Կլինե՞ն աշխարհա-քաղաքական նոր վերաձեւումներ… Արցախն անկախ է եւ միա՛յն Հայաստանին կվերամիավորվի… Նախիջեւանն ու Ջավախքը նույնպես կվերամիավորվեն Հայաստանի հետ…

Կլինե՞ն աշխարհա-քաղաքական նոր վերաձեւումներ

Հայաստանի համեմատությունն Ուկրաինայի եւ Արցախինը՝ Ղրիմի հետ, շարունակվում են ոչ միայն հայ եւ ադրբեջանական հանրություններում, այլեւ ամբողջ աշխարհում: «Լուսանցք»-ը ներկայացրել է արեւմտամետների ու ռուսամետների, նաեւ այս երկուսից անկախ գործող ուժերի տեսակետները: Դրանք ավարտվում են  Եվրամիություն կամ Եվրասիամիություն մտնելու  առաջարկներով, ինչպեսեւ՝ միաժամանակ երկուսին միանալու կամ՝ երկուսից էլ  հրաժարվելու տեսակետներով:

Առանց Ուկրաինայի դժվար է պատկերացնել Մաքսային միությունը, սակայն այս երկրի մասնատումը (ինչը չի բացառվում հարավ-արեւելյան Ուկրաինայի պարագայում) կարող է այլ բան հուշել: Ոմանք Ղրիմի վերամիավորումը Ռուսաստանի հետ հենց այդպես էլ դիտարկում են, որպես Ուկրաինայի տրոհման առաջին քայլ: Մոսկվայի ինքնավստահ կեցվածքը նաեւ Մաքսային միությունը փրկելուն է ուղղված, եւ ռուսական ուժի հաղթարշավը այսօր համոզում է, որ ԵՄ-ն ու ԱՄՆ-ն ի վիճակի չեն Ասոցացման համաձայնագրով մեկուսացնել Ռուսաստանին:

Բայց  չպետք է շտապել, քանի որ ծավալումները նոր են  սկսվել: Չի բացառվում, որ ռուսական ռուբլու արժեզրկումը  կազդի մեր երկրի տնտեսության  վրա: Անգամ խոսում են, որ դեպի Ռուսաստան արտագնա  աշխատանքները կարող են սառեցվել առժամանակ, ինչը եւս բացասական ազդեցություն կունենա հազարավոր մարդկանց, ընտանիքների կենցաղի վրա:

Չնայած Արեւմուտքի եւ Ռուսաստանի միակողմանի պահանջներին՝ սատարել Ուկրաինային կամ Ռուսաստանին, Հայաստանի իշխանությունները կարողացան խուսափել համոզիչ պատճառաբանություններով: Քանզի ինչպես Հայաստանի, այնպես էլ Արցախի զարգացումն ու պաշտպանությունը չի կարող միակողմանի իրականացվել:

Եվ ԱՄՆ-ի ու եվրոպական կառույցների հետ բանակցություններին զուգահեռ Երեւանում կայացավ «Եվրասիան XXI-րդ դարում. խնդիրներն ու հեռանկարները» միջազգային համաժողովը, որը կազմակերպել էր ԱՊՀ երկրների Երիտասարդների միությունը ՌԴ Հանրային պալատի աջակցությամբ: Մասնակցել են 8 երկրների փորձագետներ՝ Հայաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսի, Ղրղզստանի, Տաջիկստանի ու Լատվիայի պետական մարմինների, երիտասարդական եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, լրագրողներ եւն:

Հայ քաղաքագետներն ու վերլուծաբանները հիմնականում այն կարծիքին են, որ Ղրիմն այլեւս չի հայտնվի Ուկրաինայի ղեկավարության ներքո, քաղաքական առումով հարցն արդեն լուծված է եւ, ըստ այդմ էլ, պիտի կողմնորոշվել: Բայց որոշ տնտեսագետներ էլ շարունակում են պնդել, թե Մաքսային միությանն անդամակցելով ավելի շատ տնտեսական վնասներ կկրի Հայաստանը, ինչը կարող է առաջ բերել նաեւ երկրի ինքնիշխանության ու անվտանգության լուրջ մարտահրավերներ: Անգամ նշվում է, որ հարեւանությամբ ունենալով Իրանի պես հարուստ պաշարամիջոցների տիրապետող  երկիր, չի օգտագործվում այդ  փաստը, եւ կախումը հյուսիսից կամ  արեւմուտքից արդարացված չէ: Բայց իրավացի են նաեւ այս տեսակետը հերքողները, որ իրանական կողմը անչափ  դանդաղ է աշխատում, իսկ հաճախ հենց ինքն է սառեցնում հայիրանական ծրագրերը՝ կախված հյուսիսի կամ արեւմուտքի քամիներից...

Եվ գուցե դանդաղումը նաեւ այն պատճառով է, որ մեր եւ՛ իշխանությունները, եւ՛ ընդդիմադիր դաշտը չեն կարողանում խույս տալ այս կամ այն արտաքին քաղաքական բեւեռին տրվելու գայթակղությունից:

Իսկ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը այնպիսի շարունակություն կարող է ունենալ, որ նոր սպառնալիքներ առաջ կբերի, ինչը, կամա թե ակամա, կարող է ազդել նաեւ հայկական շահերի վրա:

Այս ամենը Հայաստան – Ուկրաինա հարաբերություններին էլ է առնչվում: Նաեւ Ադրբեջանն է սրում իրավիճակը մեր սահմաններին, եւ երբ միջազգային հանրության ուշադրությունը կենտրոնացված է լինում աշխարհի որեւէ թեժ կետում, այս վտանգն ավելի է մեծանում: Ադրբեջանի համար այժմ նպաստավոր է հատկապես այն հանգամանքը, որ միջնորդ 3 երկրներն էլ՝ Ռուսաստանի Դաշնությունը, Ֆրանսիան եւ Միացյալ Նահանգները, այս պահին զբաղված են Ուկրաինայի ճգնաժամով: Չնայած եռանախագահներն արդեն զգուշացրել են կողմերին՝ չսրել իրավիճակը: Հույս են հայտնել, որ ռուսական կողմը այս հարցում չի հրաժարվի համատեղ մասնակցությունից:

Բայց հայկական կողմը  հակամարտության փորձը հաշվի  առնելով, առաջնագծում զգոնության  բարձրացման, նաեւ  սահմանների պահպանության  ամրապնդմանն ուղղված քայլեր է  ձեռնարկում, որոնք առաջնային  նպատակ ունեն կանխարգելելու հակառակորդի հնարավոր  ագրեսիան մեր դիրքերի  ուղղությամբ:

Հայկական սփյուռքը եւս տարակարծիք է, եթե Ռուսաստանի հայերի միությունը հանդես է եկել ի պաշտպանություն Ղրիմում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վարած քաղաքականության, ապա ամերիկյան եւ եվրոպական հայկական կազմակերպություններն ավելի զուսպ են արտահայտվել: Չնայած բոլոր սփյուռքահայ  կառույցները միակարծիք են  համահայկական, Հայաստանի ու  Արցախի շահերի հարցում:

Ղրիմի օրինակը նաեւ Արցախի թեման է նորովի վերհանել: Հատկապես այն, որ ինչպես Ղրիմը, այնպես էլ  Արցախը կուսակցական  որոշումների զոհ (իսկ Նախիջեւանն անգամ Ադրբեջանի կոմկուսի  որոշմամբ է  սեփականացվել) են եւ ռուսաստանահայերը անգամ բարձրաձայնել են. «Եթե Արցախը ցանկանա մտնել Հայաստանի կազմ, մենք պետք է հարգենք այդ ընտրությունն էլ եւ անմիջապես ընդունենք: Դա նորմալ երեւույթ է»։

Ինչեւէ, եթե Մոսկվան շարունակի իր այսօրինակ քաղաքականությունը, ապա երկբեւեռ աշխարհը չի խուսափի նոր ռազմա-քաղաքական զարգացումներից ու անգամ աշխարհա-քաղաքական վերաձեւումներից: Իսկ դրանք միայն Ուկրաինայով չեն սահմանափակվի, Կովկասը, Հայկական լեռնաշխարհն ու Մերձավորարեւելյան տարածաշրջանը մշտապես այդ կիզակետում են:

Արման Դավթյան

Արցախն անկախ է եւ միա՛յն Հայաստանին կվերամիավորվի

Ղրիմի համապատկերում Արցախում եւս կան ոգեւորված մարդիկ, նրանցից է Արցախի գրողների միության նախագահ Վարդան Հակոբյանը, ով նշել է, որ հայկական 2-րդ հանրապետությունը վերջին ժամանակներում աշխարհի քարտեզին հայտնված պետություններից բոլորից շուտ է նվաճել իր անկախությունը, բայց դեռ մնում է չճանաչված: Մինչեւ Ղրիմի հանրաքվեն եւ արդեն դրանից հետո, պարբերաբար քննարկվում ու զուգահեռներ են անցկացվում Ղրիմի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ: Խոսելով այդ մասին՝ արցախցի մտավորականը նշել է, որ նմանությունները եւ տարվող զուգահեռները երկու երկրների կամ երկու ազգերի դեպքում էլ առնչվում են ազգային ինքնորոշման խնդրին: Արցախն, ի տարբերություն Ղրիմի եւ այլ ազգերի, առաջինն է, որ լուրջ մակարդակով բարձրաձայնել է իր ինքնորոշման մասին եւ անկախացել դեռ ԽՍՀՄ գոյության տարիներին:

Բայց անգամ Հայաստանը չի  ճանաչել Արցախի անկախությունը, ինչը թերեւս պետք է վաղուց արած  լիներ, եւ հերթը հասած կլիներ ՀՀԼՂՀ վերամիավորմանը: Հատկապես, որ պատմականորեն դա անհերքելի է, իսկ իրավաբանորեն ավելի քան 20 տարի առաջ արդեն կատարվել է, եւ վերահաստատել է պետք:

Այս օրերին հրատա՞պ էր մշակութային փոխըմբռնման  հուշագիրը ՀՀ եւ ԼՂՀ մշակույթի նախարարությունների միջեւ: Գուցե դրա փոխարեն պետք է  ստորագրվեր հայկական երկու հանրապետությունների  վերամիավորման փաստաթուղթը, եւ Արցախը կդառնար Հայաստանի 12-րդ մարզը:

Ինչեւէ, Արցախի ԱԳՆ-ն հայտարարել է, որ մարտի 16-ի Ղրիմի հանրաքվեի անցկացումը դիտարկում է որպես ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրականացման հերթական դրսեւորում, իսկ «իր զարգացման ուղին ինքնուրույն ընտրելու եւ ժողովրդավարական կամարտահայտության միջոցով ճակատագիրը որոշելու յուրաքանչյուր ժողովրդի իրավունքը, որն ամրագրված է ՄԱԿ-ի Կանոնադրությունում եւ մի շարք հիմնարար միջազգային փաստաթղթերում, միջազգային իրավունքի առանցքային սկզբունքներից մեկն է: Վերջին տարիների փորձը եւ, մասնավորապես, Կատալոնիայում ու Շոտլանդիայում նախատեսված հանրաքվեները վկայում են, որ ժողովուրդների ինքնորոշման անքակտելի իրավունքի ճանաչումն ու իրացումը նմանատիպ խնդիրների խաղաղ կարգավորման առավել օպտիմալ եւ ժողովրդավարական եղանակն է: ԼՂՀ ԱԳՆ-ն հույս է հայտնել, որ Ղրիմի Ինքնավար Հանրապետությունում հանրաքվեի արդյունքում ստեղծված իրավիճակն իր լուծումը կստանա իրավական դաշտում՝ բացառապես խաղաղ ճանապարհով»:

Արցախի Հանրապետությունը  արդեն կայացած պետություն է, որի ժողովուրդը անցկացրել է մի  քանի խորհրդարանական, նախագահական եւ ՏԻՄ ընտրություններ, որոնք  միջազգային դիտորդների կողմից գնահատվել են ազատ ու արդար:

Թե ինչ ազդեցություն կունենա ուկրաինական ճգնաժամը ԼՂ-ի խնդրի վրա, անդրադարձել է նաեւ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը. «Մենք կողմ ենք, որպեսզի ուկրաինական ճգնաժամը կարգավորվի երկխոսությամբ, խաղաղ եւ բանակցային միջոցներով՝ ՄԱԿ-ի կանոնադրության, միջազգային իրավունքի հիման վրա: Իսկ Արցախի խնդրում հավատարիմ ենք ԵԱՀԿ Մինկսի խմբի համանախագահության ձեւաչափում ԼՂ-ի հիմնախնդրի խաղաղ ու արդարացի կարգավորման առաջնահերթությանը, Արցախի ժողովրդի՝ սեփական հողի վրա ապրելու եւ արարելու, իր ճակատագիրը տնօրինելու իրավունքի ապահովման գերակայությանը։ Եռանախագահող երկրների հետ շարունակելու ենք համատեղ ջանքերն՝ ուղղված հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորմանը»:

Ղրիմի հանրաքվեն կարող է  նախադեպ դառնալ Արցախի  ճանաչման համար, ինչը որպես  նախադեպ չաշխատեց Կոսովոյի  դեպքում (որովհետեւ Կոսովոն խլվեց Սերբիայից, ինչպես ժամանակին՝  Արցախը Հայաստանից): Ղրիմի հանրաքվեից ակնկալիքները մեծացել են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն արդարացի լուծում կստանա, որ կբխի հայության շահերից: Արտերկրի զլմ-ները եւս արձանագրել են, որ ԼՂՀ իշխանությունները Ղրիմի անկախությունն են տոնում: «Փորձում ենք միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել Արցախի ինքնորոշման գործընթացի վրա»,- ասել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը:

«Ըստ իս՝ Ղրիմի վերջին զարգացումները քաղաքական եւ իրավական նմանություններ ունեն հետխորհրդային շրջանի Լեռնային Ղարաբաղի հետ, դա ակնհայտ է: Բայց ռուսերենի կարգավիճակի մասին օրենքների հապշտապ փոփոխությունը, ես կընդգծեի նաեւ զանգվածային բախումները Սիմֆերոպոլում արմատական թաթարների հետ, միայն լավ կազմակերպված ինքնապաշտպանությունը թույլ չտվեց այստեղ կայանա նոր Սումգայիթ»,- ասել է ռուս հայտնի քաղաքագետ Անդրեյ Արեշեւը, ով մեկ անգամ էլ շեշտել է, որ «ղրիմյան հանրաքվեի եւ 1991թ. ղարաբաղյան հանրաքվեի քաղաքական-իրավական հիմքերը նույնական են, խոսքը ժողովուրդների ինքնորոշման մասին է, որը հնարավոր է դարձել լեգիտիմ կառավարման մարմինների կազմակերպմամբ»:

Իսկ ոչ անհայտ Վլադիմիր ժիրինովսկին առաջարկում է՝ «Ղարաբաղը Ղրիմի օրինակով Ռուսաստանի կազմի մեջ մտցնել: Հայաստանն ու Ադրբեջանը Ղարաբաղի հարցով երբեք համաձայնության չեն գա: Այդ իսկ պատճառով ամենալավ տարբերակը կլինի այն եւս մեր դաշնային կազմ մտցնելը: Այդ ժամանակ ոչ-ոք չի նեղանա, իսկ ադրբեջանցիները ստիպված կլինեն հաշտվել, քանի որ այն չի մնում Հայաստանին»: Այս գործչի կարծիքով՝ «ՍՍՀՄ բոլոր տարածքները, որ ցանկություն կհայտնեն մտնել ՌԴ կազմի մեջ, կարող են դա անել: Նույնը՝ Մերձդնեստրը: Վերադարձեք Ռուսաստանի կազմի մեջ, եւ բոլորին լավ կլինի: Բոլորին խոստանում ենք ժողովրդավարություն, լավ ապահովվածություն, անվտանգություն, եւ բոլորը տարեց տարի ավելի ու ավելի լավ կապրեն»:

Այս մտածելակերպը հուշում է, որ  Կրեմլը չի դադարել նոր ԽՍՀՄի  ձեւավորման մտքից եւ պետք է  զգույշ լինել, որպեսզի Կրեմլի կայսերական նկրտումների զոհ չդառնա Հայաստանը:

Արցախի պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը հավաստել է, որ «Ժիրինովսկու նմանների հայտարարությունները Արցախում եղանակ չեն փոխում… Որեւէ մեկին իրավունք չի վերապահված Արցախի ժողովրդի անունից խոսելը, որովհետեւ մեր երկիրն ինքնիշխան է, եւ Արցախի հարցը որոշելու է միայն մեր ժողովուրդը: Ամեն մարդ իրավունք ունի արտահայտվելու, բայց ամեն մի արտահայտվածի չէ, որ պատասխան են տալիս: Ժիրինովսկու նմանները միշտ հայտարարություններ պիտի անեն, դա իրենց գործն է, մենք էլ մեր գործը գիտենք»:

Արտակ Հայոցյան

Նախիջեւանն ու Ջավախքը  նույնպես կվերամիավորվեն  Հայաստանի հետ

ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանըհայտարարել է, որ հայ արիներն ու ազգայնականները պաշտպանում  են Ղրիմի վերամիավորումը  Ռուսաստանի հետ այն տրամաբանությամբ, ինչպես  կպաշտպանեն Կոսովոյի վերամիավորումը Սերբիայի, Արցախի, Նախիջեւանի ու  Ջավախքի վերամիավորումը Հայաստանի հետ: Նշվել է, որ խորհրդային տարիներին Ղրիմը եւ հայկական տարածքները կոմունիստական կուսակցության որոշումներով օտարվել, տրվել են ուրիշ պետությունների: Ինչպես Ղրիմի դեպքում, պետք է անօրինական  ճանաչվեն Արցախի ու Նախիջեւանի հանձնումը Ադրբեջանին, Ջավախքի  հանձնումը՝ Վրաստանին:

«Նախիջեւան» ազգայինքաղաքական նախաձեռնությունն այս օրերին Երեւանում կազմակերպեց երթ՝ դեպի ՄԱԿ գրասենյակ: Բողոք ու անհամաձայնություն է հայտնվել՝ Նախիջեւանում կատարված հայ ժողովրդի, ինչպեսեւ մարդկության դեմ ուղղված մի շարք հանցագործությունների վերաբերյալ: Նրանք մեկ անգամ եւս հիշեցրել են, որ Նախիջեւանը Հայաստանի  անբաժանելի մասն է, այժմ  ապօրինաբար գտնվում է  Ադրբեջանի ենթակայության տակ:

«Ղարաբաղ Կոմիտե»-ի անդամ  Աշոտ Մանուչարյանը խոսելով  Ղրիմից՝ անդրադարձել է նաեւ  Արցախի, Նախիջեւանի, Ջավախքի ու Արեւմտյան Հայաստանի խնդրին: Նշել է, որ նոր աշխարհակարգ է հաստատվել, որի հիմքը գցվեց այն օրից, երբ «Արեւմուտքը Թուրքիային դրդեց, որ մտնի Սիրիա, բայց Ռուսաստանը Անկարային զգուշացրեց, որ Սիրիա մտնելը նույնն է, ինչ Մոսկվա մտնելը»: Դա առաջին քայլն էր, իսկ Ղրիմը ամրացրեց այն: Այժմ, Հայաստանի կամ Ուկրաինայի հետ որեւէ գործողություն անելը նույնն է, ինչ որ Կրեմլ մտնելը…»:

Որոշ աղբյուրների համաձայն՝ Ջավախքում ապրող հայերը Մոսկվայի օժանդակությամբ կարող են սկսել անջատողական շարժում եւ Ղրիմի օրինակով ցանկանան միանալ Ռուսաստանին: ԱԺ ԲՀԿ պատգամավոր Ստեփան Մարգարյանն այս առումով նշել է, որ «նման բան չի կարող լինել, որ լիներ՝ կիմացվեր հաստատ, չնայած ապագայի համար ոչինչ ասել չի կարող, եթե նման բան լինի, կգնա-կբացատրի, որ անթույլատրելի է, վտանգավոր»:

Մենք եւս վտանգավոր ենք համարում հայկական հողերի ռուսական միացումները, ոչ մի երկիր չի՛ կարող մեր հայրենիքի հատվածների «հայրենիքը» դառնալ… Ջավախքն անպայման միանալու է  Հայաստանին, ինչպես բոլոր  հայկական հողերը:

Անի Մարության

«Լուսանցք» թիվ 9 (314), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

This entry was posted in Հոդվածներ. Bookmark the permalink.