:

Հավելենք, որ շենքերի սեյսմակայունությունը բարձրացնելու համար ֆինանսավորման աղբյուրներ կլինեն մեր երկրի պետբյուջեն, ՏԻՄ-երի բյուջեները, հիմնադրամները, դոնոր երկրների ու միջազգային կազմակերպությունների կողմից տրամադրվող վարկերը, դրամաշնորհները, տարբեր կազմակերպությունների եւ անհատ քաղաքացիների նվիրատվությունները, սեփականատերերի միջոցները:

Լավ ծրագիր է, որի համար, սակայն, դեռ գումար հատկացված չէ: Ավելին՝ մենք դասեր չենք քաղում եւ անգամ նորերը սեյսմակայուն չենք կառուցում: Թղթի վրա ամեն ինչ նորմալ է, բայց… ունենք վատ վիճակում գտնվող բնակֆոնդ եւ անկայուն նորակառույցների ֆոնդ: Սա’ է իրականությունը: Ու քանի որ չեմ չարախնդում, աղերսագին կսպասեմ հակառակն ապացուցող տեսակետի:

Արմենուհի Մելքոնյան

Ջրառատ երկրում՝ ջրի խնդիր

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Մաքուր էներգիա եւ ջուր» ծրագրի շրջանակներում ներկայացվեցին Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսների ուսումնասիրության արդյունքները: Ներկա էին ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Ա. Գեւորգյանը, ԱՄՆ ՄԶԳ-ի հայաստանյան առաքելության տնօրեն Ք. Հիլիարդը, ՀՀ ԱԺ, բնապահպանության, գյուղատնտեսության, էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունների, Արարատի եւ Արմավիրի մարզպետարանների ու ջրային ոլորտում ներգրավված գիտական հաստատությունների ներկայացուցիչներ:

Ք. Հիլիարդը այս ուսումնասիրությունը կարեւոր համարեց Հայաստանի համար: Ըստ նրա՝ գոյություն ունեցող տվյալների հիման վրա կատարված ուսումնասիրությունները տալիս են գնահատականներ, վերլուծություններ Արարատյան դաշտավայրում ջրային ռեսուրսների մակարդակի վերաբերյալ. «Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Արարատյան դաշտում կա ջրի դեֆիցիտ, այսինքն՝ կան խնդիրներ ջրի, ստորջրյա ջրերի մատչելիության հետ»: Եվ այսօր Արարատյան դաշտի ջրի հարցը դարձել է ազգային խնդիր ու անհրաժեշտ է գտնել այս խնդրի քաղաքական եւ տեխնիկական լուծումը»:

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը կաջակցի մեր կառավարությանը մշակելու անհրաժեշտ օրենքներ եւ վերահսկման համակարգ, որը արդար կլինի բոլոր շահառուների համար: Սրա նպատակն է օգնել ձկնաբուծությամբ եւ գյուղատնտեսությամբ զբաղվողներին, որպեսզի առավել արդյունավետ օգտագործեն ստորգետնյա ջրերը: Իսկ դրա համար հարկավոր են նոր տեխնոլոգիաներ: Առաջարկվել է, որ տեխնոլոգիաների ձեռքբերման հարցում ֆերմերներին խրախուսի կառավարությունը, քանի որ այդ տեխնոլոգիաները կխնայեն ջրային պաշարները: Բացի այդ, կան խնդիրներ, որոնց լուծումների մի խումբն էլ վերաբերում է իրավական ու կարգավորիչ դաշտին:

Պետք է արագ կարգավորել վիճակը, քանզի գյուղատնտեսության համար կենսական նշանակության Արարատյան դաշտի ստորերկրյա ջրերի մակարդակի աստիճանական վերականգնումը հրատապ է: Ուսումնասիրության  համաձայն՝ վերջին 6-8 տարիներին Արարատյան դաշտում էապես նվազել է ստորերկրյա ջրերի մակարդակը եւ աղբյուրների ջրատվությունը: Արարատյան դաշտի ավելի քան 30 համայնքներում ներկայում զգացվել է խմելու ու ոռոգման ջրի պակաս, ինչը բացասաբար է ազդում նշված համայնքների սոցիալ-տնտեսական պայմանների, բնակչության կենսամակարդակի վրա: Ուսումնասիրությունը նաեւ տրամադրում է Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսների կայուն օգտագործմանն ուղղված առաջարկներ՝ հաշվի առնելով տարածքում ընթացիկ եւ կանխատեսվող ջրի պահանջարկը:

ՀՀն ջուր ունի ու ջրի խնդիր: Անհեթեթություն է, որին ծնել են մեր այն պաշտոնյաները, ովքեր խորքային հորերը աջ ու ձախ շահագործման են տվել: Հիմա էլ ամերիկյան կողմին խնդրում են, որ մեզ համար վերահսկման համակարգ մտածի: Սա էլ մեկ այլ անհեթեթություն է, որ ծնվել է այն պատճառով, որ մեր կառավարիչները սեփական ընտանիքը կառավարել չեն կարողանում:

Կկորցնենք Սեւանը

Բնապահպանները նամակ են ուղարկել նախագահ Սերժ Սարգսյանին՝ Սեւանի նկատմամբ ոտնձգությունները կանխելու համար. «2001թ. մայիսի 15-ին ընդունված «Սեւանի մասին» օրենքը մեծ հրամայական էր, անհրաժեշտություն: Օրենքն ընդունվեց մեծ չարչարանքներից հետո: Ընդունումից հետո 12 տարի է անցել, իսկ Սեւանի նկատմամբ բազում ոտնձգություններ են կատարվել ու կատարվում են: Դրանք ազգային անվտանգության եւ ազգային արժանապատվության նկատմամբ կատարվող քայլեր են»:

Խոսելով Սեւանում ձկնաբուծության զարգացման եւ Սեւանից ջրբացթողումների մասին ծրագրերի բացասական հետեւանքներից, «Սևանի մասին» օրենքի համահեղինակ, ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Թադեւոսյանը տեղեկացրել է, որ շուրջ 50 բնապահպանական կազմակերպություններ իրենց համաձայնությունն են տվել ստորագրել նախագահին ուղղված նամակի տակ եւ հույս է հայտնել, որ երկրի ղեկավարը հաշվի կառնի այդ ստորագրությունները ու կկանխի վտանգավոր ծրագրերի ընդունումը, ինչպես 2009թ. կանխեց Սեւանի կողքին ոսկու հանքի պոչամբարի կառուցումը:

Օրենքի համաձայն՝ Սեւանը բաժանված է գոտիների, որոնցում  տնտեսական գործունեությունն արգելվում է: Առաջին խախտումը Սեւան լցվող գետերի վրա փոքր ՀԷԿ-երի կառուցումն էր, տնտեսական գործունեություն, որը խախտում է լճի էկոհամակագը՝ թույլ չտալով, որ ձկան պաշարները բնական ճանապարհով բարձրանան գետերի ակունքները ձվադրման համար: Հիմա էլ նոր վտանգ է առաջացել՝ ցանկանում են 74 ֆերմա ստեղծել լճի ջրավազանի մեջ, 50.000 ձուկ արտադրել, 50.000 տոննա ազոտական կեր լցնել լիճը, որը վտանգավոր է ջրի ճահճացման համար: Ըստ բնապահպանների, խախտվել են Սեւանի մասին օրենքի 10, 11, 13, 15, 16, 28 հոդվածները: Խախտվել է ջրի դրական հաշվեկշիռը: Չի վերանորոգվում Արփա-Սեւան ջրատարը եւ այն ջրի ֆիզիկական ծավալները, որոնք պետք է լցվեն լիճ, չեն լցվում:

Հենց ջրի անշեղ բարձրացումը իջեցվի, մենք կկորցնենք Սեւանը՝ որպես քացրահամ ջրի աղբյուր:

Աստղինե Քարամյան

«Լուսանցք» թիվ 9 (314), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

This entry was posted in Հոդվածներ. Bookmark the permalink.