Դեմոկրատիայի համար պայքարողների կողքին՝ նաեւ ֆաշիստներ… Ովքե՞ր են այդ ադրբեջանցիները… բայց Արցախը տվեք մեզ… Մերձդնեստրը եւ Արեւելյան ու Արեւմտյան Ուկրաինաները եւ՞ս…

Դեմոկրատիայի համար պայքարողների կողքին՝ նաեւ ֆաշիստներ – Եվրոպայում այսպես էլ են մտածում

Գերմանիայի Բունդեսթագում «Ձախերի» առաջնորդ Գրեգոր Գիզին, ելույթ ունենալով ուկրաինական ճգնաժամին նվիրված քննարկումների ժամանակ, կոշտ քննադատությամբ է հանդես եկել Ուկրաինայի հարցում թե՛ Անգելա Մերկելի ցուցաբերած դիրքորոշման եւ թե՛ ամբողջ Արեւմուտքի վարած քաղաքականության վերաբերյալ: «Պուտինը ցանկանում է Ուկրաինայի ճգնաժամը լուծել ռազմական ճանապարհով: Նա չի հասկացել, որ նման խնդիրները չեն լուծվում ոչ զինվորներով եւ ոչ էլ զենքով: Նա մտածում եւ գործում է սխալ կերպով: Մենք քննադատում ենք նրան, սակայն դա նույն գործելաոճն է, որը տիրում էր Արեւմուտքում՝ Հարավսլավիայի, Աֆղանստանի, Իրաքի եւ Լիբիայի դեպքում: Չնայած Պուտինի քայլերը քննադատելի են, սակայն պետք է հասկանալ, թե ինչ պատճառով է սրվել իրավիճակը: Պիտի նկատել, որ Սառը պատերազմից հետո այն ամենը, ինչ ԵՄ-ն եւ ՆԱՏՕ-ն կարող էին սխալ անել, արել են սխալ»,- ասել է նա:

Արեւմուտքի գլխավոր սխալների շարքում նա առանձնացրել է ՌԴ առաջարկի մերժումը՝ կապված ՆԱՏՕ-ի լուծարման հետ, ՆԱՏՕ-ի՝ դեպի արեւելք չընդլայնվելու խոստման խախտումը, Լեհաստանում ու Չեխիայում հրթիռային համակարգերի տեղադրումը, ինչպեսեւ՝ միջազգային իրավունքի կոպիտ խախտումը Սերբիայի նկատմամբ: «Եթե բազմաթիվ երկրներ, որոնք խախտել են միջազգային իրավունքը, մեղադրում են Ռուսաստանին միջազգային իրավունքների խախտման մեջ, ապա դա համոզիչ չէ եւ ճիշտ չէ: Օբաման կամ եվրոպական լիդերները խոսում են տարածքային ամբողջականությանեւ ինքնիշխանության իրավունքների մասին: Սակայն այդ երկու իրավունքներն էլ կոպտորեն խախտվել են Սերբիայում, Իրաքում ու Լիբիայում: Այդ սկզբունքները պետք է գործեն բոլորի համար, այլ կերպ լինել չի կարող»,- հայտարարել է գերմանական «Ձախերի» առաջնորդը:

Անդրադառնալով Ուկրաինայի արդի գործընթացներին՝ քննադատել է թե՛ Արեւմուտքի եւ թե՛ Ռուսաստանի քայլերը. «Երկու կողմերն էլ նույն դիրքորոշումն ունեին: Եվրահանձնաժողովի ղեկավար Բարոզոն հայտարարում էր. «Կա՛մ Մաքսային միություն Ռուսաստանի հետ կա՛մ պայմանագիր մեզ հետ»: Նա չէր ասում՝ եւ՛ մեկը, եւ՛ մյուսը, նա ասում էր կա՛մ-կա՛մ: Պուտինն ասում էր. «Կա՛մ պայմանագիր ԵՄ-ի հետ կա՛մ Մաքսային միություն Ռուսաստանի հետ»: Երկուսն էլ մտածում եւ գործում էին միակերպ: Գրեգոր Գիզին կարծում է, որ Մայդանում դեմոկրատիայի համար պայքարողների կողքին կային նաեւ ֆաշիստներ, որոնք այժմ զբաղեցնում են պատասխանատու դիրքեր: Այստեղ անընդունելի է համարել Արեւմուտքի եւ ֆաշիստական ուժերի միջեւ համագործակցությունը: Նա ընդգծել է, որ հատկապես Գերմանիան, որը պատմական փորձ ունի այդ հարցում, չի կարող անտարբեր մնալ այս հանգամանքի նկատմամբ:

Քննադատել է Արեւմուտքի՝ մասնավորապես Անգելա Մերկելի կողմից երկակի ստանդարտների կիրառումը՝ կապված Ուկրաինայում սահմանադրական օրենքի որոշ նորմերի ընդունման եւ որոշ նորմերի անտեսման հետ. «Տիկին Կանցլեր, Դուք ասում եք, որ Ուկրաինայի սահմանադրությամբ Ղրիմի հանրաքվեն անօրինական է: Փաստորեն, Ուկրաինայի նախագահին հեռացնելու ժամանակ Սահմանադրությունը չի գործում, իսկ Ղրիմի հանրաքվեի դեպքում գործում է: Դուք պետք է կողմնորոշվեք՝ ճանաչու՞մ եք Ուկրաինայի սահմանադրությունը ամբողջությամբ, թե՞ ճանաչում եք դրա առանձին մասերը, որոնք ձեզ դուր են գալիս»:

Կարեն Բալյան

Ովքե՞ր են այդ ադրբեջանցիներըբայց Արցախը տվեք մեզ

ՌԼԴԿ ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին այս փոթորկված օրերին լուռ չէր կարող մնալ եւ հասցրել է ունենալ մի քանի սադրիչ ելույթ: Այս քաղաքական խեղկատակը իր ծագումը խեղաթյուրելու մղումներ նույնպես ունի (ծնողների մասին խոսելիս նշել է, որ մայրը ռուս է, իսկ հայրն իրավաբան, հրաժարվելով նշել հոր հրեական ծագումը): Պետդումայում ելույթ ունենալիս ռուս լիբերալ-դեմոկրատը, ով ավելի շատ ազգայնական (անգամ ազգայնամոլական) համարում ունի դրսում, անհարգալից է արտահայտվել ուկրաինացիների, ադրբեջանցիների եւ նախկին ԽՍՀՄ այլ ժողովուրդների հասցեին:

Ադրբեջանական կայքերը զայրացել են, որ «սկանդալային քաղաքական գործիչը, մեկնաբանելով Ուկրաինայի իրավիճակը, վիրավորել է նաեւ Ադրբեջանին»: «Ի՞նչ է նշանակում Ադրբեջան՝ ռուսերեն թարգմանությամբ: Ազեր՝ Հազար դենիզի, այսինքն՝ Կասպից ծով, բաջա՝ երկրամաս: Այսինքն՝ մարդիկ, որ ապրում են Կասպից ծովի ափին: Ռուսերեն՝ կասպիացիներ: Դա ի՞նչ ազգություն է որ: Նրանք այնտեղ ապրող մարդիկ են: Ինչպես ասենք պովոլժցիները եւ այլք…»,- հայտարարել է Ժիրինովսկին՝ հավելելով, որ ո՛չ միայն ադրբեջանցիներին պետք է հիշեցնել, թե ովքեր են եղել իրականում… Քանի որ նման ազգ, առհասարակ, գոյություն չունի։

Սա թերեւս հակահարվածն էր նաեւ Թուրքիային, որն «իր Ղրիմի թաթարներով» փորձում է Ղրիմի հարցում պահանջատեր հանդես գալ: Առայժմ դեռ թուրքերի «փոքր եղբորը»՝ ադրբեջանցիներին են հիշեցնում իրենց ով լինելը, բայց սա կարող է համաթուրքականի վերածվել… Իսկ Ժիրինովսկուն արտաքին աշխարհը Ռուսաստանի

բարձրախոսն է համարում: Մոսկվան նրա օգնությանը միշտ է դիմում, երբ լինում են սուր իրավիճակներ: Թվում է՝ խեղկատակի ու ծաղրածուի տպավորություն թողնող այս գործիչը լուրջ բաներ չի ասում, բայց դա այդպես չէ, իրականում այդ դիմակի տակ, ըստ մեկնաբանների, «թաքնված է չափազանց խելացի քաղաքագետ ու քաղաքական գործիչ, ով կարողանում է ճշմարիտ կատարել իր վրա դրված պարտավորությունը»: Հաճախ թվում է, որ Ժիրինովսկին իրականում ընդդիմադիր է, սակայն դա էլ այդպես չէ, նա «Ռուսաստանի ամենապետականամետ գործիչն է եւ լավ է գիտակցում այն դերը, որն ինքը կատարում է պետական քաղաքանության իրականացման գործում: Իրականում նա արտահայտում է միտք կամ գաղափար, որի արձագանքներին արդեն իսկ ուշադիր են լինում հատուկ մարմինները, որոնք էլ գնահատում են եկող անդրադարձը»,- պնդում են նույն մեկնաբանները:

Տարիներ առաջ նա արտահայտեց մի միտք, որը ռուսական որոշ ցարերի նպատակն էր Կովկասում. «Հայաստանը մեզ պետք է առանց հայերի»: Իսկ վերոհիշյալ ելույթում հայտնել է հետեւյալ միտքը. «Պետք է Արցախն էլ միացնենք Ռուսաստանին, ո՛չ Հայաստանը կնեղանա, ո՛չ էլ Ադրբեջանը»:

Եթե հիշենք Զորի Բալայանի բացասական աղմուկ հանած բաց նամակը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, որում Արցախի լուծման բանալի էր դիտարկվել նաեւ Գյուլիստանի պայմանագիրը (ռուս-պարսկական, որով Հայաստանը բաժան – բաժան էր արվել), ապա շատ պարզ է դառնում, թե Մոսկվան ռուսական ու հայկական կողմերում ինչ գործիչներ է աշխատեցնում եւ ինչ նպատակներով:

Այսպես՝ մի ելույթով, հետախուզական նպատակներ ունեցող ուղերձներ են հղվել ինչպես Ուկրաինային, այնպես էլ Հայաստանին ու Ադրբեջանին, զուգահեռ նաեւ Թուրքիային:

Նարե Մշեցյան

Մերձդնեստրը եւ Արեւելյան ու Արեւմտյան Ուկրաինաները եւ՞ս

Մերձդնեստրի խորհրդարանի խոսնակ Միխայիլ Բուռլան երկրի Գերագույն խորհրդի անունից խնդրանքով դիմել է Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինին՝ Մերձդնեստրի հանրապետությունը Ռուսաստանին միացնելու հարցով։ Նշվել է, որ Մերձդնեստրի վիճակը կարող է վատթարանալ, եթե Մոլդովան, որը ստորագրել է ԵՄ–ի հետ ասոցացման պայմանագիր, ներմուծի տնտեսական սահմանափակող միջոցներ։

2006թ. Մերձդնեստրի՝ Ռուսաստանին միանալու հանրաքվեին կողմ է քվեարկել 97,2% ընտրող։ Այստեղ պետական լեզուն ռուսերենն է, բնակվում է 200 հազար ՌԴ քաղաքացի։

Իսկ Ոկրաինային սպասվում են նոր մասնատումներ՝ մեծամասնությամբ ռուսաբնակ Արեւելյան Ուկրաինան (Խարկով, Դոնեցկ…, նաեւ հարավային որոշ շրջաններ՝ Օդեսա եւ այլ) եւս կարող է միանալ Ռուսաստանին:

Այս դեպքում չի բացառվում, որ ազգայնամոլ բենդերականները հենց իրենք Արեւմտյան Ուկրաինան կանկախացնեն Կիեւից, եւ կհռչակեն իրենց «ռազմաքաղաքական» պետությունը:

«Լուսանցք» թիվ 9 (314), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

This entry was posted in Հոդվածներ. Bookmark the permalink.